Վետերանը կյանքը նվիրել է զոհված տանկիստներին իր տան բակում հուշարձան կառուցելուն" />

Մարդ, ով ոչ մի կերպ չի կարողանում վերադառնալ պատերազմից – ֆոտոպատմություն

Վետերանը կյանքը նվիրել է զոհված տանկիստներին իր տան բակում հուշարձան կառուցելուն

Վերջին վեց ամիսների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները փոքր-ինչ ջերմացել են: Լեռնային Ղարաբաղի` գրեթե 30 տարվա ընթացքում չհանգուցալուծված հակամարտության պատմություն ունեցող երկու երկրների արտաքին գործերի նախարարները 2019թ. հունվարին կարծիք հայտնեցին, թե պետք է «ժողովուրդներին խաղաղության պատրաստել»:

Սակայն տասնամյակներ շարունակ երկու երկրների հասարակությունների փոխադարձ մեկուսացումից և կառավարությունների անզիջում հայրենասիրական հռետորաբանությունից հետո դժվար է պատկերացնել հաշտեցման հեռանկարները: Հատկապես նրանց համար, ում կյանքը խորտակել է պատերազմը:

Բաքվի ծայրամասային թաղամասերի խորքում, մետրոյի Խալգլար Դոստլուգու («Ժողովուրդների բարեկամություն») կայարանի մոտակայքում սովորական բազմահարկ շենքերի արանքում մի տարօրինակ կառույց կա: Դա ղարաբաղյան պատերազմում զոհված տանկիստներին նվիրված ինքնաշեն հուշարձան է:

 

Քարերի կույտ, վանդակներում նստած թռչուններ, տանկիստների անուններով ու մարտերի ամսաթվերով ցուցանակներ, հայրենասիրական, երբեմն` բացահայտ ագրեսիվ բնույթ կրող կոչեր: Բակի բնակիչները պատմում են, որ սկզբում սարսափած էին: Մեկն այդ վայրը կենդանաբանական այգի էր կոչում, մեկ ուրիշը` գերեզմանոց: Իսկ հետո ընտելացան:  

«Այս մարդիկ, ում անուններն այստեղ տեսնում եք, իմ ընկերներն են եղել: Նրանք աչքիս առաջ էին զոհվում: Ես ամբողջ գումարտակի առաջ խոստացել եմ, որ յուրաքանչյուրին հուշարձան եմ կառուցելու, եթե նրանց սպանեն, ամեն ինչ անելու եմ, որ նրանց չմոռանան: Իսկ նրանք ծիծաղում էին»:

Էլդենիզը տանկի մեխանիկ-վարորդ էր: Արյունալի շատ մարտերի է մասնակցել, բազմիցս վիրավորվել է: Աջ ձեռքը վնասված է, խոսակցության ընթացքում նա հաճախ դադար է վերցնում խոր շունչ քաշելու համար`թոքի վնասվածքի պատճառով:

Էլդենիզն ապրում է փայտյա մի խցում, հենց հուշարձանի մոտ:

Վանդակի վերևում գրված է. «Շուշիի արծիվ»: Մյուս թռչունները նույնպես «անվանվել են» Ղարաբաղի`Ադրբեջանի կորցրած շրջանների պատվին: Վանդակի ներքևում Ալբերտ Ագարունովի լուսանկարն է, ով հետմահու պարգևատրվել է Ադրբեջանի ազգային հերոսի մեդալով: Աջ կողմում գրված է` «Ղարաբաղին ինքնուրույնություն չենք տա»:

 

Էլդենիզը պատմում է, որ իրեն զինվորականներ են այցելում, նույնիսկ Իսրայելում ապրող Ալբերտի եղբայրն էր եկել, նաև հրեական համայնքի անդամները: Նրանք օգնություն են առաջարկում, բայց Էլդենիզը հրաժարվում է:  

«Ես 380 մանաթ թոշակ եմ ստանում, ստիպված եմ հետևել կայանատեղիին` վարորդներից 50-ական կոպեկ խնդրելով: Ու սա այն ամենից հետո, ինչ տեսել ենք այնտեղ: Բայց ես չեմ դժգոհում: Ինձ ոչ մեկից ոչինչ պետք չէ: Ինձ փող են առաջարկում, ոմանք ուզում են բարձր գնով իմ թռչուններին գնել: Բայց ես հրաժարվում եմ: Ինձ համար ամենակարևորն այն է, որ ընկերներիս հիշեն: Երեքին արդեն հուշատախտակներ եմ տեղադրել, ևս երեքին էլ եմ ուզում դնել:

Վետերանի խոսքով, Ալբերտ Ագարունովի բարեկամներն օգնել են իրեն վիրահատվել Իսրայելում, այնտեղ ուսի և ոտքի մեջ իմպլանտ են տեղադրել:

Էլդենիզը նոր վանդակ է պատրաստում, ուզում է փասիաններ գնել: Ասում է, որ ցուցանակի վրա նշված 864-ը իր զոհված մարտական ընկերների թիվն է:  

Յուրաքանչյուր հուշատախտակի մոտ կախված է զոհված տանկիստի սաղավարտախոսը: Այս սաղավարտախոսն Աղդամից եկած Ջանփոլադին էր պատկանում: Ներքևում կարգախոսն է. «Հայերի հետ կարող են հաշտվել միայն հայերը»:

Ներքևում գրված էՄահ հայերին»:Վերևի մակագրությունն ասում է, որ ավելի լավ է արյուն թափել հանուն հայրենիքի, քան գիտությամբ զբաղվել, իսկ դրա ներքևինն ամոթանք է տալիս այն վախկոտներին, ովքեր չեն ցանկանում կյանքը զոհել հանուն հայրենի երկրի:

Հոգեբան Ազադ Իսազադեի կարծիքով, սա այն դեպքն է, երբ վետերանի համար պատերազմը չի ավարտվել, ինչպես և շատերի համար:

«Նա շարունակում է պատերազմն այնպես, ինչպես կարողանում է, պահելով զոհված ընկերների հիշատակը, օգտագործելով կարգախոսներն` իբրև հոգեբանական պատերազմի գործիք, քանի որ «ֆիզիկական պատերազմ» այլևս չի կարող վարել: Այդպես նա փորձում է ինքն իրեն դուրս բերել հետտրավմատիկ ախտանիշի վիճակից»:

Մինչ մենք զրուցում էինք, անցորդներից յուրաքանչյուրը կանգ էր առնում ու հարգալից բարևում Էլդենիզին: Մի տարեց մարդ կանգ առավ, հարցրեց, ինչպես են գործերը, հետո դիմեց մեզ, ասելով`ինչո՞ւ եք կանգնում ու նայում, փոխանակ օգնեք վետերանին:

Էլդենիզը նորից շփոթվեց ու ասաց, որ իրեն ոչ մեկից ոչինչ պետք չէ:

 

«Հարգանքի տուրք եղբայրների հիշատակին` էլդենիզից»

 

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում