Սահմանամերձ Բերդ համայնքի երեխաների համար պատերազմը վաղուց դարձել է առօրյայի մի մաս: " />

Մանկությունը հակամարտության սահմանին

Սահմանամերձ Բերդ համայնքի երեխաների համար պատերազմը վաղուց դարձել է առօրյայի մի մաս:

Լուսինե և Սոֆի Զոհրաբյանների հայրը պայմանագրային զինծառայող է։ Ամսվա տասնհինգ օրը նա անցկացնում է հայ-ադրբեջանական  սահմանային դիրքերում, մնացած տասնհինգ օրը`տանը, ընտանիքի հետ։

«Անհամբեր սպասում ենք պապայի վերադարձին։ Երբ կրակոցներ են հնչում, մաման արագ  սկսում է զանգել պապային, իհարկե նա այդ ժամանակ չի էլ պատասխանում մեր զանգերին…Կարոտում ենք, երբ  տանը չի, առանց նրա ժամանակը չի անցնում», – ասում է տասնամյա Լուսինե Զոհրաբյանը։

«Երբ սկսում է իրերը հավաքել,  տխրում ենք, հասկանում ենք, նորից գնում է։  Բայց գիտենք. եթե սահմանին կանգնած է, ապա մեր կյանքը պաշտպանված է», – քրոջը լրացնում է իննամյա Սոֆի Զոհրաբյանը։

Զոհրաբյան քույրերը ապրում են Երևանից է 178 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։ Տավուշի մարզը 300 կմ ընդհանուր սահման ունի Ադրբեջանի հետ։ Մարզի գյուղերի գերակշռող մասը սահմանային են և գտնվում են կրակոցների տակ։

«Սոցիոբերդ» երեխաների աջակցության ծրագիրը փորձում է օգնել համայնքի երեխաներին հաղթահարել ընտանեական խնդիրների և հակամարտության հետևանքով ստեղծված լարվածությունը

1990 թվականից սկսած պատերազմը Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվում է մինչև օրս և համարվում է Հարավային Կովկասի չլուծված հակամարտություններից մեկը։Կողմերի միջև հրադադարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ.-ին, սակայն հակամարտությունը շարունակվում է, արդյունքում խլելով բազմաթիվ մարդկային կյանքեր։ Հատկապես դժվարին իրավիճակում հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի գյուղերը։

Այս տարվա  սեպտեմբեր ամսին ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս, Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։ Հրազենային վնասվածք էր ստացել Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։

Մարզի սահմանամերձ համայնքներում տղամարդկանց մեծ մասը աշխատում են, որպես հայկական բանակի պայմանագրային զինծառայողներ։

Գյուղերում ապրող երեխաները, որոնց մանկությունը անցնում է  անավարտ պատերազմի ու չկայացած խաղաղության կողքին, ամեն օր վերապրում են պատերազմի վտանգը և վախով սպասում  դիրքերից վերադարձող իրենց հայրերին ու եղբայրներին։

Հիմնականում երեխաների հետ աշխատում են արտ-թերապիայի միջոցով

«Սահմանային կոնֆլիկտային իրավիճակները  իրենց դրոշմն ու հետքն են թողնում սահմանային մանկության վրա։ Առաջին հերթին երեխաների մոտ կորստի վախն է գալիս,  ցավոք մենք ունենում ենք այդ կորուստները, և նրանք հենց դրա ականատեսն են լինում`չապրելով իրենց մանկությունը»,-ասում է Հայ Օգնության Ֆոնդի  Մարդիկյան երեխաների պաշտպանության կենտրոնի սոցիալական աշխատող Լուսիկ Աղաբաբյանը։

Կենտրոնը գործում է Բերդի տարածաշրջանում 2016 թվականից։  2017 թվականից Մարդիկյան երեխաների պաշտպանության կենտրոնը՝ Բերդի Կանանց ռեսուրս կենտորնի հետ համատեղ  իրականացրեց «Սոցիոբերդ» երեխաների աջակցության ծրագիրը, որի շրջանականերում կատարվեցին կանխարգելիչ, վերականգնողական աշխատանքներ  կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար։

Երեխաների պատմությունները տարբեր են՝ ծնողների բաժանում կամ ընտանեական կոնֆլիկտներ:

«Սոցիոբերդ»-ի շրջանակներում մատուցվել են արտակենտրոնական /մոբայլ/ծառայություններ մարզի վեց համայնքների 63 երեխաների հետ՝ 48 ընտանիքներից:

«Մոբայլ նշանակում է, այն ընտանիքները, որոնք գտնվում են կյանքի դժվարին իրավիճակներում, ունեն նյութական խնդիրներ, չեն կարողանում իրենց գյուղերից հասնել Բերդ, մեր մասնագիտական խումբն է մեկնում այդ համայնքներ, խմբակային ու անհատապես աշխատելով խնդիրներ ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների հետ»,- ասում է Աստղիկ Հակոբյանը, Մարդիգյան Երեխաների Պաշտպանության Կենտրոնի ղեկավարը:

Հակոբյանը նշում է, որ երեխաների մոտ ձևավորվել է  պարփակվածություն`ներանձնային հատկանիշներով, ինչը թույլ է տալիս ավելի շատ ընդհանուրի մեջ պարփակվել։ Ըստ նրա իրենք փորձում են նպաստել տարածաշրջանի երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը։

Ծրագրի ողջ գործունեության ընթացքում կենտորնը սոցիալ-հոգեբանական ծառայություններ է մատուցել 180 երեխայի`127 ընտանիքներից, երեխա-ծնող-միջավայր եռանկյունում։

Լուսիկ Աղաբաբյանը նշում է. լարված սահմանային կյանքը թույլ չի տալիս  երեխաներին ապրել խաղաղ ու հոգսերից ազատ մանկություն։

«Մի թեթև կրակոցից անգամ սահմանում ապրող երեխան պետք  է մտնի ապաստարան, անկախ նրանից, թե որտե՞ղ է գտնվում։ Տանն էլ իր հերթին առաջանում է լարված, պայթունավտանագ իրավիճակ:  Պատկերացրեք մամաներին, երբ հնչում են կրակոցները։ Ամուսինները դիրքերում են, երեխաները անհանգիստ են, մամաները խուճապի մատնված սկսում են ագրեսիվ վարք ցուցաբարել, ինչի արդյունքում տուժվում են հիմնականում երեխաները»,–  ասում է Աղաբաբյանը։

Երեխաներից շատերը անհանգստանում են առաջնագծում ծառայող իրենց իրենց հայրերի և եղբայրների համար

Երեխաների հետ աշխատանքը իրականացվում է կենտրոնում, արտթերապիայի խմբային աշխատանքի,հոգեբանի անհատական աշխատանքի միջոցով, որին ընթացքում փորձում են հաղթահարել երեխաների անձնային վախերը։ Զուգահեռ աշխատանք է տարվում նաև ծնողների հետ։ Մասնակցում են  բանավեճի ակումբին, խաղաղության ճանապարհ խմբակներին։

Սոցիոլոգ Աղաբաբյանը նշում է. ապրելով սահմանամերձ գյուղերում, թե՛ երեխաները, թե՛ ծնողները ամեն վարկյան ապրում են նույն վտանգը, կարող են տանից դուրս գալ և հայտնվել  կրակոցների տակ, ինչն արդեն վախ է, ու հերթին առաջացանում է խնդիրներ։

«Փոքրերի հետ ավելի շատ աշխատում ենք հանդուրժողականության ձևավորման վրա, չենք ուզում որ երեխաների մեջ փոքրուց վատը սերմանվի: Դժվար է երեխային հասկացնել լինել հանդուրժող ու բարի։ Լինել բարի, նրանց համար նշանակում է լինել հայրենասեր, նշանակում է զենքը ձեռքին կանգնել ու պաշտպանել  իր ընտանիքն ու հողը։ Կարողանում ենք ասենք մի կես ժամ նրանց համոզել դրանում, բայց հենց լսում են կրակոցները, ամեն ինչ կորում է, մենք մասնագետներս ենք մոռանում, թե երեխաներին ինչ ենք սովորեցրել: Իրականում դժվար է»,-ասում է սոցիոլոգը։

«Պատերազմը այս տարածաշրջանում վաղուց առօրյայի մաս է դարձել, ինչը անդրադառնում է երեխաների հետագա կյանքի վրա»,- կարծում են սոցաշխատողները

11-ամյա Էդգար Զոքինյանը դժվարությամբ է համոզվում այն մտքի հետ, որ պետք է լինել բարի ու հանդուրժող։ Նա միանգամից օրինակ է բերում եղբորը, ով պայմանագրային զինծառայող է, և ամեն ամիս 15 օր  անցկացնում է դիրքերում։

«Պոստեր գնալ նշանակում է պաշտպանել հայրենիքը: Թուրքերը շատ մարդ են սպանել, վատ մարդիկ են: Ապագայում հայերը կհաղթեն ու կլինի խաղաղություն»,– ասում է Էդգարը։

Տավուշում պատերամզը ներխուժել է նաև մանկական խաղեր։ Բակերում ավելի շատ պատերազմ են խաղում, խրամատներ փորում, կրակում միմյանց վրա։ Աղաբաբյանը նշում է. ուժի օգնությամբ նրանք փորձում են ինքնահաստատվել, պաշտպանել ընտանիքին ու ընկերներին։

Խնդիրը բարդանում է այն պատճառով, որ հոգեբանի խնդիր ունեն նաև ծնողները և ուսուցիչները

Նա ասում է, որ Մարդիկյան Երեխաների Պաշտպանության Կենտրոնը ստեղծվեց Բերդի հմար, բայց ամենաթիրախայինը շարունակում էին մնալ  սահմանամերձ գյուղերի երեխաները, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի իրականացնեն «Սոցիոբերդ» ծրագիրը, մատուցելով մոբայլ ծառայություններ։

«Շաբաթական երկու օր մենք էինք գնում գյուղեր, յուրաքանչյուր համայնքում արտթերապիստը կամ հոգեբանը ծառայություններ  էին մատուցում»,-ասում է Աղաբաբյանը։

Շարժական ծառայություններ են ստացել մարզի սահմանամերձ`Չինչին, Իծաքար, Նավուր, Տավուշ,  Այգեպար գյուղերի երեխաները, որոնք ի տարբերություն Բերդի երեխաների, ամեն օր են զգում խաղաղության գինը իրենց  վրա, նաև ավելի պատրաստակամ են ու հայրենասեր։

«Քչերին կգտնեք, որ պատրաստ են լքել գյուղը, ու գնալ ավելի լավ կյանքով ապրելու։ Կապրեն անտեսված, բայց կապրեն իրենց գյուղում:Անգամ ուզում են պատերազմ լինի, որպեսզի միանգամից ձեռք բերեն այդ խաղաղությունը։ Այս իրավիճակը` ոչ պատերազմ ու ոչ խաղաղություն, ազդում է նաև նրանց վրա։ Ասում են մի հատ այնպիսի զենք ունենանք, որ միանգամից նրանց բոլոր զենքերը լռեցնենք, փակենք հաշիվները պատերազմի հետ և հանգիստ ապրենք»,– ասում է Աստղիկ Հակոբյանը։

Մարդիկյան Կենտրոնի երեխաների աշխատանքները

Երեք երեխաների մայր Ռիփսիմե Նավասարդյանը ասում է, որ ամուսինը`37-ամյա Սերժիկ Զոհրաբյանը արդեն 12 տարի է պայմանագրային զինծառայող է։ Սկզբում ապրել են սահմանամերձ Պառավաքար գյուղում, բայց որպեսզի երեխաները ավելի քիչ լսեն կրակոցները, ու ավելի քիչ սթրես տանեն տեղափոխվել են Բերդ։

«Տասներկու տարվա մեջ ընդամենը երեք անգամ է Ամանորին տանը եղել այսքան ժամանակ….ամեն տասնհինգ օրը մեկ պատերազմ ենք ուղարկում, ու երեխաներն էլ լավ են ամեն ինչ հասկանում։ Ամբողջ սեպտեմբերի վերջը սահմանում շատ անհանգիստ էր, անընդհատ ասում էին. «Մամ զանգի տեսնենք, պապան ոնցա, ամեն ինչ նոռմալ է, թե՞ չէ»։ Շատ ծանր են տանում, երբ հայրը հանկարծ ուշանում է, ու մի քանի օր ավել մնում դիրքերում, կախված տիրող իրավիճակից։ 2016 թվականի քառօրյայի ժամանակ, երբ մեկ ամսից ավել մնաց դիրքերում, թե՛ երեխաները թե՛ ես շատ ծանր էինք տանում։ Այդ դեպքերից հետո էլ ամուսնուս մոտ շաքարային դիաբետ առաջացավ։ Ինչ ասեմ, հպարտ ենք, որ հերոս են մեր ամուսինները, բայց այս ամենը դաժան է»,- ասում է մասնագիտությամբ բուժքույր Ռիփսիմե Նավասարդյանը։

Ըստ Աստղիկ Հակոբյանի հոգեբանի խնդիր ունեն նաև ծնողները, ուսուցիչները, ովքեր ուզում են այդ իրավիճակից դուրս գան, հասկացված լինեն, ինչ որ մի տեղ «բացվեն»։

«Հուզական այրման համախտանիշ, նման  մասնագիտական տերմին կա, որը նշանակում է հանել այդ վախը քո միջից, ազատվել սթրեսից։ Շատ եմ կարևորում հոգեբանի սոցիալ-հոգեբանական ծառայության  մատուցումը։ Ասեմ, որ վախերը, լարվածությունն ու արգրեսիան ազդում են նաև մարդկանց առողջության վրա, այսինքն հոգեբանական խնդիրների կուտակումը բերում է առողջական մի շարք խնդիրների առաջացման (`շաքարախտ, անպտղություն»,-ասում է Հակոբյանը։

Հայ Օգնության Ֆոնդի Մարդիկյան երեխաների պաշտպանության կենտրոնի սոցիալական աշխատող Լուսիկ Աղաբաբյանը

Ինքը՝ Աստղիկ Հակոբյանը մեծացել է Այգեպար գյուղում, զինվորականի ընտանիքում։ Պատերազմի ամենաթեժ շրջանը՝ 1989-1990-ականները անց է կացրել գյուղում։

«Հայսր դուրս չեկավ գյուղից, ասում էր, որ մենք պետք է օրինակ ծառայենք մյուսների համար։  Մեր տանն էին սնվում զինվորները, ես ինքս էի կերակուր պատաստում նրանց համար։ Շատերը գնացին ու այլևս չվերադարձան։ Հայտնվել եմ ամենատարբեր իրավիճակներում, մահեր եմ տեսել, այսօր ես ինքս շաքար ունեմ, երբ արդեն քառասուն տարեկան եմ»,-ասում է Հակոբյանը։

Կենտրոնի ղեկավարը նշում է, որ հնարավոր է «Սոցիոբերդ» ծրագիրը  շարունակվի, քանի որ դրա կարիքը սահմանամերձ գյուղերում շարունակվում է գերակա լինել։

«Իրավիճակը չի փոխվում, վտանգները, վախերը շարունակվում են, ինչը ենթադրում է, որ գյուղերում մեր կարիքը ունեցողներ կան, և նրանց հարկավոր է օգնել, հետագայի խնդիրներից խոսափելու համար»,-ասում է Հակոբյանը։

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում