Ֆիլմը նկարվել է 5 տարի առաջ, սակայն Ցխինվալի մանկատան սաների թիվը չի պակասել  " />

Մանկատունը պատերազմից հետո

Ֆիլմը նկարվել է 5 տարի առաջ, սակայն Ցխինվալի մանկատան սաների թիվը չի պակասել  

 

 

Ցխինվալի՝ որբ և առանց ծնողների խնամքի մնացած երեխաների ինտերնատ-դպրոցի տնօրեն Ռոլանդ Թեդեևը հիշում է, որ պատերազմին նախորդած վերջին տարում Կուրտինոյի մանկատանը 11 ազգության երեխա կար: Նրանց այնտեղ ուղարկում էին Վրաստանի ողջ տարածքից: Առաջին վրաց-օսական պատերազմի սկզբում մանկատունը փակվեց:

Մանկատնից մինչև ինտերնատ

Ռոլանդ Թեդեև.

«Ցխինվալի՝ որբ և առանց ծնողների խնամքի մնացած երեխաների ինտերնատ-դպրոցը սկսել է գործել Կուրտինի մանկատան և դպրոցի ռուսական սեկտորի հիման վրա: «Մանկատուն» անվանումն ազդում է երեխաների հոգեբանության վրա, այդ պատճառով էլ այն վերանվանվել է ինտերնատ-դպրոցի: Այսօր մեզ մոտ սովորում և դաստիարակվում է 3-ից 17 տարեկան 182 երեխա:
Որբերից զատ կան նաև բազմազավակ, չպաշտպանված և ոչ բարեկեցիկ ընտանիքների երեխաներ, որտեղ ծնողները չեն կատարում իրենց ուղղակի պարտականությունները: Կան երեխաներ հեռավոր գյուղերից, որտեղից դպրոց հասնելու համար տասնյակ կիլոմետրեր է պետք անցնել»:

Ինտերնատում ամեն ինչ հարմարեցված է մշտական բնակության և ուսման համար: Դասերից հետո լրացուցիչ կրթությունն ընտրությամբ է կատարվում՝ կարուձև, պարի խմբակ, թատերական խմբակ, երգչախումբ, հարվածային գործիքների նվագախումբ, կիթառ, մեղվաբուծություն, վոլեյբոլի, թենիսի և բասկետբոլի խմբակներ:

Հաստատուն քանակ

Ռոլանդ Թեդեև.

«Ես ինտերնատի տնօրենն եմ 2007 թվից: Երեխաները մեզ մոտ չեն պակասում, հակառակը՝ թիվն աճում է: Վերջին երեք տարիներին՝ 170-180-ի է հասնում, դրանից ցածր ցուցանիշը չի լինում, չնայած որ համալիրը նախատեսված է 150 հոգու համար, և շատերին ստիպված ենք լինում մերժել: Այսօր ինտերնատ-դպրոցում 17 երեխա սովորում է հատուկ դասարաններում, ընդհանուր առմամբ հանրապետությունում մանկական ուղեղային կաթվածով և այլ ծանր հիվանդություններով երեխաների թիվը մոտ 200 է: Նրանք տնից դուրս չեն գալիս և դպրոց չեն գնում»:

«Ռուսական երկաթուղի» ընկերության աջակցության շնորհիվ ինտերնատը տեխնիկայի կարիք չունի: Մոտ մեկ տարի առաջ համակարգչային դասարանի վերազինման, մուլտիմեդիապրոյեկտորի գնման, լինգաֆոն կաբինետի վերազինման համար կազմակերպությունը 450 հազ. ռուբլի է տրամադրել:

Հայտնի մարզիկ և հասարակական գործիչ Ջամբուլատ Թեդեևը վճարում է առանց սահմանաչափի ինտերնետի գումարը:

Ռոլանդ Թեդեև.

«Ես տարբերակված ուսուցման կողմնակից եմ: Լավ կլիներ բաժանել ինտերնատի աշակերտներին ըստ ուղղվածությունների՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա և կենսաբանություն, հումանիտար գիտություններ, ագրոտեխնիկա: 2015 թվից 10-11-րդ դասարանների աշակերտների համար ավտոգործի պրակտիկ դասընթացներ ենք անցկացրել: Այսօր Հարավային Օսիայում «Հոգաբարձության և խնամքի» մասին օրենք չկա և, բնականաբար, դրա համար պատասխանատու մարմին էլ չկա: Ցխինվալի ադմինիստրացիային կից գործում է անչափահասների խնամքի և հոգաբարձության հանձնաժողով, որը փաստացի իրավասություններ չունի ոչ հոգատար ծնողներին իրավունքից զրկելու և երեխաներին ինտերնատ ուղարկելու»:

Նախորդ տարի 14-ամյա աղջիկը՝ ինտերնատի սանը, ինքն է դիմել տնօրենին՝ իր մորը ծնողական իրավունքներից զրկելու խնդրանքով:

Ռոլանդ Թեդեև.

«Ես լավ էի հասկանում, որ մայրական իրավունքից զրկելը ծայրահեղ միջոց է: Սակայն տվյալ իրավիճակում ոչինչ անել չէի կարող և ստիպված էի աղջկա խնդրանքով որպես իրավաբանական անձ դատարան հայց ներկայացնել: Նրա մորն իրոք փոխվելու ժամանակ էր տրվել, սակայն՝ ավաղ… Մորը զրկեցին ծնողական իրավունքից»:

Ցխինվալի ինտերնատի տնօրենի համար ամենակարևոր հիշողություններն այն սաների մասին են, ովքեր լքել են ինտերնատը՝ լիարժեք ընտանիք ձեռք բերելով. խոսքը Մակիև եղբայրների և քրոջ մասին է, որոնց որդեգրեց Վլադիկավկազից մի ընտանիք: Նա հիշում է նաև Օկսանա Ֆյոդորովային, ով եղբոր հետ միասին նոր մայր ու հայր գտավ, և նրա քրոջ՝ Դայանայի մասին, ում հայրը ճանաչեց և ընդունեց (այդ ընտանիքի մասին  ֆիլմը նկարվել է 2011ին):

Ռոլանդ Թեդեևի բաղձալի երազանքը միայն այն է, որ նմանատիպ երազանքներ ավելի շատ իրականան:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ


Կարդալ ավելին JAMnews-ում