Վրացական իշխանությունները նրան մեղադրում էին ահաբեկիչ Ահմեդ Չատաևի հետ կապի համար" />

Մահացել է Պանկիսիի կիրճում անցկացրած հատուկ գործողության ժամանակ վիրավորված Թեմիրլան Մաչալիկաշվիլին

Վրացական իշխանությունները նրան մեղադրում էին ահաբեկիչ Ահմեդ Չատաևի հետ կապի համար

Պանկիսիի կիրճում անցկացրած հատուկ գործողության ժամանակ վիրավորված Թեմիրլան Մաչալիկաշվիլին, որին մեղադրում էին հայտնի ահաբեկիչ Ահմեդ Չատաևի հետ կապի մեջ լինելու համար, մահացել է, հաղորդում է Ինտերպրես գործակալությունը:

Լուսադեմին հիվանդի վիճակը վատացել է, և նրան փրկել չի հաջողվել, ասել է Հրեշտակապետ Միքայելի անվան հիվանդանոցի մենեջեր, պրոֆեսոր Զազա Լուրսմանաշվիլին, որտեղ մոտ երկու շաբաթ բուժվում էր Մաչալիկաշվիլին:

Վերջինիս մայրը՝ Այիզա Մարգոշվիլին, կատարվածի համար մեադրում է իրավապահներին: Նա հիվանդանոցում լրագրողներին հայտարարել է, որ վրեժ է լուծելու որդու մահվան համար:

  •   19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին գլխի վիրավորում էր ստացել դեկտեմբերի 26-ին հատուկ գործողության ժամանակ իր տան ննջարանում: Պետանվտանգության ծառայությունը հաղորդել է, որ իրավապահները Մաչալիկաշվիլիի վրա կրակել են այն պահին, երբ նա փորձել է գործի դնել նռնակ: Սակայն Մաչալիկաշվիլիի հարազատները պնդում են, որ նա քնած է եղել, երբ իրավապահները ներխուժել են նրա սենյակ: 
  •  Ըստ իրավապահների տեղեկատվության՝ Պանկիսիի կիրճում ձերբակալված անձինք կապ էին պահում թբիլիսյան հատուկ գործողության ընթացքում չեզոքացված Չատաևի և նրա համախոհների հետ: Հենց նրանք են օգնել ահաբեկիչներին ապօրինի հատել Վրաստանի սահմանը, զենքով ապահովել: 
  •  Ավելի ուշ մի քանի հարյուր տեղի բնակիչ բողոքի ակցիա էր իրականացրել Պանկիսիում՝ պահանջելով անաչառ հետաքննություն: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ անվտանգության ուժերի գործողությունները Մաչալիկաշվիլիի հանդեպ «ուժեղ զայրույթ են առաջացրել ողջ Պանկիսյան կիրճում»: 
  •  Գրեթե մեկ շաբաթ ակտիվ բանակցություններ էին վարվում տուժածին արտասահման տեղափոխելու և արտասահմանյան կլինիկայում բուժումը շարունակելու վերաբերյալ: Այն բանից հետո, երբ բժիշկները մի քանի կոնսիլիումների արդյունքում համաձայնություն տվեցին հիվանդին տեղափոխելու, սկսվեցին տարբեր երկրների կլինիկաների հետ բանակցությունները: Արդյունքում երեքշաբթի օրը ընտրվեց Թուրքիայի Քոչ համալսարանական հոսպիտալը:

Կարդալ ավելին JAMnews-ում