Դժվարություններն ավարտվում են մահացածի և սկսվում նրա բարեկամների համար" />

Մահանալ Ադրբեջանում. գներ, ծեսեր, կանոններ

Դժվարություններն ավարտվում են մահացածի և սկսվում նրա բարեկամների համար

Ադրբեջանում շատ տարեցներ դեռևս կյանքի օրոք սկսում են գումար կուտակել սփական հուղարկավորության և հոգեհացի համար, քանի որ այդ ծեսերը թանկ են: Սոցիալական ծեսերի մեջ մահն առանձնահատուկ տեղ ունի. եթե հարսանիքի կամ ծննդյան հահնդեպ կարելի է հայտնի անփութություն դրսևորել, ապա մահացած հարազատների առջև չես կարող արդարանալ. հուղարկավորությունը, հոգեհացը, ամեն ինչ պետք է բարձր մակարդակով կազմակերպել, նույնիսկ՝ պարտքերի գնով:

Հետմահու բյուրոկրատիա

Բաքվի Թազափիր մզկիթն ամենախոշորն է և գտնվում է քաղաքի կենտրոնում: Դրա տարածքը մզկիթից, մեդրեսեից և Կովկասի մուսուլմանների վարչությունից զատ նաև շենք է, որտեղ ծիսական ծառայություններ են մատուցում:

Սյուներով մեծ դահլիճը միջին կարգի հանդիսությունների սրահ է հիշեցնում. երկար շարքով դրված սեղաններ, որոնց վրա՝ թեյ, հալվա, կոնֆետ, դահլիճի գլխավոր հատվածում փոքրիկ սեղան է մոլլայի և մահացածի ամենամոտ բարեկամի համար. այժմ այնտեղ նստած է Իրադայի մայրը՝ գլխաշորով բաց մազերը ծածկած նիհար կինը, գլխաշորն անսովոր է նրա համար, անընդհատ ընկնում է, նա մերթընդմերթ ուղղում է այն:

Այն մասին, որ հայրն անբուժելի հիվանդ է, Իրադան ու մայրը գիտեին վաղուց, սակայն չէին սպասում, որ նա այդպես հանկարծակի մեկ ակնթարթում կհեռանա՝ սրտի կաթվածից: «Նախօրեին նրա սիրտն ուժեղ ցավում էր, գնացինք հիվանդանոց, և նա այնտեղից այլևս չվերադարձավ», – պատմում է Իրադան:

Ադրբեջանում մահն ուղեկցվում է բյուրոկրատիայով: Իրադայի բախտը, կարելի է ասել, «բերել է». հայրը մահացել է հիվանդանոցում, մահվան եզրակացությունը բժիշկը միանգամից գրել է. «Պատմություն եմ լսել, թե որքան երկար են մահվան վկայական ստանում՝ դատարանի միջոցով: Եթե մարդը տանն է մահանում, իսկ դրանից առաջ պոլիկլինիկայում երկար ժամանակ չի հայտնվել, այնտեղ կարող են հրաժարվել փաստաթուղթը տրամադրել, ստիպված են մահվան վկայականը դատարանի միջոցով ստանալ»:

Երբեմն, երբ մահվան պատճառը միանգամից պարզ չէ, ստիպված են լինում նաև ոստիկանություն կանչել:

Մուստաֆայի մայրը մենակ էր ապրում: Երկու օր նա զանգերին չէր պատասխանում. կրտսեր տղան մոր տուն է գնացել, փակ բնակարան մուտք գործելու համար ստիպված են եղել պատուհանը կոտրել: Շտապօգնությունն արագ է եկել, բժիշկները մահն արձանագրել են, սակայն ասել են, որ պարտավոր են ոստիկանությանը տեղյակ պահել. ընթացակարգն է այդպիսին: Չնայած, որ մոր մահվան մեջ ոչ մի քրեական տարր չի եղել, սրտի անբավարարություն էր խրոնիկ հիվանդությունների ֆոնին, ստիպված կաշառք են տվել, որ գործ չհարուցեն:

Մուսուլմանական ավանդույթի համաձայն՝ մահացածին հուղարկավորում են հենց մահվան օրը, կարելի է մեկ օր ուշացնել, եթե մարդը մահացել է մայրամուտից հետո, այդ ժամերին գերեզման չեն փորում:

Թաղմանից առաջ հանգուցյալին պետք է տանել մզկիթ մարմինը լվանալու ծեսի համար, դա մոտ 50 մանաթ ($26) է նստում: Հիվանդանոցում միանգամից կարող են դիակառք տրամադրել, դա ևս 100-150 մանաթ ($50-80) է:

Այնուհետև մարմինը բերվում է տուն, որպեսզի բարեկամները կարողանան սգալ կորուստը: Այդ ընթացքում գերեզմանոցում պետք է գերեզմանը պատրաստել:

Գերեզմանոց՝ պատշտոնական և իրական

Ընդհանուր առմամբ Բաքվում և արվարձաններում հարյուրից ավել գերեզմաններ կան, ինչպես նշում է Բաքվի գործադիր իշխանությանը կից Բնակչությանը քաղաքացիական ծառայություններ մատուցելու տրեստի գլխավոր ինժեներ Սաբիր Հասանովը: Տրեստի ենթակայության տակ է դրանցից 32-ը: Մնացածները ենթարկվում են մունիցիպալիտետներին և գործադիր իշխանությունների տեղական մարմիններին:Գլխավոր ինժեների խոսքով, մեկ մարդու հուղարկավորելն ըստ պետական գնացուցակի, 63 մանաթ ($33) է երկրի քաղաքացիների և 79 մանաթ ($41)՝ արտասահմանցիների համար:

«Այդ ո՞վ է ասում, որ գերեզմանները մի քանի հազար արժեն: Համացանցո՞ւմ: Համացանցում ինչ ասես՝ խոսում են: Դուք ինձ այդ մարդուն ցույց տվեք», – վրդովվում է Սաբիր Հասանովը:

Միաժամանակ ավելացնում է, որ գերեզման «պատվիրելու» դեպքում պետք է գնալ ուղիղ գերեզմանոցի տնօրենի գրասենյակ, որտեղ կախված է գնացուցակը, իսկ եթե ավել գումար պահանջեն, միանգամից զանգահարել թեժ գիծ (012) 501 83 08 հեռախոսահամարով: Ի դեպ, գլխավոր ինժեների խոսքով, պաշտոնական գումարը ներառում է միայն գերեզմանի նախապատրաստումը, քանի որ հողն «անվճար» է բաժին հասնում: Առանձին պետք է վճարել գերեզմանը նախապատրաստելու շինանյութերի համար՝ 2-3 պարկ ցեմենտ, 50-60 խորանարդաձև քար, ավազ (մուսուլմաններին թաղում են սավանով, այլ ոչ թե դագաղով, այդ պատճառով էլ գերեզմանը քարերով ներսից պատում են):Այդ ամենը մոտ 75 մանաթ ($40) արժե:

«Բոլոր հանգուցյալները կհուղարկավորվեն, ոչ ոք գետնին չի մնա», – վստահեցնում է նա:

Օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք հուղարկավորության համար 5 քառակուսի մետր հողի իրավունք ունի: Ըստ ցանկության՝ կարելի է դիմում գրել, որ տեղ թողնեն նաև կնոջ/ամուսնու համար: Սակայն, ընդհանուր առմամբ, ասում է ինժեները, քաղաքի կենտրոնում արդեն քիչ տեղ կա, նա խորհուրդ է տալիս դիմել եզրային գերեզմանոցներ:

«Ես այդպես էլ արեցի, գնացի ուղիղ տնօրենի գրասենյակ, – պատմում է Սամիրը՝ Իրադայի զարմիկը, որն իր վրա էր վերցրել թաղման հոգսերը: – Այո, գնացուցակ կա, մեզ նույնիսկ պետական տուրք վճարելու մասին կտրոն տվեցին: Սակայն հենց տեղի գումարը շատ ավելին է: Հորեղբորս հուղարկավորեցինք Ռազինյան գերեզմանոցում (Բաքիխանովի ավան): Տնօրենն ինքն է հետդ գնում, համապատասխան տեղեր առաջարկում, ավելի լավ տեղն ավելի թանկ է, այն բարեկարգելու հնարավորություն կա, ավելի վատ տեղերն ավելի էժան են: Հորեղբորս տեղը երկու հատվածների միջև անցման վրա է, արժեր 600 մանաթ ($314): Լավ, ցանկապատած տարածքը երկուսի համար արժե 1200 մանաթ, գումարը չհերիքեց»:

«Գերեզմանոցային շուկայում» գները տատանվում են ամենաէժան գերեզմանի գնից՝ 140-150 մանաթից մինչև ամենաթանկ՝ 7000 մանաթ արժողությամբ գերեզման քաղաքի կենտրոնում գտնվող հեղինակավոր «Գայլի դարպասներում»:

«Եթե սկսես պնդել, թե պաշտոնական գնից ավել չես վճարելու, պարզապես կասեն, որ գերեզմանոցում տեղ չկա: Ստիպված ես համաձայնել»:

Բաքվի հին Յասամալի գերեզմանոցը պաշտոնապես փակ է համարվում: Սակայն ցանկության դեպքում այնտեղ էլ կարելի է հանգուցյալ բարեկամի համար տեղ գտնել: Դրա մի մասը հին ռուսական գերեզմանոց է, նույնիսկ մամռապատ հին գերեզմաններ կան: Շատերը խորհրդային տարիների են՝ ուղղափառ խաչերով: Կողքով անընդհատ թանկ արտասահմանյան մեքենաներ են անցնում. հարազատներն են գալիս հանգուցյալների հիշատակը հարգելու:

Փոշոտ գրասենյակում, որը ետնամասում տապանաքարեր են լցրած, երիտասարդն ասում է, որ տեղ չկա: «Այլ գերեզմանոցներում փնտրեք», – խորհուրդ է տալիս նա:

Ինչ վերաբերում է տապանաքարերի գներին, ապա ամենաթանկերը սև գրանիտե տապանաքարերն են, դրանց գները սկսվում են 2000 մանաթից ($1050), մարմարե տապանաքարերն ավելի էժան են՝ 1000 մանաթ ($523): Ամենաէժանները հասարակ տաշած քարից են, կարելի է 500 մանաթով գտնել ($261): Փաթամդարթի գերեզմանոցում դրանք 800-1200 մանաթ ($420-628) արժեն:

«Այստեղ միայն գերեզմանոցի ռուսական մասում տեղ կա, – ասում է ճամփեզրին նստած տարեց մոլլան, – ռուսները հիմնականում մեկնել են, ոչ ոք չի այցելում գերեզմանները, հենց այդտեղ էլ կարելի է թաղել հանգուցյալին»: Գնի մասին հարցին ի պատասխան մոլլան հայացքը խոնարհում է. «Ի՞նչ իմանամ, ես հասարակ մոլլա եմ, յասին եմ կարդում, ես գերեզմաններ չեմ վաճառում»:

Յասին (հիշատակի աղոթք) կարդալը հանգուցյալի վրա, ի դեպ, այնքան էլ թանկ չէ, սովորաբար մոլլան գին չի ասում, որքան տան, այդքան էլ կվերցնի: 5-10 մանաթը լիովին բավարար է:

Բոլոր նրանց բախտն, ովքեր տեղ են գնել խորհրդային տարիներին, նույնպես բերել է. սովորաբար տարածքն արդեն ցանկապատված է, մի քանի հոգու տեղ կա: Ոմանք ասում են, որ տեղերը պետությունն անվճար էր տրամադրում: Նատալիա Գարախանովա. «Տատիս մայրը մահացել է խորհրդային տարիներին: Մեզ տեղ հատկացրին միանգամից երկու հոգու համար: Ավելի ուշ, նրա կողքին թաղվեց տատս, իսկ պապիս համար ցանկապատը մի փոքր տեղափոխել ենք»:

Գերեզմանոցների մասին նոր օրենք

Միլլի Մեջլիսի (խորհրդարան) հասարակական միավորումների և կրոնական կառույցների կոմիտեի նախագահ Սիավուշ Նովրուզովը հայտարարել է, որ «Հուղարկավորման մասին» նոր օրինագիծն արդեն ներկայացվել է խորհրդարանին: Դրա համաձայն՝ նոր գերեզմանոցներում, որոնք նոր են հիմնվելու, մի չափանիշով են լինելու. բոլոր գերեզմաններն ունենալու են մի չափս և միանման տապանաքարեր: Ամեն ինչ արժենալու է 300 մանաթից ($157) ոչ թանկ՝ ներառյալ գերեզման փորելն ու տապանաքար տեղադրելը: Բացի այդ, այսուհետ կենդանի մարդն իրավունք չի ունենա նախապես տեղ գնել գերեզմանոցում: Այն պատճառով, որ մարդիկ ձգտում են նախապես տեղ գնել, գերեզմանոցներում ավելի ու ավելի քիչ տեղեր են մնում, հատկապես կենտրանականներում:

Թաղումը շրջաններում

Ամեն տարի Ադրբեջանում մոտ 25 հազար մարդ է մահանում: Դա օրական մոտ 70 մարդ է: «Վերջին տան» համար հողի հետ կապված լարված իրավիճակն ու թաղման այստեղից բխող ահռելի ծախսերի հետ կապված խնդիրները հիմնականում Բաքվին են վերաբերում: Հաշվի առնելով, որ մայրաքաղաքում շրջաններից եկածները շատ են, շատերին թաղում են իրենց հայրենի բնակավայրում:

Շրջանների գերեզմանոցներում հողի խնդիր չկա: Սամիրա Մամեդովան պատմում է. «Մեր բոլոր բարեկամները թաղված են հորս հարազատ գյուղում՝ Շամախիի գյուղական գերեզմանոցում: Ընդ որում, դա շատ հին գերեզմանոց է, այնտեղ նաև 7-8-րդ դարերի գերեզմաններ կան: Բոլորի համար տեղ կա, բացի այդ, սովորություն կա բարեկամներին մեկ գերեզմանում թաղելու, օրինակ, թոռանը՝ պապի գերեզմանում: Այդ կերպ տեղն էլ է տնտեսվում, չնայած որ տեղը մենք չենք գնել»: Նույն իրավիճակն է Բաքվի գյուղերում: Օրհան Սուլթանով. «Մենք ինքներս Նարդարանից ենք, տեղի գյուղացիների համար միշտ տեղ կա»: Գերեզման փորելն ու այն քարերով պատելը 200 մանաթ ($105) արժե: Հասարակ սպիտակ տապանաքարն արժե 400-600 մանաթ:

4

Ի հիշատակ 2012թ-ի մարտի 16-ին Բաբեկի պողոտայում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված Ֆիրուդինի (Ֆեդյա): Պորշե Պանամերա 90 LB 707

 

Հոգեհաց

Ցանկացած մարդ՝ աղքատ, թե հարուստ, պետք է հոգեհաց տա, որին պետք է «էխսան» լինի. ի փառս Աստծո և ի հիշատակ հանգուցյալի բոլոր ներկաներին ավճար հյուրասիրություն է բաժանվում: Մահվան օրը սովորաբար ընդունված չէ ոչինչ պատրաստել, հալվայից բացի. այն, որպես կանոն, պատրաստում է ամենահարգված բարեկամը, որն ավանդույթների և խոհանոցի գիտակ է: Ընդունված է նշել մահվան երրորդ օրը, յոթն ու քառասունքը: Այդ ընթացքում յուրաքանչյուր հինգշաբթի տուն կարող են մարդիկ գալ և ցավակցություն հայտնել:

Վերջերս տնտեսելու նպատակով ընդունված է համատեղել հիշատակման 3-րդ և 7-րդ օրերը:

Հոգեհացը գյուղերում ավելի հեշտ է կազմակերպել. այնտեղ, հին ավանդույթի համաձայն, հավաքվում են ցեղի բոլոր կանայք, հալվա, ճաշ են պատրաստում, վրանը կարելի է խփել հենց բակում, իսկ եթե տան չափսերն ու եղանակը թույլ են տալիս, ապա առանց դրա էլ կարելի է:

Առաջին օրերին բարեկամների և ծանոթների հոսքը մեծ է: Հնարավորություններից կախված՝ հագեհացի համար կարելի է «վրան» կազմակերպել, դա մեծ բրեզենտե վրան է (այն տեղադրում է ծիսական արարողակարգերի արտագնա ծառայությունը) կամ դիմել Ծիսական տներին:

Հինգ տարի առաջ, երբ մահացել է Իրադայի սկեսրայրը, «վրան» են վարձել: Դրա չափսերն ու ֆունկցիոնալ լինելը տարբեր է. մարդկանց թվից կախված՝ վրանը կարող է և՛ հարյուր, և երկու հարյուր հիսուն մարդ տեղավորել:

Բեռնատար է եկել, մի քանի տղաներ արագ և ճարպկորեն հիմնական վրանն են խփել: Դրանում լիարժեք պատուհաններ, դուռ, գազի վառարան կա, եթե բանը ձմռանն է, հատակին գորգ է փռած: Վրանը տեղադրում են պլաստիկե սեղաններով և աթոռներով:

Կողքը «խոհանոց» է տեղադրվում: Այդտեղ ուտեստներն են պատրաստում, բանջարեղենն են դասավորում ափսեներում, թեյ են լցնում. կողքը մեծ ինքնաեռ է եփում: Մթերքը գնում է հանգուցյալի ընտանիքը, իսկ հյուրերի ուտելիք մատուցելու հարցում օգնում են «Վարձով վրանի» տղաները:

VIP-վրաններ էլ կան, դրանց վարձակալության արժեքը կարող է հասնել 1000-1500 մանաթի ($785): Դա իսկական «արքայական վրան» է, հատակով, օդորակիչով, վառարանով:

Մեկ այլ տարբերակ է «Ծիսական տունն», այսինքն՝ հանդիսությունների սրահի սգո տարբերակը: Տեխնիկապես դա ռեստորան է, որը հարմարեցված է սգո արարողությունների համար, որտեղ պարզապես ինչ-որ գումար է պետք վճարել յուրաքանչյուր հյուրի համար՝ 10-15 մանաթ (մոտ $6).

Երբեմն «Ծիսական տան» ծառայությունների մեջ է մտնում մոլլան, որը վարում է միջոցառումն ու որի համար պետք է նախապես պայմանավորվել: Ճիշտ է, սովորաբար այդ մոլլաներն այնքան էլ իրենց նեղություն չեն տալիս. արագ աղոթք են կարդում և դադարները կրոնական զրույցներով չեն լցնում: Համարվում է, որ ավելի լավ է սեփական փորձված, տասնյակ բարեկամների ճանապարհած մոլլայի բերել:

Եթե հոգեհացն առանձին է կանանց և տղամարդկանց համար, պետք է տղամարդկանց համար տղամարդ մոլլա կանչել, կանանց համար՝ կին: Սակայն վերջերս արարողությունները միացնում են, մոլլան այդ դեպքում միայն մեկն է՝ տղամարդ:

Գրագետ ծեսը

– Հեռացավ փոքրիկս, հեռացավ, վա՜յ,
Գարնանն՝ ուրախություն, ամռանը՝ վա՜յ,
Հրով այրեց մեր սրտերը,
Մայրը նրա բույրն էր առնում ընդամենը 4 ամիս, – զիլ ձայնով երգում է մոլլան: Երգը պետք է ստիպի հավաքվածներին արտասվել, որպեսզի հանգուցյալի համար ճիշտ սգան:

Մոլլան՝ գլուխը հիջաբով ծածկած խոշոր կինը, նստած է սեղանի գլխին: Մուշտակներով կանայք կիսաձայն զրուցում են՝ մերթընդմերթ մոլլային նայելով: Եթե նա զրույցներ է նկատում աղոթքի ժամանակ, վրդովմունքով ձայնը բարձրացնում է:

Լսողները արցունքներն են սրբում. երգը երբեմն շատ հոգեթով է հնչում և ստիպում է ներկաներին հիշել սեփական հանգուցյալներին: Մորթիներով կանայք սեղանին են նայում, սակայն առանց մոլլայի թույլտվության չի կարելի սկսել: Դահլիճի վերջում պատրաստի սկուտեղներով երիտասարդներ են կանգնած. նույնպես մոլլայի նշանին են սպասում:

Մոլլան չի շտապում: Նա բարեխղճորեն արդարացնում է իր հոնորարը. նրա համար, որն ապրում է Բաքվի Բուզովնա ավանում, 50 մանաթը բավականին լուրջ գումար է:

Բանաստեղծությունների տեսքով պատմվում է մուսուլմանական սրբեր Ֆաթիմայի, Հուսեյնի, Ալիի կենսագրությունները: Այնուհետև մոլլան անցում է կատարում դեպի լիրիկականը («Մորաքույր իմ սիրելի, մահացել եմ ես, միայն դու ես կողքիս, եկ, ծածիր ինձ սավանով»)՝ ռիթմի համար ձեռքը խփելով կրծիքն կամ ծնկներին:

Շրջաններում հոգեհացի արարողություններն ավելի «զգացմունքային» են անցկացվում, հիշատակի երգը վերածվում է խմբային թերապիայի յուրօրինակ սեանսի, երբ կանայք միահամուռ գոռում են՝ մի կողմից մյուսը տարուբերվելով և հեծկլտալով: Գյուղերում ինչ որ տեղ նույնիսկ սեփական դեպքը ճանկռելու սովորություն է պահպանվել որպես սգո նշան:

Կարևոր չէ, թե ով էր հանգուցյալը՝ երեխա, ծերունի, երիտասարդ աղջիկ, ուժերի ծաղկուն շրջանում գտնվող տղամարդ, մոլլան բոլորի համար ճիշտ խոսքեր կգտնի: «Ընկերուհուս մայրը, որը մասնագիտությամբ արաբագետ է, նրան առաջարկեց. «Արի գլուխդ ծածկեմ, այսպես թաղումներին աղոթքներ կկարդաս, փող կաշխատես», – կիսվում է Լեյլան, – սակայն տեսնում եմ, որ այստեղ միայն արաբերենով գլուխ չես հանի, ներշնչանք է պետք, որ քեզ կանչեն միջացառում անցկացնելու»:

Լավ մոլլան, աղոթքների պարտադիր հավաքածուից բացի պետք է նաև առիթին հարմար մի քանի առակ իմանա, տեղյակ լինի համաշխարհային վերջին իրադարձություններից («Թող Ալլահը պատժի այդ ամերիկացիներին»), չմոռանա հիշեցնել այն մասին, որ մենք պատերազմական իրավիճակում ենք և Բարձրյալին խնդրի մարտի դաշտում զոհված զինվորների հոգին լուսավորել:

Անանասներ

Եվ ահա վերջապես, մոլլան նշան է տալիս, որ կարելի է ուտել: Սեղանին թթու, բանջարեղեն, հալվա է, մատուցողները մսով տաք փլավ են բերում: Բոլորը սկսում են ուտել, սկզբում՝ լուռ, սակայն 10-20 րոպե անց կանայք կիսաձայն ծիծաղում են և բամբասում:

Չնայած որ նման ավանդույթ չկա, հանգուցյալին, որքան հնարավոր է, լավ «ճանապարհելու» ցանկությունն աստիճանաբար ավելացնում է հարուստ բաքվեցիների հոգեհացին մատուցվող ուտեստների քանակը:

Քիչ էր մնացել բանը հասներ էկզոտիկ մրգերին ու կոնֆետներին, սակայն մուսուլմանական հոգևորականությունը որոշեց միջամտել:

2014թ-ի աշնանը Կովկասի մուսուլմանների վարչությունը հանդես է եկել շքեղ հոգեհացի արարողություններ կազմակերպելու կոչով: Խորհուրդ էր տրվում, որ սեղանին թեյ լինի, հալվա, շաքար, իսկ քաղցրից՝ խուրմա: «Իսլամի կանոնների համաձայն՝ հոգեհացին հարուստ սեղանը շվայտություն է, իսկ շվայտությունը մեղք է, մարդիկ զրույցների ընթացքում մոռանում են աղոթքի և հանգուցյալի մասին», – բացատրեց Ջումա մզկիթի իմամ Հաջի Ֆարհադ Էֆենդին:

Հորդորը պետք է կամավոր-պարտադիր բնույթ կրեր, դրան պետք է հետևեր իշխանության տեղական մարմիններն ու հոգևորականությունը, իսկ անհնազանդներին տուգաներ:

Չնայած որ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետկոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլին վստահեցնում էր, որ ոչ մի խիստ արգելք չկա, համացանցում հաճախ էին գրառումներ հանդիպում, որ երկրի այս կամ այն շրջանում հոգեհացի են ներկայանում իշխանությունների, ոստիկանության ներկայացուցիչներն ու սեղանից տանում են պատրաստված ճաշը: Հետաքրքիր է, որ Ծիսական տների վրա այդ արգելքը չի տարածվում:

Հավանաբար, օրենքի իրականացման մեխանիզմը այնքան էլ լավ չէր մշակվել: Հորդորն արդյունքում հորդոր էլ մնաց:

16650622_1533825463312385_1962825485_o

Սեմենին՝ ափսեում ծլեցրած ցորենը, Նովրուզ գարնանային տոնի խորհրդանիշն է:


Կարդալ ավելին JAMnews-ում