Հետաքննությունն ակտիվացել է, Դաֆնա Գալիցիայի ընտանիքը պահանջում է, որ Եվրապոլը մասնակցի Մալթայի, Ադրբեջանի և ԱՄԷ միջև կապերի հետաքննությամբ։ Բոլոր մանրամասները" />

Մալթա-Ադրբեջան․ կրկին գազային պայմանագրի մասին, որի հետաքննության ժամանակ մալթացի լրագրող է սպանվել

Հետաքննությունն ակտիվացել է, Դաֆնա Գալիցիայի ընտանիքը պահանջում է, որ Եվրապոլը մասնակցի Մալթայի, Ադրբեջանի և ԱՄԷ միջև կապերի հետաքննությամբ։ Բոլոր մանրամասները

დაფნა გალიციას დედა და მამა საპროტესტო აქციაზე შვილის სურათებით ხელში.

Մալթայում կտրուկ ակտիվացել է լրագրող Դաֆնա Գալիցիայի գործով հետաքննությունը, որին սպանել են երկու տարի առաջ՝ 2017-ի սեպտեմբերի 16-ին, մեքենայի մեջ ռումբ տեղադրելով։

Այդ գործընթացի կենտրոնում է նաև Մալթայի կառավարության և Ադրբեջանի «Socar» պետական նավթագազային կոնցեռնի միջև միլիարդանոց պայմանագիրը։

Հետաքննող լրագրողները դրանում կոռուպցիոն բաղկացուցիչ են ենթադրում։

Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը մեղադրվում է ամերիկացի կոնգրեսմեններին կաշառելու համար

Թե ինչպես են Ադրբեջանում «մոռանում» աղմկահարույց հանցագործությունների մասին

Ի՞նչ կլինի, եթե ավարտվի ադրբեջանական նավթը

Սպանված լրագրողի ընտանիքը՝ ծնողներն, ամուսինը, երեք տղաներն ու քույրերը, պահանջում են, որ Մալթայի, Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև պայմանագրերի հետաքննությանը միանա Եվրապոլը։

Սպանված Դաֆնա Գալիցիայի մայրն ու հայրն՝ իրենց դստեր նկարներով Վալետայի Գերագույն դատարանի շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ: Մալթա, 2019 թ-ի դեկտեմբերի 1։ REUTERS/Yara Nardi

Դաֆնա Գարուանա Գալիցիան լրագրողական հետաքննություն էր վարում մի քանի երկրներում տարբեր բանկերի և ֆինանսական կառույցների միջոցով խոշոր գումարների լվացման փաստերի առթիվ։ «Կեղտոտ փողերի» աղբյուրների թվում հենց ամենասկզբից նշվում էր Ադրբեջանը, Մոլդովան և Ռուսաստանը։

Դաֆնա Գալիցիայի սպանության հետաքննությունը երկու տարի որոշակի լճացման մեջ էր, ինչն առաջացրել էր միջազգային մեդիայի կողմից հարձակումներ ոչ միայն Մալթայի կառավարության այլև Եվրամիության ղեկավարության վրա։

Իսկ Մալթան հայտնվել էր խոշորագույն քաղաքական ճգնաժամի մեջ 1964-ից, երբ Մեծ Բրիտանիայի այդ նախկին գաղութն անկախ պետություն դարձավ։

Եվ ահա 2019 թ-ի նոյեմբերին Մալթայում ձերբակալություններ և կալանավորումներ սկսվեցին։

Լրագրողի սպանությանը մասնակցության համար մեղադրվում են իշխանության ներկայացուցիչներ և մագնատ

Նոյեմբերի 30-ին սպանության մասնակցության մեղադրանք է առաջադրվել Մալթայի մոլախաղերի կայսրության ղեկավար, մագնատ Յորգեն Ֆենեկին։ Նա ձերբակալվել է կղզուց փախչելու փորձի ժամանակ։

Հարցաքննությունների ժամանակ նա հերքել է իր մեղքը, սակայն ասել, որ սպանությանը մասնակից է Մալթայի վարչապետի ամենամոտ քաղաքական դաշնակից Կիտ Շեմբրին։

Դրանից անմիջապես հետո Շեմբրին հրաժարական է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, սակայն իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները հերքում է։

Վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է, որ հրաժարական կտա այն բանից հետո, երբ սպանության հետաքննությունն ավարտվի։

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը 2019թ-ի նոյեմբերի 29-ի ասուլիսին ասել է, որ հրաժարական կտա, երբ ավարտվի Դաֆնա Գալիցիայի սպանության հետաքննությունը։ REUTERS/Yara Nardi

Իսկ մինչ այդ Դաֆնա Գալիցիայի ընտանիքը նոյեմբերի 26-ին Եվրապոլ է դիմել խնդրանքով՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հետաքննությանը, որը փորձում է գնալ Մալթայի, Ադրբեջանի և ԱՄԷ միջև փողային ուղու հետքերով։

Ո՞րն է այդ գործարքի էությունը, որի հետաքննությունը լրագրողի կյանք է արժեցել և որն, ըստ ամենայնի, նոր դատաքննության թեմա է դառնալու։ Դաֆնա Գալիցիայի մահվան հետաքննությունը շարունակել են նրա գործընկերները․ 18 միջազգային պարբերական է միավորվել «Դաֆնա նախագծում»։

Ի՞նչ է նրանց հաջողվել պարզել։ «Դաֆնա նախագծի» մասնակցի հրապարակման հիման վրա The Guardian բրիտանական թերում։

Ինչո՞ւ է գինը կրկնակի մեծ։ Մալթայի և Ադրբեջանի միջև պայմանագրի էությունը

2013 թ-ին Մալթայի կառավարությունը կղզում էլեկտրակայանի շինարարության և հետագայում հեղուկ գազով այն ապահովելու տենդեր է հայտարարում։

Տենդերը շահում է «Electrogas» ընկերությունը, որի մեկ երրորդ մասը պատկանում է «Socar» ադրբեջանական պետական նավթային ընկերությանը։

Այնուհետև՝ 2015թ-ին, «Electrogas»-ը նույն «Socar»-ի հետ բնական հեղուկ գազի մատակարարման ավելի քան մեկ միլիարդ եվրոյի պայմանագիր է կնքում։

2017 թ-ին սկսվում են մատակարարումները, և պարզվում է, որ Մալթան գազ է գնում բաց շուկայում գործող գներից գրեթե կրկնակի թանկ գնով։

Սխեման այսպես է գործում․

1.  «Socar»-ը գազ է գնում «Shell»-ից շուրջ 113 մլն դոլար գումարով։

2. Socar-ը «Electrogas Malta» ընկերությանն է վաճառում այդ ողջ գազը, սակայն շուրջ 153 մլն դոլար գնով։ Եվ ստանում է 40 մլն դոլար շահույթ

3.«Electrogas Malta»-ն «Enemalta» մալթական ընկերությանն է վաճառում գազը նույն գնով։ Այնուհետև՝ «Enemalta»-ն «Electrogas»-ի մասնակցությամբ գազն էլեկտրաէներգիայի է վերածում։

Մալթան իր գազի համար զգալիորեն ավելի բարձր գին է վճարել, քան, օրինակ, Հունաստանը, Իտալիան և Թուրքիան, որոնք իրենց պայմանագրերը ստորագրել են մոտավորապես նույն ժամանակահատվածում։

Ինչո՞ւ է դա տեղի ունեցել։

Հետաքննող լրագրողների հարցերը

Հարցերից մեկը հենց այդ ակնհայտն է․ ինչո՞ւ է Մալթան պայմանագիր ստորագրել զգալիորեն չափազանցված գումարով։

Մալթայի կառավարության ներկայացուցիչներն ի պատասխան լրագրողների այս հարցի հայտարարել են, որ գազի գինը 2015 թ-ին գործարքը կնքելիս ավելի բարձր է եղել, իսկ հետո կտրուկ ընկել է։ Ընդ որում, «Socar»-ի հետ համաձայնագրում ֆիքսված գին է նշված։

Սակայն Հունաստանն ու Իտալիան, որոնք գազի նմանատիպ համաձայնագրեր են ստորագրել այլ մատակարարների հետ, արդեն կարողացել են վերանայել պայմանները։ Սակայն Մալթան նույնիսկ չի էլ բարձրացրել այդ հարցը։

Բացի այդ, կառավարության այդ պատասխանը չի բացատրում, թե ինչու գազն ուղղակիորեն չի գնվում «Shell» ընկերությունից առանց «Socar»-ի մասնակցության։

Այլ հարց էլ կա։

Գազը տեղափոխվում է հեղուկ տեսքով։ Եվ, թեև Ադրբեջանը նավթի և գազի հսկայական պաշարներ ունի, հեղուկ գազ այն չի արտադրում։ «Socar» ընկերությունը փորձ չունի ոչ հեղուկ գազի արտադրության, ոչ դրա վաճառքի։ Ինչո՞ւ է ուրեմն Մալթայի կառավարությունը որպես գործընկեր ընտրել «Socar»-ին։

Եվ երրորդ հարցը․

Մալթայի կառավարությունը, չգիտես ինչու, հեղուկ գազի մատակարարման հանրային տենդեր չի հայտարարել։ Իսկ հետո, չգիտես ինչու, չի հրապարակել ստորագրված պայմանագրի պայմանների մասին տեղեկությունները։ Եվ դեռևս հրաժարվում է հանրությանը ներկայացնել այդ պայմանագրի մասին լիարժեք տեղեկություն։

«Դաֆնա նախագծում» ներառված պարբերականների լրագրողները մտադիր են շարունակել հետաքննությունը։


Կարդալ ավելին JAMnews-ում