Ուժեղ գնդակոծություն և բնակավայրերի վրա հարձակվելու սպառնալիքներ" />

Ղարաբաղում իրավիճակը վատթարանում է

Ուժեղ գնդակոծություն և բնակավայրերի վրա հարձակվելու սպառնալիքներ

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, զորավարժություններ Սովետաշենում (Հայաստան), 2015 Հակամարտության գոտու իրադարձությունների տեսություն.

2016 թ. ապրիլի 4-ի ժ. 20:00-ից մինչև ապրիլի 5-ի ժ. 12:00

Տեղեկատվություն Երևանից

Նորություններ հաստատված աղբյուրներից

Պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր առավոտյան Ֆեյսբուքի իր էջում փաստացի հաստատեց, որ անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: ‘Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր’, – գրել է Հովհաննիսյանը: 

Մամուլի խոսնակը նշել է նաև, որ Ադրբեջանը կիրառել է ‘Սմերչ’ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ղարաբաղի շփման գծում մարտերը շարունակվում են: Հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով ԼՂՀ պաշտպանության բանակի հաղորդագրությունը, հայտնում են, որ ղարաբաղյան ուժերը ռազմական գործողությունների հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան հատվածում նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել:

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանը նախորդ օրն օգտագործած զինատեսակներից զատ սկսել է կիրառել համազարկային կրակի ծանր հրետանային համակարգ (ТОС 1)՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր և այլ ժամանակակից տեխնիկա:

Հայկական լրատվամիջոցները տարածում են ԼՂՀ պաշտպանության նապարարության պատասխանը Ստեփանակերտին և հարակից բնակավայրերին հարվածներ հասցնելու Ադրբեջանի սպառնալիքներին: «Ղարաբաղի խաղաղ բնակչության ռմբակոծման արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ», – հայտարարել է նախարարությունը:

Ապրիլի 4-ի երեկոյան ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ այդ պահի դրությամբ զոհվածն զինծառայողների թիվը 20 է, վիրավորներինը՝ 72:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ ապրիլի 4-ին, հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ և հայտարարել.

«Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի [նրանց վերահսկողության տակ]»:

ՀՀ նախագահը հայտարարել է նաև, որ հայկական կողմը երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորմանն ուղղված տրամաբանական փոխզիջումներից: Բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութակցվելու վտանգից: Իսկ եթե «ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված գործողությունները.

“Իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև, – հայտարարել է նախարարությունը:

Hetk.am պարբերականը հրապարակել է իր ֆոտոթղթակից Հակոբ Պողոսյանի՝ ԼՂՀ հյուսիսում գտնվող սահմանամերձ բնակավայր Թալիշում արված լուսանկարներն այն բանից հետո, երբ հայկական ուժերն այն վերադարձրել են: Լուսանկարներում գյուղի խաղաղ բնակիչների մարմիններն են՝ կտրված ականջներով:

Սոցցանցերի քննարկումների տեսություն

Թրենդ առաջին. հակառակորդը դաժան է ու նենգ, սակայն ԼՂՀ պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը:

“Մերոնց հաջողվեց վերադարձնել Թալիշը: Եվ, դատելով այն հանգամանքից, որ լրագրողներին թույլ են տվել մտնել այնտեղ, թշնամին ետ է շպրտվել գյուղից բավականին անվտանգ հեռավորության վրա:

“Գյուղում եղած ժամանակ ադրբեջանցիները իրենց ցույց են տվել՝ ռազմական հանցագործություններ կատարելով. Հարձակվել են ծերերի վրա, որոնք չեն հասցրել տարհանվել: Գյուղ մտած ստորաբաժանումը պաշտպանական դիրք գրավելու փոխարեն (չէ՞ որ հայտնի էր, որ հայերը հակահարված են տալու), գնդակահարում են բնակիչներին, հետո նույնիսկ ժամանակ գտնում մարմինները խեղելու:

Թրենդ երկրորդ. Ռուսաստանն իրավունք չուներ զենք վաճառելու Ադրբեջանին

“Ադրբեջանն առաջին անգամ հակամարտության գոտում ‘ТОС» է կիրառել: Զոհեր չկան: Բայց ևս մեկ անգամ՝ ջերմ ողջույններ բոլոր կեչիներին, որոնք պնդում են, թե Ռուսաստանն ինչ-որ բան է վերահսկում և զենքը մեր ուղղությամբ չի կարող կրակել»:

Թրենդ երրորդ. “Մենք հանգիստ ենք, ինչպես մեր սարերը

“Հասարակությունը զարմանալի սառնասրտություն և հանգստություն է դրսևորում. ո՛չ խուճապ կա, ո՛չ էլ էյֆորիա, ինչը պակաս կարևոր չէ: Թերևս լարվածության բազմամյա կուտակումն ամեն դեպքում մեր քաղաքացիներին հոգեբանորեն պատրաստել է պատերազմի:

Փորձագիտական կարծիք

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան.

‘Ադրբեջանն այս փուլում զգալի առումով ռիսկի է դիմում՝ սկսելով գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանը: Լայնամասշտաբ հարձակողական գործողություններ չի իրականացնում Լեռնային Ղարաբաղում: Սակայն զինված ուժերի փորձերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերը ճեղքելուն, բայց դեպի խորքեր ռազմական գործողություններ չծավալելուն, և հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի գնդակոծումը վկայում են այն մասին, որ Ադրբեջանում որոշումները էմոցիոնալ մակարդակում են ընդունվում, նրանք խաղում են կանոնների խախտման սահմանագծին:

Դա ծայրահեղ վտանգավոր է, և ինչ-որ առումով համաշխարհային հանրության շանտաժ է փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման ժամանակ: Հայաստանի հյուսիսի ռմբակոծումը լուրջ ռազմական նշանակություն չունի: Սակայն խորհրդանշական առումով դա շատ կարևոր է, քանի որ դա ոչ թե Լեռնային Ղարաբաղի տարածքն է այլ ուրիշ պետության՝ Հայաստանի:

Կլինի միջազգային հանրության արձագանք, կլինեն հայտարարություններ, սակայն էսկալացիայի և դեէսկալացիայի հարցը լուծվում է առաջնագծում: Համաշխարհային հանրության ուղղակի միջամտություն այս հակամարտությանը չի լինի’:

Տեղեկատվություն Բաքվից

Լուրեր հաստատված աղբյուրներից

JAMnews-ի թղթակիցը Աղդամի շրջանում հայտնում է, որ ապրիլի 4-ի երեկոյան աճել է Ղարաբաղի շփման գծում գնդակոծության ինտենսիվությունը:

Ապրիլի 4-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաման է հրապարակել զինված ուժերին. “Պատրաստ լինել կիրառելու զինված ուժերի զինանոցում առկա բոլոր ծանր մարտական միջոցները, այդ թվում նաև՝ հրթիռա-հրետանային զորքերը, Ստեփանակերտին և այլ բնակավայրերին ջախջախիչ հարվածներ հասցնելու նպատակով:

Հաղորդագրության մեջ ասված է, որ “հայկական կողմը ստիպում է Ադրբեջանին ադեկվատ միջոցներ ձեռնարկել: Մի քանի ժամ առաջ ադրբեջանական ANS PRESS լրատվական ծառայությունը [որը կապի մեջ է կառավարական կառույցների հետ], վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ չնայած Ադրբեջանը հայտարարել է ռազմական գործողությունների միակողմանի դադարեցման մասին, “հայկական կողմը շարունակում է գնդակոծել շփման գծի բնակավայրերը Տերտեր-Աղդերե և Խոջավենդ-Ֆիզուլի ուղղություններով:

ANS PRESS-ի տվյալներով զոհվել են ևս 3 ադրբեջանցի զինծառայողներ: Սակայն կորուստների պաշտոնական թիվը շարունակում է մնալ 16:

ԱՊԱ լրատվական գործակալությունը [որը կապեր ունի կառավարական կառույցների հետ] հայտնել է խաղաղ բնակչության շրջանում երկրորդ զոհի մասին: Աղդամի շրջանի Շարիֆլի գյուղում զոհվել է 1954թ. ծնված Հարաշ Դադաշովը:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարախլին հատուկ հայտարարություն է տարածել հայկական լրատվամիջոցների տարածած լուսանկարների և տեսագրությունների վերաբերյալ, որտեղ պատկերված է ադրբեջանցի զինծառայողների կողմից Թալիշ գյուղի խաղաղ բնակչության հանդեպ իրագործած վայրագությունները: Դարգախլին այդ հաղորդագրությունները սադրանք է անվանել և “հայկական բանակի խաթարված իմիջը վերականգնելու փորձ: Նա հայտարարել է, որ ադրբեջանական բանակը չի կռվում խաղաղ բնակչության հետ և ոչ մի կապ չունի այդ տեսագրությունների և լուսանկարների հետ:

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը քննադատել է ռուսական լրատվամիջոցների դիրքորոշումը, որն, ըստ Ադրբեջանում տարածված կարծիքի, ղարաբաղյան իրադարձությունները լուսաբանում է հայամետ տեսանկյունից:

“Մեղմ ասած, մենք չենք հասկանում ռուսական լրատվամիջոցների դիրքորոշումը, հատկապես՝ կառավարությանը մոտ գտնվող: Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահ, պետք է չեզոք դիրքորոշքում ունենա հակամարտության կողմերի վերաբերյալ, – հայտարարել է Ալի Ահմեդովը:

Օրինակ.

LifeNews-ը տաքսու կայանատաղեին ներկայացրել է որպես փախստականների վրան, իսկ թաղման համար գյուղ գնացող բարեկամներին՝ որպես հեռացող փախստականների: Ընդ որում, առաջին հարցվածի ասածը փոխարինված է սեփական տեքստով:

 Սոցցանցերի քննարկումների տեսություն

Թրենդ առաջին. հաղթանակ ամեն գնով

Հայրենասիրության աստիճանը շարունակում է բարձրանալ: Բոլորն իրենց լուսանկարների փոխարեն Ֆեյսբուքում տեղադրում են ադրբեջանակն դրոշներ: Օգտատերերի մեծ մասը վստահ է, որ հենց ադրբեջանական բանակն է հաղթելու:

«Ընդունում եմ Սարգսյանի առաջարկը հաշտության և զորքերը ապրիլի 1-ից առաջ եղած սահմանագիծ ետ քաշելու առաջարկը, բայց 1988թ-ի’:

“Իմ աշխատակցի բարեկամները մարտական գործողությունների գոտում են, Հուսեյնլի գյուղում: Մարտական ոգին բարձունքում է:

“Այլևս ոչ մի “Հաջորդ տարի այսօր Շուշիում ենք լինելու: Այսօր և հիմա: Բոլորս ռազմաճակատ:

Թրենդ երկրորդ. արդյո՞ք այդ հողը մեր զինվորների կյանքն արժե

“Այս դժվարին օրերին ես հասկացա, որ քանի դեռ խոսքը գնում է այլոց մտերիմների և երեխաների մասին, հեշտ է ասել. “Բայց սա պատերազմ է, կորուստներ լինելու են:
Այս մեկնաբանության պատասխանը. “Իսկ ինչպե՞ս պետք է լինի: Հաղթանակն առանց կորուստների չի լինում: Բոլորի սիրտը ցավում է զոհվածների համար: Ամենաշատը մայրերի մասին եմ մտածում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ վիճակում են հիմա: Բայց արդյո՞ք այլ ճանապարհ կա: Հրաժարվե՞նք մեր հողերից:

Թրենդ երրորդ. մարդիկ իրական տեղեկատվություն են ուզում

“Կարդում ես երկու երկրների ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների գրածները և այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցիները քիչ է մնում Երևան հասնեն, իսկ հայկական զորքերը՝ Բաքվի Կույսի աշտարակի աստիճաններն են բարձրանում:

“Որպես երկրից դուրս ապրող մարդ, ինչ-որ բան եմ ուզում անել: Գոնե տեղեկատվություն տարածել: Բայց ինչպե՞ս դա անեմ, եթե ոչ կառավարության, ոչ էլ հիմար լրատվամիջոցների վրա չես կարող հույս դնել:

“Իմ ծանոթներից մեկը բարեկամին է կորցրել: Ընտանիքին մարմինը չեն հանձնում. Մեկ ասում են՝ ուղղաթիռն ընկել է հայերի կողմում, չենք կարող մոտենալ, մեկ՝ ընկել է մեր տարածքում: Հասկանում ե՞ք: Ասում են խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան և այդ թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները:

Թրենդ չորրորդ. պրոպագանդա/հակապրոպագանդա

“Ապուշության շարքից է. ռուսական և հայկական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ադրբեջանցի զինվորները ծերերի են սպանել և ականջները կտրել, նրանց գլուխներն են կտրում, ֆուտբոլ խաղում, ԻԼԻՊ-ը Ադրբեջանի կողմից Ղարաբաղում է… Հիշեցի այն պատմությունները, թե ուկրաինացի զինվորները ռուս երեխաներին նախաճաշին էին ուտում:

Ադրբեջանցի օգտատերերը կիսվում են Ռուզաննա Ղևոնդյան օգտատիրոջ տեսանյութով, որտեղ հայ երեխաները պարում են զենքը ձեռքներին՝ կամավորներին են ճանապարհելիս:

Ադրբեջանցիները Ֆեյսբուքում գրում են.

“Եթե դա տեղի ունենար Ադրբեջանում, միջազգային ու ռուսական լրատվամիջոցները նման վերնագրեր կդնեին “Մուսուլմանները երեխաներից զինվորներ են պատրաստում: Իսկ երեխաների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները հիստերիա կբարձրացնեին՝ երեխաների ձեռքին զենք տեսնելով: Իսկ ո՞ւր են այդ կազմակերպություններն այժմ: Ինչո՞ւ են նրանք և լրատվամիջոցները հանկարծ կուրացել:

“Բանն այն է, որ միջազգային լրատվամիջոցները սիրում են ընդգծել՝ “քրիստոնեական Հայաստան, “մուսուլմանական Ադրբեջան այն դեպքում, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնի հետ որևէ կապ չունի: Պե՞տք է արդյոք այս դեպքում հիմար պատմություններ պատմենք քրիստոնյա-խաչակիրների մասին, ովքեր օգտագործում են զինվոր-երեխաների:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է 05.04.2016


Կարդալ ավելին JAMnews-ում