«Ղարաբաղի ներկայիս նախագահ Բակո Սահակյանի կառավարման ժամանակն անկասելիորեն մոտենում է ավարտին», - կարծում են տեղի փորձագետները " />

Ղարաբաղում բողոքի ցույցեր են սկսվել: Ո՞վ և ինչո՞ւ է փողոց դուրս եկել: Հարցերի պատասխաններ

«Ղարաբաղի ներկայիս նախագահ Բակո Սահակյանի կառավարման ժամանակն անկասելիորեն մոտենում է ավարտին», - կարծում են տեղի փորձագետները

Ի՞նչ է տեղի ունենում Ղարաբաղում և ինչո՞ւ

Բողոքի ակցիաները սկսվել են Ստեփանակերտում հունիսի 1-ին: Տասնյակ մարդիկ (ինչը 40-հազարանոց Ստեփանակերտի համար քիչ չէ) փակել էին Ազատամարտիկների կենտրոնական պողոտան և արգելափակել այն մինչև ուշ երեկո:

Մասնակիցների խոսքով՝ ցույցերի պատճառ է դարձել Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինների մասնակցությամբ միջադեպը: Հատուկջոկատայիններից մեկի մասնակցությամբ կենցաղային վեճն ավարտվել է նրանով, որ դեպքի վայր է ժամանել 20 հատուկջոկատային և դաժանաբար ծեծել 2 քաղաքացիական անձի:

Ոստիկանությունն, ըստ ականատեսների, ոչ միայն չի միջամտել, այլ նաև ձերբակալել է ծեծվածներին, թեև ստիպված է եղել հետո նրանց հիվանդանոց ուղարկել: Հաղորդվում է, որ նրանց կյանքին այժմ ոչինչ չի սպառնում:

Երեկվա ցույցերից հետո, սակայն, արդեն քրեական գործ է հարուցվել: 15 մարդ ոստիկանություն բերման է ենթարկվել, հաղորդվում է, որ հիմնականում նրանց, ովքեր ծեծել են քաղաքացիական անձանց:

Տեղացի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է, որ մարդիկ բողոքում են ուժայինների կամայականությունների դեմ:

Փորձագետները նշում են, որ երկար տարիներ Ղարաբաղում իշխանությունը կառուցվել է երկու բաղկացուցիչների հիման վրա.

Երևանի աջակցության, որտեղ 1997թ-ից ի վեր երկիրը գլխավորում էին ծագումով ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը և հատուկջոկատայինների պատժիչ ուժի:

Ի՞նչ է տեղի ունեցել ավելի վաղ

Հայաստանում 2018թ-ի ապրիլ-մայիս ամիսների «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանափոխություն տեղի ունեցավ: Որպես Հայաստանի վարչապետ իր առաջին այցը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կատարեց մայիսի 9-ին Ստեփանակերտ: Այնտեղ նա հստակ հասկացրեց, որ Հայաստանի իշխանություններն այլևս չեն «հովանավորելու» ղարաբաղյան իշխանությանը:

Նա հայտարարություն արեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ և ասաց, որ «այսուհետ Արցախը ինքը պետք է բանակցությունների սեղանի շուրջ պաշտպանի իր շահերը»:

Սակայն այս հայտարարությունը տարածվեց նաև Ստեփանակերտի և Երևանի հարաբերությունների վրա: Շատերն այն մեկնաբանեցին ինչպես պաշտոնական Երևանի հրաժարում Ստեփանակերտում իշխանություններ նշանակելուց և հովանավորելուց:

Այս հայտարարություններից հետո քաղաքագետները սկսեցին խոսել այն մասին, որ Ղարաբաղը չի կարող անմասն մնալ այն գործընթացներից, որոնք Հայաստանում են տեղի ունենում: Ստեփանակերտում իշխանափոխությունն ավելի ու ավելի անխուսափելի էր թվում, և հիմա, ըստ ամենայնի, գործընթացները տանում են դեպի Ղարաբաղի ներկայիս նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:

Ի՞նչ են պահանջում մարդիկ

Ցուցարարները դեռևս պահանջում են միայն ուժային կառույցների ղեկավարների՝ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի, ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի և ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի հրաժարականը:

Բակո Սահակյանի հրաժարականի մասին դեռևս խոսք չկա, սակայն այդ պահանջը կարծես օդում առկախված լինի:

Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը (որն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Իջևանից է) հանդիպել է Բակո Սահակյանին, սակայն դեռևս չի հաղորդել պայմանավորվածությունների արդյունքների մասին:

Ինչպես նշում են տեղացիները, իշխանության խուճապը նկատելի է անզեն աչքով. ցուցարարների մոտ են դուրս եկել ոչ միայն պետնախարար Արայիկ Հարությունյանն, Անվտանգության ծառայության քարտուղար Վիտալի Բալասանյանն, այլ նաև ուժային կառույցների ղեկավարները, որոնք փորձում են հանդարտեցնել իրավիճակը:

Կարծիք կա նաև, որ նրանք դեմ չեն օգտագործել իրավիճակն իշխանափոխություն անելու համար:

Ո՞վ կարող է իշխանության գալ

Ղարաբաղի յուրահատկությունն այն է, որ այստեղ ընդդիմության ընդգծված առաջնորդներ չկան: Այդ պատճառով էլ հարցը, թե ով է փոխարինելու Բակո Սահակյանին, միանշանակ պատասխան չունի:

Դիտարկվում է մի քանի տարբերակ:

Նախագահ կարող է դառնալ Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «փոխզիջումային» թեկնածուն է համարվում:

Կամ Ղարաբաղի արտաքին գործերի ներկայիս նախարար Մասիս Մայիլյանը, որը 2007թ-ին Բակո Սահակյանի մրցակիցն էր նախագահական ընտրություններում և 10 տարի է՝ լուրջ ընդդիմություն է համարվում:

Եվս մեկ տարբերակ է պատգամավոր Հայկ Խանումյանը, որը փորձում է Ղարաբաղում մոբիլիզացնել բողոքի տրամադրությունները: 2016թ-ին նրան ծեծել են ի պաշտպանություն Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ցույցին մասնակցելուց հետո: Իսկ Բաբայանը 2017թ-ին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Երանում իշխանությունների դեմ բռնի գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով և գտնվում է բանտում:

Եվս մեկ պոտենցիալ թեկնածու կա՝ ներկայիս պետնախարար Արայիկ Հարությունյանը, որը հանրային բավականին մեծ աջակություն ունի և գլխավորում է խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցությունը:

Ինչպես գրում է արցախցի բլոգեր Ալեքսանդր Կանանյանը, Բակո Սահակյանի կառավարման ժամանակն անկասելիորեն ավարտին է մոտենում:

Ո՞վ է Բակո Սահակյանը

Բակո Սահակյանը Ղարաբաղի նախագահ է դարձել 2007թ-ին, վերընտրվել է 2012-ին: Նախագահ դառնալուց առաջ նա գլխավորում էր Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայությունը: Մինչ այդ 4 տարի Ռուսաստանի ԱԴԾ-ում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչն էր Մոսկվայում:

2017թ-ին Ղարաբաղում սահամնադրական բարեփոխումներ իրականացվեցին, որոնք նախագահին սուպերլիազորություններ տվեցին: Ընդ որում, 2017թ-ի ամռանը խորհրդարանը Բակո Սահակյանին ընտրեց որպես «անցումային նախագահ» մինչև 2020թ-ը, երբ նախատեսվում են նախագահի համաժողովրդական ընտրություններ:

Այս քաղաքական հնարքը գնահատվեց որպես Ստեփանակերտում իրեն հավատարիմ իշխանությունը պահելու Երևանի փորձ:

Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո Բակո Սահակյանի եռամյա «անցումային» ժամկետը կորցրեց իմաստն, ու Ստեփանակերտում իշխանափոխությունն, ըստ երևույթին, միայն ժամանակի հարց է դառնում:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում