«Թեյ ենք խմում և սովորում», այսպես են Կովկասի ինստիտուտում իրենց երեկոյան հանդիպումների մասին պատմում նախագծի մասնակիցները " />

Ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության մասին երկխոսություն՝ թեյի շուրջ

«Թեյ ենք խմում և սովորում», այսպես են Կովկասի ինստիտուտում իրենց երեկոյան հանդիպումների մասին պատմում նախագծի մասնակիցները

Ի՞նչ է Եվրոպան: Ի՞նչ է Եվրոպական միությունը:

Եվրամիությունը ժողովրդավարություն է:

Դա նաև ապահովված կյանք է, մարդու իրավունքների պաշտպանություն:

ԵՄ անդամակցությունը ոչ թե անցում է դեպի ժողովրդավարություն, այլ ավելի շուտ՝ ժողովրդավարությունից դեպի բյուրոկրատիա:

Իսկ Եվրոպայի ո՞ր մասն է ապահովված: Եվ եթե մենք Եվրոպա ենք անվանում ապահովված կյանքը, ապա եվրոպական աշխարհամասի ո՞ր հատվածն է մեզ համար Եվրոպա: Սլովակիան, Խորվաթիան և Ռումինիան ե՞ն մեզ համար Եվրոպա, թե՞ միայն Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան:

– Իսկ ես կասեմ, որ Եվրոպան դա բազմազանություն է միասնության մեջ:

Նմանատիպ «բրեյնսթորմինգ» կարելի է տեսնել այն միջոցառումների ժամանակ, որոնք կոչվում են «Թեյախմություն Կովկասի ինստիտուտում»: Այստեղ տարբեր հարցեր են  քննարկում. այսպիսի, թվում է, հասարակ հարցերից մինչև ավելի բարդ, ոչ միանշանակ: Գլխավորն այն է, որ քննարկման բոլոր թեմաները կապ ունեն հակամարտության հետ. ինչպես են առաջանում և զարգանում էթնոքաղաքական հակամարտությունները, ինչ կապ կա մշակույթների և հակամարտությունների միջև, Եվրոպայի բազմազանությունն ու հակամարտությունների լուծման նրան բնորոշ եղանակները…

Բոլոր հարցերը հանդիպման մասնակիցներին սկզբում ուղղում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Լսարանից պատասխաններ ստանալով, նա հակընդդեմ հարցեր է տալիս՝ անսպասելի, սուր, կարծես աչքերի շղարշը գցող. և զրույցի մասնակիցներն, ավելի ճիշտ՝ նրանց աշխարհընկալումն ու վերաբերմունքն ինչ-որ հարցերի մասին, կարծես, ամրության փորձություն են անցնում:

Ոչ ֆորմալ կրթության այս ինքնտիպ ձևաչափը, որը կոչվում է «թեյախմություն», հորինել են Կովկասի ինստիտուտում: Իսկ աջակցել է դրա իրականացմանը Երևանում բրիտանական դեսպանատունը «Միացյալ թագավորության Հակամարտության, անվտանգության և կայունության» ֆոնդի (United Kingdom Conflict, Security and Stability Fund) շրջանակում: 

Աշխատանքային օրվանից հետո այստեղ տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների տեր երիտասարդներ են հավաքվում՝ ուսանողներից մինչև իրենց ոլորտներում կայացած պրոֆեսիոնալներ, որոնց թվում լրագրողներ, քաղաքագետներ, արևելագետներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ են, նույնիսկ արվեստաբաններ: Աշխատանքից հետո թեյ խմելը հաճելի է, իսկ դրա հետ մեկտեղ հետաքրքիր դասախոսություն լսելը նշանակում է համատեղում օգտակարի հետ:

Երկու ժամ տևող զրույցի ընթացքում մասնակիցների կարծրատիպերը, եթե անգամ չեն կոտրվում, ապա հաստատ սկսում են խարխլվել, հնարավորություն է հայտնվում նորովի նայել իրականության աչքերին: Իմ կողմից ՝ որպես այդ քննարկումների մշտական մասնակցի, կարող եմ ասել հետևյալը. լինում է, որ դատարկության պես մի բան է առաջանում, սակայն հետո զգում ես, թե ինչպես է այդ վակուումը լցվում նոր կոնտենտով՝ հակամարտությունների, Եվրոպայի, մշակույթի և այլնի մասին: Ծանր աշխատանքային օրվանից հետո դա լիցքաթափվելու համար բավականին հետաքրքիր միջոց է:

«Թեյ ենք խմում և սովորում», – այսպես են պատմում Կովկասի ինստիտուտում երեկոյան հանդիպումների մասին դրա մասնակիցները:

Ս ակայն «թեյախմությունն» ավելի լայն մի նախագծի մի մաս է միայն, որի նպատակը «Հայաստանում և Ղարաբաղում հասարակությունների և էլիտաների մակարդակում ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության մասին երկխոսության նախաձեռնումն է»: Այլ կերպ ասած, դա խաղաղության մասին քննարկումների զարգացում է, որոնց «թեժությունն» անկում ապրեց ղարաբաղյան հակամարտության գոտում 2016թ-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո՝ տեղը զիջելով ռազմատենչ հռետորաբանությանը:

«Եթե հինգ կամ յոթ տարի առաջ հայկական հասարակությունում ղարաբաղյան հակամարտությունում զիջումների անընդունելիության մասին դիսկուրսները, որն արտահայտվում էր «ոչ մի թիզ հող» կարգախոսով, մարգինալ էին (Ղարաբաղում դրանք միշտ մեյնսթրիմում են եղել, քանի որ այնտեղ իրավիճակն այլ է), ապա այժմ դրանք գրեթե հնչում են պետության առաջին դեմքերի շուրթերից», – նշում է Ալեքսանդր Իսկանդարյանը: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, պետք է պահպանել խաղաղության մասին երկխոսությունն ու ռացիոնալացնել դիսկուրսները:

Ներկա պահին խնդրի առանձնահատկության և ղարաբաղյան դիմակայության սրության պատճառով հետազոտողների ու միջազգային կազմակերպությունների համար բարդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև աշխատանք նախաձեռնել:

«Հիմա դա արդյունավետ չէ և աշխատանքի ոչ օպտիմալ միջոց է: Փոխարենը մեկ այլ արդիական խնդիր կա. մեկուսացված հասարակություններում – Հայաստանում առանձին, Ղարաբաղում առանձին – ամենատարբեր տրամադրությունների սրացում է ընթանում: Դա արտահայտվում է վիճակագրությունում», – նշում է տվյալ նախագծի և Կովկասի ինստիտուտի ուսումնական ծրագրերի ղեկավար Նինա Իսկանդարյանը:

Հասարակությունում տիրող տրամադրությունները հասկանալու համար սոցիոլոգիական հետազոտություն է անցկացվել:

«Հայաստանի և Ղարաբաղի հասարակություններում տրամադրությունները խիստ ծայրահեղականացվում են: Եվ հասարակություններն ավելի արմատական են տրամադրված, քան էլիտաներն», – ասում է Նինա Իսկանդարյանը:

Հետազոտության տվյալների համաձայն՝, ներկա պահին Ղարաբաղի բնակչության 90%-ը դեմ է հանդես գալիս հակամարտության կարգավորման որևէ ձևի, որը տարածքային զիջումներ է ենթադրում: Ավելին, Ղարաբաղում հարցվածների 83%-ը նշում է, որ պատրաստ է զենք բարձրացնել ցանկացած իշխանության դեմ, որը պատրաստ կլինի Ադրբեջանին հանձնել գեթ մեկ շրջան:

2016թ-ին ղարաբաղյան հակամարտության սրացումից հետո, նրա խոսքով, հասարակություններում այնքան են խորացել ֆոբիաները, որ արդիականացել են անգամ «ռասայական սյուժեները»:

«Առավել արդիական ռասայական ատելության մասին սյուժեն այն է, որ երկու ժողովուրդները չեն կարող միասին ապրել, վախենում են միմյանցից: Մարդիկ ընդհանրապես պատրաստ չեն խաղաղ համակեցության, փոխզիջումների գաղափարներին»:

Միաժամանակ, ինչպես նա նշում է, Ղարաբաղի մասին քննարկումներում ստատուս քվոյի կարևորության մասին խոսակցությունները դուրս են մղել խաղաղության մասին երկխոսությունը.

«Մարդիկ ավելի քիչ են մտածում խաղաղության մասին, նրանց համար կարևոր է, որպեսզի հիմա որքան հնարավոր է քիչ զինծառայող զոհվի ճակատային գոտում: Մարդիկ կամ ընդհանրապես չեն պատկերացնում խաղաղությունը, կամ պատկերացնում են այն որպես հեռու և անհասանելի մի բան: Կամ էլ խաղաղությունը նրանց համար լավ զինված բանակն է և խիստ պաշտպանվող սահմանը»:

Հետազոտությունը տրամադրությունների տարբերություն է հայտնաբերել խաղաղության հաստատման հարցում ոչ միայն փորձագետների, քաղաքական էլիտայի և հասարակ բնակիչների միջև, այլ նաև կանանց և տղամարդկանց: Եվ պարզվել է, որ կանայք շատ ավելի խիստ են տրամադրված:

Հայաստանի բնակչության կանանց հատվածում արմատական տրամադրությունները Նինա Իսկանդարյանը բացատրում է նրանով, որ կանայք ավելի շատ են տրվում պրոպագանդային և էմոցիաներին: Ալեքսանդր Իսկանդարյանը դրանում մի երևույթ է տեսնում, որն արմատներով ավանդական հասարակություններից է.

«Միգուցե հայկական հասարակությունում հայ կանայք ավելի արմատական են տրամադրված, քանի որ նրանք ավելի շատ են հակված ենթարկվելու գոյություն ունեցող քննակումներին, իսկ տղամարդիկ սովոր են իրենց կարծիքն առաջ տանել»:

Բոլոր դեպքերում երկու գիտնականն էլ պնդում են. «Նյութը դեռևս մշակվում է, սա ընդամենը հետազոտության սկիզբն է, այն դեռ ավարտված չէ, այդ պատճառով էլ չի կարելի վերջնական եզրակացություններ անել, մենք դեռ ոչինչ չենք ապացուցել, դա ընդամենը ենթադրություն է»:

Նախագծի շրջանակում նաև Հայաստանում և Ղարաբաղում գործող լրագրողների, քաղաքական գործիչների հետ աշխատանք է տարվում, հարցազրույցներ են անցկացվում փորձագետների հետ, կենսագրական հարցազրույցներ և քննարկումներ՝ ֆոկուս-խմբերում: Երիտասարդության հետ շփումը չի ավարտվում Երևանում թեյախմությամբ, քննարկումներ են կազմակերպվում նաև Ղարաբաղում, Հայաստանի սահմանամերձ Տավուշի շրջանում:

Տարբեր խմբերի հետ աշխատանքը տարբեր կերպ է ընթանում. ինչ-որ մեկի հետ ճշտում են կարծիքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մյուսներին որոշակի մեսիջներ են ուղարկում խաղաղ երկխոսության հնարավորության մասին:

«Օրինակ, Ղարաբաղի թեմայի քննարկմանը լրագրողների և խմբագիրների հետ մենք առաջարկում ենք քննարկել խմբագրական քաղաքականությունն այդ թեմայով: Դա մտածելու խթան է դառնում. իսկ ի՞նչ քաղաքականություն ունեմ ես ղարաբաղյան խնդրում: Մենք հարցնում ենք նրանց կարծիքն այդ առիթով, գաղափարներ և տարբեր մոտեցումներ ենք առաջարկում», – բացատրում է Նինա Իսկանդարյանը:

Ներկա պահին մշակվում է հավաքված նյութը, և սեպտեմբերին պլանավորվում է հրապարակել հետազոտության արդյունքները: Այնուհետև քննարկումների փուլ է պլանավորվում այդ նույն խմբերի հետ, որոնց հետ աշխատել են նախագծի առաջին փուլում: Սպասվում է նաև այն մասին հետազոտության հրապարակում, թե ինչպես է Ղարաբաղի խնդիրն արտացոլվում քաղաքական կուսակցությունների ծրագրերում, ինչ են մտածում դրա մասին քաղաքական գործիչները:

Այս ամենը նախագծի նպատակների մեջ է, այսինքն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներսում ղարաբաղյան հարցում խաղաղության մասին երկխոսության աջակցությունը:

Հատկանշական է, որ նմանատիպ նախագիծ Ադրբեջանում չի իրականացվում: Հետևաբար, Ալեքսանդր Իսկանդարյանն անհնար է համարում եզրակացություններ անել, թե ինչպես են ադրբեջանական հասարակությունում վերաբերվում հայերին և խաղաղության մասին երկխոսությանն ընդհանրապես.

«Ադրբեջանում, իհարկե, հակահայկական քարոզչություն տարվում է, սակայն թե ինչպես է այն իրականում ազդում հասարակ ադրբեջանցիների վրա, մենք չգիտենք, այդպիսի ստուգված տվյալներ չկան»:

Իր միտքը պարզաբանելու համար հետևյալ օրինակն է բերում.

«ԽՍՀՄ-ում նույնպես համատարած քարոզչություն էր իրականացվում, որ պետք է ատել ԱՄՆ-ն, Կոբզոն լսել և պիոներական փողկապ կրել: Սակայն շատերը նախընտրում էին ռոք երաժշտությունը, ուզում էին ջինս հագնել և լսել ամերիկյան Ազատություն ռադիոկայանը»:

Իսկանդարյանը հասկանում է, որ ստեղծված պայմաններում շատ բարդ է պահպանել խաղաղության մասին քննարկումները, և ասվածի վառ օրինակ էր Հայաստանի նախկին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «էքսպերիմենտը».

«Նրա կուսակցությունը, որն անցած խորհրդարանական ընտրություններին խաղաղության գաղափարն էր զարգացնում, 1,5% ձայն հավաքեց: Դա յուրօրինակ հանրաքվե էր: Հռետորաբանության արմատականացման ֆոնին անհետանում է խաղաղության հեռանկարն», – ափսոսանքով նշում է փորձագետը:

«Հիմա բոլորն ասում են՝ ոչ մի հետքայլ և զենքը ձեռքներիս: Լավ է, բայց այդ կոնստրուկցիայի շրջանակում տարեկան մոտավորապես 100 կյանք է գնում: Մյուս կողմից, այսպես միշտ ապրել չի կարելի: Դրա հետ կապված, ընդհանրապես խաղաղության նպատակայնությունը կորցնելը տխուր է: Դրա հետ մեկտեղ անհետանում են տարբեր հայացքներ, բազմակարծությունն ու ռացիոն: Քննարկումները չափազանց էմոցիոնալ են դառնում: Այն բանի համար, որպեսզի խաղաղության մասին քննարկումները մնան հասարակությունում, աշխատանք է պետք: Անհրաժեշտ է, որպեսզի այդ մասին հայերը խոսեն հայերի հետ, հասկանան միմյանց», – կարծում է քաղաքագետը:

Հետազոտության նախնական արդյունքների համաձայն՝ երիտասարդ սերունդը, հատկապես Ղարաբաղում, ընդհանրապես պատրաստ չէ փոփոխությունների խաղաղության գործընթացում:

«Նրանք խոստովանում են, որ պատկերացնում են ադրբեջանցիների հետ խաղաղությունը, սակայն անկեղծ նշում են. դեռ պատրաստ չեն դրան: Հետաքրքիր է այն, որ ընդգծում են. նրանց երեխաներն ու թոռները դրան պատրաստ կլինեն: Այսինքն՝ ուղեղով նրանք հասկանում են, որ հարևանները պետք է խաղաղ ապրեն և միմյանց հյուր գնան, սակայն էմոցիոնալ առումով պատրաստ չեն դրան: Իսկ նրանց թոռներն ու երեխաները… ինչո՞ւ ոչ: Կան մարդիկ, որոնք, ճիշտ է, քիչ են, բակց այժմ էլ պատրաստ են խաղաղության», – ասում է Նինա Իսկանդարյանը:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում