Այս որոշումը կայացվել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում" />

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կընդլայնվի

Այս որոշումը կայացվել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցությունների արդյունքում, որոնք կայացել են նախօրեին Կրակովում:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Արտգործնախարարների հետ քննարկվել են ավելի վաղ տեղի ունեցած գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Արտգործնախարարները համաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ համանախագահների ներկայացրած հայեցակարգային փաստաթղթի վերանայված սկզբունքներին, դրա անհետաձգելի իրագործման ուղղությանը:

Հանդիպումների ընթացքում կողմերն ու համանախագահները կարծիքներ են փոխանակել բանակցությունների սեղանին առկա հիմնական զգայուն հարցերի շուրջ: Բացի այդ, համանախագահները կոչ են արել զարգացնել վստահության ամրապնդման միջոցները որպես բանակցային գործընթացի կարևոր բաղադրիչ: Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, և համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը»:

Տեղեկատվություն Երևանից

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, կողմերը բանակցությունների ընթացքում շարունակել են նախորդ տարվա դեկտեմբերին սկսված քննարկումները Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած համաձայնագրերի իրականացման վերաբերյալ քննարկումները:

Մասնավորապես, հայկական կողմը 2016թ-ի ապրիլին շփման գծում տեղի ունեցած լարվածության աճից հետո պնդում էր, որ իրականացվեն միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համանախագահների առաջարկները: Դրանք հնչել են Վիեննայում 2016թ-ի մայիսին և մինչ այսօր իրականացված չեն:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կրակովում կրկին կոչ է արել ադրբեջանական կողմին պահպանել հրադադարի ռեժիմը և կատարել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ Նալբանդյանի՝ հակամարտության կարգավորման՝ համանախագահների առաջարկած սկզբունքներին հավատարիմ լինելու հաստատումը կնպաստի բանակցային գործընթացի առաջխաղացմանը:

Համանախագահների հայտարարությունը JAMnews-ի համար մեկնաբանել է «Լրագիր» պարբերականի տեսաբան Նաիրա Հայրումյանը.

«Ես կցանկանայի ուշադրությունը սևեռել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության այն հատվածին, որտեղ ասվում է ղարաբաղյան կարգավորման հնարավորություններից մեկի վերագործարկման մասին: «Համանախագահները հետաքրքրվածություն են հայտնել ԵԱՀԿ գնահատող առաքելության շարունակման հնարավորության վերաբերյալ, որը վերջին անգամ տուժած գոտում եղել է 2010թ-ին»:

Այն ժամանակ խոսում էին մոտալուտ կարգավորման և Ադրբեջանին ղարաբաղյան շրջանների հանձնման մասին:

 Տեղազննման խումբը Ղարաբաղ ժամանեց, չափումներ կատարեց և փորձեց մակնշել այն հատվածները, որտեղով պետք է անցներ նոր սահմանն ու խաղաղապահներ տեղակայվեին: Նրանք այն ժամանակ ամեն ինչ արեցին, սակայն աշխատանքն ապարդյուն էր:

Ինչո՞վ է զբաղվելու գնահատող առաքելությունը, եթե այս անգամ էլ ստացվի համաձայնեցնել նրա այցը տարածաշրջան: Արդյո՞ք նրա գործառույթների մեջ կմտնի ներկայիս սահմանների և ստատուս քվոյի ամրագրումը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի 24-րդ նիստին խոստովանել է. «Տարածաշրջանում որոշակի ուժեր ձգտում են պահպանել անկայուն ստատուս քվոն: Պաշտոնական Երևանը շարունակում է ապօրինի գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի օկուպացված տարածքներում ժողովրդագրական, մշակութային և ֆիզիկական պատկերը փոխելու նպատակով, շարունակում է ռազմական օկուպացիայի ուժեղացման և «fait accompli» [կատարված փաստ] իրավիճակի ստեղծման քաղաքականությունն», – ընդգծել է նա»:

Տեղեկատվություն Բաքվից

Ադրբեջանում արձագանքն արտգործնախարարների հերթական հանդիպմանը բավականին զուսպ էր:

«Ոչ ոք առանց այդ էլ առանձնահատուկ հույսեր չէր փայփայում այդ հանդիպման հետ կապված: Այդ հանդիպումը պետք էր միայն Կասպրշիկին, որի լիազորություններն ավելացվել են: Եվ նա ցանկանում էր ընդլայնել իր գրասենյակն ու այդ ժողովրդին հավաքեց իր մոտ՝ Կրակովում: Բանակցային գործընթացը վաղուց ծաղրի է վերածվել: Կողմերն ավելի քան տասը տարի քննարկում են այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները», բայց սայլը տեղից չի շարժվում: Կողմերից ոչ մեկը պատրաստ չէ նույնիսկ չնչին փոխզիջման, բայց, միևնույն ժամանակ, բանակցային գործընթացից դուրս գալու մասին բացահայտ հայտարարելը նույնպես ձեռնտու չէ:

Անձամբ ես կարծում եմ, որ երկու երկրների ներկայիս ղեկավարները բավականաչափ քաղաքական կամք չունեն գործընթացը մեռյալ կետից շարժելու համար: Եվ քանի որ մոտ ապագայում իշխանափոխություն չի նախատեսվում՝ չնայած երկու երկրներում կայանալիք նախագահական ընտրություններին, ապա նմանատիպ հանդիպումները հանդիպելու համար կշարունակվեն: Սակայն ամեն դեպքում դրանք անկասկած մի դրական կողմ ունեն. քանի դեռ շարունակվում է բանակցային գործընթացը կամ թեկուզ դրա իմիտացիան, սրեցման նոր ալիքի հավանականությունը նվազում է», – կարծում է քաղաքական տեսաբան Շահին Ռզաևը:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:


Կարդալ ավելին JAMnews-ում