Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ հայկական կողմի մոտեցումը փոխվում է։ Այս մասին են վկայում իշխանությունների վերջին հայտարարությունները " />

«Ղարաբաղի հարցում փոխզիջման մասին առաջինը պետք է Ադրբեջանը հայտարարի»․ Հայաստանի վարչապետ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ հայկական կողմի մոտեցումը փոխվում է։ Այս մասին են վկայում իշխանությունների վերջին հայտարարությունները

Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից․ սելֆի մարտական դիրքերում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումների հարցում առաջին քայլը պետք է անեն Ադրբեջանի իշխանությունները։ Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետն Իրան կատարած այցի ընթացքում՝ այդ երկրի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Հստակ ի՞նչ է հայտարել Փաշինյանը

Ղարաբաղյան կարգավորման թեմային անդրադառնալով՝ վարչապետն ասել է, որ այսօրվա դրությամբ միայն մեկ պայմանավորվածություն  կա՝ խնդրի լուծման խաղաղ ճանապարհներ գտնելը։

 «Արդյո՞ք ես այսպիսի հնարավորություններ այսօր տեսնում եմ։ Ցավոք սրտի, այդպիսի բան ասել ես չեմ կարող: Երբ միջազգային գործընկերները գալիս և մեզ հարցնում են՝ իսկ դուք պատրա՞ստ եք փոխզիջումների, մենք նրանց շատ պարզ պատասխանում ենք, իսկ ձեզ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանողը և առաջին պատասխանողը մենք պետք է լինենք, իսկ Ադրբեջանին հարցնո՞ւմ եք իրենք պատրա՞ստ են փոխզիջումների, թե՞ պատրաստ չեն: Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, մինչև այս հարցին հստակ չի պատասխանել Ադրբեջանը», – հայտարարել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը պարզաբանել է, թե ինչու է այդպես ասում․

«Այդ Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ուժով կամ սպառնալիքով Ղարաբաղի հարցը լուծել, նա չարաչար սխալվում է: Չարաչար սխալվում է հենց այն պատճառով, որ այդ ասողը չի գիտակցում, որ ինքը գործ ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ համայն հայության հետ, որն այսօր առավել միասնական է, քան երբևէ։ Եվ Ղարաբաղին սպառնացող վտանգի դեպքում այդ միասնությունը կկրկնապատկվի և կեռապատկվի և կդառնա շատ ավելի մեծ ուժ, քան հիմա է։ Դրանում թող ոչ ոք չկասկածի»։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցեր

Հայաստանի ռազմական բյուջեն մեկ քառորդով կավելանա

Եթե հարկ լինի, բանակը հարձակման կդիմի

Ղարաբաղյան թեման վերջին օրերին գտնվում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բանակի գործողություններում փիլիսոփայության փոփոխության մասին։ Նրա խոսքով՝ եթե նախկինում բանակը պաշտպանական ռազմավարությամբ էր առաջնորդվում, ապա այժմ  դիտարկվում է նաև հարձակողականը։

Այն հարցին, թե արդյոք բանակն անհրաժեշության դեպքում կարող է հակահարձակման գնալ, Դավիթ Տոնոյանը պատասխանել է․ «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Նա հայտարարել է նաև, որ ռազմավարության փոփոխմանը զուգահեռ ձեռք են բերվում նոր զինատեսակներ, սակայն հրաժարվել է նշել, թե ինչպիսի։ Այս համատեքստում Դավիթ Տոնոյանը հիշատակել է միայն ռուսական ՍՈՒ-30ՍՄ կործանիչներ գնելու և Մոսկվայի հետ 100 մլն դոլար արժողութամբ նոր՝ պաշտպանությանն ուղղված վարկի շուրջ պայմանավորվածության մասին։

Միաժամանակ Տոնոյանը կարծում է, որ Հայաստանը զենքի մրցավազքի մեջ չի մտնում, այլ զենք է գնում բացառապես ինքնապաշտպանության համար․

 «Ոչ քաղաքական, ոչ ժողովրդագրական, ոչ տնտեսական առումով չենք կարող հավասար լինել [Ադրբեջանի հետ – JAMnews]։ Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին։ Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որ հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն լինի։

Փոխվում են ժամանակներն ու պայմանները, բանակը պետք է համապատասխանի ժամանակակից մարտահրավերներրին և հաղթահարի դրանք։ Այդ պատճառով մենք պարտավոր ենք այս քայլին գնալ, քանի որ, ինչպես ասում են, պաշտպանվող բանակը պարտություն է կրում»։

Փորձագիտական կարծիք․ մոտեցումները փոխվում են

Իշխանությունների մոտեցումների փոփոխությունը բանակցային գործընթացի և բանակի ռազմավարության վերաբերյալ հայ փորձագետներն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատել։

Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը կարծում է․

«Խաղաղությունը պետք է նույն արժեքն ունենա երկու կողմերի համար էլ։ Եթե մյուս կողմը խաղաղություն չի ուզում, պարբերաբար խախտում է զինադադարը՝ կարծելով, որ պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով կարող է հարցեր լուծել, ապա աշխատում է միայն խաղաղություն պարտադրելն, այսինքն՝ հնարավորությունների համոզիչ ցուցադրումը»։

Իսկ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ Ռուսաստանից գնված կործանիչներն անպայման պետք կգան բանակին․

«Այդ գործարքը հետաքրքիր է նրանով, որ Հայաստանը շատ ժամանակակից զինամթերք է ձեռք բերել։ Խոսքը ծանր և բազմաֆունկցիոնալ ավիացիայի մասին է։ Եվ, ըստ ամենայնի, դրանց գինը շատ գրավիչ և զգալիորեն ցածր է եղել, քան այլ երկրների համար»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում