Ղարաբաղում և Հայաստանոմ նշում են Շուշիի ազատագրման օրը։ Ադրբեջանում՝ Շուշիի օկուպացիայի օրը" />

Ղարաբաղի Շուշի/Շուշա քաղաքը․ 27 տարի է անցել հայ-ադրբեջանական մարտերի օրվանից

Ղարաբաղում և Հայաստանոմ նշում են Շուշիի ազատագրման օրը։ Ադրբեջանում՝ Շուշիի օկուպացիայի օրը

Մայիսի 8-9-ը նշանակալի օրեր են Ադրբեջանում և Հայաստանում։ Ղարաբաղում այս օրերին մեծ միջոցառումներ են անցկացվում։

Ամեն ինչ կապված է Ղարաբաղի քաղաքներից մեկի հետ, որը կողմերը տարբեր կերպ են անվանում՝ Շուշա (ադրբեջանական տարբերակ) և Շուշի (հայկական տարբերակ)։

Ղարաբաղում և Հայաստանում այս օրերին նշվում է Շուշիի ազատագրման օրը։ Ադրբեջանում՝ Շուշիի օկուպացիայի օրը։

Նախապատմություն

1990-ականների ղարաբաղյան հակամարտության մեկնարկից առաջ Շուշիի բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ էին կազմում, այն խորհրդային Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ)՝ ադրբեջանական մեծամասնությամբ միակ շրջկենտրոնն էր։

Քաղաքը բարձունքի վրա է, և այդտեղից կարելի էր գնդակոծել ԼՂԻՄ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Եվ ադրբեջանական բանակն ակտիվորեն օգտագործում էր այդ առավելությունը։ Այդ պատճառով էլ քաղաքի հանդեպ վերահսկողությունը մեծ նշանակություն ուներ երկու կողմերի համար։

1992թ-ի մայիսի 8-ին դաժան մարտեր էին գնում քաղաքի համար։ Ըստ հայկական աղբյուրների հաղորդագրությունների՝ դրանց մասնակցել է 3800 կամավոր հայկական կողմից։

Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը գլխավորում էր Արկադի Տեր-Թադևոսյանը։ 1992թ-ի մայիսի 9-ին ժամը 4-ին նա հաղորդեց, որ հակառակորդը լքել է Շուշին, հայկական բերդն ազատագրված է։

Բրիտանացի լրագրող և գրող Թոմաս դը Վաալը Շուշիի ողբերգությանը մեկ գլուխ է հատկացրել ղարաբաղյան հակամարտության մասին իր «Սև այգի» գրքում։ Նա, մասնավորապես, գրում է․

«Որքան ես խորանում էի գնում իմ հարցադրումներում՝ այդ սպանությունների սկզբնապատճառը որոնելիս, այդքան ավելի շատ էի հիասթափվում։ Ոչ ոք իրեն մեղավոր չէր համարում։ Ինձ հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը [Հայաստանի նախկին նախագահը, որը ծնունդով Ղարաբաղից է] միայն ընդհանուր մտքեր արտահայտեց բարեկամության և միջէթնիկական հակամարտության մասին։ «Իհարկե, ես ընկերներ ունեմ [ադրբեջանցիների շրջանում]․․․ Ես հիշում եմ իմ բոլոր ընկերներին, ես նրանց կշտամբելու բան չունեմ, մենք պահպանել ենք նորմալ բարեկամական հարաբերությունները։ Սակայն, երբ ազգային հակամարտություն է սկսվում, ընկերությունը միշտ հետին պլան է մղվում»»։

2019 թվական

Ստեփանակերտում 

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews

Ստեփանակերտում մայիսի 8-9-ը բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, որոնք նվիրված են Շուշիի ազատագրմանն, այդ թվում՝ արշավ մարտերի վայրերով երիտասարդության համար։

Մայիսի 9-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում շքերթ է անցկացվել, որը նվիրված էր Շուշիի ազատագրման օրվան, ԼԵռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ձևվորման օրվան և Երկրորդ աշխարհամարտում (Հայրենական Մեծ պատերազմում) տարած հաղթանակին։

Տոնախմբություններին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ։

Այստեղ է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախօրեին Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազություն՝ ԼՂ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որպեսզի նա նույնպես կարողանա մասնակցել տոնական միջոցառումներին։

Ռոբերտ Քոչարյանը, որը նաև Հայաստանի նախկին նախագահն է, 2018թ-ի դեկտեմբերից կալանավորված է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Խոսքը 2008թ-ի մարտի սկզբի իրադարձությունների մասին է, երբ նախագահական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիների ցույցը ցրելիս 10 մարդ զոհվեց։

Հայաստանի դատախազությունը Ղարաբաղի նախագահներին պատասխանել է, որ այդ գործը այս հաստատության իրավասությունում չէ։

Երևանում

Երևան, 2019թ-ի մայիսի 9։ Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի, JAMnews

Հայաստանում ոչ աշխտանքային օր է։ Այստեղ նույնպես նշվում են երեք տոները, մայիսի 9-ն այստեղ վաղուց «եռատոն» է կոչվում, քանի որ այն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կազմավորման օրն է։

Երևանի Հաղթանակի զբոսայգում վետերաններին շնորհավորելու էին եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտպանության նախարարն ու այլ պաշտոնատար անձինք։ Ինչպես միշտ, վետերաններին շնորհավորել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հայաստանի նախագահը տոնի առթիվ հայտարարել է

«Արցախյան պատերազմում և նրա փառապսակ հանդիսացող Շուշիի ազատագրման ժամանակ հաղթեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր միասնական ուժը, հայի ուժը: Պետք է ամեն ջանք գործադրենք, որ մեր միասնականությունը միշտ անխախտ լինի, որպեսզի մեր հաղթանակները շարունակական լինեն, որպեսզի անխախտ լինի խաղաղությունը Հայաստանում ու Արցախում:»։

Բաքվում

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Շուշայի օկուպացիայի 27-ամյա տարելիցի կապակցությամբ»։

Դրանում ասվում է, որ այս քաղաքի «օկուպացիան Ադրբեջանի հանդեպ Հայաստանի զավթողական քաղաքականության և սիստեմատիկ ագրեսիայի բաղկացուցիչ մասն է»։

Հաղորդվում է նաև, որ Շուշիում ավերվել են ադրբեջանական մշակույթի հուշարձաններն, իսկ քաղաքն ապօրինի «բնակեցվել է ավելի քան չորս հազար մարդով»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է այն փաստը, որ Հայաստանի վարչապետը Ղարաբաղ է ժամանել՝ տոնախմբություններին մասնակցելու։

«Հայաստանի քաղաքական ղեկավարության այցն այդ երկրի ռազմական օկուպացիայի տակ գտնվող քաղաք և այսպես կոչված «հաղթանակի օրվա» տոնախմբություններին մասնակցությունը հայկական կողմի հերթական սադրանքն է և միաժամանակ ևս մեկ անգամ ապացուցում է ադրբեջանական հողերի օկուպացիային այդ երկրի անմիջական մասնակցությունը», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունը տեղի է ունեցել 1991-1994թթ-ին։ Հրադադարի հաստատումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, որը չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանը Ղարաբաղն ու դրա շուրջ տարածքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք։

Հակամարտության կողմերը պարբերաբար հաղորդում են շփման գծում զոհերի մասին և միմյանց մեղադրում սադրանքների համար։

Հակամարտության կարգավորման ընթացքում որոշ փոփոխություններ տեղի են ունեցել 2018-2019թթ-ին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Կայացել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը։ Դրանից առաջ երկու երկրների նախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» նոր նախաձեռնության մասին։

Ի՞նչ է փոխվել կողմերի դիքորոշումներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին պատրաստել խաղաղության․ փորձագետները նախաձեռնությանը թերահավատորեն են վերաբերվում

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում