Լիակատար աջակցությունից մինչև բացարձակ դատապարտում։ Սակայն բոլոր գնահատականները հանգում են նրան, որ աշխարհը պետք է փրկել լայնածավալ ռազմական դիմակայության վտանգից" />

Ղասեմ Սոլեյմանիի մահը․ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի գնահատականը և համաշխարհային հանրության արձագանքը

Լիակատար աջակցությունից մինչև բացարձակ դատապարտում։ Սակայն բոլոր գնահատականները հանգում են նրան, որ աշխարհը պետք է փրկել լայնածավալ ռազմական դիմակայության վտանգից

Բուռն և բազմապիսի արձագանք է աշխարհում առաջացրել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահը, որն Իրանի և Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ անձանցից մեկն էր։

Սոլեյմանին՝ իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ գործողությունների ղեկավարը, սպանվել է Իրաքում Բաղդադի օդանավակայանի շրջանում ավտոշարասյունի ուղղությամբ հրթիռային հարվածի հետևանքով։

Գրոհի հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Թրամփը։

• Ղասեմ Սոլեյմանի։ Ո՞վ էր նա։ Եվ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նրա մահը

Իրանը Ղասեմ Սոեյմանիի սպանությունը գնահատել է որպես «պատերազմական գործողություն»։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները պատասխան են տալու Սոլեյմանիի մահվան համար ամենադաժան կերպով»։

Իրանում տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներում սգում են Ղասեմ Սոլեյմանիի մահը։

Աշխարհի բոլոր պարբերականները քննարկում են հավանական հետևանքներն, այդ թվում՝ հնարավոր ահաբեկչական գործողություններն ու լայնածավալ պատերազմի հնարավոր մեկնարկը։

Թվիթերում պոպուլյարություն են հավաքում #WorldWar3 և #WWIII հեշթեգները։

Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի իշխանությունների գնահատականը կատարվածին, ինչպես նաև համաշպարհային հանրության արձագանքը։

________________________________________________________

Հայաստան․ «Նոր սպառնալիք խաղաղությանը» 

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից», – ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում խորհուրդ է տվել «տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, հանգիստ նստել տեղները»։

«Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևելու իրավիճակին, վերլուծելու զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնելու իրավիճակից բխող քայլեր, և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են», – գրել է Փաշինյանը։

Ադրբեջան․ Ցավակցություն Իրանին գեներալ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ

Հունվարի 4-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են աճող լարվածության հարցերը տարածաշրջանում վերջին իրադարձությունների լույսի ներքո։

«Ադրբեջանական կողմը կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ բռնությունից և հավատարիմ մնալ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման պարտավորություններին։ Նախարար Մամեդյարովը խորին ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին գեներալ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ», – մեկնաբանել է ԱԳՆ-ն 1news կայքին։

Nida երիտասարդական շարժման ակտիվիստ Իլկին Ռուստամզադեն ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադրբեջանում իրանական ագենտուրայի և պրոպագանդայի ուժեղ և սարսափելի ազդեցության» մասին․

«Իրանի բազում երկրպագուներ կան, որոնք ժողովրդավարության դիմակի տակ երազում են մեր երկիր բերել միջնադարյան խավարը։ Ուշադիր հետևեք»։

Վրաստան․ «ԱՄՆ-ն իր քաղաքացիներին պաշտպանելու օրինական իրավունք ունի»

Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն չի արել։

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին իր Թվիթերում գրել է․

«Մենք քննադատում ենք Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա վերջերս կատարած բռնի սադրիչ հարձակումը։ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին պաշտպանելու օրինական իրավունք ունի։ Նաև դիվանգիտության ժամանակն է՝ ․․․լարվածությունը թուլացնելու համար»։

Վրացի քաղաքագետ Թենգիզ Փխալաձեն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ենթադրել է, որ այժմ աճել է ԱՄՆ դեմ ահաբեկչությունների սպառնալիքը․

«Ահաբեկչություններ ամերիկացիների դեմ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, և Վրաստանը նույնպես կարելի է այդպիսի վայրերից մեկը համարել։ Այդ պատճառով էլ Վրաստանում անհրաժեշտ է ուժեղացնել հակաահաբեկչական միջոցները»։

Իրաք․ «Ամերիկան խախտել է այն պայմանները, որոնց շրջանակում նրա զինվորականները գտնվում էին Իրաքում»

Երկրի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին իրանցի գեներալի վրա գրոհն անվանել է «Իրաքի տարածքում ամերիկացի զինվորականների գտնվելու պայմանների խախտում»։

Իրաքի նախագահ Բարհամ Սալիհն իր հայրենակիցներին միասնության կոչ է արել՝ «բռնության տասնամյակներից հետո արյունահեղության նոր ալիքից խուսափելու» նպատակով։

Իսրայել․ «Թրամփն արժանի է աջակցության»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդհատել է Հունաստան կատարած իր պաշտոնական այցը Սոլեյմանիի ոչնչացման կապակցութամբ։

Նա հայտարարել է, որ Թրամփն «արժանի է աջակցության արագ, եռանդուն և վճռորոշ գործողությունների համար»։

Չինաստան․ «Կարևոր է կանխել հետագա էսկալացիան»

Չինաստանի ԱԳՆ-ն «խորին անհանգստություն» է հայտնել, բոլոր կողմերին, հատկապես՝ ԱՄՆ-ին կոչ արել «հանդարտության և կշռադատվածության» և զգուշացրել, որ հնարավոր է լարվածության հետագա աճ։

Չինաստանն Իրանի հետևողական դաշնակիցն է և Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության հակառակորդ։ 2019 թ-ի դեկտեմբերին դրա ռազմածովային նավատորմը միացել է Հնդկական օվկիանոսում Իրանի և Ռուսաստանի առաջին համատեղ զորավարժություններին։

Ֆրանսիա․ «Պետք է խուսափել ռազմական էսկալացիայից»

Սոլեյմանիի ոչնչացմանը եվրոպական երկրներից առաջինն արձագանքել է Ֆրանսիան։ Փոխարտգործնախարար Ամելի դը Մոնտչալինը RTL ռադիոյին ասել է․

«Մենք արթնանում ենք ավելի վտանգավոր աշխարհում։ Էսկալացիան ողջ ուժով գնում է, և ռազմական էսկալացիան միշտ վտանգավոր է»։

Գերմանիա․ «ԱՄՆ-ն արձագանքել է Իրանի սադրանքներին, սակայն էսկալացիան վտանգավոր սահմանագծի է հասել»

Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ուլրիկե Դեմերը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն արձագանքել է մի շարք ռազմական սադրանքների, որոնց համար Իրանը պատասխանատվություն է կրում», և նշել Սաուդյան Արաբիայում տանկերների և նավթային օբյեկտների վրա հարձակումները։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում «հասել է էսկալացիայի վտանգավոր կետի», և հակամարտությունները տարածաշրջանում կարող են լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով։

Մեծ Բրիտանիա․ «Մենք ընդունում էինք վտանգը, որը գալիս էր գեներալ Սոլեյմանիից»

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է զսպվածության անհրաժեշտության մասին, սակայն արտգործնախարար Ռաաբն ասել է․

«Մենք մշտապես ընդունում էինք վտանգը, որը գալիս էր գեներալ Սոլեյմանիի ղեկավարության տակ գտնվող «Ղոդս» ստորաբաժանումից»։

Ռուսաստան․ «ԱՄՆ արկածախնդրություն»

Ռուսաստանի ԱԳՆ-ն միանշանակ դատապարտել է Սոլեյմանիի սպանությունն ու հայտարարել, որ դա կավելացնի լարվածությունը Մերձավոր Արևելքում։

ԱԳՆ անանուն դիվանագետը ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ն «արկածախնդիր քայլ» է արել։

Պետդումայի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Իրանն այժմ կարող է արագացնել միջուկային զենքի ստեղծումն, անգամ եթե նախկինում չէր պլանավորում անել դա»։

ԱՄՆ․ «Անպատասխանատու սպանությո՞ւն», թե՞ «վճռական պաշտպանիչ ակցիա»

Ամերիկացի քաղաքական գործիչներն իրավիճակի իրենց գնահատականներում բաժանվել են՝ ըստ կուսակցական պատկանելիության։

Հանրապետական կուսակցության առաջնորդները, որի անդամ է նախագահ Թրամփն, այս հատուկ գործողությունը գնահատել են որպես «վճռորոշ պաշտպանիչ ակցիա»։

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդները մեծ մասամբ Սոլեյմանիի սպանությունն «անպատասխանատու» են անվանել։

Թրամփը հայտարարել է, որ Սոլեյմանիի լիկվիդացիան ձեռնարկվել է «պատերազմի կանխարգելման» նպատակով։

Տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանի փողոցներում սգում են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահը։ Նրան Բաղդադի օդանավակայանում սպանելու համար հրթիռ գործարկելու վերաբերյալ հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Թրամփը։ 2020թ․, հունվարի 4։ Reuters/Nazanin Tabatabaee/WANA


Կարդալ ավելին JAMnews-ում