Այլևս նախագահ չէ, բայց փոխարենն Անվտանգության խորհրդի քարտուղարն ու իշխող կուսակցության առաջնորդն է, ինչը Նազարբաևին ավելի շատ լիազորություններ է տալիս, քան մինչ օրս նրա ունեցածը" />

Ղազախստան․ նախագահ Նազարբաևը հրաժարական է տվել, սակայն լիարժեք վերահսկողություն է պահպանում

Այլևս նախագահ չէ, բայց փոխարենն Անվտանգության խորհրդի քարտուղարն ու իշխող կուսակցության առաջնորդն է, ինչը Նազարբաևին ավելի շատ լիազորություններ է տալիս, քան մինչ օրս նրա ունեցածը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտարարել է իր հեռուստաուղերձում։

Նազարբաևը Ղազախստանի ԽՍՀ և անկախ Ղազախստանի ղեկավարն էր ուղիղ երեսուն տարի։ Նա պահպանելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի և իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնները, ինչը նույնիսկ ավելի մեծ վերահսկողություն է ենթադրում երկրի հանդեպ, քան նա մինչ օրս ուներ, ասում են փորձագետները։

Մինչև ընտրությունները նախագահի պաշտոնակատարն է լինելու խորհրդարանի վերին պալատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Վետերան

Նուրսուլթան Նազարբաևը նախկին ԽՍՀՄ տարածքում ամենահին ղեկավարն է։

Նա Ղազախստանի Կոմկուսի առաջին քարտուղար է դարձել 1987թ-ի դեկտեմբերին այն բանից հետո, երբ Ալմա-Աթայում հուզումներ սկսվեցին այդ պաշտոնում Ռուսաստանի դրածոյին նշանակելու կապակցությամբ։

1992թ-ին Նազարբաևը զբաղեցրեց անկախ Ղազախստանի նախագահի պաշտոնը։

Հայտնի է նրանով, որ կողմ էր հանդես գալիս նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրման գաղափարին։

2000-ականներին Նազարբաևը կարողացավ խուսափել Արևմուտքի կոշտ պատժամիջոցներից և մեկուսացումից՝ չնայած կոռուպցիայի համար մեղադրանքներին։

Նրա հաջորդները

Ո՞վ կարող է փոխարինել Նուրսուլթան Նազարբաևին նախագահի պաշտոնում։ Առավել հաճախ երկու թեկնածուի անուն է նշվում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ խորհրդարանի վերին պալատի խոսնակը, որը մինչև ընտրությունները կատարելու է հանրապետության ղեկավարի լիազորությունները։ Լինելով դեռևս խորհրդային դպրոցի դիվանագետ, որն ազատ տիրապետում է անգլերենին և չինարենին և փալուն միջազգային կարիերա է արել՝ չորս տարի շարունակ Տոկաևը զբաղեցրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Սամատ Աբիշը՝ Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահը և գործող նախագահի զարմիկը։ 40-ամյա Աբիշը Նազարբաևի հանգուցյալ եղբոր որդին է։ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի ակադեմիայի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ակադեմիայի շրջանավարտ է։

Այսպիսով, Նազարբաևը պետք է ընտրի իր ազգականի և հին համախոհի միջև։

Հեռանում է, սակայն մնում է

Այն, որ իր հաջորդի թեկնածությունը որոշելու է հենց Նազարբաևը, ոչ ոք չի կասկածում։ Նա լքում է նախագահի պաշտոնը, սակայն պահպանում Անվտանգության խորհրդի քարտուղարի և իշխող «Նուր Օտին» կուսակցության առաջնորդի պաշտոնները։ Դրանք նրան լիակատար վերահսկողություն են ապահովում ղազախական քաղաքականության հանդեպ։

Դիտորդները նշում են, որ Նազարբաևը լքել է նախագահի պաշտոնը իր սկզբունքային նախաձեռնությունից հետո: Նազարբաևի նախաձեռնությամբ երկիրը լատինական այբուբենի անցավ։

Դա, ըստ նրա պետք է դառնա արևմտյան աշխարհին Ղազախստանի ինտեգրման կարևորագույն քայլ։


Կարդալ ավելին JAMnews-ում