Նոր իշխանությանն ու նրա կողմնակիցներին խորհրդարանում քվեարկելիս մեկ ձայն չի հերիքել " />

Ձախողվել է Ընտրական օրենսգրքում Հայաստանի «հեղափոխական» կառավարության առաջարկած փոփոխությունների ընդունումը

Նոր իշխանությանն ու նրա կողմնակիցներին խորհրդարանում քվեարկելիս մեկ ձայն չի հերիքել

Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն արտահերթ նիստին չեն ընդունել երկրի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթը: Փոփոխությունների օգտին քվեարկել է 62 պատգամավոր անհրաժեշտ 63-ի փոխարեն:

Փորձ երկրորդ

Սա Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու երկրորդ փորձն էր: Առաջին անգամ  փոփոխությունների օգտին քվեարկել էր 56 պատգամավոր: Փոփոխությունների ընդունմանը խանգարել է նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը: Հանրապետականները հայտարարում են, որ օրինագիծը հապշտապ է մշակվել, և քաղաքական կուսակցություններն ընտրությունների անցկացման նոր սկզբունքներին հարմարվելու ժամանակ չեն ունենա:

• Մանրամասն՝ առաջին փորձի ձախողման և Հայաստանում քաղաքական ճգնաժամի մասին

Նիկոլ Փաշինյան. ընդդիմադիր, որը Հայաստանի վարչապետ դարձավ

• Ինչպես առանձնացնել բիզնեսն իշխանությունից՝ Հայաստանի նոր կառավարության առաջին 100 օրը

Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր նշել է, որ Ազգային ժողովը կարողացավ ճնշմանը դիմանալ և դեմ արտահայտվեց փոփոխություններին.

«Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին, որ ցուցաբերեց սկզբունքայնություն և թույլ չտվեց, որ Հայաստանը՝ լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Ընտրություններից 42 օր շուտ արմատական փոփոխություններ անելը Հայաստանին հետ կգցեր ժողովրդավարական զարգացումների տեսակետից մինչև ԵԽ անդամ դառնալու ժամանակահատված»:

Ի՞նչ էին առաջարկում փոփոխությունները

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնողը «Ելք» խմբակցությունն է, որը հեղափոխությունից առաջ գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը: Փոփոխություններն առաջարկում էին հրաժարում ռեյտինգային համակարգից և անցում դեպի պարզ համամասնական համակարգ: Հայկական լրատվամիջոցները գրում էին, որ հենց այդ փոփոխությունն է, որ ամենից շատ դուր չի գալիս նախկին իշխող կուսակցության պատգամավորներին և նրանց կողմնակիցներին:

Բանն այն է, որ այդ ռեյտինգային, տարածքային ցուցակներով ներկայիս գումարման խորհրդարանում են հայտնվել շրջանների անցանկալի դեմքերը: Իրենց ազդեցության և փողի շնորհիվ նրանք կարողացել են իրենց կուսակցության համար հազարավոր ձայներ հավաքել և մանդատ ստանալ: Այդ համակարգը համարվում էր օլիգարխների և «հեղինակությունների»՝ խորհրդարան անցնելու միջոց:

Նիկոլ Փաշինյանն ու «Ելք» խմբակցության անդամները կարծում են, որ Հայաստանում մարդիկ ավանդաբար քվեարկում են «ծանոթ» կամ իրենց «օգնած» մարդու օգտին: Այդ պատճառով էլ նրանք առաջարկում էին ազատվել ընտրություններին նման մոտեցման հնարավորությունից:

Ընդհանուր առմամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուղղված էին նրան, որ ապագայում խորհրդարանում հավասարակշռություն ապահովվի:

Ըստ գործող օրենսգրքի՝ ընտրողները քվեարկելու են ոչ միայն կուսակցությունների, այլ ընտրատարածքներում ներկայացված առանձին պատգամավորների օգտին:

Փոփոխությունները նաև հանում էին կոալիցիաներ ձևավորելու սահմանափակումներն ու ավելացնում էին դրանց ձևավորման ժամկետը 6-ից մինչև 10 օր:

• Բոլոր մանրամասներն այն փոփոխությունների մասին, որոնք առաջարկվում էր կատարել Ընտրական օրենսգրքում

Կարևոր փոփոխություն պետք է դառնար անցողիկ շեմը կուսակցությունների համար հինգից չորս տոկոս, իսկ դաշինքների համար՝ յոթից վեց տոկոս իջեցնելը:

Առաջարկվում էր նաև ավելացնել խորհրդարանում կին պատգամավորների թիվը՝ 30 տոկոս, ներկայիս 20-ի փոխարեն:

 Ի՞նչ է նշանակում նոր Ընտրական օրենսգրքի ընդունման ձախողումը

Դա նշանակում է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական համակարգով: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արդեն հայտարարել է, որ անիմաստ է համարում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու երրորդ փորձը: Ընդ որում, նա խիստ քննադատության է արժանացրել այն պատգամավորներին, որոնք արգելափակել են ընդունումը.

«Ես չեմ ուզում մեղադրել խմբակցություններին, բայց սա սաբոտաժ է: Նրանք արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի օրենսգիրքը չանցնի, սակայն մենք ընտրությունների կգնանք հին Ընտրական օրենսգրքով և կտեսնենք, թե որքան այն նրանց կօգնի»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում