Լրագրողական հետաքննություն Չեչնիայում կատարված գաղտնի սպանությունների մասին" />

Հունվարյան մահապատիժ Չեչնիայում

Լրագրողական հետաքննություն Չեչնիայում կատարված գաղտնի սպանությունների մասին

«Նովայա գազետայի» լրագրողների հետաքննության համաձայն՝ հունվարի լույս 26 գիշերը Գրոզնիում գաղտնի, առանց մեղադրանք առաջադրելու տասնյակ մարդկանց են գնդակահարել: Լրագրողները ենթադրում են, որ նրանց թիվը կարող է լինել 27-ից մինչև 54 մարդ:

Ահա, թե ինչ է գրում «Նովայա գազետան» իր հետաքննությունում:

Գրոզնիում դեկտեմբերի 17-ին ոստիկանի վրա կատարած հարձակումից հետո Չեչնիայում մարդկանց զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Հունվարի սկզբին հատուկ գործողություններ են կատարվել, որոնց ընթացքում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: Ձերբակալվածները, սակայն, ոչ մի կերպ պաշտոնապես չեն ձևակերպվել, նրանց մեղադրանքներ չեն առաջադրվել, դրա փոխարեն նրանց տարել են ոստիկանության նկուղներ և պահեստային տարածքներ: Ձերբակալություններն անցկացվել են մինչև հունվարի վերջ, ընդհանուր, թերթի տվյալներով, ձերբակալվել է մոտ 200 մարդ:

Ձերբակալվածների մի մասն «օրինականացվել է» միայն փետրվարի 20-ին, այսինքն՝ ֆորմալ կերպով նրանք կալանավորվել են փաստացի ձերբակալությունից մեկուկես ամիս անց:  Այդ մարդկանց մեղադրանքներ են առաջադրվել զենքի ապօրինի շրջանառության և ապօրինի զինված կազմավորմանն անդամակցության համար):

Լրագրողները կարծում են, որ մեկուկես ամսվա ապօրինի կալանքի ընթացքում մարդկանց մոտ ճնշման տակ խոստովանական ցուցմունքներ են ստացվել, որոնք Չեչնիայում հիմնականում մեղքի միակ ապացույցն են:

«Նշումներով» ցուցակ

Լրագրողական հետաքննության ընթացքում «Նովայա գազետան» կարողացել է Չեչնիայի ՆԳՆ իր աղբյուրից հունվարին ձերբակալված բնակիչների ցուցակը ստանալ, ընդհանուր դրանում 67 անուն կա:

«Այդ մարդկանց ճակատագրի մասին ինչ-որ բան իմանալու բոլոր փորձերը բախվում էին մեր զրուցակիցների անհավանական վախին», – գրում է «Նովայա գազետան»: Նրանցից մեկը՝ Շալիի քաղաքային ադմինիստրացիայի աշխատակիցը, խուճապահար հրաժարվել է  ծանոթանալ լրագրողների պարզած շալինցիների ազգանուններին և ասել.

«Նրանք, ում Շալիում հունվարին ձերբակալել են, այլևս չկան: Մի՛ փնտրեք»:

Ընդհանուր առմամբ լրագրողական հետաքննության հեղինակներին հայտնի է արդեն 27 ենթադրյալ սպանվածի մասին, չնայած որ խոսքը կարող է գնալ Չեչնիայի 56 բնակչի մասին: Նրանք ձերբակալվել են տարբեր ժամանակ, սակայն բոլորի մահվան ամսաթիվն, ըստ «Նովայա գազետայի» տեղեկավտության, նույնն է՝ հունվարի 25-ի լույս 26-ին գիշերը:

Այդ գիշեր բոլոր ձերբակալվածները պահվել են Գրոզնիի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տեղակայման տարածքում:

«Նովայա գազետայի» ունեցած տեղեկատվության համաձայն, այդ գիշեր ձերբակալվածներին գնդակահարել են և տարել տարբեր գերեզմանոցներ, այդ թվում՝ քրիստոնեական, և թաղել արագ փորված գերեզմաններում:

Ձերբակալվածների ցուցակի մանրակրկիտ ուսումնասիրությունը հանգեցնում է այն եզրակացության, որ արտադատարանային մահապատժի մասին որոշումը կայացվել է կենտրոնացված կերպով և, որքան էլ տարօրինակ լինի, հապճեպ. դա երևում է այն փաստաթղթից, որը լրագրողներին փոխանցվել է Չեչնիայի ՆԳՆ-ից: Դրանում առկա են ձերբակալվածների լուսանկարները (որոշների վրա երևում է, որ նրանք ձեռնաշղթաներով կապած են եղել մարտկոցին), լուսանկարների դիմաց տարբեր նշումներ կան, դրանցից մեկը «մինուսի» նշանն է, որն, ինչպես կարծում են լրագրողները, նշանակում է ձերբակալվածի ոչնչացում:

Մահացածները խոսում են

«Նովայա գազետան» պնդում է, որ քրեական գործ հարուցվի, որի շրջանակում կարելի է ստուգել լրագրողների նկարագրած բոլոր փաստերը. դիակների արտաշիրիմումն ու հետմահու դատաբժշկական հետազոտությունն ի վիճակի է պարզելու հրազենային վիրավորման հետքերը. դրանք ոսկրային հյուսվածքների վրա ընդմիշտ մնում են: Ենթադրյալ սպանվածների անձը պարզել նույնպես հեշտ է. դրա համար զոհերի հարազատներից պետք է ԴՆԹ-ի նմուշներ վերցնել համեմատական անալիզ անցկացնելու համար: Ի տարբերություն միասեռականների հետապնդումների հետ կապված իրավիճակի՝ երբ զոհերի ընտանիքները, թեև ճնշման տակ, բայց ակտիվ մասնակցություն ունեին բռնաճնշումներին, տվյալ դեպքում էքստրեմիզմի կասկածանքով ձերբակալվածների հարազատներն աջակցելու են քննությանը: Բացի այդ, ոչ բոլորը գիտեն իրենց հարազատների իրական ճակատագրի մասին: Շատերը դեռ հույս ունեն, որ ձերբակալվածները ողջ-առողջ տուն են վերադառնալու: Հունվարին կորած իրենց հարազատներին մարդիկ փնտրում են մինչև հիմա, գալիս են ոստիկանություն և հարցնում:

Ի պատասխան արդեն շատ ամիսներ նույն պատասխանն են լսում. «Հնարավոր է, նրանք արդեն Սիրիայում են», «Ինքներդ պետք է հետևեք ձեր բարեկամներին, ի՞նչ եք ուզում մեզնից»: Լավագույն դեպքում մարդկանց ասում են. «Ժամանակը կգա, կիմանաք»:

«Մենք այս փաստերը հրապարակում ենք, որովհետև պետությունն ի դեմս լիազոր իրավապահ մարմինների մեզ ընտրություն չի թողնում: Երկու ամիս մենք համագործակցության հույս ունեինք, որն ամենասկզբում արդյունավետ էր: Այսօր արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն իր դիրքերն այդ իրավիճակում զիջում է այնպես, ինչպես դա արել է Բորիս Նեմցովի սպանության գործի ժամանակ: Հենց այդ պատճառով ենք մենք հրապարակում այն անձանց ցուցակն, ովքեր, մեր տվյալներով, Գրոզնիում դարձել են, հնարավոր է, ամենադաժան արտադատական մահապատժի զոհ: Եվ այժմ քննությունը, որը վկայակոչում է կենդանի հայցվորների բացակայությունը, հատուկ վկաների հետ պետք է գործ ունենա», – գրում է «Նովայա գազետան»:

«Նովայա գազետայի» ցուցակը հրապարակված է հետևյալ հղումովhttps://www.novayagazeta.ru/articles/2017/07/09/73065-eto-byla-kazn-v-noch-na-26-yanvarya-v-groznom-rasstrelyany-desyatki-lyudey


Կարդալ ավելին JAMnews-ում