Ճանապարհային ոստիկանության մամուլի քարտուղարը համարում է, որ աշնանային անձրևներն անսպասելի էին " />

Հորդառատ անձրևները լրջորեն դժվարացրել են տրանսպորտի երթևեկությունը Բաքվում

Ճանապարհային ոստիկանության մամուլի քարտուղարը համարում է, որ աշնանային անձրևներն անսպասելի էին

Երկրորդ օրն է, ինչ Բաքվում և հարակից շրջաններում հորդառատ անձրև է տեղում: Սելավը շարունակվել է ողջ գիշեր և լուրջ խնդիրներ առաջացրել Բաքվի փողոցներում:

Բաքվի արվարձաններում տեղումների հետևանքներն ավելի լուրջ են, ջուրը ծածկել է բակերն ու ճանապարհները, մարդիկ ստիպված էին փողոցն անցնել մինչև ծնկները ջրի միջով:

«Հերթական անգամ աշունը Բաքվում անսպասելի եկավ, – հեգնանքով ասում է Սարուխանի ավանի բնակիչ Մեշադի Ֆահրադինը: – Կրկին նրանք սպասում էին անձրևների սեզոնին, որպեսզի ջրահեռացման համակարգերի վերանորոգում սկսեն: Մի՞թե դրանք հնարավոր չէր ամռանը վերանորոգել: Իսկ հիմա երեխաները ստիպված են դպրոց գնալ ոչ միայն մինչև ծնկները հասնող ջրի միջով, այլ նաև վերանորոգման աշխատանքների պատճառով առաջացած ցեխի»:

Report տեղեկատվական գործակալության լրագրողները գրում են, որ գործադիր իշխանությունների և այլ պատկան մարմինների շատ պաշտոնյաներ պարզապես անտեսում են Բաքվի ճանապարհների ողբալի վիճակը: Այսպես, գործակալության կայքում հրապարակվել է այն պաշտոնյաների և նրանց հեռախոսահամարների ցուցակը, որոնք հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին կամ ընդհանրապես չեն պատասխանել զանգին:

Վատ եղանակային պայմաններն անդրադարձել են նաև քաղաքային տրանսպորտի երթևեկության անվտանգության վրա: Հոկտեմբերի երկուսին 6 վթար է տեղի ունեցել, որոնք նյութական վնաս են հասցրել քաղաքացիներին, հաղորդում է ճանապարհային երթևեկության քաղաքային ծառայությունը:

Բաքվի պետական ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի պետ Վագիֆ Ասադովը «Սպուտնիկ» գործակալությանը հաղորդել է, որ ճանապարհային ոստիկանությունը դիմել է գործադիր իշխանությանը՝ խնդրելով դրենաժային համակարգ տեղադրել այն հատվածներում, որտեղ միշտ հսկայական ջրափոսեր են առաջանում:

«Երեկվանից այնտեղ (Բինագադի ավանում – խմբ.) պետք է ասֆալտ փռեին: Սակայն անսպասելի աշնանային անձրևները խախտել են շինարարների բոլոր պլանները: Պետք է պարզապես մի փոքր սպասել», – ասել է գնդապետ Ասադովը:

 


Կարդալ ավելին JAMnews-ում