Գլուխը ծածկած կանանց չեն ցանկանում աշխատանքի ընդունել, հատկապես՝ սպասարկման ոլորտում" />

Հիջաբ կամ աշխատանք․ Ադրբեջանում մուսուլման կանայք բողոքում են խտրականությունից

Գլուխը ծածկած կանանց չեն ցանկանում աշխատանքի ընդունել, հատկապես՝ սպասարկման ոլորտում

Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակչության 93-96 տոկոսն իրեն մուսուլման է համարում։ Այնուամենայնիվ, մուսուլման կանայք այստեղ բողոքում են խտրականությունից։ Գլխավոր խնդիրն այն է, որ նրանց համար աշխատանքի տեղավորվելը դժվար է

«Ինը տարի է, ինչ հիջաբ եմ կրում, և ինը տարի է՝ չեմ կարողանում աշխատանք գտնել», – ասում է 39-ամյա Գյուլբենիզ Իմանովան։

Գյուլբենիզի ամուսինը մահացել է ինը տարի առաջ։ Այդ օրվանից էլ հենց նա սկսել է նամազ անել և գկուխը ծածկել։ Հիմա նա չորս երեխաների է միայնակ մեծացնում, որոնցից ավագը 19 տարեկան է, կրտսերն՝ 8։

«Չեմ հասկանում ես այդ վերաբերմունքը, ի՞նչ վատ բան կա նրանում, որ ես հիջաբով եմ։ Ընդհակառակը, հիջաբ կրող կինը լուռումունջ, համեստորեն և խղճով կկատարի իր աշխատանքը»։

Իրոք որ, իսլամում հագուստի վերաբերյալ պահանջներից բացի խիստ պահանջներ կան նաև մուսուլմանի բարոյական որակների վերաբերյալ, օրինակ, կտրականապես արգելված է ուրիշի ունեցածը վերցնել, կաշառք տալ կամ վերցնել։ Ըստ Ղուրանի՝ իսկական մուսուլմանը պետք է շատ խղճով աշխատակից լինի։

Գյուլբենիզ Իմանովան միջնակարգ կրթություն ունի։ Այնպես որ, նա հիմնականում փնտրում է մաքրության հետ կապված աշխատանք։

«Վերջերս ռեստորաններից մեկին հավաքարար էր անհրաժեշտ։ Աշխատավարձն էլ լավն էր։ Գնացի, ասացին, որ չեն կարող հիջաբով կնոջ ընդունել։ Կրկին ձեռնունայն վերադարձա։ Բայց չէ՞ որ ես մատուցող չեմ, այցելուների մոտ չեմ երևում, ի՞նչ տարբերություն՝ տարածքը մաքրելիս գլուխս ծածկած է, թե՝ ոչ»։

Իմանովայի խոսքով՝ նրա աղջիկը, որ ուսանող է, նույնպես հիջաբ է կրում, սակայն ասում է, որ համալսարանում դրա պատճառով ոչ մի խնդիր չկա ոչ համակուրսեցիների, ոչ էլ դասախոսների հետ։

 

Լուսանկարը՝ JAMnews, Բաքու

Վախ և անհասկացողություն՝ խնդրի արմատները

Սոցիոլոգ Սանուբար Հեյդարովան բացատրում է, թե ինչու են հիջաբ կրող մուսուլման կանայք ադրբեջանական հասարակությունում խոցելի խումբ դարձել․

«Հավատացյալը նա է, ով իր առօրյա կյանքում հետևում է կրոնական ծեսերին, ապրում է կրոնական կանոնների համաձայն։ Ադրբեջանցիների մեծ մասը ոչ հավատացյալ ավանդական մուսուլման է։ Այսինքն՝ նրանք իրենց մուսուլման են անվանում միայն այն պատճառով, որ ծնվել են այդ երկրում։

Կրոնը միջին վիճակագրական ադրբեջանցու համար չի տարբերվում անձնագրային տվյալներից, և նա չգիտի, թե ինչ է կրոնի ընտրության համար պատասխանատվությունը։ Ավելին, կարելի է նույնիսկ ասել, որ նա վախենում է «իսկական կրոնից»։

 Մարդիկ հաճախ են վախենում նրանից, ինչը չեն հասկանում։ Իսկ միջին վիճակագրական ադրբեջանցին կրոնի մասին քիչ բան գիտի, եթե չասենք՝ ոչինչ չգիտի։ Եվ այդ վախը հաճախ է «հարգանքի» փոխակերպվում։

Այդպիսի մարդիկ խոնարհության ձգտելիս և, չցանկանալով «ավելորդ մեղքեր կուտակել», թաղման արարողության ժամանակ անընդհատ համաձայնության նշան են անում մոլլային, ավտոբուսում շտապում են հիջաբով կնոջը տեղ տալ, հարսանիք չեն անում Մուհարամ ամսին։ Այդ ամենն արվում է ոչ թե նրա համար, որ կրոնն է պահանջում, այլ չիմացությունից և վախից։

Նույնպիսի վերաբերմունք է դրսևորվում նաև «իսկական հավատացյալ» մարդկանց հանդեպ։ Մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասն իրեն մուսուլման է համարում, հիջաբով կինը հուզմունք և խուճապ է առաջացնում։

Նա մեծամասնության պես չէ, նրան պետք է ինչ-որ հատուկ կերպ դիմել, ոչ ինչպես բոլորին, իսկ մենք ժամանակ և ցանկություն չունենք աշխատանքային գործընթացի ժամանակ մտահոգվելու այդ մասին։ Իսկ եթե հաշվի առնենք նաև ենթագիտակցական վախն, ապա ագրեսիայի պատճառները պարզ են դառնում։

Գործատուին պետք է աշխատակից, որին կարելի է դիմել առանց որևէ  մտավախության, հանգիստ հանձնարարություններ տալ և քննադատել սխալների համար, ոչ խնդրահարույց աշխատակից, որն աշխատավայր չի բերի իր նոր կանոնները։ Եվ նա վստահ է, որ հիջաբով կինն այդ չափանիշներին չի համապատասխանում․ եթե նա բղավի այդ կնոջ վրա, հետո իրեն մեղավոր կզգա, եթե աշխատանքային ժամին արգելի նամազ անել, հետո վախ կզգա և այլն։

Խնդիրը խորացնող ևս մեկ փաստ է հասարակական երկխոսության բացակայությունը։ Եթե հասարակության և կրոնական, և աշխարհիկ մասերը քաջություն ունենային միմյանց պատմելու իրենց հավատամքի և սպասելիքների մասին, միասին ապրելն ավելի հեշտ կլիներ»։

Աշուրա․ օր, երբ շիա մուսուլմանները սգում են Հուսեյն մարգարեի մահը։ Բաքու, Թեզե Փիր մզկիթ, 2018թ-ի սեպտեմբերի 20: Լուսանկարը՝ JAMnews

Կամ կրոն, կամ հաջողություն

28-ամյա Արզուն [անունը փոխված է – հեղ․] աշխատանք գտնելու համար ստիպված է եղել հրաժարվել հիջաբից։

Նա պատմում է, որ դպրոցն ու համալսարանը գերազանց է ավարտել։ Մայրենի լեզվից զատ նա տիրապետում է նաև ռուսերենին և անգլերենին, իր մասնագիտությամբ սովորել է տարբեր վայրերում և միջազգային դասընթացներ է անցել։ Սակայն համապատասխան աշխատանք այդպես էլ չի կարողացել գտնել։

«Նույնիսկ բջջային օպերատորը զանգերի կենտրոնում աշխատանքի չընդունեց հիջաբի պատճառով։ Ի՞նչ է, հեռախոսով բաժանորդները տեսնո՞ւմ են, որ ես հիջաբով եմ։ Իսկ աշխատանքի տեղավորման գործակալությունները լավագույն դեպքում առաջարկում էին դեղատանը վաճառող աշխատել»։

Նա ասում է, որ հենց հիջաբը հանել է, միանգամից լավ վարձատրվող աշխատանք է ստացել, որն ամբողջությամբ ամապատասխանում է իր որակավորմանը։

 «Մեր հասարակությունը կողմնակալ է։ Ես երբեք կրոնական պրոպագանդայով չեմ զբաղվել և ընդհանրապես չեմ սիրում իմ հավատքի մասին խոսել։ Սակայն աշխատավայրում անընդհատ բախվում եմ աննորմալ հարցերի, տարօրինակ նախապաշարմունքների։ Օրինակ՝ երբ քննարկում էինք արմատական իսլամիստների մասին նորությունները, ես ամեն անգամ ուշադրության կենտրոնում էի հայտնվում։ Շատերը բոլոր հավատացյալներին արմատական իսլամիստների և ահաբեկիչների հետ են ասոցացնում։ Դա անարդար է»։

«Միայնակ կանանց համար ծածկած գլուխը ուրիշների կողմից չդատվելու երաշխիք է»

Եվրաինտեգրման կանանց կենտրոնի ղեկավար Նազաքյաթ Զեյնալին հաստատում է, որ հիջաբով կանայք հաճախ են աշխատանքի հետ կապված խնդիրների բախվում։ Նրա խոսքով՝ հաճախ այդպիսի խնդիրներ առաջանում են նրանց մոտ, ում աշխատանքը ցածր որակավորում է պահանջում։

«Դայակի կամ հավաքարարի աշխատանք գտնելու համար կանայք մշտապես բախվում են խտրականության։ Որոշ ընտանիքներ վախենում են, որ դայակի կրոնական հայացքները կազդեն երեխայի վրա»։

Ըստ Զեյնալիի՝ այն, որ կանայք ծածկում են գլուխը, պարտադիր չէ, որ կրոնական հայացքների հետ կապ ունենա։ Ոմանք ձգտում են ավելի «համեստ» երևալ իրենց վտանգներից ապահովագրելու համար։

«Կանայք գլխաշոր են կրում բաժանվելուց կամ այրիանալուց հետո շրջապատի մարդկանց քննադատությանը չարժանանալու համար։ Նրանք ասում են, որ գլխաշորով աշխատանքի գնալիս իրենց որոշ առումով ապահովագրված են զգում հետևյալ հարցերից՝ «Ինչո՞ւ ես ուշ վերադառնում ախատանքից» և այլն»։

Բանն այն է, որ ադրբեջանական հասարակության պահպանողական շրջանակներում մինչև հիմա խիստ կանոններ կան կանանց համար։ Օրինակ, սեքս՝ միայն ամուսնացած ժամանակ, մինչև մունթն ընկնելը տանը լինել և այլն։ Այս կանոնները խախտողները քննադատվում են և անգամ կարող են բռնության ենթարկվել։ Հիջաբը կարծես հարևաններին ասում է․ «Ես բարից չեմ գալիս, աշխատանքի էի»։

Լուսանկարը՝ JAMnews-ի, Բաքու

«Հիջաբի համար պայքարի» մասին

Մի քանի տարի առաջ Ադրբեջանում հիջաբի խնդիրը շատ ավելի սուր էր։

2011թ-ի սկզբին ադրբեջանական դպրոցներում միասնական դպրոցական համազգեստ մտցրին։ Հիջաբն առանց այդ էլ Ադրբեջանում նախկինում էլ չէր թույլատրվում դպրոցում կապել՝ բացառությամբ Նարդարան արմատական-կրոնական ավանի։

Ադրբեջանն աշխարհիկ երկիր է, սակայն օրենքներում հիջաբի և կրոնական այլ ատրիբուտների արգելքներ չկան։

Կրթության նախարարության համար միասնական համազգեստ մտցնելն առիթ եղավ դպրոցներում կտրականապես հիջաբն արգելելու համար։ Իսկ Ադրբեջանի իսլամական կուսակցության համար դա հազարավոր մարդկանց փողոց դուրս բերելու առիթ էր։ Եվ պայքար սկսելու, որ աղջիկները հիջաբով կարողանան դպրոց և բուհ գնալ։

Ընդհանուր առմամբ, պայքարը հաջողությամբ պսակվեց․ հիջաբը թույլատրվեց։ Սակայն բողոքի ցույցը դաժանաբար ճնշվեց, Ադրբեջանի իսլամական կուսակցության 31 ակտիվիստ տարբեր մեղադրանքներով տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեց։

Նրանցից երեքը, որոնք 5-6 տարվա ազատազրկման էին դատապարտվել, ազատ են արձակվել 2018թ-ի ապրիլին։

«Ձգտում եմ աշխատանքով ապահովել միայն իսլամի գծով եղբայրներիս և քույրերիս»

23-ամյա Զամինան չադրա (սև գույնի երկար կրոնական զգեստ, որը ծածկում է մարմինը ոտքից գլուխ) է կրում։ Սակայն նրա բախտն ավելի շատ է բերել, քան մեր մյուս հերոսուհիներինը։ Նա վաճառող է աշխատում Բաքվի կենտրոնի խանութներից մեկում։ Աշխատավարձն էլ, իր խոսքով, «նորմալ» է։

Բանն այն է, որ նա աշխատում է Muslim Shop-երից մեկում, որոնց քանակը երկրում աճում է։

«Ինձ համար այստեղ աշխատելը շատ հարմար է։ Սակայն մյուս մուսուլման կանայք հնարավորություն չունեն այսպիսի աշխատանք գտնելու։ Չէ՞ որ այդպիսի խանութներն այնքան էլ շատ չեն, որպեսզի բոլորին աշխատանքով ապահովեն։ Օրինակ, իմ երկու ավագ քույրերը, որ բարձրագույն կրթություն ունեն, տարիներով առանց աշխատանքի նստած են»։

Խանութի տերն ասում է․

«Ինչ-որ մեկի հետևից հարևանը շշնջում է․ «Դրանք վահաբիտներ են, ահաբեկիչներ»։ Ինչ-որ մեկին չի ընդունում իր հարազատ ընտանիքը։ Ոմանց նեղում են դպրոցներում և համալսարանում։ Ոմանք տարիներով չեն կարողանում աշխատանքի տեղավորվել։ Այդ պատճառով էլ  ես՝ որպես ձեռնարկատեր և մուսուլման, ձգտում եմ աշխատանքի տեղավորել իսլամի գծով իմ եղբայրներին և քույրերին»։

Լուսանկարը՝ JAMnews-ի, Բաքու

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում