Լուսանկարներ և տեսանյութ 101 տարի առաջ Նյու Յորքում ստեղծված «Մեգերյան» ընկերության արվեստանոցից " />

600 երանգ վեց գույնից՝ ինչպես են Երևանում գորգեր ստեղծում ու վերականգնում

Լուսանկարներ և տեսանյութ 101 տարի առաջ Նյու Յորքում ստեղծված «Մեգերյան» ընկերության արվեստանոցից

Սա Հայաստանի միակ թանգարանն է, ուր մտնելուց հետո ամեն քայլդ զգույշ ես դնում, որովհետև ոտքերիդ տակ անպատմելի գեղեցկության նախշեր են փռված: Թանգարանի աշխատակիցը միանգամից հանգստացնում է.

«Հանգիստ քայլեք գորգի վրայով, ոչինչ չի պատահի»:

101 տարի առաջ Նյու Յորքում հիմնադրված «Մեգերյան» ընկերությունը զբաղվում էր  հին և նոր գորգերի առք ու վաճառքով, լվացմամբ և վերանորոգմամբ: 1970 թվականին ընկերությունը հիմնում է իր առաջին գորգերի պատրաստման գործարանը Եգիպտոսում, ապա՝ նաև այլ երկրներում: 2002 թվականին ընկերությունը գնում է «Հայգորգ» խորհրդային հիմնարկի շենքը, որտեղ էլ այսօր տեղակայված է կարպետների այս բացառիկ թանգարանը:

«Մեգերյան կարպետ» ընկերության կողմից ստեղծված գորգերը ներկվում են բացառապես բնական ներկերով: Օրինակ, դեղինի մի երանգը՝ անթառամ ծաղկից եմ ստանում,  մյուսը՝ սպիտակ թթի ծառի թեփից, շագանակագույնը՝ ընկույզի կեղևից, բաց դարչնագույնը՝ սպիտակ նռան կեղևից, որը հանդիպում է հիմնականում Մեղրիում:

Նախկինում հայերը կարմիր գույնը ստանում էին Որդան կարմիր կոչվող միջատից , սակայն այսօր միջազգային շուկայում այդ ներկի մեկ գրամն արժե ավելի թանկ, քան ոսկին:

Կարդացեք նաև կայքում. Հայաստանում որդան կարմիր միջատի արգելավայրի խնդիրների մասին

Այժմ կարմիրը ստանում են տորոնի արմատներից: Նույն ներկով հայկական ընտանիքներում ներկվում են նաև Զատկի տոնական ձվերը: Միակ գույնը, որ ընկերությունը ներկրում է արտասահմանից, հնդկական ինդիգոն է: Դրանից ստանում են մուգ կապույտը:

Այս 6 գույների համադրությունից Մեգերյան ընկերությունում ստանում են ավելի, քան 600 երանգի գույներ, որոնք ամրացվում են 4 բնական միջոցներով. շիբով, կրաքարով և ևս երկու ամրացուցիչներով, որոնց մասին ընկերությունը տեղեկություն չի հայտնում՝ կորպորատիվ գաղտնիք է: Սրանցով ամրացված գույները պահպանվում են դարերով: 

Թանգարանում պահվող ամենահին գորգը 400 տարեկան Վասպուրականն է: Գորգի երկու կողմերը ակնհայտ գունային տարբերություն ունեն: Գորգի ձախ կողմը վերականգնվել է Խորհրդային Միության տարիներին՝ քիմիական նյութերով, աջ կողմը՝ չի տուժել և 400 տարի քիմիական մշակաման չի ենթարկվել: Գորգն ապացուցում է, որ բնական ներկերով պատրաստված թելերը չեն գունաթափվում: 

Այս թանգարանում է գտնվում սովորականից ավելի մեծ չափերի դազգահը, որի վրա գործվել է Երևանի 2800-ամյակին նվիրված գորգը: Դրա վրա աշխատել են 4 վարպետներ՝ ավելի, քան մեկ տարի: Այդ գորգում պատկերված են Երևանի պատմության ամենակարևոր դրվագները: 

Մեգերյան ընկերությունում 30 գորգագործ է աշխատում:

Մեգերյան ընկերությունը աշխարհի բոլոր երկրներից ձեռք է բերում հին հայկական գորգեր, որոնց նախշերն այնուհետև, դիզայներների շնորհիվ, վերածնվում են նոր գորգերում: 

Պատրաստի գորգերը նախ խուզվում են, ապա 4-5 անգամ սանրվում՝ բացառապես ձեռքով, որպեսզի ավելորդ մազմզուկները հետագայում դուրս չգան և չկեղտոտեն հատակը: Այնուհետև գորգերը հակառակ կողմով ամրացվում են հատակին և պատվում ծառի խեժով, ինչի շնորհիվ ապահովագրվում են ցեցից: Մեկ գորգի մշակման աշխատանքը տևում է շուրջ մեկ ամիս:  

Լոռի գորգերի այս տեսակը, որի բնօրինակը գտնվում է էջմիածնի գանձարան-թանգարանում, կրկնօրինակվել է միայն 6 անգամ: Այն վաճառքի ենթակա չէ: Այս բացառիկ գորգերը ընկերությունը նվիրում է մարդկանց, ովքեր որոշակի ավանդ են ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ, Հայաստանն ավելի ճանաչելի ու հասկանալի են դարձրել աշխարհի համար:

5 գորգերն արդեն հանձնվել են տերերին՝ Շառլ Ազնավորին, Հռոմի Ֆրանցիսկոս պապին, Արամ Ա կաթողիկոսին, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին:

Պատրաստի ևս մեկ գորգ սպասում է իր նոր տերերին՝ Ջորջ և Ամալ Քլունիներին:

Թանգարանում ցուցադրված որոշ գորգերի միջոցով նաև գերդաստանների պատմություն է վերհանվում:

150-ամյա այս Վահանագորգը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: 1915 թվականին մայրը ընտանեկան կարպետը կիսել է ու բաժանել երկու դուստրերի միջև, որոնք ստիպված են եղել բաժանվել իրարից: 50 տարի անց հենց այս կեսերի շնորհիվ քույրերը վերգտել են իրար Նյու Յորքում: 

Յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի, երբեմն էլ որոշակի խորհուրդ է կրում:

200-ամյա Նշագորգը պտղաբերության խորհուրդ ունի: Կանայք, ովքեր չեն կարողացել մայրանալ, կամ աղջիկները, ովքեր ցանկացել են ամուսնանալ, հավատացել են, որ իրենց ձեռքով գործված Նշագորգը կկատարի իրենց երազանքը: 

Հայ գորգագործների համբավը տարածված է եղել ամբողջ աշխարհով: Այսպես՝ պարսից խաներից մեկը շուրջ 200 տարի առաջ հենց հայ վարպետներին է պատվիրել Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգության մոտիվներով գորգի պատրաստումը: 

Թանգարանի տպավորիչ նմուշներից է աշխարհի ամենահին գորգը` Պազիրիկը, որի բնօրինակը գտնվում է Էրմիտաժում:

Գերմանացի գիտնականները պնդում են, որ գորգը ստեղծվել է մոտավորապես մ.թ.ա. 5-րդ դարում և հայկական ծագում ունի:  

Որպես ապացացույց բերում են 3 հիմնական փաստարկ: Գորգը գործված է հայկական կրկնակի հանգույցով, ներկված է Որդան կարմիր ներկով, որը ստացվում է Արարատյան դաշտավայրում հանդիպող նույնանուն միջատից, իսկ նախշերը կրկնում են ուրարտական արքայական պալատի որմնանկարները: 

Թանգարանում ցուցադրվում են նաև բացառիկ արծաթյա զարդեր, որոնց վրա նույնությամբ վերարտադրվում են հին հայկական գորգերի նախշերը: 

Թանգարանում կա նաև վաճառքի սրահ, որտեղ ներկայացված են և հին, և նոր գորգեր: 

Մեգերյան կարպետների թանգարանում ոչ միայն ստեղծում, ցուցադրում կամ վաճառում են գորգերը, այլև պահպանում են մշակույթը, վերականգնում գորգագործության ավանդույթները՝ հնագույն նմուշների օրինակով:


Կարդալ ավելին JAMnews-ում