Փողոց էին դուրս եկել շատ տարբեր մարդիկ տարբեր սպասելիքներով, բայց մի ընդհանուր նպատակով " />

Հինգ պատմություն. ովքեր իրագործեցին թավշյա հայկական հեղափոխությունը

Փողոց էին դուրս եկել շատ տարբեր մարդիկ տարբեր սպասելիքներով, բայց մի ընդհանուր նպատակով

Անի

Մայիսի 8-ին Ազգային ժողովում ընտրվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է Հանրապետության հրապարակ: Այնտեղ նրան սպասում են շարժման հազարավոր մասնակիցները: Բայց Աբովյան փողոցում նորընտիր վարչապետի մեքենան խցանման մեջ է ընկնում: Անշարժ շարված հարյուրավոր մեքենաներից մեկի մեջ հիվանդանոցից փախած Անին է:

Անի Վարդանյանը 18 տարեկան է, «ԵՊՀ Ռեստարտ» ուսանողական  նախաձեռնության անդամ: Քաղաքական ակցիաների երբեք չի մասնակցել: Երբ սկսվեց ապրիլյան շարժումն ընդդեմ իշխանությունների՝ էլի չէր պատրաստվում փողոց դուրս գալ, եթե չլիներ իր վրա ճնշում գործադրելու փորձը.

«Ապրիլի 13-ին մենք դասի էինք, երբ պարզեցինք, որ համալսարանի ղեկավարները փակել են դռները և թույլ չեն տալիս ուսանողներին դուրս գալ շենքից: Այդ օրը ես ուղղակի հասկացա, որ եթե ես այսօր դուրս չգամ, հետո բոլոր դռներն իմ առջև փակվելու են: Մենք երբեք որևէ քաղաքական ակցիայի չենք մասնակցել: Մեր նախաձեռնության միակ նպատակը եղել է և մնում է որակյալ կրթական համակարգ ունենալը, բայց նույն համակարգն՝ իր այդ քայլով, մեզ փողոց հանեց»:

Ուսանողական այս շարժումը կարճ ժամանակում ինքնակազմավորվեց և փողոց հանեց տասնյակ հազարավոր ուսանողների: Երիտասարդները դարձան հեղափոխության գլխավոր սիմվոլը:

Ապրիլի 16-ին Անին ընկերների հետ Բաղրամյան պողոտայում էր՝ խորհրդարանի շենքի մոտ: Ընկերոջ ուսերին նստած՝ տեսնում էր ոստիկանական զորքերի մոտենալը, բայց մեջքի հետևում բազմություն էր, որի ծայրը չէր երևում:

Հաշված րոպեներ հետո ոստիկանությունը սկսեց հատուկ գործողությունը: Ձայնային  նռնակը պայթեց Անիի ոտքերի տակ.

«Ոտքս լուրջ վնասվեց, ինձ արագ տեղափոխեցին հիվանդանոց: Այդ օրվանից ի վիճակի չէի տանից դուրս գալ, ֆիզիկական ցավը թույլ չէր տալիս: Այսօր հիվանդանոցում էի, վիրակապության. բժիշկս ասաց, որ գուցե վիրահատության կարիք լինի:

Հիվանդանոցում պառկած՝ ուղիղ եթերով նայում էի ԱԺ քվեարկությունը, և երբ հասկացա, որ հարցեր չեն լինելու, փախա հիվանդանոցից, նստեցի տաքսի, ուզում էի հասնել հրապարակ՝ տեսնելու այս հաղթանակը, բայց այդպես էլ տեղ չհասա: Հաղթանակը տոնեցի ընկերուհուս և անծանոթ վարորդի հետ՝ խցանման մեջ»:

Իսկ վերջնական հաղթանակն, Անիի հասկանալով, այն երկրի կառուցումն է, որտեղ մարդիկ կուզենան ապրել.

«Ես ուզում եմ, որ նոր կառավարությունը՝ ով  էլ լինի, հստակ իմանա, որ, եթե կրկնեց նախորդի սխալները, իրեն սպասվում է նույն ճակատագիրը: Մենք արդեն պատրաստի, կոփված ընդդիմություն ենք, որը շատ հստակ պահանջներ ունի իշխանությունից»: 

Էդիկ

Նոր վարչապետին հրապարակում դիմավորում են պետական հիմնը երգելով: Գրեթե մեկ ամիս տևած պայքարի ողջ ընթացքում առաջին անգամ է հիմնը հնչում: Տասնյակ հազարավորների հետ հրապարակում կանգնած է Էդիկը:

Նրան ճանաչելը բարդ չէ. եզրավոր գլխարկով՝ վրան փետուր: Էդիկ Պողոսյանը Հայաստան է տեղափոխվել 2007 թվականին Իրանից: Նկարիչ է, բայց հայաստանյան հասարակությանն ավելի հայտնի է ժամանակակից իրանական գրականության թարգմանություններով:

Լուսանկարը՝ Էդ Թադևոսյանի

Էդիկն ասում է՝ հիմնի այս կատարման ժամանակ հասկացավ՝ հայրենիք տեղափոխվելու որոշումը ճիշտ էր:

«Ես վերապահումներով եմ մոտենում հեղափոխություն բառին, որովհետև տեսել եմ Իրանի իսլամական հեղափոխությունը: Դրանք բացարձակապես տարբեր բաներ են: Ես ուրախ եմ այն փոփոխությունների համար, որ տեղի ունեցան, որովհետև դրանք պետք էին»,– ասում է Էդիկը:

Նրա կարծիքով՝ միակ հեղափոխական օրը ապրիլի 22-ն էր, երբ ձեռբակալեցին շարժման առաջնորդ Փաշինյանին: Այդ օրը հեղափոխություն եղավ մարդկանց գիտակցության մեջ.

«Այդ օրը հրապարակում ամենաշատ մարդիկ հավաքվեցին, որովհետև հենց այդ օրը նրանք հասկացան, որ պայքարն արդեն իրենց է վերաբերում: Այդ օրը քաղաքացի ձևավորվեց: Պայքարն ապակենտրոնացավ, մարդիկ ինքնակազմակերպվեցին՝ առանց առաջնորդի: Այդ օրը յուրաքանչյուրը հասկացավ, որ պայքարը ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի է, կամ նրա համար, այլ հենց իր»:

Պայքարի ընթացքում Էդիկի աչքից ոչինչ չի վրիպել.

«Երթի ժամանակ մարդկանցից մեկը կողքիններին արևածաղիկ էր բաժանում: Առաջին հայացքից՝ էական բան չէ, բայց սա նշանակում է, որ հասարակությունը, որը բազմաշերտ է, կարող է հարաբերվել, ունենալ մեկ ընդհանուր նպատակ:

Ցույցի ժամանակ Կոմիտաս էլ հնչեց, Թաթա էլ, արևածաղիկ էլ կար, քաբաբ էլ, շոկոլադ էլ: Իրական հեղափոխությունը հենց այն կլինի, որ մշակութային այս բազմազանությունն ընդունի իրար ու սովորի ապրել՝ իրար հավասարակշռելով: Երբ մարդիկ սովորեն իրար բարևել, աղբը փողոցում չթափել, փողոցը սահմանված վայրում անցնել»:

Տեղի ունեցած իշխանափոխությունից Էդիկը «քաղաքական հրաշքներ» չի ակնկալում, բայց պահանջում է, որ նոր կառավարությունը իրականացնի բոլոր խոստումները:

Լեյլա

Հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է՝ բեմի առաջ, կարի մեքենա է դրված: Ճերմակ շապիկով կինը հենց տեղում հսկա Եռագույն է կարում:

Կարի գործընթացին ցուցարարների առաջին շարքից հետևում է  Լեյլա տատիկը:

Լուսանկարը՝ Անուշ Քոչարյանի

Հանրահավաքից ժամեր առաջ տատը արդեն հրապարակում է, որպեսզի առաջին շարքից հետևի տեղի ունեցող իրադարձություններին: Լավ չի լսում, առաջին շարքում կանգնած՝ կարողանում է ելույթ ունեցողների շուրթերից  կարդալ:

Լեյլա տատին առաջին անգամ լուսանկարեցին ու հայտնի դարձրին սոցիալական ցանցերում  մայիսի մեկին: 12 ժամ Հանրապետության հրապարակում ոտքի վրա կանգնած 78-ամյա կնոջը նկատել էին բոլորը: Ժիր, կենսուրախ Լեյլա տատը կյանքում գրեթե ամեն ինչ տեսել է՝ աքսորից մինչև պատերազմ: Ցույցերին մասնակցել է 2008 թվականից:

«Մարտի 1-ին ես ցույցի էի գնացել, ամեն ինչ տեսել եմ: Այդ օրը վրաս նույնիսկ տանկ քշեցին, բայց ես չվախեցա, կանգնած մնացի: Նիկոլին այդ ժամանակ եմ տեսել: Շատ մարդիկ կային, բայց ես գիտեի, որ ղեկավարն ինքն է դառնալու»,– պատմում է տատը:

Արդար երկիր ունենալու հույսը նա կապում է ջահելների հետ՝ ավելի ուժեղ ու ավելի խելացի են:

Հույս ունի նոր Հայաստանում ծննդյան 100-ամյակը նշել.

«Ուզում եմ՝ աչքս տեսնի, թե ոնց են թոռներս, ծոռներս, բոլորը ապրում լավ Հայաստանում, խաղաղ Հայաստանում: Դեպի լավն ենք գնալու: Դժվար կլինի, բայց Նիկոլը դեպի լավը կտանի, հաստատ»:

Լևոն

Բեմահարթակի դիմաց՝ առաջին շարքում, նոր վարչապետին դիմավորում են ազատամարտիկները: Սայլակի վրա, ձեռնափայտով, զինվորական համազգեստով: Ընկերների կողքին կանգնած է նաև Լևոն Մարտիրոսյանը:

Ղարաբաղյան պատերազմական գործողություններին մասնակցել է և 1990-ականներին, և 2016-ի ապրիլին:

«Երկու անգամ շատ լուրջ մտածել եմ արտագաղթելու մասին: Առաջին անգամ՝ երկու տարի առաջ, բայց երբ պատերազմը սկսվեց, մնացի, գնացի կռիվ: Երկրորդ անգամ սկսեցի մտածել մի քանի ամիս առաջ: Ես փորձել եմ Հայաստանից հեռու ապրել, հետո հասկացել եմ, որ չեմ կարողանում:

Բայց երկիրը հասցրել էին մի վիճակի, երբ երեխաներիդ ապագան ուղղակի չես պատկերացնում: Պատերազմի ժամանակ ցուրտ, մութ, սովի տարիներ էին, բայց մարդիկ այսքան հուսահատ չէին, որովհետև գիտեին՝ հանուն ինչի են զրկանքներ կրում: Հարց է առաջանում՝ հիմա՛ հանուն ինչի»,– ասում է Լևոնը:

Պայքարի առաջին օրվանից մասնակցել է ցույցերին: Ամենաշատը ուրախանում է երիտասարդների մասնակցությունից:

«Ասում են, որ Հայաստանը ծերացող երկիր է: Բա որ ծերացող երկիր է, այսքան ջահել որտեղի՞ց այս երկրում: Հիմա հույսս այն է, որ այս վարչապետի կողքին երիտասարդներն են, հույսը չի դնի ծերացողների վրա»,- կատակում է Լևոնը:

Հավատում է, որ դրական փոփոխությունները կերևան արդեն 2-3 ամսից: Առաջինը, ինչ կուզենար նոր կառավարությունից, թոշակների բարձրացումն է:

Դավիթ

Հրապարակում մարդկանց գլխավերևում գույնզգույն հովանոցներն են հայտնվում: Ժամեր շարունակ հաղթանակ տոնողների մեջ հատկապես աչքի են ընկնում չորս աղջիկներ, որոնք հորդ անձրևի տակ առանց հովանոց ուրախ պարում են:

Բեմահարթակին կանգնած է Դավիթը: Ավելի զուսպ, քան մյուսները:

Դավիթ Հովհաննիսյանը MIND հասարակական կազմակերպության նախագահն է: Քաղաքացիական պայքարի մեջ վաղուց է: 2008-ի մարտի 1-ից հետո մասնակցել է գրեթե բոլոր քաղաքացիական ընդվզումներին: Դավիթը հեղափոխության գլխավոր կարգախոսի՝ #մերժիրսերժին արտահայտության հեղինակն է.

«Մեր պայքարը սկսվեց այս տարի՝ մարտի 1-ին: Ամենամյա երթից հետո ընկերներով հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել քաղաքական իրավիճակը: Մենք ուզում էինք ապացուցել, որ Հայաստանը Թուրքմենստան չէ, որ այստեղ թուրքմենբաշի լինել չի կարող, որ այստեղ ոչ ոք անփոխարինելի չէ:

Այդ քննարկումների արդյունքում ստեղծվեց  «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, որը հետագայում միացավ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» արշավին: Մենք մեզ համար մինիմում և մաքսիմում շեմ էինք սահմանել: Մինիմումը դիմադրությունն էր, Սերժ Սարգսյանի վերընտրությունը հնարավորինս բարդացնելը, մաքսիմումը՝ դրա խոչընդոտումը»:

Պայքարի սկզբում Դավիթի համար ակնհայտ դարձավ, որ ավագ սերունդը փոփոխությունների հույս ու սպասելիք այլևս չունի: Որոշվեց շեշտը դնել երիտասարդների վրա:

«2007 թվականից ասում էի՝ «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը՝ անխուսափելի»: Մարդիկ ինձ խելագարի կամ այլմոլորակայինի տեղ էին դնում, բայց ես հավատում եմ բնության օրենքներին. չէր կարող առաջադիմությունը չհաղթել հետադիմությանը»,– ասում է Դավիթը:

Նրա  կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցածը բացառիկ հեղափոխություն էր:  Իշխանափոխությունը դեռ նոր է սկսվում: Վերջնական նպատակը, ըստ Դավիթի, ժողովրդի կամքը բացարձակապես չարտահայտող Ազգային ժողովի լուծարումը և ազատ, արդար ընտրությունների անցկացումը կլինի.

«Սերժ Սարգսյանի հրաժարականը միայն առաջին քայլն էր: Դրանից հետո պարզ դարձավ, որ այսուհետ քաղաքական պահանջ ձևավորողը դառնում է հրապարակը: Այդպես էլ եղավ: Դրանից հետո տեղի ունեցած բոլոր զարգացումների որոշողը, օրակարգ թելադրողը դարձավ քաղաքացին: Սա հեղափոխության գլխավոր ձեռքբերումն էր»:


Կարդալ ավելին JAMnews-ում