Սցենարը նույնն է. գիշերային ակումբ այցելելուց հետո մարդը տուն է վերադառնում, քնում է և չի զարթնում" />

Հինգ մահ՝ մեկ շաբաթում: Վրաստանում մարդասպան թմրանյութ է հայտնվել

Սցենարը նույնն է. գիշերային ակումբ այցելելուց հետո մարդը տուն է վերադառնում, քնում է և չի զարթնում

Նարկոքաղաքականության ազատականացման պահանջով ակցիա Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: 2018թ-ի հունվար: Լուսանկարը՝ Բեքա Բուխնիկաշվիլիի

Նվազագույնը 5 մարդ է մահացել, ավելի քան 10 մարդ՝ թունավորման ծանր ազդեցության ենթարկվել վերջին յոթ օրվա ընթացքում: Դժբախտ դեպքերի պատճառը մինչ այս անհայտ թմրանյութն է: Արդեն մեկ շաբաթ է՝ մարդիկ թունավորվում են, սակայն լաբորատոր պայմաններում դեռևս պարզված չէ, թե ինչն է սպանում երիտասարդությանը:

Մայիսի 8-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է թմրանյութերի իրացման՝ համացանցում հայտնաբերված հանցավոր սխեմայի մասին: Երկու մարդ է ձերբակալվել:

JAMnews-ը տվյալներ է հրապարակում այն մասին, թե ինչ է մեզ հայտնի այս պահի դրությամբ, և ինչ փաստարկներ են բերում նարկոքաղաքականության ազատականացման կողմնակիցներն ու հակառակորդները:

_________________________

Մահվան բոլոր դեպքերը նման են. երիտասարդներն ակումբում թմրանյութեր են օգտագործել, տուն վերադարձել և առավոտյան չեն զարթնել:

• Ապրիլի 26-ին 22-ամյա երիտասարդը գիշերային ակումբից տեղափոխվել է Գուդուշաուրիի անվան հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել:

•  Ապրիլի 28-ին երիտասարդ աղջիկը տուն է վերադարձել ակումբից, պառկել քնելու, իսկ առավոտյան նրան մահացած են գտել:

•  Մայիսի 5-ին վաղ առավոտյան երեք երիտասարդ իրենց տներն են վերադարձել գիշերային ակումբից: Նրանց ընտանիքի անդամներն այդպես էլ չեն կարողացել նրանց արթնացնել: Մահացածների ընկերները ենթադրում են, որ գիշերային ակումբներում նրանց թմրանյութի փոխարեն թունավոր նյութ են տվել:

Շատ ավելի մեծ թվով մարդիկ հիվանդանոցում են հայտնվել ուժեղ թունավորման ախտանիշներով, որն առաջացրել է անհայտ թմրանյութի ընդունումը: Բոլոր նրանք, ում բժիշկները կարողացել են փրկել, հիվանդանոց տեղափոխվելիս գտնվել են խորը կոմայի մեջ: Ոմանք մինչև հիմա էլ կոմայի մեջ են, և նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Ալադաշվիլիի անվան հիվանդանոցի կլինիկական դեպարտամենտի ղեկավար Լևան Ռատիանին «Ռուսթավի-2»-ի հետ զրույցում հաստատեց, որ հիվանդանոցում մի քանի հիվանդ թմրանյութերով թունավորման դեմ բուժում է անցնում, սակայն, ըստ նրա, բժիշկները չեն հստակեցնում, թե ինչ նյութ է նրանց այդ վիճակի մեջ գցել:

«8 հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց գիտակցության խորը կորստի, ուժեղ դժվարացած շնչառության ընդհանուր միանման հատկանիշներով: Նրանք բոլորը միացվել են արհեստական շնչառության սարքին: Ոմանց արդեն դուրս են գրել: Մյուսները դեռ սարքին միացված են, նրանց վիճակը նախկինի պես ծանր է», — հայտարարել է Լևան Ռատիանին:

ՆԳՆ-ն կալանավորել է համացանցի միջոցով թմրանյութեր տարածողներին

Մայիսի 8-ին մամուլի ասուլիսին ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ ՆԳՆ-ն համացանցով թմրանյութերի իրացման հանցավոր սխեմա է բացահայտել: Գործողությունն անցկացվել է քրեական ոստիկանության դեպարտամենտի և գլխավոր դատախազության համատեղ ուժերով: Հետաքննությունը երկու ամիս է տևել: Թմրանյութերն առցանց տարածողները կալանավորվել են Թբիլիսիում. նրանցից մեկը 1991թ-ին ծնված կին է, մյուսը՝ 1994թ-ի ծնված տղամարդ: ՆԳՆ-ում պնդում են, որ նրանք հանցավոր սխեմայի մասնակիցներ են, որը բացահայտել են իրավապահները:

Այդ սխեման ենթադրում էր, որ թմրանյութ գնելու ցանկություն ունեցողները կապ էին հաստատում մեղադրյալների հետ առցանց-ապլիկացիաներից մեկի միջոցով: Այն բանից հետո, երբ պատվիրվում էր հարկ եղած տեսակի և քանակի թմրանյութ, գնորդը մեղադրյալներից հաղորդագրություն էր ստանում՝ հաշվեհամարի և գումարի մասին տվյալներով, որոնք անհրաժեշտ են գումարը փոխանցելու համար: Գումարը հաշվին նստելուց հետո գնորդը նույն ապլիկացիայի միջոցով ֆոտոհաղորդագրություն էր ստանում, որի օգնությամբ նա այս կամ այն վայրում գտնում էր գնված թմրանյութը: Քննությունը բացահայտել է այսպես կոչված գաղտնարանները, որոնք գտնվում էին Թբիլիսիի տարբեր թաղամասերում: Դրանք տեղակայված էին ինչպես բնակելի տներում, այնպես էլ այլ շենքերում, որտեղ սովորաբար բավականին մարդաշատ է: Կալանավորված կնոջ մեքենայում ոստիկանությունը 43 «ծանրոց» է հայտնաբերել, որոնք պատրաստ էին իրացման համար: Թմրանյութերի ապօրինի տարածման փաստով ձերբակալվածների դեմ քրգործեր են հարուցվել ՔՕ 260-րդ հոդվածի 1 և 4 մասերով:

Ի՞նչն է սպանում մարդկանց

Ի սկզբանե մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ նվազագույնը 5 մարդու կյանք է խլել մեֆեդրոնը՝ հզոր հոգեխթանիչը, որը հայտնի է նաև «լոգանքի աղ» անվամբ: Սակայն թմրագետների մի մասը պնդում է, որ այն ախտանիշները, որոնցով մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել, ավելի շատ համապատասխանում ենն ոչ թե մեֆեդրոնի ազդեցությանն, այլ ափիոնային խմբի թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի:

«Մեֆեդրոնը խթանիչ թմրանյութ է և քնկոտություն չի առաջացնում: Իսկ մահացածները սուր շնչառական անբավարարության զոհ են դարձել: Դա բնորոշ է ափիոնային թմրանյութերին: Մեֆեդրոնն ու այլ խթանիչներն անքնություն են առաջացնում», —On.ge պարբերականի հետ զրույցում նշել է «Ուրանտի» բուժկենտրոնի ղեկավար, թմրաբան Զուրաբ Սիխարուլիձեն:

Նույնն են ասում նաև «Սպիտակ աղմուկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք կողմ են պետական նարկոքաղաքականության ազատականացմանը:

«Սև շուկան լի է թմրանյութերով, որոնք վտանգավոր են կյանքի համար… Դատելով կլինիկական հատկանիշներից՝ մարդկանց մահն առաջացրել է ֆենտալինի օգտագործումը: Այն ափիոնային թմրանյութ է, որն ազդեցությամբ գերազանցում է հերոինը 50 անգամ, իսկ մորֆինի ազդեցությունը՝ 80 անգամ», — ասված է «Սպիտակ աղմուկ» շարժման հայտարարությունում:

Սաբոտա՞ժ

Մահացածների ընկերները լրագրողների հետ զրույցներում պնդում են, որ նրանք թեթև ակումբային թմրանյութեր են ընդունել (օրինակ, MDMA), սակայն ոչ մեֆեդրոն կամ ֆենտալին: Նրանց կարծիքով՝ զոհերին կարող էին խաբել և պարզապես անհայտ թմրանյութ տալ: «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդներն ընդհանրապես կասկածում են, որ առկա է սաբոտաժ. իշխանությունը ցանկանում է նարկոքաղաքականության ազատականացման հարցում բացասական հասարակական տրամադրություն ստեղծել և թմրանյութերն ապաքրեականացնելու փոխարեն, ընդհակառակը, խստացնել նարկոքաղաքականությունը:

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ ամենը նպատակաուղղված է տեղի ունենում… Կատարվող դեպքերը դիվերսիա են հիշեցնում, որի ժամանակ սպառողներն ամբողջությամբ անպաշտպան են լինում»,ընդգծված է «Սպիտակ աղմուկ» շարժման հայտարարությունում:

Կազմակերպությունը կոչ է անում թմրանյութերի բոլոր սպառողներին զերծ մնալ  ցանկացած նյութի օգտագործումից:

«Կասկածում ենք, որ մահացու ելքերի պատճառը ոչ միայն այսպես կոչված «մեֆեդրոնն» է եղել… բոլոր թմրանյութերում անհայտ նյութեր են առկա», — ասված է հայտարարությունում:

Համացանցում թմրանյութերը վաճառվում են բիթքոյինի դիմաց

«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը սեփական հետաքննությունն է անցկացրել: «Պոստսկրիպտում» հաղորդման լրագրողը գրանցվել է ռուսալեզու կայքում: Այնտեղ ներկայացված են ԱՊՀ բոլոր երկրները. դիլերներն աշխատում են այդ ողջ տարածքում: Այնտեղ է նաև Վրաստանը: Ընդ որում, ցուցակում ոչ միայն Թբիլիսին է, այլ նաև շրջանները: Կայքում դիլերների մի քանի հայտարարություն կա: Նրանցից մեկն առաջարկում է 0,5գ մեֆեդրոն: Հաշվարկներն արվում են բիթքոյինով, ինչն ապահովում է անանունությունն ու բարդացնում իրավապահների աշխատանքը:

Լրագրող Միխայիլ Սեսիաշվիլին փոխանցել է բիթքոյինն ու 15 րոպե անց հաղորդագրություն ստացել, որ պատվերը պատրաստ է, ստացել GPS կոորդինատները. մեֆեդրոնը Թբիլիսիի ամենակենտրոնում էր՝ Գուդիաշվիլիի հրապարակում: Կցված էր մեֆեդրոնը թաքցնելու վայրի լուսանկարը: Դիլերները «մաքուր» են աշխատում. այն ամենն, ինչով հնարավոր էր պարզել, թե երբ և ում կողմից է արվել և ուղարկվել լուսանկարը, ջնջված էր:

Լրագրողն ուղևորվել է դեպի նշված վայրը: Գուդիաշվիլիի հրապարակը լի է երեխաներով և զբոսաշրջիկներով: Նա, ըստ ուղարկված լուսանկարի, գտել է մի հին կոնտեյներ, իսկ այնտեղ՝ դեղին թղթով կոնֆետի պես փաթաթված մի բան: Այդ ամենից հետո լրագրողը գործին հաղորդակից է դարձրել իրավապահներին: Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության ներկայացուցիչները: Դեղին փաթեթեում սպիտակ գույնի փոշի էր:

Ո՞րն է ելքը

Նարկոքաղաքաանության ազատականացման մասին քննարկումները շարունակվում են արդեն մի քանի տարի:

«Բիրժա Մաֆիա» երաժշտական դուետի անդամների կալանքի և ռեպրեսիվ նարկոքաղաքականության դեմ ակցիան Թբիլիսիում, 2017թ-ի հունիսի 10, լուսանկարը՝ Լևան Միկաձեի, JAMnews

Այս թեման Ֆեյսբուքում քննարկվում է ողջ վերջին շաբաթվա ընթացքում: Դրան են նվիրված վրացական հեռուստաալիքների թոք-շոուները:

Կոշտ նարկոքաղաքականության կողմնակիցներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ ազատականացումը կխթանի թմրանյութերի օգտագործման աճը: Առավելևս այնպիսի աղքատ երկրում, ինչպիսին է Վրաստանը, որտեղ թմրանյութեր օգտագործողների ցուցանիշն ավանդաբար բարձր է: Ոմանք նույնիսկ առաջարկում են կրճատել Թբիլիսիում վերջին ժամանակներս ավելացած գիշերային ակումբների թիվը: Նրանց կարծիքով՝ ակումբներում թմրանյութեր են վաճառում և այլասերում երիտասարդներին:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին ակցիա է անցկացնում «Բասիանի» գիշերային ակումբի մոտ՝ պահանջելով փակել այն: Լուսանկարը՝ Facebook

Մյուս ՝ նարկոքաղաքականության ազատականացման կողմնակիցների ճամբարում միասնական կարծիք չկա: Այնտեղ համաձայն են, որ թմրանյութերը պետք է օրինական ճանապարհով վաճառվեն, և մարդկանց չի կարելի նստեցնել օգտագործման համար, պետք է այլ կերպ վերաբերվել պատասխանատվության հարցին:

Կարծիք առաջին: Ազատականացման կողմնակիցների մի մասն, օրինակ, «Սպիտակ աղմուկ» շարժումը կարծում է, որ վերջին օրերին տեղի ունեցած ողբերգության համար պատասխանատվություն պետք է կրի իշխանությունը, որը երկրում կոշտ նարկոքաղաքականություն է վարում: Նրանք կարծում են, որ նարկոքաղաքականության ազատականացման պարագայում պետություն կկարողանա ավելի լավ վերահսկել իրավիճակը, մասնավորապես, նարկոշուկայում իրացվող ապրանքի որակը: Դա կկրճատի դժբախտ դեպքերի քանակը:

«Երկրում արտակարգ դրություն է, իշխանությունն անգործության է մատնված: Յուրաքանչյուր մարդու մահվան համար պատասխանատվությունը դնում ենք իշխանության վրա, որն իրավիճակի փոփոխման համար ինչ-որ բան անելու փոխարեն ոչ մի խոսք չի ասում երկրում ստեղծված ծանր դրության մասին»,ասված է «սպիտակ» շարժման հայտարարությունում:

Կարծիք երկրորդ: Ազատականացման կողմնակիցների մյուս մասը պետության մեղքը չի տեսնում ողբերգական դեպքերի մեջ: Նրանք համարում են, որ պետությունը պարտավոր չէ վերահսկել երկրում իրացվող թմրանյութերի որակը: Նրանք կարծում են նաև, որ նարկոքաղաքականության ազատականացումը չի կրճատի ողբերգական դեպքերի քանակը, և այդ փաստարկը պոպուլիստական են անվանում:

Այս տեսանկյան կողմնակիցները պնդում են, որ թմրանյութերը պետք է օրինականացնել, սակայն ոչ այն պատճառով, որ պետությունը պետք է հոգ տանի թմրանյութ օգտագործողների համար, այլ որովհետև յուրաքանչյուր մարդու անձնական գործն է, թե ինչպես ինքն իրեն վնասի: Իսկ նրա մեջ, որ նրանք իրենց վնասում են, պետության մեղքը չկա:

Կարծիք երրորդ: Ազատականացման կողմնակիցների երրորդ մասը նույնպես չի կիսում «սպիտակ աղմուկ» շարժման դիրքորոշումը պետության կողմից Վրաստանում իրացվող նարկոարտադրանքի որակի վերահսկողության ապահովման վերաբերյալ: Նրանք նաև համաձայն չեն երկրորդ խմբի հետ, որ ազատականացումը չի կրճատի դժբախտ դեպքերի քանակը:

Նրանց փաստարկը. թմրամոլությունը մարդկային կյանքեր է խլում նաև այն երկրներում, որտեղ թմրանյութերն ապաքրեականացված են, սակայն դժբախտ դեպքերի քանակը զգալիորեն քիչ է: Նրանք կարծում են, որ նարկոքաղաքականության ազատականացման դեպքում շուկան առանց պետության միջամտության կանցնի ինքնավերահսկման: Մրցակցության պայմաններում դիլերները կսկսեն մտահոգվել որակի մասին, և թեթև ակումբային թմրանյութեր վաճառողի մոտ ծանր սինթետիկ ափիոնային թմրանյութեր չեն հայտնվի:

Հասարակությունում ծավալված քննարկումներին արձագանքել է ներքին գործերի նախարարությունը: Փոխախարար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ նարկոհանցագործությունների դեմ պայքարը կխստացվի:

«Վնասակար և անվտանգ թմրանյութերի գոյության, «մեֆեդրոնի» մահացու լինելու և այլ սինթետիկ թմրաննյութերի կամ հերոինի ոչ մահացու լինելու մասին թեման, ինչպես նաև ազատականացման մասին անվերջ խոսակցություններն, ըստ էության, թմրանյութերի պրոպագանդա են, ոգեշնչում են նարկոհանցագործներին և խանգարում այդ ոլորտում կանխարգելիչ գործողություններին: ՆԳՆ կարևորագույն առաջնահերթություններից  մեկը նարկոհանցագործությունների դեմ պայքարն է, և այդ պայքարն այսօրվա մարտահրավերների ֆոնին ավելի կոշտ է լինելու»,հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին:


Կարդալ ավելին JAMnews-ում