Բոլոր գործերում նույն ազգանունն է առկա՝ իշխող կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյան" />

Հինգ ծեծված ընդդիմադիր մեկ շաբաթում. Ջավախքն ընտրարշավի ընթացքում վերածվել է «թեժ կետի»

Բոլոր գործերում նույն ազգանունն է առկա՝ իշխող կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյան

Ախալքալաք: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի

Նախընտրական իրավիճակը Ջավախքում լարված է մնում: Վերջին մեկ շաբաթում ենթադրաբար ընդդիմության հինգ անդամ հիվանդանոցում է հայտնվել: Նրանց բոլորին ծեծել են մահակներով:

Բոլոր գործերում առկա է մեկ մարդու անուն՝ իշխող «Վրացական երազանքի» անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի անունը:

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Հաղթող  չի եղել, և այժմ սպասվում է երկրորդ փուլ, որը կանցկացվի ենթադրաբար դեկտեմբերի 2-ին: Քվեարկության հստակ ամսաթիվը ԿԸՀ-ն դեռ չի հայտարարել:

 

Նախագահի իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և միացյալ ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի ձայները գրեթե հավասար են բաշխվել՝ համապատասխանաբար 38,4% և 37,73%:

_______________

Ախալքալաքում անհայտ անձինք հարձակվել են տեղի բնակիչ Ռեմիկ Պողոսյանի վրա, որն ընդդիմությանն է աջակցում: Նա վնասվածքներով և ուղեղի ցնցումով հիվանդանոց է տեղափոխվել:

Պողոսյանի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հարցազրույց է տվել «Ռուսթավի-2»-ին, որում պատմել է Հենզել Մկոյանի՝ Վրաստանի խորհրդարանի այդ ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի բիզնեսի և կոռուպցիոն գործարքների մասին:

Թե ինչպես են Վրաստանի հայկական քաղաքում նախագահ ընտրել Սաակաշվիլիին, որը ցուցակում չի եղել

Նախագահական ընտրությունները Վրաստանում: Ինչո՞ւ են իշխանութունները խոսում քաղաքացիական պատերազմի մասին

25 լուսանկար Ջավախեթիից, Վրաստան. գյուղեր, լճեր, թռչուններ

Ջավախեթիում ինչ-որ բան է փոխվել

Միջանցք

«Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում Պողոսյանը հայտարարել է, որ Հենզել Մկոյանը վերահսկում է ողջ շրջանը, գրեթե բոլոր բիզնեսները նրանն են, և անգամ կարտոֆիլի գինը նա արհեստականորեն կարգավորում է, ինչի հետևանքով բազմաթիվ տեղացի ֆերմերներ վնասներ են կրում: «Ռուսթավի-2»-ի հաղորդումից երկու օր էլ չանցած՝ նրան ծեծել են մահակներով:

Տուժած Ռեմիկ Պողոսյանը: Լուսանկարը՝ «Սամխրետիս կարիբչե»

Երեք տարբեր վարկած

Շրջանում կատարվածի երեք վարկած կա:

1)«Ազգային շարժման» Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռայիսյանն ասում է, որ Պողոսյանին ծեծել են «Վրացական երազանքի» ակտիվիստները, և դրա հետ կապ ունի Հենզել Մկոյանը:

2) Հենզել Մկոյանը հերքում է միջադեպին իր մասնակցությունը: «Վրացական երազանքի» ներկայացուցիչները պնդում են, որ Պողոսյանը տուժել է Չանդուրա գյուղում տեղական թիմերի միջև ֆուտբոլային խաղի ժամանակ, իսկ քաղաքականությունը բնավ կապ չունի, միջադեպն ուռճացվել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության կողմից, հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրական շտաբի պետ Նաիրի Իրիցյանը:

3)Տուժած Պողոսյանը, որը հիվանդանոցում է գտնվում, հերքում է հարձակման փաստը: Ինչպես հաղորդվում է «Սամխրետիս կարիբչե» պարբերականի կայքում, Պողոսյանն իրեն հարցաքննելու եկած ոստիկաններին ասել է, որ վնասվածք է ստացել, երբ իր տանը փայտ կոտրելիս է եղել:

«Հարցման ընթացքում պարզվել է, որ նա փայտ կոտրելիս է եղել, սայթաքել-ընկել է, գլուխը խփել գետնին և վնասվածքներ ստացել», – «Սամխրետիս կարիբչեի» թղթակցին ասել են ՆԳՆ-ում:

Միաժամանակ ՆԳՆ-ն շարունակում է հետաքննությունը ՔՕ 126 հոդվածով, ինչը ենթադրում է «ծեծ»:

Ջավախք՝ նախընտրական փուլի «ամենաթեժ կետ»

Ջավախքում նախընտրական փուլում սա ընդդիմադրին ծեծելու առաջին դեպքը չէ:

Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում կրկին մահակների կիրառմամբ ծեծվել է «Ուժը միասնականության մեջ է» միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտարական շտաբի 4 անդամ: Չորսն էլ լուրջ վնասվածքներ ունեն և մինչ օրս հիվանդանոցում են:

Երկու միջադեպն էլ կապված է Հենզել Մկոյանի անվան հետ: Ըստ ընդդիմադիրների՝ երկու հարձակումներն էլ կազմակերպվել են Հենզել Մկոյանի կողմից:

Նոյեմբերի 2-ին դատախազությունը հինգ անձանց խմբակային ծեծի մեղադրանք է առաջադրել: Նրանցից երեքը պատգամավոր Հենզել Մկոյանի ազգականներն են: Բոլոր ձերբակալվածները դատարանի վճռով ազատ են արձակվել 3000 լարի գրավի դիմաց (1000 դոլարից մի փոքր ավել):

Ո՞վ է Հենզել Մկոյանը

Այսօր Հենզել Մկոյանն իշխող «Վրացական երազանքի» անդամ  և Վրաստանի Նինոծմինդա և Ախալքալաք ընտրատարածքների մեծամասնական պատգամավոր է:

Հենզել Մկոյանը: Լուսանկարը՝ Facebook-ի անձնական էջից

Հենզել Մկոյանը ռեկորդակիր է. նա արդեն 19 տարի է՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է: Այս ողջ ընթացքում նա անդամակցել է բոլոր իշխող կուսակցություններին՝ նրանց համար հիմք դառնալով Ջավախքի շրջանում:

Սաակաշվիլիի նախագահության տարիներին նա «Ազգային շարժման» անդամ էր և բոլոր ընտրություներին իշխող կուսակցության համար ապահովում էր հավաքած ձայների բարձր քանակ այդ շրջանում:

Նա տեղափոխվեց «Վրացական երազանք», երբ Բիձինա Իվանիշվիլին դեռ չէր հասցրել իշխանության գալ, և այսօր շրջանում նա պաշտպանում է հենց «Վրացական երազանքի» շահերը:

Ջավախքի շրջանի բնակչության 90 տոկոսը հայեր են, որոնք վրացերեն լավ չգիտեն և հիմնականում քաղաքականապես պասիվ են:

Այստեղ բոլոր ընտրությունների ժամանակ ձայների մեծ մասը տրվում է իշխող ուժին, և դրանում հսկայական ավանդ ունի Հենզել Մկոյանը, որը տարիներով «կարգավորում է» շրջանի գործերը որպես տեղի ֆեոդալ:

Մինչ այսօր ոչ մի իշխանություն չի հրաժարվել Մկոյանին իր շարքերն ընդունել, ոչ էլ մերժելմէ նրա օգնությունը՝ իմանալով շրջանում նրա ռեսուրսների մասին: Նույն ճանապարհով է գնում նաև «Վրացական երազանքը», որը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ոչ նախանձելի դրության մեջ է. նրա թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին պարտվել է գրեթե բոլոր խոշոր քաղաքներում:

Ազգային փոքրամասնությունների բնակեցման շրջանները (Ջավախքի և Քվեմո Քարթլի, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրում) «Վրացական երազանքի» կարևորագույն հիմքն են: Հենց այդ շրջաններում է իշխանամետ թեկնածուն առաջին փուլում հավաքել ձայների առավելագույն քանակը: Ընդդիմադիր պատգամավորներին ծեծելուց հետո ընդդիմությունը պահանջել է կասեցնել Մկոյանի պատգամավորական մանդատի գործողությունը: Սակայն կտրուկ մերժում է ստացել: Ավելին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ողջ «Վրացական երազանքի» անունից վստահություն է հայտնել Մկոյանին՝ նրան անվանելով «իշխող թիմի արժանի անդամ»:


Կարդալ ավելին JAMnews-ում