Կաշառք, կոտեմ և էլի ինչ-որ բան: Սալոմե Բարկերի բլոգը" />

Հինգ բան, որ վրացիներին զարմացնում է Հայաստանում

Կաշառք, կոտեմ և էլի ինչ-որ բան: Սալոմե Բարկերի բլոգը

Այս տարի ես առաջին անգամ հայտնվեցի Հայաստանում: Ճիշտ է, ընդամենը երկու օրով: Սակայն այդ կարճ ժամանակահատվածը բավական էր, որպեսզի տպավորվեի տարբեր բաներով:

«Որքա՜ն նման ենք մենք միմյանց»

Առաջին անգամ ես եղա մի երկրում, որն այդքան Վրաստանն է հիշեցնում: Մենք Երևան հասանք մեքենայով, և այն ամենն, ինչ հանդիպում էր ճանապարհին, շատ ծանոթ էր և հարազատ՝ լանդշաֆտը, տները, բակերը, կովերը, խոտի դեզերը, մարդիկ, մեքենաները, խանութները, ռեստորանները: Առաջին տպավորությունս հենց այսպիսին էր. այս ի՜նչ նման ենք մենք միմյանց:

Արկածային զբոսաշրջություն Հայաստանի գյուղում

• Ծերուկ Թբիլիսի. Վրաստանում զբոսաշրջության մասին

Կոտեմ

Ճանապարհին մենք երկու անգամ կանգնեցինք հաց ուտելու: Երևան գնալու ճանապարհին՝ Սևանում, հետադարձին՝ Դիլիջանում (որն, ինչպես Գուգլն է հուշում, հայկական Շվեյցարիա են անվանում): Երկու անգամ էլ շատ կանաչի պատվիրեցինք: Բերեցին բողկ, կանաչ սոխ, մաղադանոս, թարխուն և կոտեմ (!): Ոչ թե ինչ-որ նման մի կանաչի, այլ հենց լավ ծանոթ կոտեմը, որը մինչ այս ես վրացական «ֆենոմեն» էի համարում, քանի որ ուրիշ ոչ մի տեղ այն ինձ չի հանդիպել: Ընդհանուր առմամբ, այն ամենն, ինչ առաջարկում են հայկական ռեստորաններում, շատ համեղ է: Այն մասին, որ սեղան նստելու մշակույթը գրեթե նույնն է, չեմ գրի:

Սպասարկումը

Այս հարցում Վրաստանն ու Հայաստանը չափազանց տարբեր են: Հայաստանում սպասարկումը համարժեք լավ էր և Երևանում, և փոքր բնակավայրերում: Հայտնի երևանյան «Ջազ ակումբում» ես ամբողջ երեկո զարմանքով հետևում էի, թե ինչպես էր սպասարկող անձնակազմը հյուրերի հետ պարում բենդի կենդանի երաժշտության տակ: Ես որոշեցի, որ այդ մասին անպայման պետք է գրել և հստակեցրի, թե արդյոք ակումբի տերը չի ստիպում սպասարկող անձնակազմին պարել: Պարզվեց, որ ամեն ինչ ինքնակամ էր:

 5 պատճառ, թե ինչու Ադրբեջանում զբոսաշրջությունը չի զարգանում

• Ծերուկ Թբիլիսի. Վրաստանում զբոսաշրջության մասին

Գարեջրային բարում մատուցողներն այնքան կենսուրախ էին, որ նրանցից մեկն ինձ ինչ-որ բանի համար ծաղրեց, բայց առանց չարության այնպես, որ հետո բոլորս միասին լիաթոք ծիծաղում էինք: Եվ այդ ամենը՝ շատ անմիջական էր, շատ սիրալիր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ժողովուրդը շատ սիրալիր է:

Ինչպե՜ս են երգում

Եվ «Ջազ ակումբում» և երևանյան բոմոնդի  զվարճանքում բոլորը հիանալի վոկալային տվյալներ ցուցադրեցին: Եվ այնպիսի երգեր կատարեցին, որոնք նույնիսկ երգերի հեղինակները կենդանի կատարել կդժվարանային: Եվ ոչ միայն երգում են, այլ զուգակցում են երգն աշխույժ շարժումներով և պարերով: Զվարճանում են բոլորը՝ փոքրից մեծ: Այդ քաղաքում իրոք կարողանում են ուրախանալ:

Կաշառք

Դեռ նոր էի Ֆեյսբուքում գրել, որ պատրաստվում եմ մեքենայով Հայաստան մեկնել, միանգամից զգուշացրին, որ չարժե այդպիսի բան անել, քանի որ ամեն քայլափոխի պետավտոտեսուչները մոտենալու են, առանց կաշառքի չես պրծնի:

Մինչև Երևան հասանք առանց կանգառների: Իսկ հետադարձ ճանապարհին զգուշացումներն արդարացվեցին: 50 կիլոմետրանոց հատվածում մեզ երկու անգամ կանգնեցրին բոլորովին հորինված, աբսուրդ պատճառներով: Երբ բանը հասավ «խոշոր տուգանք» գրանցելուն, ոստիկաններն իրենք առաջարկեցին հարցի լուծման տարբերակ: Ուսին ամրացրած տեսախցիկի համար «աննկատ» կերպով պարեկը ձեռքով ցույց տվեց գումարը և ուղարկեց դեպի բանկոմատ, որտեղից կարելի է դրամ ստանալ (հայկական ազգային արժույթը): Ահա այդպես կյանքիս մեջ առաջին անգամ ստիպված էի կաշառք տալ:

Երբ հեռացանք ոստիկաններից, հիշեցի մեր հյուրանոցի երիտասարդ բարմենին, որն ի պատասխան փոշեկուլի ձայնի դեմ մեր բողոքի ասաց, թե տարբերակ չունի, նախագահն է գալիս, պատրաստվում ենք: Ընդ որում, երբ նախագահ բառն էր արտասանում, ցուցադրաբար ժեստերով չակերտներ ցույց տվեց: Իսկ իմ ճշտող հարցին պատասխանեց, թե իրականում նախագահը Պուտինն է: Հետո մենք խոսեցինք, թե ինչ լավ է Եվրոպայում, թե որքան հարմար է առանց վիզայի ռեժիմը, և որքան լավ կլիներ, եթե Վրաստանն ու Հայաստանը մեկ ուղի ունենային՝ դեպի Եվրոպա:

Մի խոսքով, ես եկա այն եզրակացության, որ Հայաստանը նույն Վրաստանն է, որը սխալմամբ այլ ճանապարհ է ընտրել: Եթե ձեզ հետաքրքրում է, թե այդ ինչ ճանապարհ է, անպայման այցելեք այդ երկիր: Բայց ոչ մեքենայով:


Կարդալ ավելին JAMnews-ում