Վրաստանի 1918թ-ի Սահմանադրության տակ 5 կնոջ ստորագրություն կա: Ովքե՞ր են այդ կանայք, որոնք փոխել են պատմությունը" />

Հինգ կին, որոնք ստեղծեցին Վրաստանի Սահմանադրությունը

Վրաստանի 1918թ-ի Սահմանադրության տակ 5 կնոջ ստորագրություն կա: Ովքե՞ր են այդ կանայք, որոնք փոխել են պատմությունը

Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից միայն 23-ն են կին:

Նրանցից ոմանք արդեն եղել են պատգամավոր, իսկ մյուսներն առաջին անգամ են ժողովրդի անունից որոշում ընդունելու:

Վրացի կին պատգամավորների պատմությունը սկիզբ է առնում 1918թ-ին: Հենց այն ժամանակ Վրացական Առաջին Հանրապետության առաջին խորհրդարանին և անկախությանը զուգընթաց կին պատգամավորներ հայտնվեցին:

1918թ-ը Հարավային Կովկասի համար բեկումնային էր: Հենց այդ ժամանակ Վրաստանն, Ադրբեջանն ու Հայաստանը Թբիլիսիում ցարի կուսակալի պալատում երկու օրվա տարբերությամբ իրենց պետությունների անկախությունը հռչակեցին և սահմանադրությունները ստորագրեցին:

Վրաստանի սահմանադրությունն այն ժամանակ տղամարդկանց հետ մեկտեղ նաև 5 կին ստորագրեց: Այստեղ կպատմենք այդ քաջ և հաջողակ կանանց պատմությունը, որոնք փոխեցին Վրաստանի պատմությունը: Այդ 5 կանանց պատմության մեջ արտացոլվում է ոչ միայն Վրաստանի, այլ նաև ողջ Կովկասի պատմությունը:

Մինադորա Օրջոնիկիձե-Թորոշելիձե

«… Վեճերի ժամանակ ոչ ոքի չէի զիջում, սակայն երբ ժողովից հետո փողոց էի դուրս գալիս, շատ բան մոռանում էի և աշխատում թշնամանք չպահել հակառակորդի հանդեպ: Պետք է խոստովանեմ, որ կյանքում դա ոչ մի լավ բան չէր տալիս, ոչ անձամբ ինձ, ոչ էլ գործին», – Մինադորա Թորոշելիձե, Վրաստանի հիմնադիր ժողովի անդամ, մենշևիկ, սոցիալական գործիչ:

Մինադորա Թորոշելիձեն իմերեթացի էր` Ժնև էր մեկնել սովորելու: Այնտեղ բժշկությանը զուգահեռ նա մարքսիզմ էր ուսումնասիրում: Ավելի ուշ Ժնևում ամուսնացավ բոլշևիկ Մալաքիա Թորոշելիձեի հետ, նրա հետ միասին Թբիլիսի վերադարձավ և ակտիվորեն ներգրավվեց մենշևիկյան գործունեությանը: Մինադորան և ևս 4 կին 1918թ-ին ստորգրեցին Վրաստանի Սահմանդրության տակ: Վրաստանի խորհրդայնացումից հետո  նա ապօրինի աշխատում էր տարբեր կազմակերպություններում: Նրան մի քանի անգամ ձերբակալել են հակախորհրդային գործունեության համար և աքսորել: Նրա ամուսինն ու երեխաները գնդակահարվել են:

Էլեոնորա Տեր-Պարսեղովա-Մախվիլաձե

«Նա հավաքում էր քաղաքի և գյուղի դպրոցականներին և սովորեցնում էր «Մարսելյեզը» երգել՝ Նիկոլայ Երկրորդ կայսեր հասցեին փոփոխություններով: Նա երիտասարդության մեջ ընդվզում էր սերմանում, չենթարկվելու գաղափարներ: Մախվիլաձեն բուլվարում մարդկանց հոծ զանգվածի առջև էր ելույթ ունենում և ուժերի մոբիլիզացիայի և միասնականության կոչ էր անում «մեռնող կառավարությանը ոտքի կանգնելու հնարավորություն չտալու համար». Ելենա Մախվիլաձեն հաճախ էր գլխավորում ժողովրդական քայլերթները՝ ձեռքին կարմիր դրոշ», – Էլեոնորա Տեր-Պարսեղովա-Մախվիլաձե, առաջին խորհրդարանի անդամ, ուսուցչուհի:

Էլեոնորա Տեր-Պարսեղովա-Մախվիլաձեն ծնվել է Թբիլիսիում: Հետագայում ամուսնու հետ տեղափոխվել է Սուխումի: Նա մենշևիկյան կառավարության անդամ էր և իր ստորգարությունն է դրել Վրաստանի 1918թ-ի Սահմանադրության տակ:

Քրիստինե Շարաշիձե

«Վրաստանում խորհրդային իշխանության արմատավորման մասին կարող եմ ասել, որ այդ իշխանությունը դրսից է բերվել ռուսական Կարմիր բանակի միջոցով, որը իրական ուժ է, իսկ վրացիներից կազմված կառավարությունն ընդամենը ձևական բան է, և Վրաստանում իշխանությունը պատկանում է արտասահմանցիներին…» – Քրիստինե Շարաշիձե, մենշևիկ, ուսուցչուհի, լրագրող, հասարակական գործիչ:

Քրիստինե Շարաշիձեն 1919թ-ի Հիմնադիր ժողովի անդամ էր, ինչպես նաև Անգրագիտության լիկվիդացման վրացական ընկերության անդամ: Աշխատել է որպես լրագրող և մանկավարժ: Ակտիվորեն կապված է եղել հակախորհրդային շարժման հետ: Նրան բազմիցս կալալնավորել են: Նրա ընտանիքի անդամներին՝ գնդակահարել:

Էլիսաբեթ, Լիզա Նակաշիձե-Բոլկվաձե

«… Նախնական մեղադրանքներով ինձ մեղավոր չեմ համարում: Չեմ հերքում, որ աքսորավայրերում լավ հարաբերություններ եմ ունեցել իմ բոլոր ընկերների՝ աքսորյալ մենշևիկների հետ: Չեմ հերքում որ նամակագրության մեջ եմ եղել ընկերներիս հետ: Չեմ հերքում, որ միշտ պատրաստ եմ եղել օգնել աքսորյալ ընկերներիս, որոնք նյութական զրկանքների մեջ են եղել, սակայն կտրականապես հերքում եմ, որ աքսորավայրում լինելու ժամանակ որևէ ապօրինի մենշևիկյան գործունեություն եմ ծավալել. բոլոր իմ կապերն ու ընկերական օգնությունն անձնական բնույթ է կրել և որևէ կապ չի ունեցել կուսակցական գործունեության հետ…», – Լիզա Բոլկվաձե, մենշևիկ, Հիմնադիր ժողովի անդամ:

Լիզա Բոլկվաձեն այն 5 կանանցից մեկն էր, որոնք 1919թ-ին առաջին ոչ պաշտոնական խորհրդարանի կամ հիմնադիր ժողովի անդամ էին: Բոլկվաձեն մի քանի անգամ կալանավորվել է, աքսորվել և ի վերջո գնդակահարվել է հակախորհրդային գործունեության համար:

Անա Սոլոգաշվիլի

Անա Սոլոգաշվիլին՝ ուսուցչուհին և մենշևիկը, աքսորվել է հակախորհրդային գործունեության համար: Աքսորվելուց առաջ հասցրել է շատ կարևոր բաներ անել, օրինակ, 1918թ-ին իր ստորագրությունն է դրել անկախ Վրաստանի Սահմանադրության տակ:   

Անա Սոլոգաշվիլի. 1882թ-ին ծնվեց Անա-Օլա Սոլոգաշվիլին: Նա այն 5 կանանցից մեկն էր, որը Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր դարձավ:

Կուսակցական աշխատակից. 1903թ-ից Անա Սոլոգաշվիլին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ էր: Ավելի ուշ՝ կուսակցության պառակտումից հետո միացավ մենշևիկներին:

Առաջին Սահմանադրություն. 1918թ-ին Անան իր ստորագրությունը դրեց Վրաստանի Սահմանադրության տակ, 1919թ-ին նրան Հիմնադիր ժողովի անդամ ընտրեցին:

Հակախորհրդային գործունեություն. 1921թ-ին՝ Վրաստանի խորհրդայնացման օրվանից, նա մյուս մենշևիկների հետ միասյին մասնակցում էր հակախորհրդային գործունեությանը: 1925թ-ից Անան աշխատում էր որպես ուսուցչուհի:

Բանտարկություն. 1937թ-ին Անա Սոլոգաշվիլին կալանավորվեց Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից: Այսպես կոչված «եռյակը» նրան գնդակահարության դատապարտեց: Սոլոգաշվիլին մեղադրվեց հակախորհրդային և հակակոլտնտեսային պրոպագանդայի և «ազգայնամոլական տրամադրությունների» սերմանման, ինչպես նաև մենշևիկների առաջնորդ Ռամիշվիլիի հետ կապի համար:


Կարդալ ավելին JAMnews-ում