Վրացական իշխանությունների քաղաքականությունը երկիմաստ չէ. գլխավորը Ռուսաստանին չզայրացնելն է: Ծերծվաձեի գործը դրա վառ ապացույցն է " />

Հիմարության իմաստություն, կամ հանդիպում անցյալի հետ

Վրացական իշխանությունների քաղաքականությունը երկիմաստ չէ. գլխավորը Ռուսաստանին չզայրացնելն է: Ծերծվաձեի գործը դրա վառ ապացույցն է

Անցյալը

1980-ականների վերջին՝ ազգային շարժման ծաղկուն շրջանում, երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների էմոցիոնալ ելույթներին ի պատասխան Կենտկոմի նոմենկլատուրայից և ստեղծագործ ինտելիգենցիայից հաճախ կարելի էր հետևյալ արտահայտությունը լսել. «Իմաստուն լինենք»:

Այդ իմաստությունն իրականում նշանակում էր Կրեմլին ավելորդ արմատականությամբ չզայրացնենք: Կուսակցական էլիտան ակտիվիստներին առաջարկում էր կառուցողական մոտեցում ցուցաբերել համագործակցությանը, քանի որ այդ ճանապարհով իբր կարելի է տարբեր հարցերի լուծման գործում ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ: Նրանք ասում էին, որ ակտիվիստների կարգախոսներն, օրինակ, «Թող կորչի Ռուսական Կայսրությունը», նյարդայնացնում են ռուսներին, և իրենց՝ վրացական կուսակցական էլիտայի համար Վրաստանին անհրաժեշտ որոշումներ ստանալը Մոսկվայից դժվար է:

Այսօր դա անլուրջ է թվում և ժպիտ է առաջացնում, չնայած որ այն ժամանակ ամեն ինչ անսովոր էր, և ողջ խորհրդային նոմենկլատուրան հանրահավաքներից սիրտն էր բռնում, էլ չենք խոսում հնչող կարգախոսների մասին:

Այդ տենդենցը շարունակվեց 1990-ականներին՝ ռազմական հեղաշրջումից հետո: Ռուսաստանի սուր քննադատությունն անընդունելի էր նույնիսկ խորհրդարանական ամբիոնից:

Հիշում եմ, թե ինչպես Ջաբա Իոսելիանին, բացահայտ զայրանալով, արտահայտվում էր. մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում, ծովափին ամառանոցներ ենք խոստանում, իսկ այդ ժամանակ ընդդիմադիրները դուրս են թռչում՝ փնովելով Ռուսաստանին, և փչացնում են մեր գործը: Այն իշխանության և նրա համախոհների կարծիքով, Աբխազիայում կրած պարտությունն ու տնտեսական դժվարություններն այն բանի հետևանք էին, որ մենք ժամանակին իմաստուն չգտնվեցինք և Ռուսաստանին շողոքորթելու և ինչ-որ բան պոկելու փոխարեն ուժերը չափեցինք այդ հսկայի հետ և սկսեցինք թշնամություն անել:

Նման «իմաստության» անհիմն լինելը ցույց տվեց ինքը՝ կյանքը: Պրակտիկան ակնառու կերպով ցույց տվեց, որ կառուցողական, բարեկամական, հպատակային ժեստերը Ռուսաստանի հանդեպ ոչ մի իմաստ չունեն: Դա ոչ մի կերպ չի արտացոլվում Վրաստանի հանդեպ Կրեմլի ագրեսիվ վերաբերմունքի վրա: Միակ միջոցը ռուսական ագրեսիայի դեմ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հստակ և անշեղ ուղին է: Ճիշտ է, Սահակաշվիլիի նախագահության ժամանակ հնչող չափազանց ագրեսիվ հռետորաբանությունը Ռուսաստանի հասցեին հանդիմանություն առաջացրեց, սակայն միայն արտահայտչաձևի և էմոցիոնալ մակարդակի առումով, սակայն ոչ թե այն պատճառով, որ Վրաստամի իշխանությունը հին նոմենկլատուրայի ընկալմամբ «իմաստություն» չդրսևորեց: Ճիշտն ասած, չէի մտածում, որ այդ հին

«իմաստությունը» ինչ-որ պահի կրկին արդիական կդառնա Վրաստանի համար, սակայն, հավանաբար, երբեք չի կարելի ասել «երբեք»:

Ներկան

Ուկրաինայում վրացի զինվորականի, հատուկ նշանակության զորքերի նախկին սպա Գիորգի Ծերծվաձեի կալանավորումը Վրաստանում մեծ արձագանք առաջացրեց: [Երեկ՝ հունվարի 26-ին, Ուկրաինայի դատարանն ազատ արձակեց Ծերծվաձեին: – JAMnews]:

Չնայած որ Ծերծվաձեն Ռուսաստանի պահանջով կալանավորվել էր ոչ թե վրացի, այլ ուկրաինացի իրավապահների կողմից, դա վրացական իշխանությունների հանդեպ լուրջ հավակնություններն այս հարցով չի չեղարկում: Պարզվում է, որ վրացական կողմը համագործակցել է ռուսական հատուկ ծառայությունների հետ և Ինտերպոլով նրանց է փոխանցել Ծերծվաձեի անձնական տվյալները: Դրանից հետո վրացի իրավապահներն իրենց չեն ծանրաբեռնել. բաց են թողել Ինտերպոլով հետախուզվող սպային՝ առանց նրան զգուշացնելու:

Այդ գործի վայրիվերումների մասին շատ է խոսվել և գրվել, այդ պատճառով էլ չեմ շարունակի: Պարզապես ուշադրություն եմ հրավիրում այն ակնհայտ տենդենցի վրա, որն այսպիսի պատմական անդրադարձ պահանջեց:

Ինքնըստինքյան պարզ է, որ Գիորգի Ծերծվաձեի դեպքը կարելի էր սխալ կամ հստակ ուժային գերատեսչության ոչ որակյալ գործողություն համարել, եթե չլիներ փաստերի մի ամբողջ շղթա, որն այդ գործը մյուսների շարքին է դասում և միաժամանակ ցույց է տալիս վրացական իշխանությունների քաղաքականության տենդենցը: Մի քանի օրինակ բերեմ.

  1. Պաշտպանության նախարարությունից ոչ ոք տարվա վերջում ՆԱՏՕ-ի կազմակերպած մինիստերիալ չայցելեց, որի ընթացքում Վրաստանի համար կարևոր հարցեր էին քննարկվում: Դա բացատրեցին նրանով, որ մինիստերիալին մասնակցում էին միայն ՆԱՏՕ անդամները, իսկ վրացական պատվիրակությունը հրավիրված չէր եղել: Չնայած, ով հասկանում է քաղաքական այբուբենը, պետք է իմանա, որ, երբ գործը վերաբերում է քո սեփական երկրի շահերին, դու գոնե պարտավոր ես օգտագործել ոչ պաշտոնական խողովակներն ու երկկողմանի հանդիպումների ձևաչափը:
  1. Մի քանի օր առաջ էներգետիկայի նախարարությունը համաձայնել է տրանսկովկասյան գազատարի վրացական հատվածի դրամականացման վերաբերյալ «Գազպրոմի» առաջարկին: Եվ դա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն առաջարկը մերժել էր, և հիմա տարանցման պայմանների փոփոխել/չփոփոխելն ամբողջությամբ կախված էր վրացական իշխանությունների քաղաքական կամքից:
  1. Վրաստանի կառավարությունում խոսակցություններ սկսվեցին Վրացական երկաթուղու 25 տոկոսի վաճառքի մասին: Արժեթղթերի վաճառքի մասին խոսում են նրանք, ովքեր առաջ՝ Սահակաշվիլիի նախագահության տարիներին, դեմ էին արտահայտվում այդ գաղափարին: Այն ժամանակ խոսվում էր, որ Ռուսաստանը հետաքրքրված է այդ արժեթղթերով, և Լոնդոնյան բորսա դուրս բերելու դեպքում դրանք կգնի հենց Ռուսաստանը: Այսօր ռուսների և այն մասին, որ նրանք կգնեն Վրաստանի ռազմավարական օբյեկտի արժեթղթերը, ոչ ոք չի խոսում:
  1. Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվեց Սիրիայում խաղաղ բնակչությանը գնդակոծելու համար ռուսական բանակին մեղադրող հայտարարություն ընդունել:
  1. «Վրացական երազանքի» ներկայացուցիչները սահմանադրական հանձնաժողովում չեն համաձայնում եվրատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ երկրի ջանքերի վերաբերյալ Սահմանադրությունում գրառում ավելացնել:

Այս ցուցակը կարելի է շարունակել, չնայած, կարծում եմ, որ թվարկածն էլ է բավարար: Կարելի է կայացած համարել այն փաստը, որ Վրաստանի իշխանություններն ամեն կերպ ձգտում են այնպիսի մի բան չանել, որը կարող է Վրաստանի շահերին դեմ գործող օկուպանտ երկրի դժգոհությունն առաջացնել:

Ռուսական քաղաքականության հասցեին քննադատական նկատողություններ ոչ միայն վրացական իշխանության ներկայացուցիչների կողմից, այլ նաև նրա կողմնակից ակտիվիստների շրջանում հնարավոր չէ նկատել ոչ մի պարագայում: Այսինքն, 1980-90-ականների լեզվով ասած, պարզ է, որ իշխանությունները ձգտում են

«իմաստություն դրսևորել» և «Ռուսաստանի նյարդայնությունը չառաջացնել»:

Գիորգի Ծերծվաձեի դեպքը լիովին տեղավորվում է այդ շարքում:

Ապագայի հեռանկար

Բնականաբար հարց է առաջանում. ի՞նչն է առաջացնում այդպիսի վերաբերմունքը (ինչը, կրկնեմ, կարելի է որպես կայացած փաստ համարել):

«Ազգային շարժումը» քաղաքականությունում Բիձինա Իվանիշվիլի հայտնվելու առաջին իսկ օրվանից նրան Կրեմլի խամաճիկ, Վրաստանում ռուսական շահերի հաղորդիչ անվանեց: Նրանց համար Ծերծվաձեի դեպքը Իվանիշվիլիի և նրա թիմի դավաճան քաղաքականության ևս մեկ դրսևորում դարձավ:

Իմ կարծիքով, այդպիսի բացատրությունը ճիշտ չէ: «Վրացական երազանքն» արդեն 4 տարի կառավարում է երկիրը, և եթե այն խամաճիկային ռեժիմ է, ապա այս տարիների ընթացքում ռուս-վրացական կոլաբորացիա տեղի կունենար և երկկողմանի որոշումներ-համաձայնագրեր կլինեին, և ոչ ՆԱՏՕ ուսումնական կենտրոնը Վրաստանում կլիներ, ոչ էլ շատ այլ բաներ: Իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններն ինչ-որ կերպ կարգավորելու մասին Իվանիշվիլին և նրա թիմի անդամները դրանից առաջ էլ էին խոսում: Չնայած, կառուցողականությունը մի բան է, խամաճիկությունը՝ մեկ այլ բան:

Մյուս կողմից, հենց այդ կառուցողականություն է խնդիր: Այդ մոտեցումը շատ է հիշեցնում 1980-ականների նոմենկլատուրայի հայացքները՝ փաստացի կրկնելով դրանք: Բոլորը սպասում են անցյալի այն պահի հետ հանդիպմանը, երբ իշխանության ներկայացուցիչներից ինչ-որ մեկը հետևյալ սրբազան արտահայտությունը կանի. «Իմաստություն դրսևորենք»:

Այդպիսի մոտեցման մոտիվացիան կարող է թելադրված լինել ամենաբարի մտադրություններով, և ինչ-որ մեկին իրոք թվում է, որ քաղցր լեզուն ոչ միայն օձին բնից կհանի, այլ նաև հյուսիսային արջին կգոհացնի: Չնայած որ դժոխքի ճանապարհը բարի մտադրություններով է ծածկված, դա էլ է հայտնի: Նայելով մեր 25-ամյա անկախության պատմությանը՝ նույնիսկ քարերը կարող են աղաղակել նման «իմաստության» դեմ:

Այդ դեպքում, այդ ի՞նչ քմահաճույք է Ռուսաստանի հանդեպ այդ հին նոմենկլատուրային կառուցողականությունը: Քմահաճույք է ցանկանալ, որ քաղաքական որոշումներ ընդունողներից ինչ-որ մեկը գլուխ հանի պատմական և քաղաքական օրինաչափություններից: Իսկ քաղաքական որոշումներ այսօրվա Վրաստանում ընդունում է միայն մեկ մարդ: Մնացած բոլորն ընդամենը ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունքից զուրկ գործադիր մենեջերներ են: Հետևաբար, ամեն ինչ կախված է այդ միակ մարդու մտածելակերպից և որակավորումից, որն այնքան էլ չի տարբերվում 1980-ականների ինտելիգենցիայի և նոմենկլատուրայի հայացքներից:

Հնարավոր է, հենց իշխանությունն ունի այդ խելամիտ գաղափարը և մարդիկ կան, որոնք կռահում են, որ անցյալից վերադարձած «իմաստությունն» այնքան էլ խելացի չէ, սակայն ինչպես ասում են, ինչպե՞ս առյուծին ասել, որ նա շլդիկ է, անգամ եթե նա միաչքանի է:

Այն պայմաններում, երբ որոշումները միանձնյա են ընդունվում, և իշխանույթունում ոչ մի կազմակերպչական-քաղաքական ինքնավար սուբյեկտ չկա, հստակ պաշտոնյայի խելամիտ գաղափարը նրա անձնական կարծիքն է մնում:

Այդպիսի մնացուկային մոտեցումներով երկիրը հեռու չի գնա: Եվ դա պարզից էլ պարզ է: Եվ, հավանաբար, Ծերծվաձեի դեպքի պես դեպքեր դեռ կլինեն և շատ կլինեն, քանի դեռ արմատապես չի փոխվել երկրի կառավարման ոչ պաշտոնական ոճը, ինչը շատ դժվար է պատկերացնել մերօրյա իշխանությունների պայմաններում:

 


Կարդալ ավելին JAMnews-ում