Աննախադեպ ծրագրի շնորհիվ բուժվել է տասնյակ հազարավոր մարդ։ Սակայն մեկուկես տարվա ընթացքում պետք է ավելի շատ մարդ բուժել։ " />

Հեպատիտ С-ն Վրաստանում․ արդյո՞ք կհաջողվի հաղթել «դանդաղ մարդասպանին»

Աննախադեպ ծրագրի շնորհիվ բուժվել է տասնյակ հազարավոր մարդ։ Սակայն մեկուկես տարվա ընթացքում պետք է ավելի շատ մարդ բուժել։

Անաստասիա Լոգվինենկոյի նկարը

Վրաստանում հեպատիտ C-ից ամբողջությամբ բուժվել են հազարավոր մարդիկ։ Սակայն հեպատիտ C-ից լիովին ազատվելու աննախադեպ ծրագրի հաջող ավարտը դեռ հարցականի տակ է։ Այն վերջնակետին հասցնելուն դեռ մեկ տարուց ավել ժամանակ կա, բայց չկա գլխավոր հարցի պատասխանը արդյո՞ք Վրաստանը կդառնա առաջին երկիրը, որն ամբողջապես հաղթել է «դանդաղ մարդասպանին»։

Մի քանի տարի առաջ հեպատիտ С-ն անբուժելի հիվանդություն էր համարվում։ Գոյություն ունեցող դեղորայքն օգնում էր ոչ բոլորին։ Հեպատիտ С-ի բուժումը շատ թանկ է (մինչև 80 հազար դոլար)։ Մարդիկ վաճառում էին տներն ու բնակարաններն ու մեկնում արտասահման բուժվելու: Իսկ սարսափելի կողմնակի ազդեցությունների պատճառով շատերը կիսատ էին թողնում բուժումը։

Վրաստանի համար հեպատիտ С-ն լուրջ խնդիր է։  2015թ-ի հետազոտության համաձայն՝ այստեղ վարակակիր է մինչև 150 հազար մարդ, կամ հասուն բնակչության 5.4 տոկոսը։ Եվրոպական երկրներում քրոնիկական հեպատիտ С-ով հիվանդների թիվը չի գերազանցում 0.5-1 տոկոսը։ Դրա ամենամեծ տարածման դեպքում՝ 1.5-2.3 տոկոսը։

Ինչպե՞ս են ապրում ՄԻԱՎ-վարակակիրները Վրաստանում

Արդյո՞ք կարելի է Վրաստանում մարիխուանա ծխել։ Ի՞նչ է ասում նոր օրենքը

Կարմրուկը Վրաստանում․ տգիտության համաճարա՞կ

Նարկոքաղաքականությունը Վրաստանում․ հրաժարում բռնաճնշումների՞ց

Այս տագնաապալի թվերն են պատճառ դարձել, որ աշխարհում նախադեպը չունեցող նախագիծը սկսվել է հենց Վրաստանում։ Հեպատիտ С-ի վերացման ծրագիրը մեկնարկել է 2015թ-ի ապրիլին։ Վրաստանի կառավարությունն իրականացնում է այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի հետ համատեղ։

Սկզբում օգնություն է ցուցաբերվել առավել ծանր վիճակում գտնվող հիվանդներին։ Նրանց փոխանցվել է դեղորայք, որի արժեքը հաճախ գերազանցել է հիվանդների ողջ ունեցվածքի արժեքը։

Հավակնոտ ծրագրի նպատակը հինգ տարում հիվանդությունն ամբողջապես վերացնելն է և դրա հետագա տարածումը կանխելը։

Հեպատիտ С-ի անալիզի համար արյան նմուշներ Neolab լաբորատորիայում։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

2015թ-ի ապրիլից մինչև 2020թ-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է հետազոտել և բուժել 135 հազար մարդ (բոլոր հիվանդների 90 տոոսը)։ Ծրագրի համար տրամադրվել է 116 մլն լարի (մոտ 43 մլն դոլար)։ Այս գումարի մեջ ներառված չէ Sofosbuvir և  Harvoni նոր դեղորայքների արժեքը, որը գերազանցում է տարեկան մեկ միլիարդ դոլարը։ Դրանք անվճար Վրաստան է ուղարկում ամերիկյան Gilead դեղագործական ընկերությունը։

Վերջին երեքուկես տարում բուժման կուրս է անցել 51 հազար մարդ, նրանցից 98.2 տոկոսն ամբողջությամբ բուժվել է։ Ծրագրի ավարտին մնացել է մեկուկես տարի։

«Ես հղի էի, երբ իմացա, որ վարակվել եմ»

Իան պլանային անալիզներ էր հանձնել տասը տարի առաջ, երբ երեխա էր սպասում։ Նրա արյան մեջ հայտնաբերված հեպատիտ С-ն նրա համար շոկ էր։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է վարակվել։ Գեղեցկության սրահներ է գնացել իր գործիքներով, վիրահատություններ և արյան փոխներարկում չի անցել։

Ապրել կամ մահանալ

Վրաստան․ ում ինչ է հասնում՝ բժշկական ապահովագրության նոր ծրագրի կանոնների համաձայն

Իայից հետո անալիզներ է հանձնել նրա ամուսին Դաթոն։ Նրա մոտ նույնպես վարակ է հայտնաբերվել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նրա լյարդն էլ ավելի վատ վիճակում է։

«Պարզ էր, որ կնոջս ես եմ վարակել։ Իսկ թե ինքս ինչպես եմ վարակվել, հաստատ չգիտեմ, սակայն երիտասարդ տարիքում մի քանի անգամ թմրանյութեր եմ օգտագործել, դաջվածք եմ արել և ատամնաբույժի գնացել», – պատմում է Դաթոն։

Բուժման գինն իմանալուց հետո ամուսինները նույնիսկ չէին կարող երազել բուժման մասին։ Նրանք երկու մանկահասակ երեխաների հետ ապրում էին վարձով բնակարանում։ Որտեղի՞ց գտնել հարյուր հազար դոլար։

Տարիներ էին անցնում, Դաթոյի առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում էր լյարդը մեծացել էր, դեմքի մաշկը՝ սկսել դեղնել։

Հեպատիտ С-ի վերացման ծրագիրը նրանց համար փրկություն էր և ընտանիքին երկրորդ շանս է նվիրել։ Դեղամիջոցն ընդունելու եռամսյա կուրսից հետո 43-ամյա Դաթոյի և 37-ամյա Իայի արյան մեջ էլ վարակ չէր մնացել։

«Դանդաղ մարդասպան»

Հեպատիտ С-ով վարակվելու հստակ վիճակագրություն աշխարհում չկա։ Դրանով կարելի է վարակվել ինչպես ատամնաբույժի կաբինետում և վարսավիրանոցում, այնպես էլ կարելի է վարակակիր լինել 20-30 տարի և մի օր իմանալ, որ լյարդի ցիռոզ ունես։ Այդ պատճառով էլ հիվանդությունն անվանում են «դանդաղ մարդասպան»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում հեպատիտ С-ով հիվանդների թիվը գնահատում է 71մլն մարդ, թեև դա նվազագույն ցուցանիշ է։ Այդ հիվանդության առաջացրած բարդություններից տարեկան համանում է մինչև 400 հազար մարդ։

Հիվանդությունը բուժվում է 98 տոկոս դեպքերում։ Ի տարբերություն ինտերֆերոնի, որով այդ հիվանդությունը բուժում էին մի քանի տարի առաջ, Harvoni-ն գրեթե ոչ մի կողմնակի ազդեցություն չունի։ Սակայն այն թանկ էեռամսյա կուրսն արժե 80 հազար դոլար։ Եվ այդ պատճառով էլ բուժումը հաճախ հասանելի չէ նույնիսկ հարուստ և զարգացած երկրների համար։

Դեղերը վաճառել և մեռնել

47-ամյա Ցիցինոն (անունը փոխված է) ապրում է կաթվածահար մոր հետ Զուգդիդիում՝ փասխտականների հանրակացարանում։ Նա գումար է վաստակում շուկայում համեմունքներ վաճառելով։ Երբեմն ողջ օրվա ընթացքում ոչինչ չի կարողանում վաճառել և սնունդ բերել տուն։

Երեք ամիս երկու շաբաթը մեկ նա գնում էր քաղաքային հիվանդանոց հեպատիտի դեմ թանկարժեք դեղամիջոցի հերթական չափաբաժինը ստանալու համար։ Վարակի մասին պատահաբար է իմացել վարակը վերացնելու ծրագրի շրջանակում փախստականներն անվճար են անալիզ հանձնել։

«Ես արյան փոխներարկում չեմ արել, մատնահարդարման չեմ գնում, ատամնաբույժի փող չունեմ։ Եվ չեմ էլ պատկերացնում, թե որտեղից ինձ հեպատիտ», – ասում է նա։ Եվ ափսոսում է, որ դեղերը չեն թողնում տուն տանել չէ՞ որ բուժման փոխարեն կարելի էր դրանք վաճառել։

«Նրանք խորամանկություն են անում։ Գիտեն, որ շատերն այնքան աղքատ են, որ կնախընտրեն մահանալ, բայց այդ փողը երեխաներին տալ։ Շատերն են ինձ պես մտածում։ Այդ պատճառով էլ նրանք մեզ ստիպում էին դեղը տեսախցիկի առաջ ընդունել», – պատմում է Ցիցինոն։

Հեպատիտ С-ի անալիզի համար արյան նմուշներ Neolab լաբորատորիայում։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը

Յուրաքանչյուր հիվանդի համար ծրագիրը սկսվում է անալիզից։ Եթե սքրինինգը հեպատիտ է հայտնաբերել, հիվանդին հաշվառում են և նա սպասում է կանչի։ Կարող է սպասել մինչև երկու ամիս։ Այնուհետև հիվանդին ուղարկում են ծրագրին մասնակցող բուժկենտրոններից մեկը։

Դեղորայքը տրվում է երկու շաբաթը մեկ։ Պետք է փաստաթղթեր ստորագրել և ընդունել հաբերը կլինիկայում տեսագրության վերահսկողությամբ՝ գրանցելու համար, որ դրանք ընդունում է յուրաքանչյուր հիվանդ։

Սքրինինգ-կենտրոններ կան Վրաստանի 12 քաղաքներում։ Արդարադատության տներում (հաստատություններ, որտեղ քաղաքացիներին տրվում են բոլոր տեսակի փաստաթղթեր) բացվել են հեպատիտ С-ի անալիզի անցկացման հատուկ բաժանմունքներ։ Հետազոտությունը տևում է  20 րոպե, իսկ արդյունքը կարելի է ստանալ հեռախոսով։ Հոկտեմբերի 10-ից արդարադատության տներում սքրինինգ է անցել 6500 մարդ, նրանցից  180-ի մոտ վարակ է հայտնաբերվել։

Իրակլի Կորիձեն, որը հեպատիտ С-ով վարակվել էր 90-ականներին, ծրագրի շնորհիվ բուժվել է վեց ամսում։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

25 հազար հիվանդ հրաժարվում է բուժվել, ինչո՞ւ

Հեպատիտ С-ի վարակը վերացնելու ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար մնացած ժամանակահատվածում պետք է բուժել դեռ 84 հազար մարդ։ Սակայն այդ պլանի կատարումը հարցականի տակ է, քանի որ ծրագրում ավելի ու ավելի քիչ մարդ է ներառվում։ Եթե 2006թ-ին բուժման կուրս էր անցել 24 հազար մարդ, ապա 2017թ-ին՝ 17 հազար, իսկ   2018թ-ի 10 ամսում՝ ընդամենը 10 հազար մարդ։ Ամենատարօրինակն այն է, որ չի շտապում բուժվել 25 հազար մարդ, որոնք հստակ գիտեն իրենց ախտորոշումը։

Փորձագետները մի քանի պատճառ են նշում։

Առաջին հերթին, փողը։ Ծրագրում ներառվելու համար պետք է մի քանի վճարովի անալիզ հանձնել։ Սկզբում դրանք արժեին 400-700 լարի (150-260 դոլար), իսկ հիմա գումարը նվազել է մինչև 110 լարի, սակայն շատերի համար դա դեռևս խոչընդոտ է։

Երկրորդ պատճառն աշխարհագրությունն է։ Կլինիկաները քաղաքներում են տեղակայված, և երկու շաբաթը մեկ պետք է հասնել այդտեղ։ Օրինակ, Ջավախքի բնակիչները պետք է Թբիլիսի մեկնեն՝ 200 կմ անեցնելով։ Կառավարությունն այժմ մտածում է ծրագրի ապակենտրոնացման մասին։

Եվս մեկ պատճառ է նարկոքաղաքականությունը։ Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում ներերակային թմրանյութերի 55 հազար օգտագործող կա, և նրանց 70 տոկոսը, որպես կանոն, վարակված է հեպատիտ С-ով։

«Երբ մարդուն բանտ են նստեցնում օգտագործված ներարկիչի համար կամ բռնի կերպով տանում են թեստավորման, անհնար է նրան ստվերից դուրս բերել և ներառել ծրագրում։ Մինչև նարկոքաղաքականության ազատականացում տեղի չունենա, մենք չենք կարող հույս ունենալ, որ հեպատիտ С-ն հաղթահարված է», – ասում է «Վրաստանի թմրանյութ օգտագործողների ցանցի» ներկայացուցիչ Կոկա Լաբարտկավան։

Ռուսական պրոպագանդա և սեր՝ գինու հանդեպ

Եվս մեկ պատճառ, թե ինչու մարդիկ բուժման չեն դիմում, ապատեղեկատությունն էհեպատիտ С-ի վերացման ծրագիրը շահարկում է ռուսական պրոպագանդան։

Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներն ու իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները միաձայն պնդում էին, որ Վրաստանում հեպատիտի բուժման անվան տակ «մարդկանց վրա փորձարկումներ են անցկացվում», որոնց ադյունքն իբր «տասնյակ զոհերն» են։ Եվ այդ դաժան փորձն իբր անցկացնում է Թբիլիսիի Լուգարա ամերիկյան կենսաբանական լաբորատորիան։ Չնայած այդ պատմության ակնհայտ աբսուրդությանը՝ արշավը սկսել էին զարգացնել նաև հակաարևմտյան ուղղվածության վրացական առցանց ռեսուրսները։

Բժիշկ վարակաբան Մայա Բուցաշվիլին պնդում է, որ հաճախ հիվանդները հրաժարվում են բուժումից՝ հավատալով ապատեղեկատվությանը։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

«Ապատեղեկատվության յուրաքանչյուր ալիքից հետո ծրագրին միանալու ցանկություն ունեցողների թիվը սարսափելի կրճատվում է», – ասում է բժիշկ-վարակաբան Մայա Բուցաշվիլին։

Նա նշում է բուժումից հրաժարվելու ևս մեկ, չափազանց զարմանալի պատճառ։

«Օրինակ, հիվանդներից մեկն ասաց, որ նա տանը երեք տոննա տնական գինի ունի, և մինչև այն մինչև վերջ չխմի, չի կարող բուժումը սկսել»։

Ո՞վ կարող է հիվանդանալ

Ցանկացած մարդ։ Հեպատիտ C-ն, որի դեմ դեռ պատվաստանյութեր չկան, փոխանցվում է արյան միջոցով։ Վարակը պետք է ընկնի առողջ մարդու արյան հոսքի մեջ։ Այն ներթափանցում է հեպատոցիտների՝ լյարդի բջիջների մեջ, բազմանում և վնասում լյարդի հյուսվածքները։ Հիվանդությունն ընդհանրապես առանց ախտանշանների է ընթանում այնքան ժամանակ, մինչև որ չափազանց ուշ չի լինում։

Ինչպե՞ս է հնարավոր վարակվել

ոչ ստերիլ բժշկական գործիքների միջոցով;

ներերակային թմրամոլության ժամանակ;

վարակվածի այնպիսի իրերի հետ շփումն, ինչպիսին է ատամի խոզանակը, մկրատը կամ ածելին;

վարակվածի հետ չպաշտպանված սեքսի միջոցով։ Թեև նման դեպքերն այնքան հազվադեպ են, որ Առողջաօահության համաշխարհային կազմակերպությունը հեպատիտ С-ն չի դասում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքին։

Դեղորայքի և բուժման հասանելիության պայմաններում բուժվելը դժվար չէ։ Սակայն բուժվածն, այնուամենայնիվ, պետք է փոխի իր կենսաձևը՝ հրաժարվի ալկոհոլից և ծանր յուղոտ սննդից։

Ինչո՞ւ հենց Վրաստանը

Անաստասիա Լոգվինենկոյի նկարը

Մասնագետները խոսում են Վրաստանում հեպատիտ С-ի տարածման երկու գլխավոր պատճառների մասին՝ ոչ ստերիլ գործիքներ և ներերակային թմրամոլություն։

90-ականներին՝ քաոսի և մթության տարիներին, Վրաստանում թմրամոլության հստակ վիճակագրություն չի վարվել, սակայն դրա համատարած լինելը նկատելի էր։ Պուրակներն ու բակերը բառացիորեն լի էին օգտագործված ներարկիչներով, որոնց հետ խաղում էին երեխաները։

Բուժհաստատությունների վերահսկման որևէ համակարգ չկար։ Իսկ բժշկական գործիքները վարակազերծում էին պրիմիտիվ ձևով։ Երբ էլեկտրականություն չկար, դրանք «եռացնում էին» փայտի վառարաններով։ Ոչ ոք չէր ստուգում դոնորների արյունը։

Փորձարկումը հենց Վրաստանում են անցկացնում, քանի որ հեպատիտ С-ի մեծ տարածում ունեցող փոքր երկրում ավելի հեշտ է այդպիսի ծրագիր իրականացնել, իսկ երկրում զարգացած բժշկական ենթակառուցվածք կա։ Իր դերն է ունեցել նաև արտասահմանում «բարձր մակարդակում իրականացված լոբբինգը»։

ի՞նչ է լինելու

Եգիպտոսը հեպատիտի դեմ պայքարի առաջատարներից է։ 2008-2011թթ-ին այնտեղ հատուկ ծրագիր է իրականացվել, որի շրջանակում բուժվել է 190 հազար հիվանդների 90 տոկոսը։ Սակայն հեպատիտ С-ի տարածումը դրանից հետո, ընդհակառակն, աճել է։ Ծրագրի ավարտից մեկ տարի անց բացահայտվել է հիվանդանալու 100 հազար նոր դեպք։

Գլխավոր պատճառը․ ոչինչ չէր արվել հիվանդության տարածման կանխման ուղղությամբ, և ներերակային թմրամոլությունը, բուժհաստատությունները նախկինի պես վարակի օջախ էին։

2015թ-ին Վրաստանում ստուգումներ են անցկացվել ավելի քան երկու հազար վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում։ Պարզվել է, որ դրանց մեծ մասում խախտվել են գործիքների վարակազերծման կանոնները։

Հեղինակավոր ատամնաբուժական կլինիկայի մենեջեր Նանա Մուրուսիձեի խոսքով՝ մինչև 2015թ-ն առողջապահության նախարարությունն ատամնաբուժական կլինիկաների հաշվառում անգամ չէր անցկացնում։

«Նրանք նույնիսկ չգիտեին, թե որքան կլինիկա կա։ Մի անգամ ես ատամնաբուժարան տեսա Բաթումի շուկայում»։

Այն ժամանակ կանոնները խստացրին, սակայն դրանց պահպանման վերահսկման մեխանիզմ մինչև հիմա չկա։

Գեղեցկության սրահի տեր Իրինա Օնաշվիլին ասում է, որ սրահն աշխատում է 2012թ-ից, և այս ընթացքում ոչ ոք դրա սանիտարական պայմանները չի ստուգել։

«Վերջերս գնել ենք նոր վարակազերծող ապարատ 1200  դոլարով, մենք մշտապես թարմացնում ենք սարքավորումներն ու գործիքները։ Սակայն դա մեր բարի կամքն է։ Ոչ ոք մեզ ոչինչ չի պարտավորեցնում։ Մեր հաճախորդները մեզ վստահում են, այս տարիների ընթացքում ոչ ոք ոչնչով չի վարակվել»։


Կարդալ ավելին JAMnews-ում