Սահմանը հատելուց 5 րոպե հետո նկատում ես երկու երկրների տարբերությունը" />

Հեծանիվներով՝ Հայաստանի ու Վրաստանի տարածքով

Սահմանը հատելուց 5 րոպե հետո նկատում ես երկու երկրների տարբերությունը

«Սթրիթ արթ» նկարիչ և դիզայներ Վասիլի Grino-ն, ում լուսանկարը հավանաբար հիշում ես, իր պես խելահեղների հետ հեծանիվներով անցել են Հայաստանով ու Վրաստանով: 600 կմ երկու ամենահյուրընկալ երկրների տարածքով, վրաններում և անծանոթների բակերում անցկացրած գիշերներ, շփում ոստիկանության հետ, ճանապարհների բացակայություն, հաղթահարված դժվարություններ. կարծես Վասիլիին իրոք հաջողվել է զգալ այդ երկու երկրների ոգին: Նայում ենք լուսանկարներն ու լսում հետաքրքիր պատմությունը:

Անցած տարի մենք 10 ընկերներով հեծանիվով 1500կմ  անցանք Վիեննայից մինչև Տիվատ (Չեռնագորիա), և դրանից մեկ տարի անց որոշեցինք էլի մի տեղ գնալ նույն փորձված խմբով: Մեր ընտրությունը կանգնեց Հայաստանի և Վրաստանի վրա, որտեղ ես նախկինում չէի եղել և ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգում էի այդ այցը: Տոմսերը գնված էին, հեծանիվները՝ փաթեթավորված, և մենք հանդիպեցինք օդանավակայանում:

 Երևան

Երևան ժամանելուց հետո առաջին բանը, որ արեցինք, հեծանիվներով մեր հսկայական տուփերը գտնելն էր՝ հուսալով, որ բեռնակիրները փոխադրելիս ոչինչ չեն վնասել: Բացելով արկղն ու համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, դանդաղ հավաքեցինք հեծանիվներն օդանավակայանի տարածքում՝ տեղացիների զարմացած հայացքների ներքո: Շատերը մոտենում և հարցնում էին հեծանիվների և դրանց հետ կապված մեր պլանների մասին, տաքսու վարորդներն ավանդաբար իրենց ծառայություններն էին առաջարկում, իսկ մի տարեց մարդ մեզ քրիստոնեական խորհրդանիշ՝ խաչով կախազարդ նվիրեց, որը իմ ընկեր Լեոնիդի հեծանիվի ղեկին կախված անցավ ամբողջ ճանապարհորդությունը, ինչպես նաև ստվարաթղթե սրբապատկերները, որոնցից մեկն իմ փոքր պայուսակում էր:

Ժամանակակից Երևանը բաժանվում է 12 վարչատարածքային շրջանների՝ Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Նուբարաշեն, Շենգավիթ, որոնք իրենց հերթին բաժանվում են թաղամասերի: Շենքերի մեծ մասում և դրանց միջև լվացք փռելու պարաններ կան, իսկ մարդիկ, ինչպես Ղրիմում կամ հետխորհրդային երկրների մեծ մասում առանց ամաչելու կցակառույց բնակարաններ են ավելացնում պանելային շենքին: Մենք տեղավորվեցինք ինչ-որ կիսանկուղային հոսթելում քաղաքի կենտրոնում:

Տեղացիները բացատրեցին, որ Երևանի և ընդհանրապես ամբողջ Հայաստանի ջուրը լավն է և այն կարելի է ծորակից, ցանկացած ցայտաղբյուրից խմել: Տեղացիները շատ են սիրում գելենդվագեններ, դրանք նույնպես շատ են քաղաքում, իսկ ում փողը չի հերիքում, Նիվա է քշում:

Հետաքրքիր էր քաղաքը մանրամասն ուսումնասիրել, այդ պատճառով էլ ամբողջ հաջորդ օրը մենք քաղաքով հեծանիվ ենք քշել, ուշադիր զննելով այն: Բոլոր դիտակետերից երևում էր Արարատը: Ծիծեռնակաբերդը, որը կառուցվել է 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, շատ տպավորիչ էր: 44-մետրանոց սյունը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը: Քարակոթողի ողջ երկայնքով խորը ակոս է արված, որն այն երկու մասի է բաժանում: Սյունը խորհրդանշում է երկու մասի բաժանված հայ ազգին, որի փոքր հատվածն ապրում է Հայաստանում, իսկ մեծ մասը՝ սփյուռքում: Սյան կողքը 12 սյուներից բաղկացած հուշակոթող է, դրանք դասավորված են շրջանաձև՝ կորացած դեպի ներս: Իսկ ներսում՝ 1.5 մ խորության վրա մշտական կրակն է:

Սևան

Հաջորդ օրը մեզ միացավ մեր խմբի ևս երկու մասնակից, ում չվերթն ավելի ուշ էր: Եվ առավոտյան 11-ին ամբողջական կազմով՝ 11 հոգով, Երևանից հեծանիվներով մեկնեցին Սևանա լիճ՝ մեր նոր ծանոթի մեքենայի ուղեկցությամբ, ով համատեղության կարգով նաև հոսթելի տերն էր: 9-11% վերելքը 64 կմ ճանապարհահատվածում ծայրահեղ ծանր էր և որոշ հատվածներում ստիպված էինք քայլել՝ հրելով պայուսակներով բեռնված հեծանիվները, իսկ ժամանակ առ ժամանակ մեզ վրա տեղացող անձրևը միայն վատթարացնում էր իրավիճակը: 4 ծակված անիվ, և 19:30 հասանք աշխարհի ամենասառը լճերից մեկը:

Սևանա լիճը բնության հրաշք է, որը ձուլվում է երկնքին: Այն տեղակայված է լեռների բացատում ծովի մակերևույթից 1916մ բարձրության վրա: Ջուրը շատ պարզ ու թափանցիկ է. ըստ առասպելի՝ այդտեղից ջուր էին խմում միայն աստղերն ու աստվածները: Սևանի ծագման մի քանի տեսություն կա: Առավել հավանական է, որ լիճը ծնվել է մի քանի հազարամյակ առաջ հրաբխային պրոցեսների արդյունքում, որոնք տեղի են ունեցել այն շրջապատող Գեղամա լեռներում: Լճի հարավային լանջին քաղցրահամ ջրով լի մի քանի տասնյակ երկրաչափական շրջանաձև խառնարաններ կան: Սևանա լիճ է թափվում 28 գետ, բոլորը՝ մանր, ամենամեծը՝ Մայերիկը, գրեթե 50 կմ երկարություն ունի: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդանը: Մեր երևանցի ծանոթն օգնեց կազմակերպել գիշերակացը, գիշերեցինք փոքր տնակներում, որոնք հարմարեցրած սովորական վագոններ էին: Ջերմաստիճանը գիշերը -2 էր, տնակներում քնապարկերով էինք քնել, քանի որ սպիտակեղենը խոնավ էր:

Շրջագայությունը Հայաստանի մնացած մասերով

Առավոտյան շարժվեցինք դեպի Իջևան: Այդ օրվա գլխավոր տպավորություններից մեկը Սևան-Դիլիջան երեք կիլոմետր երկարությամբ թունելն էր, իսկ առաջին չպլանավորված քեմփինգը Իջևանից ոչ հեռու շատ գեղեցիկ ու տրամադրող էր: Մի թեթև մրսեցի, քնելիս դեռ չգիտեի, թե որքան կտրուկ են լինելու վերելքները:

Հաջորդ կետը Տավուշի մարզի փոքր Ոսկեպար գյուղն էր: Քանի որ մեր ճամփորդության բավականին մեծ հատվածն անցնում էր Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, ճանապարհին մի քանի լքված բնակավայրեր հանդիպեցինք, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա՝ թաքնված և քողարկված: Զինվորները ժպտում էին և ձեռքով անում մեզ:

Վրաստանի սահմանին կից գտնվող Նոյեմբերյան հասանք, երբ սկսեց մթնել: Անհասկանալի էր, թե որտեղ կարելի է վրան խփել, և ընտրեցինք մոտակայքում սարի վրա մի պատահական տեղ: Երբ բարձրացանք սարը, պարզվեց, դա տեղի «դրիֆթերների» սիրած վայրն է և այդտեղ էլ 1941-1945թթ-ի հուշարձան կար՝ կոնստրուլտիվիզմի ոճով:

Որոշ ժամանակ անց ոստիկանական մեքենա հայտնվեց, և իրավիճակը սյուրռեալիզմի վերածվեց: Ոստիկանն, ով կամ երկար չէր քնել, կամ ինչ-որ բանի ազդեցության տակ էր, փորձում էր պարզել, թե ովքեր ենք մենք և ինչ գործ ունենք այդտեղ: Երկար հարցուփորձից և բանակցություններից հետո մենք աստիճանաբար սկսեցինք ընդհանուր լեզու գտնել և զրուցել: Ավելի ուշ ևս մեկ ոստիկանական մեքենա հայտնվեց՝ Նոյեմբերյանի ոստիկանության պետն էր: Մեզ թույլ տվեցին գիշերել այդ հուշարձանի փակ տարածքում՝ նախապես բոլոր 11 հոգու անձնագրային տվյալները գրանցելուց հետո: Բացատրությունը հետևյալն էր. մեզ մոտ մերթընդմերթ կրակում են, այդ պատճառով էլ այսպես է: Այնուամենայնիվ, ոստիկանական մեքենաները կես ժամ մեքենայի լուսարձակներով լուսավորում էին այն վայրը, որտեղ մենք վրաններ էինք խփում: Առաջարկեցին ոստիկաններ ուղարկել, որպեսզի հանգիստ քնենք, սակայն մենք հրաժարվեցինք:

Հաջորդ օրը բոլոր իրերն արևի տակ չորացնելուց հետո, ուղևորվեցինք Թբիլիսի: Եղանակը վերջապես լավացավ, խճուղին փառահեղ էր: Վրաստանի հետ սահմանը բավականին արագ անցանք, իսկ մաքսակետի աշխատակիցը, նայելով անձնագրիս, ասաց. «Ձեր նախագահը տղա է: Ինպե՞ս է նա»: Ես ենթադրեցի, որ նորմալ կլինի:

Ընդհանուր առմամբ Հայաստանը ծայրահեղ հաճելի տպավորություն թողեց, մեր ճանապարհին հանդիպող հայերը սկզբում անհաղորդ էին, սակայն մեր  նվազագույն ջերմ էմոցիայի դեպքում նույն կերպ էին պատասխանում: Մարդիկ հաճախ էին մոտենում և օգնություն առաջարկում, նույնիսկ եթե օգնելու բան չէր լինում, բարի ճանապարհ էին մաղթում, մեքենաները կանգնում էին առաջին իսկ ժեստից, իսկ վարորդները բացատրում էին, թե որտեղով և ինչպես է ավելի հեշտ առաջ շարժվել, երեխաները հավաքվում էին բոլոր կողմերից, խնդրում էին թույլ տալ սաղավարտները փորձել, կամ հեծանիվը քշել կամ պարզապես ծիծաղում էին իրենց համար անհասկանալի մարդկանց վրա:

Վրաստան

Սահմանը հատելուց առաջ մտանք ճանապարհին տեղակայված սրճարան և ուտելիք պատվիրեցինք՝ սպասելով մնացածներին: Պետք է նշել, որ ամենուր Հայաստանում և Վրաստանի սրճարանների մեծ մասում ճաշացանկը շատ պայմանական է, այսինքն, կարող եք ասել, որ որոշակի դիետա եք պահում և ձեզ համար եփած խորոված կպատրաստեն: Դա հաճելի  և անսպասելի բացահայտում էր ինձ համար: Չափաբաժինները հսկայական էին, իսկ սնունդը՝ անասելի համեղ: Սահմանը հատելուց արդեն 5 րոպե անց այդ երկու երկրների տարբերությունը զգում ես: Միանգամից երևում է, որ Վրաստանն ավելի հարուստ է ապրում: Դա երևում է ճանապարհների որակից, փոքր քաղաքներից ու գյուղերից:

Վրաստանի վառ առանձնահատկություններից մեկը մետաղական խողովակներից եռակցված խաչերն են, որոնց թևերը մեր խաչերի պես ուղիղ չեն, այլ մի փոքր թեքված են ներքև, կարծես սլաքներ կամ թռչնի ոտք լինեն: Դրանք կոչվում են սուրբ Նինայի խաչեր: Ըստ ավանդույթի, խաղողի որթից հյուսված այդ խաչը Աստվածածինն է տվել սուրբ Նինային, երբ նրան ուղարկել է Վրաստան: Ես նման խաչ արեցի հեծանիվիս վրա:

Հայաստանի լեռնային հատվածները վաղուց ետևում էին, և մենք ընթանում էինք անթերի ասֆալտով դեպի Թբիլիսի: Ամբողջ ճանապարհին մարդիկ մեզ ձեռքով էին անում, բարի ճանապարհ մաղթում, գինի հյուրասիրում կանգառներում, գրկում և նույնիսկ համբուրում: Ես չէի հավատում, որ այդ ամենն իրական է:

Թբիլիսի

Այդ օրը 100 կմ անցանք և հասանք զարմանահրաշ Թբիլիսի: Իհարկե, զբոսաշրջիկների անհավանական հոսքի պատճառով Թբիլիսին այնքան ջերմ չէր, որքան Վրաստանի մնացած բնակավայրերը և շատ բաներ արվում են զբոսաշրջիկների զվարճանքն ապահովելու համար: Քաղաքի հին թաղամասերն այնքան խարխուլ են, բայց անհավանական հարմարավետ, որ ոչ ոքի անտարբեր չեն թողնում: Մենք, իհարկե, աշխատեցինք պահպանել զբոսաշրջային ստանդարտ ծրագիրը. օրինակ, այցելեցինք լեգենդար ծծմբային բաղնիքները Աբանոտուբանիում: Այստեղի ջուրը գալիս է ընդերքից, այն տաք է և մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում: Նմանատիպ բաղնիքներ կան Իտալիայի Տիվոլի շրջանում և Անգլիայում:

Մենք վրացական սննդից ու գինուց անմասն չէինք մնում: Թե մեկը, թե մյուսն այնտեղ պարզապես ցնցող են: Այժմ ես շատ եմ կարոտում աջարական խաչապուրին և խինկալին: Ի դեպ, որքան հեռանում ես Թբիլիսիից դեպի ծով, այնքան խինկալին ավելի խոշոր է դառնում, այդ պատճառով էլ պատվիրելիս պետք է զգույշ լինել, այլապես կարող ես շատ մեծ չափաբաժին պատվիրել:

Որոշակի ռեստորաններ ու սրճարաններ խորհուրդ տալ իմաստ չունի, քանի որ դրանք շատ են և բոլորը շատ լավն են: Քաղաքով զբոսնելը հաճույք է: Թբիլիսին իրոք շատ կենդանի և ֆակտուրայով քաղաք է: Քանի դեռ զբոսում էինք ու լուսանկարում ամեն ինչ, տեղի եկեղեցու քահանայից տնական գինի նվեր ստացանք:

Ճիշտ է, քաղաքում հեծանիվով տեղաշարժվելը այնքան էլ անվտանգ չէ, քանի որ վրացիներն լիովին արհամարհում են երթևեկության կանոնները. Քշում են կարմիր լույսի տակ, անցորդներին ճանապարհ չեն տալիս: Ինչ-որ ժամանակ անց մենք մի փոքր սովորեցինք և սկսեցինք ճանապարհն անցնել տեղացիների պես՝ պատահական տեղերով, ձեռքը պարզած՝ իբր «կանգնի՛ր, ճանապարհն եմ անցնում»: Ես նաև հին իրերի շուկա մտնելու հանրավորությունը բաց չթողեցի, որտեղ Թբիլիսիում անցկացված հեծանվավազքի հին նշան գտա: Քաղաքում անցկացրած երկու հրաշալի օրերն աննկատ անցան:

Ուպլիսցիխե

Մեր խմբի մասնակիցների մեծ մասը ազդրի քառագլուխ մկանի վրա «9%» դաջվածք արեց՝ ի հիշատակ Հայաստանի 9-տոկոսանոց վերելքների, որոնք շատ դժվար տրվեցին մեզ, և մենք ուղևորվեցինք դեպի Վրաստանի ամենահին քաղաքներից մեկը՝ Գորի: Ավելի ճիշտ մեզ հետաքրքրում էր Գորիից ոչ հեռու գտնվող Ուպլիսցիխե վայրը:

Ուպլիսցիխեն (բառացիորեն՝ «Աստծո ամրոց») հին քարնձավային քաղաք է, Վրաստանի առաջին քաղաքներից մեկը: Այն ժայռի մեջ է կերտված և գտնվում է Գորիից 12 կմ դեպի արևելք, Քուռ գետի ձախ ափին: Քաղաքը վերջնականապես լքվել է 19-րդ դարում և բազմաշերտ հնեաբանական գոտի է դարձել, այն վրացական մշակույթի կարևորագույն հուշարձաններից է: Դրա բացառիկությունը կայանում է նրանում, որ իր կառուցվածքի շնորհիվ քաղաքը պահպանել է ճարտարապետական և ծիսական կառույցների մնացորդներ, որոնք կառուցվել են հազարամյակների ընթացքում: Իր բարգավաճման փուլում Ուպլիսցիխեն մոտ 700 քարանձավ և քարանձավային կառույց է ունեցել, որոնցից պահպանվել են միայն 150-ը:

Տեղ հասանք արդեն երեկոյան, վրան խփելու համար հարմար վայր գտանք և գործի անցանք, երբ մեզ շրջապատեցին մի խումբ շներ, որոնք արդյունքում մեզ հսկեցին ողջ գիշեր արածող կովերից և պատահական կենդանիներից, նրանք պառկեցին հենց մեր վրանների կողքը, ինչի համար էլ  նրանց կերակրեցինք, որքան հնարավոր էր:

Ժայռերի մեջ քնելը հիանալի էր: Առավոտյան հավաքվեցինք և գնացինք քաղաքն ուսումնասիրելու, մեզ օգնեց էքսկուրսավարը, առանց ում այդ ամենը պարզապես քարակույտ կլիներ: Առանձնահատուկ հիշվող էր գինով կոնանման կժերի մասին հատվածը, որոնք պահվում էին հատուկ մառաններում (կվևրի), քանի որ այդ մեթոդն այսօր օգտագործվում է շատ տեղերում: Այդպիսի կժերի գինին աննկարագրելի է՝ տտիպ և ծորացող: Մենք այն փորձեցինք թանգարանի մոտակայքում գտնվող սրճարանում: Տերեից մեկը՝ տաօրինակ Ստալբեր անունով (Ստալին, Բերիա) սիրալիր հյուրասիրեց մեզ: Փորձեցի նաև անհավանական համեղ չակապուլի վրացական ուտեստը՝ կանաչիով ու համեմունքներով տապակած միս: Մսակերներին խորհուրդ եմ տալիս:

Սուրամի և Պրոմեթևսի քարանձավ

Այստեղից ուղևորվեցինք Սուրամի: Ամեն ինչ նույնն էր՝ հարթ ճանապարհ, հովիվներ սարերում, բարեհամբույր մեզ ձեռքով անող մարդիկ, գեղեցիկ բնապատկերներ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջացած էնդորֆիններ: Էլ ի՞նչ է պետք երջանկության համար: Երբ հասանք մերոնց Սուրամիի մոտ, նրանք, բնականաբար, արդեն գինի էին խմում և տեղական շատ համեղ չամիչով բլիթներ ուտում: Քաղցր լավաշի պես բան է, շատ համեղ է: Դրանք կարելի է գնել միայն այստեղ: Երկու տարեց տղամարդ մեզ համոզեցին մնալ և գինի խմել, սակայն երկար բացատրություններից հետո, ընդունեցին, որ պետք է գնանք, թե չէ չենք հասցնի վրանները մինչև մութն ընկնելը խփել: «Տղանե՛ր, էլի եկեք, մենք այստեղ ենք լինելու», – ասացին նրանք: Շատ հաճելի էր: Ի դեպ նազուկին մենք դեռ մի քան օր հաճույքով կերանք:

Ճանապարհին թեքվեցինք դեպի կածանը, քանի որ չէինք ուզում տասնյակ մեքենաների և բեռնատարների ուղեկցությամբ ընթանալ, իսկ MAPS.ME-ն ցույց էր տալիս, որ այլ ճանապարհ կա, արդյունքում 5 հոգով 40 կմ գյուղական անսարք ճանապարհ անցանք, որից հետո ես հույս ունեի, որ հեծանիվս դեռ կենդանի է: Ցնցումները ճանապարհին շատ էին, իսկ իմ հեծանիվը նման ճանապարհների համար նախատեսված չէ: Որպես պարգև մեր առջև բացվեցին հիանալի տեսարաններ, գեղեցիկ ակվեդուկ և երկաթգիծ, որն անցնում էր սարերով, ինչպես նաև՝ կառուցվող թունել:

Եվս մեկ վայր, որը պատրաստվում էինք այցելել Կումիստավիի կամ Պրոմեթևսի քարանձավն էր՝ Ցխալտուբո քաղաքի մոտ: Քարանձավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 11 կմ, որից 1060մ է միայն բաց այցելուների համար: Այն մեծ հռչակ է վայելում, այնտեղ նույնիսկ կարելի է հարսանիք կազմակերպել:  Քարանձավը բավականին հետաքրքիր տեղ է, սակայն այն մի փոքր փչացրել են գունավոր լույսերով ու ինչ-որ անհասկանալի լազերային շոուով: Ավելի լավ կլիներ՝ թողնեին այնպես, ինչպես կա՝ նվազագույն միջամտությամբ:

Մենք ցանկացանք գիշերել Նոկալակևի լքված ամրոցի տարածքում, դա քաղաք-ամրոց է Վրաստանի արևմուտքում, Սենակի մունիցիպալիտետում, շրջկենտրոնը Էգրիսին է: Այն լեգենդար Այա քաղաքի գտնվելու վայրն է, ուր, ըստ ավանդության, եկել են արգոնավորդները: Երբ տեղ հասանք, պարզվեց, որ տարածքը ցանկապատված է և ոչ մի կերպ վրան խփել չի լինի: Մեզ առաջարկեցին առավոտյան գալ և ամեն ինչ տեսնել: Մի փոքր տրամադրություններս ընկած՝ մենք մի քիչ առաջ անցանք, հատեցինք կամուրջն և լավ տեղ գտանք վրանների համար՝ ուղիղ ինչ-որ մեկի տան ու բակի մոտ:

Մի քանի ժամ անց ես զարթնեցի անհասկանալի աղմուկից, շների հաչոցից, ավտոմեքենաների շարժիչների ձայնից: Ինչ-որ ժամանակ անց աղմուկը դադարեց, և ես կրկին քնեցի: Առավոտյան կրկին աղմուկից արթնացա: Վրանից դուրս նայեցի՝ տեսնեմ կովերն ու խոզերը մռութները մեր տարաների մեջ են մտցրել և ուզում են երեկվա ընթրիքի մնացորդներից օգտվել: Որոշ ժամանակ անց, երբ սկսեցինք կովերին ավելի ակվիտ քշել, ցանկապատից այնկողմ մեկը հայտնվեց: Ես մտածեցի, որ մեզ վրա կխոսեն, որ քշել ենք իրենք կովերին, վրաններն էլ հենց արոտավայրի մեջտեղում ենք տեղադրել, սակայն ամեն ինչ լրիվ հակառակը եղավ: Անծանոթը պատմեց, որ երեկ իր ծնունդն էր, և սա իր ամառանոցն է, որտեղ նա խաղող է աճեցնում: Ներողություն խնդրեց երեկվա աղմուկի համար և ասաց, որ եթե իմանար, որ այստեղ ենք, կհրավիրեր ծնունդը նշելու: Եվ հեռացավ, որից հետո եկավ համեղագույն տնական գինու շշով ու մի ողջ սկուտեղ ուտելիքով: Այդպես մենք նախաճաշեցինք նրա ընկերակցությամբ և լուսանկարվեցինք: Տղամարդը մեզ խորհուրդ տվեց գնալ դեպի տաք աղբյուրը, որը գետնի տակից է բխում: Մենք հենց այդպես էլ արեցինք այն բանից հետո, երբ շրջեցինք Նոկալավերիի փլատակներում:

Բեթլեմն արժե այցելել: Տաք ջուրը բխում է հենց գետնի տակից, այնտեղ էլ հենց պարզ լողանալու տեղեր են սարքած՝ ցնցուղների պես:

Սենակի և Բաթում

Հաջորդիվ Սենակին էր, որտեղ պատահական մեկը, սրճարանի մոտ մեր հեծանիվները տեսնելով, հարցրեց՝ ովքեր ենք և որտեղից: Եվ երբ տեսավ, որ մեր շարքերում աղջիկներ կան, ովքեր 600 կմ հեծանիվ են քշել՝ ծանր պայուսակներով, շոկի մեջ էր: Ասաց, որ սպասենք, և վերադարձավ կարկանդակների երկու մեծ տուփով՝ ասելով. «Սա՝ ճանապարհի համար: Բարի ճանապարհ»: Այդպես մենք բարեհաջող հասանք տխուր նավահանգստային Փոթի քաղաք, որտեղ բացարձակ բան չկար անելու:

Երկու անգամ մեզ ոստիկանական մեքենաներ ուղեկցեցին: Առաջին դեպքում՝ որովհետև անելու բան չունեին, երկրորդ դեպքում՝ այլ գույնի մեքենաով՝ արդեն անհանգստության անթաքույց  զգացումից դրդված, որը դաջված էր ոստիկաններից մեկի դեմքին: Ոստիկանները մեզ բացատրեցին, որ այս շրջանում վրան խփելն անվտանգ չէ, քանի որ տարբեր վատ դեպքեր են եղել: 

Մեզնից շատերի համար մեր հեծանվարշավի վերջնակետը Բաթումն էր, որտեղ մենք երկու հիանալի օր անցկացրինք՝ հաճույքով ուտելով աջարական խաչապուրի և հիանալով ծովով: Հենց այնտեղ ես ահռելի մեծ աջարական խաչապուրի տեսա «Տիտանիկ» անվամբ, որը ձեռքիս մեծության էր: Տղաներն այդպես էլ չկարողացան ուտել այն հինգով: Աջարական խաչապուրի Բաթումում պետք է ուտել «Ռետրո» սրճարանում, որը մեզ խորհուրդ էին տալիս բոլորը՝ պանկերից մինչև ոստիկաններ: 

Բաթումում մենք հրաշալի ժամանակ անցկացրինք՝ զբոսնելով քաղաքում և ծովափում: Հատկապես ուզում եմ նշել բուսաբանական այգին: Մեր խմբից 4-ն ուղևորվեցին Թուրքիա, իսկ մեզ համար պատմությունն ավարտվեց Բաթումում, որտեղից մենք ինքնաթիռ նեստեցինք դեպի տուն:

Վրաստանն ինձ վրա անհավանական տպավորություն թողեց, և ես առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ այն լավագույն երկրներից մեկն է, որտեղ ես հասցրել եմ լինել: Շատ եմ կարոտում բնությունը, խոհանոցը և անհավանական բարեհամբույր և հյուրընկալ մարդկանց: Վրաստանը սեր է:

Հրապարակվել է 06.07.2016


Կարդալ ավելին JAMnews-ում