Իշխանություններն ինովացիոն բիզնես-համաժողով են կազմակերպել Սյունիքի մարզում՝ հնարավորինս շատ գործարարներ այստեղ ներգրավելու նպատակով " />

Հարյուրավոր տեխնոլոգիական ձեռնարկություններ և նոր օդանավակայան․ Հայաստանի հարավային մարզի զարգացման քայլեր

Իշխանություններն ինովացիոն բիզնես-համաժողով են կազմակերպել Սյունիքի մարզում՝ հնարավորինս շատ գործարարներ այստեղ ներգրավելու նպատակով

Հայաստանում անցկացվել է թվով չորրորդ ինովացիոն բիզնես-համաժողովը։ Այս անգամ այն կայացել է Տաթև գյուղում և կոչվել «Իմ քայլը՝ հանուն Սյունիքի մարզի»։

«Իմ քայլը» այն բողոքի շարժման անվանումն է, որով սկսվեց «թավշյա» հեղափոխությունը Հայաստանում։ Այժմ դա նաև իշխող խորհրհդարանական խմբակցության անվանումն է։ Այդ նույն անվանումով էլ անցկացվում է ինովացիոն բիզնես-համաժողովը, որին մասնակցում է հեղափոխության առաջնորդը, որն այժմ երկրի վարչապետն է։ Նախաձեռնության նպատակը որքան հնարավոր է շատ գործարարների ներգրավելն է, որոնք պատրաստ են նպաստել մարզերում Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Հայաստանի բնակիչներին առավել շատ են անհանգստացնում գործազրկությունն ու աղքատությունը

Ի՞նչ են պայմանավորվել

Ծրագրերը, որոնք ներկայացվել էին համաժողովի ընթացքում Հայաստանի հարավային մարզում, վերաբերում էին տարբեր ոլորտների։ Մասնավորապես, Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը մտադիր է այդ մարզում տեխնոլոգիական աշխատուժ ձևավորել։

 «Սյունիքի մարզում մենք պատրաստվում ենք ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն․․․ High Tech-ում կլինի 1500, մյուս ոլորտներում 3000 աշխատատեղ», – հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ներդրումների ընդհանուր գումարը կազմելու է մոտ 2,2 մլրդ դրամ, ինչը բյուջեին 7,5 մլրդ դրամ եկամուտ կապահովի։ Այդ թվում, կհիմնվի բանակի համար անօդաչու սարքերի արտադրություն։

Համաժողովի ընթացքում մարզպետարանից հաղորդեցին, որ Կապան քաղաքում օդանավակայանը կվերազինվի և կրկին կսկսի գործել, այժմ արդեն՝ միջազգային չափանիշների համաձայն։

«Խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանում 10-12, իսկ հատուկ օրերին մինչև 16 չվերթ էր լինում։ 2017 թ-ին «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը» հիմնել է «Սյունիքի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը։ Համայնքը 2017թ-ի սեպտեմբերին օդանավակայանը փոխանցել է հիմնադրամի կոնցեսիոն կառավարմանը», – հայտարարել է Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը։

Օդանավակայանն արդեն 60%-ով վերանորոգվել է և վերակառուցումից հետո կարող է ժամում մինչև 100 մարդ սպասարկել։ Նախագծի շրջանակում ներդրվել է 800 մլն դրամ, ընդհանուր առմամբ, նախագիծը ենթադրում է 2,3 մլրդ դրամ ներդրում։

Ի՞նչ է արդեն գործում

Ներդրումային համաժողովին մասնակցեցին ինչպես սկսնակ գործարարներ, այնպես էլ արդեն կայացած գործարարներ, որոնք պատմում էին իրենց հաջողության մասին։

Սյունիքի մարզում առավել հեռանկարային ուղղություններ են համարվում գյուղատնտեսությունը, արդյունաբերությունն ու զբոսաշրջությունը։

Կաթնամթերքի արտադրման տեղական ընկերություններից մեկի փոխնախագահ Սամվել Սեդրակյան ասել է, որ բիզնեսը զրոյից են սկսել մի քանի տարի առաջ։ Այսօր արդեն ձեռնարկությունը կաթ է մթերում 400 գյուղերից և արտադրանքի արտահանում է կազմակերպում․

 «Մենք Հայաստանում ունենք մասնագիտացված խանութներ։ Արտադրանքը նաև Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ ենք արտահանում»։

 Բիզնեսի զարգացման հիմնական խնդիրը Սամվել Սեդրակյանը լոգիստիկան է համարում․

 «Հաճախ մեր մեքենաները խցանման մեջ են հայտնվում վրաց-ռուսական սահմանին։ Եթե այդ խնդիրը լուծվեր, մենք կարող էինք զգալիորեն ավելացնել արտահանման ծավալները»։ 

Ինչո՞վ է գրավիչ Սյունիքը

Սյունիքի մարզը ներդրումների ծավալներով առաջատարների թվում է։ Այստեղ գործում են լեռնահարստացուցիչ ընկերությունները։ Իսկ Իրանի սահմանին 2017թ-ի դեկտեմբերից հիմնվել է Ազատ տնտեսական գոտին։

Այստեղ ապրանքները վաճառվում են ինքնարժեքով՝ duty free-ի սկզբունքով։ Տնտեսագետները կարծում են, որ, Հայաստանի և Իրանի համար այս հարթակը կարող է լինել երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորություն, քանի որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանն, ինչպես նաև համագործակցում է Եվրամիության հետ և օգտվում արտահանման համար արտոնյալ պայմաններից։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտում աշխատող գործարարներն ազատված են եկամտահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից։ Նրանցից միայն շահութահարկ է գանձվում։

Հայաստանի այս շրջանում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևերը»։ Դրա երկարությունը 5752 մ է, այն ներառված է Գինեսի ռեկորդների գրքում։

«Տուր ինձ թևեր»։ Տաթևեր

Ի՞նչ է իրենից ներկայացնում համաժողովը

Նախկինում այսպիսի ներդրումային բիզնես-համաժողովներ անցկացվել են Լոռվա, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ Միջոցառման ձևաչափը ենթադրում է, որ երիտասարդ գործարարները կարող են ներկայացնել իրենց նախագծերը, որոնցում կարող են ներդրումներ անել նաև այլ գործարարներ։

Այս համաժողովների շրջանակում անցկացվում են նաև տեղական արտադրանքի ցուցադրություններ՝ բնորոշ տվյալ մարզի համար։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում