Դա տեղի է ունեցել Սիրիայից զորքերը հանելու մասին նախագահ Պուտինի հայտարարությունից երկու ամիս անց " />

Հարյուրավոր ռուսաստանցի վարձկաններ են սպանվել կամ վիրավորվել Սիրիայում վերջին շաբաթվա ընթացքում

Դա տեղի է ունեցել Սիրիայից զորքերը հանելու մասին նախագահ Պուտինի հայտարարությունից երկու ամիս անց

Սիրիայում զոհված ռուսաստանցի վարձկան Վալերի Ջուբայի գերեզմանը Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում: Լուսանկարը՝ REUTERS/Մարիա Ցվետկովա

Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մոտ 300 մարդ է սպանվել և վիրավորվել նախորդ շաբաթ Սիրիայում, հաղորդում է  Reuters-ը:

Reuters-ի զրուցակիցներից մեկը ռուս զինվորական բժիշկ է: Նա պատմել է, որ այդ թվում զոհվել է մոտ 100 մարդ, որոնք համագործակցում էին Վագների մասնավոր ռազմական ընկերության հետ: Վագների ընկերության հետ անմիջական կապ ունեցող և մի քանի մարտիկի հետ ծանոթ աղբյուրը հաստատել է այդ տեղեկատվությունը:

Վագների մասնավոր ռազմական ընկերությունն, ըստ ռուսական լրատվամիջոցների, զբաղվում է Սիրիայում և Դոնբասում մարտական գործողություններին մասնակցելու համար վարձկանների հավաքագրմամբ: Ընկերությունը պատկանում է պետերբուրգցի ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինին: Նրա հիմնական բիզնեսը ռուսական բանակին սննդամթերք մատակարարելն է:

Մոսկովյան հոսպիտալներից մեկի բժիշկը գործակալությանը հաղորդել է, որ իրենց հիվանդանոցում Սիրիայում վիրավորված ավելի քան 50 ռուսաստանցի կա: Մնացած վիրավոր վարձկանները բաշխվել են Մոսկվայի, Մերձմոսկովյան շրջանի և Սանկտ Պետերբուրգի 3 բուժհաստատությունների միջև:

Ամերիկյան լրատվամիջոցներից շատերը հաղորդել են այն մասին, որ 2018թ-ի փետրվարի 7-ին ռուսասատանցի վարձկանները Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիայի և հրետանու հարվածի տակ են ընկել: Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգիանը պատմել է, թե ինչ է այդ օրը տեղի ունեցել սիրիական Դեյր Զոր շրջանում:

Նրա խոսքով՝ շրջանը, որը զբաղեցնում են «Սիրիական դեմոկրատական ուժերը», անհայտ հակառակորդը փորձել է զբաղեցնել: Միջազգային կոալիցիան օգնել է ապստամբներին պահպանել դիրքերը: Կոալիցիայի ղեկավարությունը չի իմացել, թե եղել են արդյոք գրոհողների շրջանում ռուս զինվորականներ կամ վարձկաններ:

Գեներալը պատմել է նաև, որ հարվածը հասցնելուց առաջ ամերիկյան կողմը կապվել է Սիրիայում ռուսական հրամանատարության հետ և հաղորդել գրոհի և այն մասին, որ կոալիցիան պատրաստվում է պատասխան հարված հասցնել: Ռուսական կողմի արձագանքն այդ հաղորդումներին Հարիգիանը չի բացահայտել:

Մինչև փետրվարի 15-ը ռուսական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել Սիրիայում զոհված ռուսաստանցի վարձկանների մասին տեղեկատվությունը: Երեկ ռուսական ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ փետրվարի 7-ին Սիրիայում ենթադրաբար 5 ռուսաստանցի է զոհվել: Զախարովան ընդգծել է, որ այդ անձանց քաղաքացիության մասին տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել, այն ստուգվում է: Այդ անձինք ըստ նրա, հաստատ ռուսաստանցի զինվորականներ չեն եղել:

Երկու ամիս առաջ  JAMnews-ը հաղորդել է այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու մեկնարկի մասին:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում