Վրաց-օսական հակամարտության մասնակիցները զայրացած են իշխանությունների կողմից ուշադրության բացակայությունից" />

Հարավային Օսիա. վետերանները քաղաքականություն են մտնում

Վրաց-օսական հակամարտության մասնակիցները զայրացած են իշխանությունների կողմից ուշադրության բացակայությունից

Հարավային Օսիայում վրաց-օսական հակամարտության վետերանները բողոքում են սոցիալական անապահովությունից: Նրանք պետությունից որևէ օգնություն և արտոնություն չեն ստանում և հույսը դրել են միայն վետերանների հարցերով զբաղվող կազմակերպությունների վրա:

«Նախընտրական քարոզարշավների փուլում հեղինակություն վայելող վետերանների աջակցությունը զգալիորեն բարձրացնում է այս կամ այն թեկնածուի վարկանիշը: Սակայն մինչև հիմա Հարավային Օսիայի ոչ մի նախագահ մեր կարգավիճակն օրենսդրորեն չի ամրագրել», – JAMnews-ին ասել է վետերաններից մեկը:

Կոկոյտիից մինչև Բիբիլով. ո՞ւմ նախագահության տարիներին էր կյանքն ավելի լավ

Ոմանք այս իրավիճակում քաղաքական ենթատեքստ են փնտրում: Վրաց-օսական հակամարտության վետերաններից մեկը՝ Ասլանը, բողոքում է, որ նախագահ Լեոնիդ Թիբիլովի նախագահության տարիներին (2012-2017) վետերաններին գիտակցաբար անտեսում էին:

«Մեր հանդեպ, չգիտես ինչու, բացասական վերաբերմունք կա: Միգուցե նրա համար, որ մեզնից շատերը հավատարիմ են նախկին նախագահ Կոկոյտիին (հանրապետության ղեկավարն է եղել 2001-2011թթ-ին – JAMnews), – ասում է վետերաններից մեկը, որը ներկայացավ որպես Ասլան: – Իշխանության եկածներից շատերը նրանք են, ովքեր ծանր ժամանակներում մեկնել են հանրապետությունից և այդ ժամանակներն անցկացրել Հյուսիսային Օսիայում կամ Մոսկվայում: Նրանք վերադարձել են միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչել է մեր անկախությունն, ու Վրաստանի հետ փխրուն խաղաղություն է հաստատվել, և զբաղեցրել են բոլոր «փողաբեր տեղերը»: Իսկ մենք առանց աշխատանքի նստած ենք, բուժվելու և ընտանիք կերակրելու փող չունենք»:

Նա հիշում է, որ Էդուարդ Կոկոյտին 2008թ-ի շատ վետերանների պարգևատրել է բարձրագույն պետական պարգևով՝ «Ուացամոնգա» շքանշանով, որի ասպետներին բարձր թոշակ է հասնում: «Ուժային գերատեսչությունների աշխատակիցները շատ ավելի լավ էին ապրում Կոկոյտիի ժամանակ», – ասում է նա:

«Չէի ասի, որ այն ժամանակ համընդհանուր ուշադրության կնետրոնում էինք, սակայն ժամանակ առ ժամանակ ոմանց հանգստանալու էին ուղարկում, ոմանց՝ բուժվելու: Վերջին վեց տարում ոչինչ չի արվում»:

2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո Կոկոյտին, որն այն ժամանակ նախագահ էր, հարյուրավոր միլիոն ռուբլի տրամադրեց հանրապետության պաշտպանության մասնակիցներին օգնություն ցուցաբերելու համար: Ոմանք ստացած գումարով կարողացան իրենց բիզնեսը սկսել, ոմանք պարզապես ծախսեցին այն, ոմանք էլ ամուսնացան:

Իսկ ևս ավելի քան 200 ընտանեկան զույգ ուղարկվեց բուժման:

«Շատ մարտիկներ սառել են խրամատներում և անզավակ մնացել»,ասում է Ասլանը:

Ս ակայն այդ կարծիքը բնավ ոչ բոլոր վետերաններն են կիսում: «Աեգդաու» վետերանների կազմակերպության հիմնադիր Կոբա Գագլոևն «Էխո Կավկազա» պորտալին տված հարցազրույցում ասել է, որ «Կոկոյտիի ժամանակ շարքային զինվորներին տարօրինակ կերպով շրջանցում էին: Մենք փողոցում մնացինք»:

Կոբա Գագլոևը հույս էր կապում հաջորդ նախագահի՝ գեներալ Լեոնիդ Թիբիլովի հետ: Սակայն նրա նախագահությունից դժգոհ մնացին բոլոր վետերանները. չստացան ոչ կարգավիճակ, ոչ թոշակ, ոչ սոցիալական նպաստ:

Վետերանական կազմակերպությունների քաղաքական մրցակցությունը

Հարավային Օսիայում պաշտոնապես մի քանի վետերանական կազմակերպություն կա: «Օսիայի պաշտպանների միությունը», «Հարավային Օսիայի վիրավորների պաշտպանության հիմնադրամը», որը ղեկավարում է «Ուացամոնգա» շքանշանի միակ կին ասպետ Մադինա Պլիևան, օգնում են վետերաններին, ինչպես կարող են:

Մի քանի տարի առաջ հիմնվել է նաև «Հարավային Օսիայի ժողովրդի 1989-1992թթ-ի Հայրենական պատերազմի վետերանների «Աեգդաու» («Պատիվ») միությունը»: Դրա հիմնադիրները 1989-1992թթ-ի վրաց-օսական հակամարտության մասնակիցներ, իսկ ներկայում հայտնի գրողներ Թամերլան Թադթաեևն ու Կոբա Գագլոևն են: Սակայն այդ կազմակերպության պրակտիկ գործունեության մասին ոչինչ հայտնի չէ: Ինքը՝ Թամերլան Թադթաևը, կոնտուզիա է ստացել 2008թ-ի օգոստոսին, նրա տեսողությունը կտրուկ վատացել է, վիրահատություն է անհրաժեշտ եղել, սակայն պետությունից օգնություն նա այդպես էլ չի ստացել:

Այս և մի քանի այլ կազմակերպության խնդիրն այն է, որ դրանք որոշակիորեն մրցակցում են միմյանց հետ, քանի որ դրանց առաջնորդները տարբեր քաղաքական ճամբարների են պատկանում:

Օրինակ, 2012թ-ի նախագահական ընտրությունների թեժ պահին ի հայտ եկավ  աշխարհազորայինների մի խումբ՝ ստեղծելով «Օսիայի վերածնունդ» կազմակերպությունը: Միակ բանը, որով նրանք հայտնի դարձան, այն ժամանակ արդեն նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի հասցեին քննադատությունն էր:

Քաղաքական անգաժավորվածության արդյունքում իշխանության «ֆավորիտները» մեկ ժամում կարող են «վտարյալ» դառնալ: «Աեգդաուի» հիմնադիրներ Կոբա Գագլոևն ու Թամերլան Թադթաևն աջակցել են ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովի թեկնածությանը և դարձել են նրա թիմի անդամ:

Իսկ բոլորովին վերջերս Հարավային Օսիայում քաղաքական սկանդալի արդյունքում ևս մեկ վետերանական կազմակերպություն հայտնվեց: Դրա հիմնադիրը «Ուացամոնգա» շքանշանի ասպետ Դմիտրի Թասոևն է:

Նա զբաղեցնում էր խորհրդարանի փոխխոսնակի, պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնները, գլխավորում էր «Միասնական Օսիա» իշխող կուսակցության քաղխորհուրդը: Սակայն 2017թ-ի ամռանը դեմ հանդես եկավ իր կուսակից Պյոտր Գասիևին խորհրդարանի նախագահ ընտրելուն, կուսակիցների հասցեին մի շարք հանրային քննադատական հայտարարություններ արեց և որպես արդյունք հեռացվեց իր բոլոր պաշտոններից:

«Ապտակ ժողովրդին, …հանցավոր դավադրություն, …ժողովրդի ամենադաժան խաբեություն». JAMnews-ը պատմել է նոր խոսնակի ընտրությունների շուրջ Հարավային Օսիայում տեղի ունեցած սկանդալի մասին: 

Այժմ Դմիտրի Թասոևը հայտարարել է «Մարտական համագործակցություն» վետերանական կազմակերպություն հիմնելու մասին: Եվ թեև հանրային քաղաքականությունում նա դեռ չի նկատվել, շատերը կարծում են, որ նրա այդ «լռությունը» 2019թ-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություն է:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի


Կարդալ ավելին JAMnews-ում