Հարավային Օսիան պատրաստվում է Ալանիա դառնալ

Հարավային Օսիայի վերանվանմանը կողմ և դեմ փաստարկներ 

Լուսանկարները՝ Նելլի Գաբարաևայի

Հարավային Օսիայի հանրապետության վերանվանումը նախագահ Լեոնիդ Թիբիլովի համար ամենկարևոր հարցերից մեկն է և այս նախաձեռնությունը իրականացվելու է մոտ ապագայում:

Այս մասին «Ռես» լրատվական գործակալության թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է հարավօսական կառավարության ղեկավար Դոմենտի Կուլումբեգովը:

Հանրապետության վերանվանման նախաձեռնությամբ Թիբիլովը հանդես է եկել նախորդ տարվա վերջին:
Այդ մասին նա նաև խոսել է անցյալ շաբաթ խորհրդարանին ու ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ: «Մենք, մեր սեփական ազգային պատմությունից զրկելու փորձի վկան ենք և մեր դանդաղկոտությամբ կամա, թե ակամա նպաստում ենք դրան», – հայտարարել է նախագահն՝ ավելացնելով, որ որոշումն ընդունվելու է Սահմանադրության բոլոր պահանջներին համապատասխան՝ հանրաքվեի միջոցով:

Կառավարության ղեկավար Դոմենտի Կուլումբեգովը, ում հանձնարարված է այս հարցը մանրակրկիտ ուսումնասիրել և հստակ առաջարկներ ներկայացնել, ասում է որ ակտիվ աշխատանք է տարվում, որն արդեն նույնիսկ ավարտին է մոտենում: Վարչապետը հիշեցրեց, որ նախաձեռնությունը հարավօսական հասարակության շրջանում համընդհանուր հավանության է արժանացել և շատ է քննարկվել մամուլում, օսական մեդիատարածքում և տարբեր հարթակներում:

Սակայն նա չի հստակեցնում, թե երբ վերջնականապես կլուծվի վերանվանման հարցը: «Ժամկետներն ու ֆինանսական հարցերը պարզ կդառնան միայն նախնական աշխատանքների ավարտից հետո», – ասում են կառավարությունում:

Նախագահ Թիբիլովը բարձրաձայնեց անվան մեկ տարբերակ՝ Հարավային Օսիայի-Ալանիայի Հանրապետություն, սակայն հնչեցին այլ տարբերակներ ևս՝ Ալանիայի Հանրապետություն կամ Հարավային Ալանիայի Հանրապետություն, կամ ինչպես հյուսիսային եղբայրների մոտ է՝ և Ալանիա, և Օսիա: Իսկ միգուցե ամեն ինչ անփոփո՞խ թողնել: Վերանվանման հարցը սոցկայքերում քննարկման թիվ մեկ թեման է:
Այդ մասին խոսում են և քաղաքական գործիչները, և շարքային օգտատերերը, թեժ քննարկումներ են ծավալվում բոլոր կողմ և դեմ փաստարկների շուրջ:

«Ալանիա» անվան «կողմ փաստարկները»

1. Օսերն ալանների գենետիկական հետնորդներն են, այնպես որ Հարավային Օսիայի վերանվանումը կվերականգնի պատմական արդարությունը

Սվետլանա Թեդեևա, իրավաբան. «Կարծում եմ, մենք՝ որպես իսկական ալաններ, պետք է մեր պետությունն Ալանիա անվանենք: Պետք է հուշարձաններ և այլ բաներ կառուցենք, ինչը «ալան» անվան մասին կխոսի: Պետք է մեզ կոչենք մեր նախնիների անունով: Կարծում եմ, դա ճիշտ և խոհեմ որոշում կլինի, որը հավանության կարժանացնեն ողջ հանրապետության քաղաքացիները»:


2. Վերանվանումը երկրի կարգավիճակի վրա դրական ազդեցություն կունենա

«Քո ընտրությունը, Օսիա» հասարակական շարժման առաջնորդ Ալան Ջուսոև. «Ալաններն ու նրանց ժառանգությունը հայտնի է ամբողջ աշխարհում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ ալանների հետնորդները հենց օսերն են: Դա մեր պետությանն ավելի մեծ կշիռ կհաղորդի միջազգային հանրության աչքերում և բարենպաստ ազդեցություն կունենա երկրի կարգավիճակի վրա».

3. Պետք է հասցնել դառնալ Ալանիա, քանի դեռ Ինգուշեթիան դա չի արել

«Ինգուշեթիայում արդեն սկսել են անվանափոխել փողոցներն ու հրապարակները այնպիսի եզրույթներով, որոնք օսերի պատմությանն են վերաբերում: Հանրապետության ղեկավարությունը որոշել է Ինգուշեթիայի մայրաքաղաքը վերանվանել միջնադարյան ալանական Մագաս քաղաքի անվամբ: «Ալանի դարպասներից» հետո այնտեղ պատրաստվում են «Ալանիայի հրապարակ» կառուցել և փողոցներ անվանել ալանական տեղանուններով: Սակայն այդպիսի խաղերը ոչ մի լավ բանի չեն բերի, քաղաքական գործիչները պետք է զերծ մնան քաղաքական շահարկումներից», – JAMnews-ին ասում է Հարավային Օսիայի կառավարության աշխատակիցը:

«Ստիր Նիխաս» համաօսական շարժման համանախագահ Ռոբերտ Գագլոյտի. «Ես լիովին կողմ եմ այդ գաղափարին: Ես այդ մասին խոսել եմ այն բանից առաջ, երբ ինգուշներն իրենց մայրաքաղաքը հին Ալանիայի մայրաքաղաքի անվամբ դրեցին՝ Մագաս: Եթե հանրապետությունն այժմ վերանվանման աշխատանք չտանի, մենք ականջալուր կլինենք նաև Ինգուշեթիայում «Ալանիայի դարպասների» պես այլ անվանումների: Ինգուշեթիան փորձում է խլել մեր պատմությունը, դա չի կարելի թույլ տալ»:

4. Պետք է ձերբազատվել վրացական համատեքստից

Բանն այն է, որ կարծիք է շրջանառվում, որ «Օսիա» անվանումը ծագում է վրացերեն «օսի» բառից, ինչպես վրացիներն անվանում են օսերին:

Ֆեյսբուքի օգտատեր Ալբինա Թոթոևա. «Մենք կարծես թե դեմ ենք ամեն վրացականին: Բայց ոչ, այնուամենայնիվ՝ Օսիա-Ալանիա: Չի՞ կարելի պարզապես Ալանիա»:

5. ՌԴ մաս կազմելու համար

Հնարավոր է, որ այս պատճառը պետք էր առաջին հերթին նշել: Քանի որ, երբ նախագահ Թիբիլովը սկսեց խոսել անվանափոխման մասին, առաջին բանը, որ ասաց այն էր, թե իբրև սա հաշվարկ է Ռուսաստանի մաս կազմելու համար: «Առաջարկում եմ վերանվանել մեր երկիրը Հարավային Օսիայի-Ալանիայի Հանրապետություն: Այս անվանումը թույլ կտա մեզ հանգիստ ապրել, աշխատել հաշվարկով, որ կգա այն պատմական պահը, երբ Օսիայի (արդեն Ալանիայի) երկու մասերը կվերամիավորվեն, և միացյալ Օսիան կմտնի Ռուսաստանի կազմ»:

Մշակույթի, կրոնի և ԶԼՄ հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Յուրի Գաբարաև. «Եթե մենք մեզ մեկ ազգ ենք համարում, ապա անվանումները մեզ մոտ նույնպես պետք է նման լինեն: Հարավային Օսիայի-Ալանիայի հանրապետություն. այսպես պետք է կոչվի մեր երկիրը: Հանրապետությունը պետք է վերանվանել Հյուսիսային Օսիայի օրինակով»:

Ահա նաև ստեղծված իրավիճակում «դեմ» արտահայտվողների փաստարկները: Նրանք ավելի քիչ են, բայց կան

1. Ալանիան ուրիշ երկիր է եղել և այլևս չկա

«Ալանիան հզոր է եղել, շատ հզոր՝ ի տարբերություն այն Օսիայի, որը մենք ժառանգել ենք մեր պապերից: Ալանիայի կազմում են եղել ներկայիս Չերքեզիան, Ադիգեան, Բալկարիան, Կարաչայը, Մեծ Չեչնիան, Ինգուշեթիան, Ստավրապոլի և Կրասնոդարի շրջանների մեծ մասը, Անդրկովկասի շրջանները… Ավաղ, մեզ մեր պապերից հասել է միայն Օսիան: Եկեք այն պահպանենք: Առանց պաթոսի: Քանի որ Ալանիան վաղուց անհետացել է», – գրում է սոցկայքերի օգտատերերից մեկը:

2. Ճիշտ չէ վերանվանել երկիրն այն պատճառով, որ ինգուշներն իրենց երկրում «Ալանիայի դարպասներ» են կառուցել

«Օսիա՝ Ազատության հրապարակ» կուսակցության քաղխորհրդի անդամ Բատրաձ Ձուցատտի. «Արդյո՞ք այսպես պետք է արձագանքել այն իրողությանը, որ նրանք ալանյան դարպասներ են կառուցել: Դրա պատճառով պետությո՞ւն վերանվանել: Ես դեմ չեմ, որ մեր երկիրն Ալանիա կոչվի, դա պապենական է, բայց ոչ այսպես, ոչ այս համատեքստում: Սա պետք է ժողովրդից բխի, պետք է հասարակական քննարկումներ անցկացնել, այլ ոչ թե նախագահն ուզեց ու արեց»:

3. Վերանվանման պատմությունը ոչ այլ ինչ է, քան 2017 թ նախագահական ընտրությունների նախաշեմին իրական խնդիրներից ուշադրության շեղում

Հարավօսական փորձագետ Ռոլանդ Կելեխսաև. «Պետության վերանվանումը էժան հաճույք չէ: Պետք է հանրաքվե անցկացնել, անձնագրեր, համարներ, կնիքներ փոխել, կազմակերպություններ վերաձևակերպել և այլն: Միգուցե, պետք է մի որոշ ժամանակով հետաձգել այս նախաձեռնությունը և գումարները ծախսել ավելի օրհասական խնդիրների վրա»:

Ալան Ջուսոև. «Պետք է հանրաքվե անցկացնել, իսկ դա թանկ է: Պետք է փոխել բլանկերը, կնիքները, անձնագրերը, վարորդական վկայականները և շատ ուրիշ բաներ: Ինքնավերանվանումը մեր հասարակության առջև ծառացած և շուտափույթ լուծում պահանջող հիմնական խնդիրների տասնյակն անգամ չի մտնում»:

Կառավարությունն արդեն աշխատանքային խումբ է ստեղծում, որը կզբաղվի օսերի պատմության տարածման հարցերով: Խմբում կլինեն բանասերներ, պատմաբաններ, հնագետներ և քաղաքական գործիչներ: Նրանք պետք է միջոցառումների մի ողջ համալիր անցկացնեն, որը հանրապետության բնակչությանը կնախապատրաստի երկրի վերանվանմանը և կհիշեցնի մեծն ալանների պատմությունը:

[YoutubeVideo_fb6f16d51b4d432d8fd11fa3ff105d0d]
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Կարդալ ավելին JAMnews-ում