Խորհրդարանականը մեղադրում է նորընտիր նախագահին և մեծամասնության կուսակցությանը" />

«Հարավային Օսիայի նոր խոսնակը՝ հանցագործ պայմանավորվածության, ժողովրդի ստոր և դաժան խաբեության փաստ»

Խորհրդարանականը մեղադրում է նորընտիր նախագահին և մեծամասնության կուսակցությանը

Հարավային Օսիայում թափ է հավաքում քաղաքական սկանդալը նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի և «Միասնական Օսիա» մեծամասնության կուսակցության շուրջ: Բացահայտ սկանդալի առիթ են դարձել մի քանի օր առաջ խորհրդարանի նոր խոսնակի՝ Պյոտր Գասիևի նշանակման «անընդունելի հանգամանքները», որոնց մասին իր բաց տեսաուղերձում հայտարարել է «Միասնական Օսիա» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Դմիտրի Տասոևը:

Հարավային Օսիայի խորհրդարանի նոր խոսնակին ընտրել են հունիսի 7-ին: «Միասնական Օսիա» մեծամասնության կուսակցության պատգամավոր Պյոտր Գասիևին կողմ են արտահայտվել խորհրդարանական և մեծամասնության, և փոքրամասնության ներկայացուցիչները. 32 պատգամավորից նրան կողմ էր քվեարկել 21-ը:

Հասարակությունում այդ օրվանից քննարկում են այն փաստը, որ Գասիևի ընտրությունից հետո նրա պաշտոնական կենսագրությունից անհետացավ նրա անցյալի երկու հանգամանք՝ տեղական ՕՄՕՆ-ում նրա ծառայությունն ու Սորոսի հիմնադրամի հարավօսական մասնաճյուղում աշխատանքը: Իսկ քաղաքացիական հանրության հայտնի տեղացի ակտիվիստները միանգամից մի քանի ոչ այնքան հաճելի դեպքեր հիշեցին՝ Պյոտր Գասիևի հետ կապված: Մասնավորապես, «Էխո Կավկազա»-ին տված հարցազրույցում լրագրող Թիմուր Ցխուրբատին ասել է, որ այդ ընտրությունը նշանակում է, որ «ոչ մի փոփոխություն չի նախատեսվում: Պյոտր Գասիևը բացարձակ հարմարվողական է, և ոչ մի լավ բան նրանից պետք չէ սպասել»:

 Իր տեսաուղերձում «Միասնական Օսիայի» քաղխորհրդի նախագահ Դմիտրի Տասոևը խոսնակի ընտրություններն անվանել է «թքելու ակտ ժղովրդի ուղղությամբ, հանցավոր պայմանավորվածության փաստ, … կեղծիք և ժողովրդի դաժան խաբեություն»:

Տասոևը մասնավորապես այսպիսի փաստեր է բերում.

  • «Միասնական Օսիա» խմբակցության նիստը խորհրդարանում չի անցկացվել, այլ նախագահի կաբինետում:
  • Ըստ օրենքի՝ խմբակցության նիստը պետք է նախագահեր քաղխորհրդի նախագահն ու խմբակցության նախագահը, սակայն նրանց ընդհանրապես նիստին չեն հրավիրել:
  • Կոպտորեն խախտվել է խմբակցության նիստի ձևակերպման ընթացկարգը: Պետք է սղագրություն արվեր, իսկ նիստի արդյունքները պետք է ձևակերպվեին արձանագրոթյուններով: Այս ամենը չի արվել:

Իսկ ամենահետաքրքիրը Տասոևն անվանում է խոսնակի թեկնածուի ընտրությունը:

«[Պյոտր Գասիևը] բացարձակապես ոչինչ չի արել Հարավային Օսիայի համար: Խորհրդարանում անցկացրած երկուսուկես տարվա ընթացքում ոչ մի անգամ չի երևացել նրա օրենսդիր գործունեությունը, մյուս ոլորտներում՝ նույնպես»:

Որպես վերջաբան Դմիտրի Տասոևը կոչ է արել մեծամասնության կուսակցությանը հավաքվել արտահերթ նիստի «մարդկանց որոշակի խմբի գործունեության» հետաքննություն անցկացնելու:

Այնուհետև, անցնելով օսերենին, հավելել է. «Եթե Օսիան հայտնվել է այդպիսի մարդկանց ձեռքում, ապա մեզ ոչ մի լավ բան չի սպասվում»:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Կարդալ ավելին JAMnews-ում