Հարավային Օսիայի իշխանություններն ասում են, որ մահացածը 2008թ-ի պատերազմի մասնակից է: Ազատություն ռադիոկայանն ապացույցներ ունի, որ պատերազմի օրերին նա առաքելության կազմում Իրաքում է եղել" />

Հարավային Օսիայի միլիցիայում Վրաստանի քաղաքացի է մահացել, Թբիլիսին միջազգային հետաքննություն է պահանջում

Հարավային Օսիայի իշխանություններն ասում են, որ մահացածը 2008թ-ի պատերազմի մասնակից է: Ազատություն ռադիոկայանն ապացույցներ ունի, որ պատերազմի օրերին նա առաքելության կազմում Իրաքում է եղել

Փետրվարի 23-ի գիշերը Ցխինվալի հիվանդանոցում մահացել է Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլին, որը նախօրեին ձերբակալվել էր Հարավային Օսիայի իրավապահ մարմինների կողմից Լենինգորի/Ախալգորիի շրջանում:

Հարավային Օսիայի ՊԱԿ հաղորդագրության համաձայն՝ նրան կասկածում էին 2008թ-ի պատերազմում Վրաստանի կողմից մասնակցության և «օսերի ցեղասպանությանը» մասնակից լինելու համար: Գերատեսչությունը պնդում է, որ ձերբակալվածը հրաժարվել էր պատասխանել հարցերին, իսկ մեկուսարան տեղափոխելիս փորձել էր դիմադրություն ցուցաբերել և խլել նրան ուղեկցող աշխատակիցներից մեկի զենքը:

«Նշված փորձը կասեցվել է պահակախմբի պատասխան գործողություններով, որոնք նրա հանդեպ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ են կիրառել: Հավասարակշռությունը կորցնելով՝ Թաթունաշվիլին ընկել է աստիճանների վրա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել», – հայտարարել է Հարավային Օսիայի ՊԱԿ-ը:

Օս ուժայինները պնդում են, որ հիվանդանոցում կասկածյալին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, սակայն որոշ ժամանակ անց նա մահացել է:

Ցխինվալ(ի)ում Վրաստանի քաղաքացու մահվան մասին տեղեկատվությանն արձագանքել է Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը. գերատեսչությունում հայտարարել են, որ Ցխինվալիի դե ֆակտո իշխանություններից և ռուսական օկուպացիոն ուժերից իրենք պահանջել են Թաթունաշվիլիի ձերբակալման և մահվան հանգամանքների մասին ամբողջ տեղեկատվությունը:

Վրաստանի ՊԱԾ-ն իր հայտարարությունում նշում է, որ անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների և Ժնևյան քննարկումների համանախագահների անհապաղ արձագանքը կատարվածին: Սկզբունքորեն կարևոր է նաև թույլ տալ վրացի փորձագետներին մուտք գործել դեպքի վայր մարմինը զննելու համար, հայտարարել են գերատեսչությունում:

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին կատարվածի համար պատասխանատվությունը դրել է «Ռուսաստանի Դաշնության և օկուպացիոն ռեժիմի» վրա: Նա հայտարարել է, որ Թաթունաշվիլիի ձերբակալությունն ապօրինի է եղել, և նա մահացել է «չպարզված հանգամանքներում»:

«Ցավոք, ևս մեկ մարդ դարձավ օկուպացիոն ռեժիմի զոհ», — հայտարարել է Ցիխելաշվիլին և ցավակցություն հայտնել Թաթունաշվիլիի հարազատներին:

Նախարարի խոսքով՝ կատարվածի մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդների առաքելությունն ու Ժնևյան քննարկումների համանախագահները:

Ազատություն ռադիոկայանը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել է, որ Արչիլ Թաթունաշվիլին բնակվում էր Ախալգորիի շրջանի Կանչավեթի գյուղում, հանգիստ հատում էր սահմանը և նախկինում տեղի օս ուժայինների հետ ոչ մի կոնֆլիկտ չուներ: Սակայն ձերբակալումից անմիջապես առաջ սահմանին նա վիճաբանության մեջ է մտել տեղի իրավապահների հետ:

Ինչ վերաբերում է նրա հասցեին հնչեցված մեղադրանքներին, Ազատություն ռադիոկայանի աղբյուրները հաստատում են, որ նա իրոք ծառայել է վրացական բանակում 2008թ-ին, սակայն պատերազմի պահին առաքելության կազմում Իրաքում է եղել և չի մասնակցել մարտական գործողություններին:

Ախալգորիի շրջանի վրացական ադմինիստրացիայի ղեկավար Նուգզար Թինիկաշվիլին Վրաստանի Առաջին ալիքին հայտարարել է, որ Թաթունաշվիլին հաճախ է վրացական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքից մեկնել Ախալգորի, այնտեղ միրգ ու բանջարեղեն վաճառել:

«Եթե նրա հետ կապված որևէ հարց լիներ կամ նա ակտիվորեն մասնակցած լիներ մարտական գործողություններին, նա այնտեղ չէր մեկնի», – կարծում է Թինիկաշվիլին:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն «Մագնիտսկու ցուցակի» նմանությամբ «Օթխոզորիայի ցուցակ» ստեղծելու առաջարկով է այսօր խորհրդարանում հանդես եկել:

Ցուցակում պետք է ներառվեն բոլոր նրանք, ովքեր կապ ունեն օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների մահվան հետ, կարծում է Սերգի Կապանաձեն:

Նա առաջարկում է Վրաստանի արևմտյան գործընկերների հետ պայմանավորվել ցուցակում ներառված անձանց հանդեպ անհատական պատժամիջոցներ կիրառելու և քրեական հետապնդման վերաբերյալ: Ըստ նրա առաջարկի, ցուցակում ներառված անձինք չեն կարողանա օգտվել օկուպացված տարածքների բնակիչների համար Վրաստանի պետական ծրագրերից, այդ թվում՝ առողջապահական ծրագրից:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում