Այն խմբագրել է ողջ հասարակությունը, սակայն քչերն են հավատում, որ խորհրդարանն այն կհաստատի: Օրինագծի մանրամասները" />

Հասարակական խումբն Աբխազիայի խորհրդարան է ուղարկել կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի պատրաստի նախագիծ

Այն խմբագրել է ողջ հասարակությունը, սակայն քչերն են հավատում, որ խորհրդարանն այն կհաստատի: Օրինագծի մանրամասները

 

Photo: Sergey Demiynov, JAMnews

Աբխազիայում սովորական քաղաքացիների նախաձեռնող խումբը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի իր տարբերակը:

Սկզբում փաստաթուղթը տեղադրել են սոցցանցերում և հրավիրել բոլոր ցանկացողներին իրենց փոփոխություններն առաջարկել: Այնուհետև մշակված փաստաթուղթը փոխանցվել է խորհրդարան:

Գործընթացի նախաձեռնողն Աստամուր Կակալիան է: Դեռևս 2017թ-ի վերջին նա քաղաքացիական ակտիվիստների խումբ էր ստեղծել, որը մտադիր է հասնել նրան, որպեսզի Աբխազիան վավերացնի կոռուպցիայի դեմ և ապօրինի հարստացումը որպես քրեորեն պատժելի արարք դիտարկող ՄԱԿ կոնվենցիան:

Խմբի պատրաստած օրինագիծն առաջարկում է մի քանի հստակ միջոց: Այդ թվում.

• Բոլոր պաշտոնատար անձինք կամ փոխարինման ներկայացված անձինք պարտավոր են ունենալ իրենց ունեցվածքի և նյութական արժեքների ծագման օրինականությունը հաստատող փաստաթղթեր:

Այս պաշտոնատար անձանց ցուցակն օրինագծում բավականին ընդլայնված է՝ շենքի լիազորից մինչև երկրի նախագահ:

Եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրում յուրաքանչյուր պաշտոնյա պետք է նշի ոչ միայն իր եկամուտները, այլ նաև բոլոր մերձավոր ազգականների՝ ծնողների, ամուսինների, երեխաների, եղբայրների և քույրերի, անգամ եղբորորդիների և զարմիկների եկամուտները:

Պաշտոնատար անձինք պարտավոր են ինքնուրույն ապացուցել իրենց ունեցվածքի ծագման օրինականությունը:

Այն դեպքում, եթե եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրում նշված է, որ շարժական և անշարժ գույքն, արժեթղթերն ու ցանկացած այլ ակտիվներ պաշտոնյան նվեր է ստացել, պետք է ստուգում սկսել և պարզել, թե ումից է այդ նվերը: Այդ ստուգման պատասխանատուն պետք է լինի հատուկ հակակոռուպցիոն հանձնաժողովը: 

• Եթե հայտնաբերվի չհայտարարագրված ունեցվածք, որի արժեքը գերազանցում է մեկ տարվա ընթացքում ստացվող պաշտոնական եկամուտը, այդ ունեցվածքը պետք է բռնագանձվի բյուջե: 

Բոլոր այն անձանց, որոնք զբաղեցնում են կամ ներկայացվում են որոշակի պաշտոնի, որը բյուջեից է վարձատրվում, արգելվում է բանկային հաշիվներ կամ կանխիկ դրամական միջոցներ և արժեթղթեր ունենալ Աբխազիայի սահմաններից դուրս տեղակայված բանկերում:

Նախաձեռնող խումբն արդեն մի քանի անգամ հանդիպել է խորհրդարանի պատգամավորներին՝ իր նախաձեռնությունը լոբինգ անելով: Քննարկումները շարունակվում են նաև սոցցանցերում:

Հասարակությունում այդ «հասարակական օրինագիծը» շատ դրական են ընկալել, դրան աջակցում են բոլորն առանց բացառության:

Սակայն բոլորը միաժամանակ թերահավատորեն են վերաբերվում դրան և համարում են, որ խորհրդարանը նման օրինագիծ երբեք չի ընդունի: Տիպիկ մեկնաբանություններ.

«Ջրի մոտ լինես ու չխմե՞ս»:

«Կոռուպցիայի դեմ պայքարը հենց կոռուպցիայի մասնակիցների ձեռքերով անհեռանկար է: Մինչ հասարակությունում էլիտար կոռուպցիա և հանցագործների՝ երկրի նախկին և գործող ղեկավարների մասին լռելու դավադրություն կա, ամեն ինչ նախկինի պես է լինելու»:

«Անհրաժեշտ է իշխող էլիտաների ամբողջական փոփոխություն, ինչպես, օրինակ, Հայաստանում եղավ, որտեղ վերջապես սկսեցին նստեցնել բարձրաստիճան կոռուպցիոներների, ինչպես նաև նրանց հանցագործ բարեկամներին: Չեն կարող մեղուները մեղրին դեմ լինել»:

«Նախաձեռնող խմբին անկեղծորեն հաջողություն եմ ցանկանում այդ պայքարում: Արդեն այն, որ նրանք այդքան մարդու ուշադրություն են գրավել այդ դժբախտության վրա և ստիպել են այդքան «գործիչների» հուզվել, հսկայական նշանակություն ունի»:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի


Կարդալ ավելին JAMnews-ում