Հայաստանում ընտրելու լավագույն տարբերակը ոչ թե բուն քվեարկության պրոցեսին մասնակցելն է, այլ այն դիտարկելը: Հոգեպես ամենաազնիվ կարգավիճակը դիտորդ լինելն է " />

Հաշվարկի ու փիլիսոփայության հատման կետում

Հայաստանում ընտրելու լավագույն տարբերակը ոչ թե բուն քվեարկության պրոցեսին մասնակցելն է, այլ այն դիտարկելը: Հոգեպես ամենաազնիվ կարգավիճակը դիտորդ լինելն է

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին առանց ցնցումների, աչք ծակող խախտումների ու հուսադրող ակնկալիքների: Անցումը դեպի խորհրդարանական կառավարում մեզ համար դեբյուտ էր, բայց, մեծ հաշվով, դեբյուտ տեղի չունեցավ, քանի որ կառավարման հիմնական լծակները մնացին իշխող կուսակցության և դրան հարող երկու բուֆերային (կիսաընդդիմական) քաղաքական ուժերի ձեռքում: Իսկ մեկ նոր ուժի հայտնությունը խորհրդարանում թեև հաճելի, բայց ոչ որոշիչ գործոն է թվաբանության տեսակետից:

Ընդհանրապես, այս քվեարկությունը ստացվեց թվաբանական: Այսինքն՝ քվեն ձեռք բերեց իր թվային գումարային համարժեքը, իսկ ընտրակաշառքի գործոնը, որը ընդունելի էր թե՛ կաշառք տվողների, թե՛ կաշառք վերցնողների համար, ընտրության գործընթացը քաղաքական ակտից վերածեց կենցաղային հաշվարկային քայլի:

Նման անհեռանկարային ու հուսահատեցնող մթնոլորտում ընտրություն կատարելը նմանվում է ի սկզբանե տապալման դատապարտված ներկայացման մեջ խաղալուն: Երբ քո ձայնը չունի կշիռ ու չի կարող մրցակցել զանգվածային ընտրակաշառքների հեղեղի հետ, մնում է միայն փիլիսոփայորեն մոտենալ կատարվածին:

Այսինքն՝ արժևորել մեկ անհատի դերակատարումը, մեկ անհատի ձայնն ու մեկ անհատի կեցվածքը: Թատրոնի լեզվով ասած՝ փորձել բեմադրել սեփական ներկայացումը, թեկուզ և դրա միակ հանդիսատեսը լինես ինքդ:

Երբ խուսափում ես զանգվածային նյութապաշտության մեջ թաթախվելուց, պատրաստ չես դիմադրության ու պայքարի և միաժամանակ չես ուզում ինքնաբացարկվել ապագայի մասին մտորումներից, մնում է միայն դիտարկելը:

Այս ընտրությունները ցույց տվեցին, որ անկախ դիտորդի կարգավիճակը ոչ միայն հարմարավետ , այլև արդյունավետ է՝ անհատական նկարագրի պահպանման տեսակետից: Ապագայով մտահոգ ու պայծառ մտքերը դեռ ամբողջովին չսպառած մարդիկ գերադասեցին դառնալ դիտորդ:

Դիտորդ լինելը նշանակում է չերևալ, բայց կարողանալ որոշակի գործ անել. մասնակցել քվեարկության գործընթացին, բայց լինել դրանից վեր:

Դա այն կարգավիճակն ու տարածքն է, նաև տարբերակը, որտեղ իրապես ընդդիմադիր ես բոլոր օրինախախտումներին՝ անկախ նրանից, թե ո՛ր ուժն է դրանք թույլ տալիս և ո՛ր ուժին ես անձամբ համակրում: Դու քո անունից ես խոսում ու քո տեղում ես: Եվ, ոչինչ, որ քո տեղը գտնելու համար մի ողջ կիրակի ես ծախսում:

Ապրիլի 2-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրեց 28 661 մարդ, որոնք ներկայացնում էին թե՛ հասարակական կազմակերպություններ, թե՛ միջազգային դիտորդական մարմիններ, թե՛ անհատական նախաձեռնություններ:

Դիտորդների շարքում էին նաև հայտնի սփյուռքահայեր, որոնց սիրում ու գնահատում են Հայաստանում՝ ռոք երաժիշտ, System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը և այլք:

Նրանք այն պերսոնաժներն են, որոնք մտահոգ են Հայաստանում տեղի ունեցող խնդիրներով, բայց միաժամանակ ընկղմված չեն դրանց մեջ մինչև կոկորդը: Նրանք կամուրջ են այսօրվա անհեռանկար ու ենթարկված վիճակի ու լայնախոհ սպասելիքների միջև:

Ատոմ Էգոյանն, օրինակ, փորձեց ոգևորել մարդկանց՝ ասելով, որ խորացող ապատիան կարելի է կոտրել քաղաքացիական պատասխանատվությամբ ու օգտագործելով անհատական ներուժը. «Հարկավոր է ներգրավվել ընտրության պրոցեսի մեջ, քանի որ դա ոչ այնքան կառավարության ձևավորման խնդիր է, որքան երկրի ապագայի, որը կայանում է անհատական ձայների միջոցով»:

Արսինե Խանջյանը հիշեցրեց. «Մենք Հայաստանի քաղաքացի չենք ու չենք կարող քվեարկել: Բայց թիկունք ենք ու ասում ենք՝ ձեր իրավունքների կողքին ենք»:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շրջիկ էր, անդամները գնում էին տարբեր ընտրատեղամասեր, դիտում, եզրակացնում, գրանցում, հետո զրուցում, նորից դիտում: Որևէ նյութական շահ չունեցող այդ կարգավիճակը, կարծես, վերադարձնում էր մարդու գոյության հիմնարար սկզբունքը՝ պետքականությունը:

Օգնում էր պետք լինել, բայց չկեղտոտվել:

Ավտորիտար պետությունների ազդեցությունը սովորաբար խարսխված է հենց այս երկընտրանքի վրա: Այն զրկում է մարդուն պետքականության զգացումից՝ թույլ տալով, որ մարդը միայն սպասարկող մասնիկ լինի, բայց իրականում ոչինչ չորոշի ու ներգործության լծակներից զուրկ լինի:

Նաև սպասարկող լինելով հանդերձ՝ իրեն օգտագործված ու կեղտոտ զգա, քանի որ սպասարկող դառնում է ոչ իր կամքի թելադրանքով, այլ հանգամանքների բերումով (դրդված աղքատությունից, անվստահությունից, վախից):

Լինելով դիտորդ՝ մարդն իրեն լավ է զգում, պետաքական և ազատ: Կաշկանդված չէ որևէ պայմանականությամբ, ու դա իրեն դուր է գալիս: Եվ ամենակարևորը՝ դուրս է հիերարխիկ վարչական ենթարկվածությունից, ինչը կործանիչ է առանցք ու արժանապատվություն ունեցող մարդկանց համար:

Ընտրությունները նման են թատերական արարողության, որտեղ հնազանդ կաշառք վերցնող ընտրող-դերասանները քանակական առավելություն ունեն, կատարում են իրենց բեմադրիչի (վարչական ռեսուրսին տիրապետող ու այն բաշխող քաղաքական ուժի) հրահանգները, բայց բուն ընտրության ժամանակ նաև պետք է հիշեն, որ հանդիսատես կա:

Եվ այդ հանդիսատեսը շատ լավ տեսնում է դերասանների կեղծիքը, վախը, անպետքության հաղթահարման թաքուն ու ապարդյուն փորձերը:

Ի վերջո, յուրաքանչյուր ընտրող ինքն իր դիտորդն է, ինչպես յուրաքանչյուր դերասան ինքն իր քննադատն է: Եվ եթե ոչ այսօր, ապա մի քանի օր անց այդ քննադատ-դիտորդը արթնանալու է:

Եվ սա միակ լավատեսական ու հուսադրող կետն է ընտրություններից հետո ծագած մթնոլորտում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում