«Եվ նույնիսկ ընդհակառակը, նա կարող է նոր խթան հաղորդել այդ հարաբերուություններին», - հայ փորձագետ" />

Հայ-վրացական հարաբերությունները չեն փչանա Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնավարման ժամանակ

«Եվ նույնիսկ ընդհակառակը, նա կարող է նոր խթան հաղորդել այդ հարաբերուություններին», - հայ փորձագետ

Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Մամուկա Բախտաձեին  նրա հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել և հրավիրել է Հայաստան:

«Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների», – ասված է ՀՀ վարչապետի նամակում:

Այսպիսով, Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը: Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր գրեթե բոլոր ելույթներում նա հատուկ ուշադրություն է դարձնում Վրաստանին: Ակնհայտ է, որ Փաշինյանն ուզում է նոր խթան հաղորդել հայ-վրացական հարաբերություններին: Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո իր պաշտոնական առաջին այցը Փաշինյանը կատարեց Վրաստան:

Վրաստանի նախկին վարչապետ Կվիրիկաշվիլիի հետ շփումից հետո Փաշինյանը նշում էր, որ իրենց միջև լավ հարաբերություններ են ձևավորվել և երկրների միջև համագործակցության ամրապնդման մասին պայմանավորվածություններ կան:

Այժմ Հայաստանի փորձագիտական շրջանակները քննարկում են, թե ինչպես են զարգանալու հարաբերությունները Վրաստանի նոր վարչապետի պաշտոնավարման ընթացքում:

Այն փաստը, որ Վրաստանի վարչապետ դարձավ Մամուկա Բախտաձեն, բացասական չի անդրադառնա երկու երկրների միջև հարաբերությունների վրա, վստահ է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

«Վարչապետը փոխվել է, բայց չի փոխվել իշխող կուսակցությունը: Դա նշանակում է, որ ոչ մի բացասական տեղաշարժեր հայ-վրացական հարաբերություններում չեն լինի: Եվ ընդհակառակը, նոր վարչապետը կարող է նոր խթան հաղորդել այդ հարաբերություններին»:

Փորձագետը վստահ է նաև, որ Հայաստանի և Վրաստանի զարգացման արտաքին քաղաքական տարբեր ուղղվածությունները բացասական ազդեցություն չեն ունենա երկու երկրների հարաբերությունների վրա:

Միաժամանակ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Վրաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության նվազեցում է նկատվում:

«Վերջին տարիներին Վրաստանի և Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում էին: Սակայն բոլոր խոշոր ենթակառուցվածքային նախագծերն արդեն ավարտված են: Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարսը: Եվ տվյալ պահին անհասկանալի է, թե էլ որ ուղղությամբ կարող են ներդրում անել ադրբեջանական ընկերություններն ու Ադրբեջան պետությունը»:

Վրաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներից մեկն է: Երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասնում է 500մլն դոլարի: Վրաստանը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող տարանցիկ երկիր է: Հայկական ապրանքի արտահանման մոտ 70%-ն այդ պետության տարածքով է անցնում:


Կարդալ ավելին JAMnews-ում