Հայաստանի Ազգային ժողովում համաձայնագիրը դեռևս չի վավերացվել" />

Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրն ուղարկվել է ՌԴ նախագահին՝ Պետական դումայում վավերացման համար

Հայաստանի Ազգային ժողովում համաձայնագիրը դեռևս չի վավերացվել

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանության է արժանացրել  հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը և ուղարկել այն ՌԴ նախագահին, որպեսզի նա փոխանցի փաստաթուղթը Պետական Դումայի վավերացմանը:

Միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր դեռևս 2016թ. նոյեմբերին:

Հատկանշական է, որ Հայաստանի Ազգային ժողովն այս համաձայնագիրը դեռ չի վավերացրել:

Զորախմբի նպատակը, ինչպես նշում են պաշտոնական կողմերը, Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը ժամանակին հայտնաբերելն ու այն հետ մղելն է՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

Եթե երկու երկրները վավերացնեն համաձայնագիրը, ապա Միացյալ զորախմբի կազմի մեջ կմտնեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի սորաբաժանումների մի մասը:

Միացյալ զորախմբի հրամանատարը կնշանակվի Հայաստանի և Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարների համատեղ որոշմամբ:

Համաձայնագիրը կնքվելու է 5 տարով և ժամկետի յուրաքանչյուր ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին չտեղեկացնի մյուս կողմին:

Հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու փաստաթղթում ընդգծված է, որ «Համաձայնագիրը որևէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»: Այս մասին վերջերս հայտարարել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վրացական լրատվամիջոցների հետ հարցազրույցում: Նա մասնավորապես ասել էր, որ Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել Վրաստանի դեմ:

Մինչ այս հայ-ռուսական զորախումբը ևս գործում էր 2000թ-ի սեպտեմբերին Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված «ՀՀ և ՌԴ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագրի շրջանակներում:


Կարդալ ավելին JAMnews-ում