Epress.am կայքի աշխատակիցները Ջավախք էին ուղևորվում, որպեսզի հարցազրույցների շարք պատրաստեն տարածաշրջանի վրա ռուսական մամուլի ազդեցության մասին " />

Հայ լրագրողներին արգելել են Վրաստան մտնել, Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է սպասում

Epress.am կայքի աշխատակիցները Ջավախք էին ուղևորվում, որպեսզի հարցազրույցների շարք պատրաստեն տարածաշրջանի վրա ռուսական մամուլի ազդեցության մասին

Հայաստան, Վրաստան, հայ լրագրողներ, Ջավախք

Epress.am հայկական ցանցային պարբերականի երեք լրագրողների թույլ չեն տվել Վրաստան մուտք գործել։ Սահմանապահները հրաժարվել են բացատրել պատճառները, լրագրողներին միայն ասել են, որ Վրաստանի տարածքում նրանց աշխատանքն ցանկալի չէ։

Ժողովրդավարության ցուցիչ -2018․ Հայաստանն առաջ է անցնում, Վրաստանը՝ զիջում դիրքերը

«Մենք համատեղ շատ գործեր ունենք»․ Վրաստանի նախագահը Երևանում է

Տեղեկություններ Երևանից

Ինչպես JAMnews-ին պատմել է Վրաստան ուղևորված լրագրողներից մեկը՝ Յուրի Մանվելյանը, Epress.am-ի նկարահանող խումբն ուղևորվում էր Ջավախք՝ տարածաշրջանի վրա ռուսական լրատվամիջոցների ազդեցության թեմայով մի շարք հարցազրույցներ անելու։ Սակայն վրացի սահմանապահները թույլ չեն տվել նրանց հատել հայ-վրացական սահմանը։ Իմանալով նրանց այցի նպատակը՝ մաքսակետի աշխատակիցները սկզբից հաղորդել են, որ լրագրողները պետք է նկարահանումների թույլտվություն և հավատարմագրում ունենան, իսկ հետո ընդհանրապես հրաժարվել են նրանց Վրաստանի տարածք թողնել տեսա-, ֆոտոխցիկներով և նոութբուքերով։

Լրագրողները համաձայնել են տեխնիկան Հայաստանում թողնել, սակայն հսկիչ անցակետը հատել նրանց այդպես էլ թույլ չեն տվել։

«Ագրեսիվ տոնով մեզ ասացին, որ առանց թույլտվության չենք կարող լրագրությամբ զբաղվել Վրաստանի տարածքում։ Մենք պարզաբանում խնդրեցինք, սակայն ի պատասխան նրանք ասացին, որ նման որոշում ընդունած աշխատակիցը չի փոխել իր որոշումն, ու մեզ արգելված է մուտք գործել Վրաստանի տարածք», – պատմեց Յուրի Մանվելյանը։

Լրագրողը հաղորդեց նաև, որ դա իրենց պարբերականի աշխատակիցների առաջին այցը չէր Վրաստան, սակայն նախկինում ոչ մի խնդիր չէր առաջացել։

«Իմ այն դիտարկմանը, որ մենք նախկինում էլ ենք աշխատել Վրաստանի տարածքում, սահմանապահը պատասխանեց, որ իրավիճակը փոխվել է», – հաղորդել է Epress-ի աշխատակիցը։

Յուրի Մանվելյանի խոսքով՝ Վրաստանի տարածք նրանց չթողնելու որոշման գրավոր հիմնավորում սահմանապահները չեն տրամադրել, և ամեն ինչ կատարվել է «վերևից» իջեցված հրամանի տեսքով։ Ընդ որում, լրագրողը դժվարանում է բացատրել միջադեպի պատճառները։

«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է նման իրավիճակ առաջացել, և արդյո՞ք մեզ թույլ կտան երկիր մտնել հաջորդ անգամ։ Կան կայքեր, որոնք պրոպագանդայով են զբաղվում, հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ են սադրում։ Սակայն մենք նման բաներով չենք զբաղվում։ Միգուցե վրացի պաշտոնյաների կողմից հայկական ռեսուրսների նկատմամբ ավանդական լարվածությո՞ւն կա։ Չեմ կարծում, որ դա ուղղված էր հենց մեր դեմ»։

Epress.am-ի ներկայացուցիչները դիմել են Հայաստանի արտգործնախարարություն, որն, իր հերթին, պարզաբանումներ է խնդրել վրացի գործընկերներից։ Վրացական գերատեսչությունից պատասխան դեռ չկա, համենայնդեպս, Epress-ի լրագրողներն այդ մասին ոչինչ չգիտեն։

Տեղեկություններ Թբիլիսիից

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը լրագրողների մուտքը մերժելը բացատրում է «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի 11-րդ հոդվածի “i” ենթակետով։

Այդ օրենքը կարգավորում է Վրաստանի պետական սահմանը հատելու հետ կապված հարցերը։ 11-րդ հոդվածի բոլոր ենթակետերում հստակ նշված է, թե որ պատճառով կարող է արգելվել արտասահմանցու մուտքը Վրաստան։ Մասնավորապես, խոսքը փաստաթղթերի բացակայության, կեղծ փաստաթղթերի, մուտքի պատճառների մասին սխալ տեղեկատվության, անվտանգության սպառնալիքի մասին է։

Բացառություն է “i” ենթակետը, որի համաձայն՝ հայ լրագրողներին թույլ չեն տվել երկիր մուտք գործել։ Այստեղ չկան հստակ ձևակերպումներ, այս կետի տեքստը բավականին լղոզված է և տեղեկություն չի տալիս մերժման պատճառների մասին։ Այնտեղ պարզապես գրված է, որ արտասահմանյան քաղաքացու մուտքը Վրաստան կարող է արգելվել «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում»։ Այսինքն՝ հստակ պատճառը, թե ինչու են լրագրողներին մերժել, անհասկանալի է մնում։

Իրավիճակի վերաբերյալ մեկնաբաություն չեն տալիս և ՆԳՆ-ում։ Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Ըստ ամենայնի, Երևանում նրան անպայման կհարցնեն, թե ինչու Վրաստան չեն թողել հայ լրագրողներին։


Կարդալ ավելին JAMnews-ում