Հայաստանի հիասթափված մարզասերներին հենց ինքը, 18-ամյա մարզիկն էր ոգեշնչում Փհենչհանից. «Չեմ նեղվում, միշտ էլ քշելու եմ, միշտ էլ հաղթելու եմ» " />

Հայ լեռնադահուկորդը Օլիմպիական խաղերի էր մեկնել մեկ զույգ մաշված դահուկներով, որոնք կոտրվել էին մարզման ժամանակ

Հայաստանի հիասթափված մարզասերներին հենց ինքը, 18-ամյա մարզիկն էր ոգեշնչում Փհենչհանից. «Չեմ նեղվում, միշտ էլ քշելու եմ, միշտ էլ հաղթելու եմ»

Կորեական Փհենչհան քաղաքում մեկնարկած ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներից մեկի՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի ելույթը, հարցականի տակ էր: Պատճառն այն էր, որ 18-ամյա երիտասարդի դահուկները կոտրվել էին մարզման հենց առաջին օրը և Կարապետյանը չուներ երկրորդը զույգը, որ կարողանար շարունակել մարզումները և մասնակցեր մրցումներին:

Աշոտ Կարապետյանի առաջին ելույթը նախատեսված է փետրվարի 18-ին, բայց գույքի բացակայության պատճառով նա չէր կարողանում մարզվել: Մարզիկն անհագստանում էր, որ ծանոթ չէ տեղանքին ու ժամանակ է հարկավոր սարերին ծանոթանալու ու նոր դահուկներին հարմարվելու, լավ ելույթ ունենալու համար:

Պատմության մանրամասները պատմել է հենց ինքը, Աշոտ Կարապետյանը. օլիմպիական քաղաք նա հասել է անմխիթար վիճակում գտնվող դահուկներով: Հայաստանի ֆեդերացիայից իրեն վստահեցրել են, որ տեղում իր համար նոր դահուկներ կգնվեն և նա կկարողանա մարզվել մինչև ելույթ ունենալը, սակայն ինչ-ինչ պատճառներով դահուկները չեն գնվել:

«Ինչո՞ւ ես պետք է դահուկ չունենամ: Ավելին, գալիս եմ այստեղ, տեսնում եմ, որ հագուստ էլ չկա, որի վրա գրված է Հայաստան, ասում են, որ անունս վերջին պահին են տվել, դրա համար այստեղ չեն հասցրել իմ չափով հագուստ պատրաստել: Բայց ես ունեմ հագուստ, հետս բերել եմ: Ես արդեն մեկ անգամ ջարդած դահուկներով օլիմպիական միավորներ վաստակել եմ, Հայաստանի առաջնությունում հաղթել եմ, դրա համար չեմ նեղվում, միշտ էլ քշելու եմ, միշտ էլ հաղթելու եմ իրենց»,- պատմել է նա:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ստեղծված իրավիճակը պարզաբանել է հետևյալ կերպ՝ դահուկները պատվիրված են եղել, բայց ավստրիական ընկերությունը վերջին պահին հրաժարվել է դրանք առաքել Հարավային Կորեա, դրա համար մարզիկի համար դահուկներ են գտել և ևս մեկ անգամ պատվիրել Ռուսաստանից:

Այժմ մարզագույքի խնդիրը, վերջապես, լուծվել է՝ դահուկները հասել են Փհենչհան:

Հայաստանյան լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ Աշոտ Կարապետյանի հիմնական մրցակիցը Հայաստանում Հարություն Հարությունյանն է, ով հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանի որդին և ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի եղբորորդին է: Օլիմպիական խաղեր մեկնելու համար մրցակցություն է ընթացել այս երկու մարզիկների միջև:

Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանն ասել է, որ իր եղբոր որդին ավելի լավ միավորներ ուներ, քան Աշոտ Կարապետյանը, այսպիսով ակնարկել է, որ օլիմպիական խաղերին պետք է մեկներ իր բարեկամը:


Կարդալ ավելին JAMnews-ում