Թե ինչ հանգամանքներում է զինվորը լքել մարտական դիրքերը, դեռ անհայտ է։ Ողջ տեղեկատվութունը՝ երկու կողմերից" />

Հայ զինծառայողն անցել է Ադրբեջանի տարածք։ Թարմացում

Թե ինչ հանգամանքներում է զինվորը լքել մարտական դիրքերը, դեռ անհայտ է։ Ողջ տեղեկատվութունը՝ երկու կողմերից

Թարմացում

13 օգոստոսի 2019թ․   12.30 

Իրավիճակը մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարը․

«Այս փուլում դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե հայ զինծառայողը, իբր ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշման ծառայակիցների կողմից, Դավիթ Տոնոյանը համարում է ադրբեջանական կողմի «հերթական ապատեղեկատվությունը»։ Նա կոչ է անում դադարեցնել այդ տեղեկատվական արշավը։

Պաշտպանության նախարարը հայնել է նաև, որ հայկական կողմն արդեն դիմել է տարբեր միջազգային կառույցների, այդ թվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտե՝ հայ զինծառայողի  իրավուքների պաշտխանության և վերադարձի հարցով։

12 օգոստոսի 2019թ․

Հայկական բանակի զինծառայողը լքել է մարտական դիրքն ու անցել Ադրբեջանի տարածք։ Թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, դեռ չի հաղորդվում։

Տեղեկություններ Երևանից

Ի՞նչ է հայտնի տվյալ պահին

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաստատել է, որ հայ զինծառայողն անցել է Ադրբեջանի տարածք․

«Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը»։

Հայ փորձագետները դեռ չեն մեկնաբանում միջադեպը․ տեղեկությունները չափազանց քիչ են։

Սոցցանցերում նույնպես այս առթիվ մեկնաբանություններ գրեթե չկան։ Արտահայտվողներն էլ, ցավում են կատարվածի համար և գրում, որ

• միջադեպն օգտագործվելու է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը «սևացնելու» համար,

• Արայիկ Ղազարյանին դասալիք և դիվերսանտ կհայտարարեն։

Ո՞վ է Արայիկ Ղազարյանը

Զինծառայողը, որն անցել է Ադրբեջանի տարածք, 19 տարեկան է։ Բանակ է զորակոչվել 2019թ-ի հունվարին։

Ինչպես արդեն հաղորդում են հայկական լրատվամիջոցներն, Արայիկը եղբայր ունի, որը Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային զինծառայող է։ Հաղորդվում է նաև, որ զինվորը բոլորովին վերջերս է արձակուրդում եղել և բանակ է վերադարձել լավ տրամադրությամբ։

Ծառայությունից, բանակային առօրյայից և ծառայակիցների հետ հարաբերություններից չի բողոքել, ավելին՝ լավ է արտահայտվել իր զորամասի մասին։

Տեղեկություն Բաքվից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ օգոստոսի 12-ի առավոտյան շփման գծի Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ ձերբակալվել է հայ զինծառայող Արո Ղազարյանը։

Ղազարյանին հարցաքննել են և պարզել, որ նա լքել է իր զորամասը «կամայականության, զինծառայողների հանդեպ անտանելի և անմարդկային վերաբերմունքի պատճառով», գրում է Report ՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարությունում նաև ասվում է, որ Ղազարյանի գլխին և մարմնի վրա բազմաթիվ վերքեր և հեմատոմաներ են հայտնաբերվել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել։

Հետաքննություն է ընթանում։

Որևէ այլ տեղեկատվություն դեռ հասանելի չէ, փորձագետների մեկնաբանություններ նույնպես չկան։

Սոցիալական ցանցերի օգտատերերի արձագանքը երեք հիմնական ուղղությունների է բաժանվում․

• ագրեսիա;

• ապրումակցում երիտասարդ զինվորին;

• ենթադրություն, որ Ղազարյանը նման կերպ փորձում է արտագաղթել երրորդ երկիր։


Կարդալ ավելին JAMnews-ում