Լրագրողները հետաքննություն էին անցկացնում աֆրիկյան երկրում ռուս վարձկանների մասին" />

Հայտնի ռուսաստանցի լրագրող Օրհան Ջեմալն իր երկու գործընկերների հետ սպանվել է Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում

Լրագրողները հետաքննություն էին անցկացնում աֆրիկյան երկրում ռուս վարձկանների մասին

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում զոհվել է լրագրող Օրհան Ջեմալն, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը, հաղորդում է «Նովայա գազետան»: Ֆրանսիացի լրագրողները, որոնք դեպքի վայրում են եղել, «Նովայա գազետային» են ուղարկել զոհվածների մարմինների լուսանկարները. նրանցից մեկը «Նովայա գազետայի» նախկին հատուկ թղթակից Օրհան Ջեմալն է:

«Դա Ալեքսանդր Ռաստորգուևի և Միխայիլ Խոդորկովսկու Հետաքննությունների կառավարման կենտրոնի համատեղ նախագիծն էր, – պատմել է լրագրող Ռոդիոն Չեպելը: – Լրագրողները Կենտրոնաաֆրիկյան Հանարպետություն են մեկնել այն հաղորդագրություններից հետո, որ այնտեղ պարբերաբար զինվորական համազգեստով ռուսների են տեսնում: Լրագրողներին դա հետաքրքրել էր: Նրանք իրենց մասնագիտության լավագույն ներայացուցիչներն էին, շատ քաջ էին: Նրանք այնտեղ էին մեկնել մի քանի օր առաջ, հանրապետությունում 3-4 օր են անցկացրել: Մայրաքաղաք Բանգիից ուղևորվել են դեպի արևմուտք՝ Բամբարի քաղաքի ուղղությամբ: Նրանք արգելափակման մեջ են հայտնվել անցակետերից մեկում: Միջազգային դիտորդների և ՄԱԿ տվյալների համաձայն՝ երկրում քաղաքացիական պատերազմ է: Յուրաքանչյուր ճանապարհ անցակետերի շղթա է, որոնք միմյանցից որոշակի հեռավորության վրա են գտնվում: Դրանցից մեկում նրանց կանգնեցրել են, իսկ թե ինչ է հետո տեղի ունեցել, չգիտեմ»:
Ինչպես «Նովայա գազետային» պատմել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ռուս դիվանագետները մեկնել են մարմինները նույնականացնելու: ԱԳՆ-ն վստահեցրել է, որ կօգնի ընտանիքներին լրագրողների մարմինները հայրենիք տեղափոխելու հարցում:

Ֆրանսիական AFP գործակալության աղբյուրների տվյալներով՝ լրագրողներն անցակետում սպանվել են զինված անհայտ անձանց կողմից: AFP տվյալներով՝ նրանց մարմինները գտել են Սիբուտ քաղաքից 23 կմ հեռավորության վրա: Զոհվածների մարմինները տեղափոխվել են ՄԱԿ առաքելության բազա:

Լրագրողները Կենտրոնաաֆրիկյան հանրապետություն են մեկնել Միխայիլ Խոդորկովսկու Հետաքննությունների կառավարման կենտրոնի հետ համատեղ ֆիլմ նկարահանելու համար:

«Մենք միասին էինք Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մասին նախագիծ անում: Երեկ չէ առաջին օրը երեկոյան նրանք վերջին անգամ են կապի դուրս եկել: Շատ ծանր է խոսելը, նրանք իմ ընկերներն են», — Բի-Բի-Սիին ասել է Հետաքննությունների կառավարման կենտրոնի գլխավոր խմբագիր Անդրեյ Կոնյախինը:

Օրհան Ջեմալին, ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևին և օպերատոր Կիրիլ Ռադչենկոյին առևանգել է «տուրբանով մոտ 10 մարդ, որոնք խոսում էին միայն արաբերեն»: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով կենտրոնաաֆրիկյան Սիբուտ քաղաքի իշխանությունների ներկայացուցիչ Մարսելեն Յոյոյի խոսքերը:

Ըստ նրա՝ ռուսաստանցիները տեղում են սպանվել, վարորդը կենդանի է մնացել հարձակումից հետո և կատարվածի մասին պատմել է իշխանություններին հուլիսի 31-ի առավոտյան: Պաշտոնյան հավելել է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները լրագրողներին զգուշացրել են, որ չարժե ճանապարհ ընկնել, «քանի որ արդեն մութ է»:


Կարդալ ավելին JAMnews-ում