«Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- ասել է Փաշինյանը" />

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

«Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- ասել է Փաշինյանը

20:33, ապրիլի 26

Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցավ հերթական հանրահավաքը՝ Հայաստանի իշխանությունների և Հանրապետական կուսակցության դեմ:

Առաջին հռետորները կոչ էին անում մարդկանց թույլ չտալ վարչապետի պաշտոնում ընտրվել որևէ մեկի, բացի շարժման առաջնորդ և «Ելք» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանից: Մարդկանց խոստանում են, որ պետք է մի փոքր էլ դիմանալ, շարունակել պայքարը՝ հիմա չի կարելի նահանջել:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց մարդկանց, որ երեկ երեկոյան նրանք հաստատեցին վարչապետի պաշտոնին իր թեկնածությունը որպես ժողովրդի ընտրյալի: Նա համարում է, որ հիմա խորհրդարանում պետք է դե յուրե հաստատեն ժողովրդի կամքը:

«Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն ասել է, որ իրենք իշխանությունների հետ «կուլիսային քննարկման չեն գնա», իսկ խորհրդարանական մյուս երեք խմբակցություններն առանց նախապայմանների պետք է ընդունեն, որ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը:

Այնուհետև Փաշինյանը բոլորի ներկայությամբ Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների վաղը՝ ապրիլի 27-ին ժամը 12:00-ին, «Մարիոթ» հյուրանոցում: Նա հայտարարեց, որ բանակցությունները պետք է ընթանան լրագրողների ներկայությամբ:

Ավելի վաղ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրենց մոտեցումն էին արտահայտել այս հարցի շուրջ: Նրանց կարծիքով,  բանակցությունները պետք է անցնեն դեմ առ դեմ և առանց մամուլի ներկայացուցիչների:

19:50, ապրիլի 26

Հայաստանի լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«…Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ կողմից մայիսի 1-ին հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլին հենց ՀՀԿ-ն էր ստացել խորհրդարանանում մեծամասնությունը և դարձել իշխող կուսակցություն։

16:25, ապրիլի 26 

Հայտնի է Հայաստանում վարչապետի ընտրության օրը: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ այն տեղի կունենա մայիսի 1-ին:

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ ժողովրդի վարչապետի թեկնածուն պատգամավոր, գործող իշխանության դեմ անցկացվող շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է:

Վերջինիս ընտրության համար հարկավոր է խորհրդարանի մեծամասնության ձայնը, սակայն դեռևս հայտնի չէ, արդյոք խորհրդարանական ուժերի մեծ մասը կքվեարկի «համաժողովրդական»  և միաժամանակ «Ելք» խմբակցության թեկնածուի օգտին:

Առայժմ չի բացառվում, որ Հանրապետականն էլ վարչապետի սեփական թեկնածու առաջադրի: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ կուսակցությունը նիստ է հրավիրելու և «և կքննարկի մեր վարչապետի թեկնածության հարցը»:

Պաշտոնաթող վարչապետ, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը երեկ նիստ է գումարել, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:

Սա նշանակում է, որ իշխանությունը քննարկելու է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշած օրակարագը՝

  • վարչապետ ընտրել ժողովրդի թեկնածուին
  • ժամանակավոր կառավարություն ձևավորել
  • արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Քաղաքական գործընթացներին զուգահեռ Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները: Երիտասարդները շարունակում են փակել փողոցները, չեն հաճախում բուհեր ու դպրոցներ: Շարժման կազմակերպիչները պարբերաբար հայտարարում են, որ ցույցերին մասնակցող ավտոմեքենաները չպետք է շրջեն առանց պետհամարանիշների, չաղտոտեն տարածքն ու չաղմկեն 23:00-ից հետո:

Միայն անցած գիշեր, ոստիկանության հայտնած տվյալներով, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա:


Կարդալ ավելին JAMnews-ում