Դրանց հեղինակներն ու կատարողները դարձել են շուրջ մեկ ամիս տևած բողոքի շարժման սիմվոլները " />

Հայկական հեղափոխության երգերն ու կարգախոսները

Դրանց հեղինակներն ու կատարողները դարձել են շուրջ մեկ ամիս տևած բողոքի շարժման սիմվոլները

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ուղեկցվում էր փողոցային արվեստի տարբեր դրսևորումներով՝ երաժշտությունից մինչև գեղագրություն։ Մենք հավաքել ենք շարժման մասնակիցների կողմից առավել սիրված դրվագները։  

Հեղափոխության օրհներգը՝ «Իմ Քայլը, Քաղաքացու երգը»

Դիտումները Youtube-ում հրապարակման պահին` 1,046,892
 
Շարժման հիմնը դարձավ «Իմ Քայլը» երգը: Դրա բառերի հեղինակը հեղափոխության առաջնորդ և այժմ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության հեղինակը` Հայկ Ստվերը  (Հայկ Հայրապետյան):

Հայկը վեց տարի է` բնակվում  ու աշխատում է Կիևում: Ի սկզբանե որպես բանաստեղծություն գրված բառերի հիման վրա երաժշտություն գրելու ու կատարելու առաջարկը ստացել է եղբորից: Իսկ եղբայրը՝ Մխիթար Հայրապետյանը, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակն ու անդամն է, որից սկսվեց բողոքի շարժումը, և այժմ արդեն սփյուռքի նախարարն է:

«Երբ աշխատում էի երաժշտության ու կատարման վրա,  չէի պատկերացնում, որ այն այսքան հայտնի կդառնա: Կարևորը, իհարկե, հեղափոխությունն էր:  Բայց նաև հասկանում էի, որ դրական ավարտի դեպքում, շանսերը, որ երգը ավելի հայտնի կդառնա, ավելի կմեծանան: Այս հեղափուխությունը ունեցավ մի քանի սիմվոլ, որից մեկը, բնականաբար, երգն էր: Շատ երջանիկ եմ, որ հենց իմ երգով մեկնարկեց «Իմ քայլը»  նախաձեռնությունը», – ասում է Հայկ Ստվերը: Ի դեպ, թավշյա հեղափոխության երևանյան օրերին նա վերադարձավ Երևան ու միացավ բողոքի ցույցերին:

Թաթա Սիմոնյանի երգը` «Հայաստան, բարև»

Հեղափոխությանը երգ նվիրեց երգիչ Թաթա Սիմոնյանը: Ապրիլի 26-ին նա իր ֆեյսբուքյան էջում մեկ րոպեանոց հոլովակ հրապարակեց, որտեղ երևում էին նոր երգի ձայնագրման և գործիքավորման աշխատանքները:

Օրեր անց արդեն Youtube-ում հրապարակվեց Թաթայի «Հայաստան, բարև» երգը, որը հաշված օրերի ընթացքում տարածվեց ու շատ հաճախ լսելի էր մեքենաներից ու բարձրախոսներից:  

Դիտումները Youtube-ում հրապարակման պահին` 3,181,747

Այլ երգեր, որ լսվեցին համերաշխության օրերին

Այս հեղափոխությունը ոմանք անվանեցին «թավշյա», ոմանք էլ «սիրո» կամ «համերաշխության»: Սերը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը դրսևորվեցին նաև երաժշտական տարբեր ճաշակների տեր մարդկանց խաղաղ համակեցությամբ:

Հակառակ պարագայում նույն փողոցում դժվար թե իրար հետևից լսվեին այս երգերը.

հիփ-հոփ երգիչ HRAG-ի «ԴՈՒԽՈՎ»-ը,

NEW GRAY խմբի «Եղիր Ազատ»-ը

ու Էդո Բառնաուլսկու «Նիկոլ Փաշինյան» երգը:

Հեղափոխության շեփորը

1988-ին սկսված Հայաստանի անկախության շարժման խորհրդանիշներից մեկը՝ շեփորի հայտնի կոչնակն էր, որը վերցված էր «Ինչու է աղմկում գետը» ֆիլմից:  Երևանյան հրապարակներում շեփորահար Աշոտ Միրզոյանի կատարմամբ այն համախմբում էր մարդկանց ու ազդարարում հանրահավաքի մեկնարկը: Ուղիղ  30 տարի անց նույն մեղեդին ու կրկին շեփորով հնչեց Հանրապետության հրապարակում:

Աշոտ Միրզոյանի օրինակով հարթակում երիտասարդ շեփորահար, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանն էր:

Լուսանկարը` Ալեքսանդր Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Կոնսերվատորիայի 19-ամյա ուսանողը պատմեց, թե ինչպես որոշեց հարթակ բարձրանալ ու կատարել կուլտային դարձած մեղեդին.

«Հանրահավաքների ժամանակ շատ էի տեսնում Կոնսերվատորիայի ուսանողների, որոնք իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ էին մասնակցում առանց փողոցում երաժշտական գործունեություն ծավալելու: Շատերը մտավախություն ունեին, որ շարժումը կարող է հետագա պլաններին չհասնել և իրենց Կոնսերվատորիայում ճնշումների ենթարկեին։ Շեփորս վերցրեցի և գնացի հրապարակ, ներկայացա, կանչեցին բեմ ու կատարեցի 1988-ից հայտնի երաժշտությունը: Ցանկանում էի, որ ժողովուրդն ավելի քաջանար,  ուսանողներն էլ ավելի համարձակ գործեին»:

Ալեքսանդրի համերգասրահը հաջորդող օրերին Երևանի փողոցներն էին: Շեփորը ձեռքին հայտնի մեղեդին ու այլ գործեր ևս կատարելով` ընկերների հետ փողոցներ էր փակում:


Տեսանյութը` «Հետք» ինտերնետային թերթի ֆեյսբուկյան էջից  

Կոնսերվատորիայի շատ ուսանողներ  նույնպես փողոցներում էին`քաղաքի տարբեր հատվածներում Կոմիտաս էին նվագում ու իրենց աջակցությունը հայտնում հավաքված մարդկանց:  

Տեսանյութը` «Ազատություն ռադիոկայան»

Հեղափոխության պաստառները

Երևանյան հանրահավաքների ու երթերի ժամանակ մարդկանց ձեռքերում վեր պարզած հազարավոր պաստառների, նկարների ու լոզունգների մեջ, թերևս, ամենատպավորիչը գեղագիր Ռուբեն Մալայանի աշխատանքներն էին:

Լուսանկարները` Ռուբեն Մալայանի ֆեյսբուքյան էջից

Նկարիչը օրական մի քանի պաստառ էր նկարում` հեղափոխության հայտնի կոչերով ու գաղափարներով, և իր հետ տանում փողոց` բաժանելով մարդկանց: Նրանցից շատերը, Ռուբեն Մալայանի խոսքով, այդպես էլ հետ չեկան արվեստանոց: Բայց ամենասիրելի պաստառները դեռ իր մոտ են ու սպասում են հարմար պահի` ցուցահանդես կազմակերպելու համար:

 

Ռուբեն Մալայանի ֆեյսբուքյան էջից

Թանկյանն ու «Բարի արագիլը»

Հեղափոխության մասնակիցները ամենաշատը սպասում էին աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի լիդեր Սերժ Թանկյանի ժամանմանը: Շարժման առաջին օրերից նա հայտնում էր իր զորակցությունը Հայաստանի ժողովրդին, բայց ցավով նշում, որ դեռևս պարզ չէ, թե երբ կկարողանա Հայաստան գալ:

Սպասված ժամանումը եղավ մայիսի 7-ի երեկոյան: Լուրեր էին պտտվում, թե Թանկյանը համերգ է ունենալու Հանրապետության հրապարակում: Երաժիշտն այդ լուրը հերքեց, համերգ չեղավ: Բայց Թանկյանը իր երկրպագուներին քաջելերելու ու նրանց չհիասթափեցնելու համար Հանրապետության հրապարակում հավաքված բազմության հետ միասին առանց նվագակցության կատարեց «Բարի արագիլ» երգը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում