Ենոքավանը դարձել է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայր, և բոլոր տեղացիները գտել են իրենց գյուղի աշխատաշուկայում" />

Հայկական գյուղ, որի ոչ մի բնակիչ չի մեկնում արտագնա աշխատանքի

Ենոքավանը դարձել է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայր, և բոլոր տեղացիները գտել են իրենց գյուղի աշխատաշուկայում

Հայաստանի հյուսիսում՝ Երևանից 140 կմ հեռավորության վրա, մի գյուղ կա, որն, առաջին հայացքից, ոչնչով չի տարբերվում հարյուրավոր այլ հայկական գյուղերից: Շարքով կանգնած նույն միհարկանի և երկհարկանի տուֆե տները, կողքը՝ ցախատուն և գոմ:

Սակայն Ենոքավանն այնուամենայնիվ Հայաստանի համար բացառիկ գյուղ է. այստեղից մարդիկ չեն հեռանում: Ավելին, վերջին տարիներին Ենոքավանի բնակչությունն աճել է. եղել 480 մարդ, դարձել է 554:

Ֆոտոսեսիա․ Հայաստանի բնապատկերները՝ բարձրունքից

Հայաստանը Վրաստանին կօգնի չկորցնել ռուս զբոսաշրջիկներին

Բանն այն է, որ գյուղը դարձել է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայրը:

Yell Extreme park-ը, որը բառացիորեն մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Ենոքավանից, հիմնել է այդ գյուղի բնակիչներից մեկը: Սարերն ու դրանց միջև ձգվող կիրճերը ստեղծել են բոլոր պայմանները զիփլայնով զբաղվելու համար։ Զիփլայնը գետնից որոշակի բարձրության վրա գտնվող պողպատյա ճոպան է, որով հատուկ սարքի միջոցով վայրէջք է կատրվում: Դեռևս 4 տարի առաջ նախագիծը գոյություն ուներ միայն թղթի վրա, սակայն 2015թ-ին այգին սկսեց ընդունել առաջին հյուրերին:

Այգի մտնելիս այցելուն միանգամից հայտնվում է հանդերձարանում, որտեղ հրահանգիչներն օգնում են հատուկ համազգեստ հագնել: Բազան զիփլայնի ուղիներից մի փոքր հեռու է, և հյուրը դեռ այնքան էլ չի հասկանում, թե ինչ է իրեն սպասում: Հասնելով զիփլայնին՝ ոմանք տատանվում են, սակայն, ինչպես նշում են տեղի հրահանգիչները, այս տարիների ընթացքում շատ քչերն են հրաժարվել թռչնի թռիչքի բարձրության վրա հայտնվելու հնարավորությունից:

Կիրճի վրա անցկացրած ճոպաններն ու ոտքերի տակ հողը չզգալու հեռանկարն իրոք վախ են ներշնչում: Սակայն մեկնարկից մի քանի վայրկյան անց հասկանում ես, որ քեզ հետաքրքրում է միայն բացվող համայնապատկերն ու գլխավերևում սավառնող թռչունները: Ադրենալինն ուղիղ այնքան է, որ հաճելի տանջանք զգաս:

Ընդհանուր առմամբ Yell Extreme park-ում ՝ 135, 200, 268, 375 և 750 մետր երկարությամբ 5 ուղի կա: Թռիչքի ժամանակ գետնից ամենամեծ բարձրությունը 300մ է:

Զիփլայնը Yell Extreme park-ում առկա գլխավոր, բայց ոչ միակ զբաղմունքն է: Նախագիծը ժամանակի ընթացքում ընդլայնվել է, և այժմ հնարավորություն կա նաև պարապլանով թռչելու, լեռնային հեծանիվ քշելու, խոչընդոտներով պարանների այգի այցելելու, Off road շրջապտույտներ կատարելու, ձիարշավով, փեյնթբոլով, զորբինքով (հատուկ թափանցիկ գնդակի մեջ բլրից 100 մ վայրէջք) զբաղվելու: Այգու աշխատակիցների իրագործած վերջին երևակայական ցանկությունը «Վիա Ֆերատան» է:

Դա ժայռի վրա կառուցած երթուղի է, որը թույլ է տալիս քայլել դրա ողջ երկյանքով: Ժայռն ուղղաբերձ է, և ներքևում երևացող անդունդը կարող է ստիպել կանգ առնել ճանապարհի կեսին:

«Կան մարդիկ, որոնք սկզբում նույնիսկ չեն ուզում փորձել: Սակայն, ինչպես ասում են, դժվարն առաջին անգամն է: Առաջին անգամից հետո բոլորովին այլ մարդ են դառնում, նրանց կարծիքը փոխվում է»:

Հովսեփը պատմում է իր աշխատանքի մասին՝ այդ ուղու ամենաբարձր կետում կանգնած: Ասում է, որ իրեն ազատ է զգում հենց այստեղ՝ ժայռի վրա: Չնայած, որ ամեն օր նա նույն երթուղին է անցնում, այդ զբաղմունքը նրան դեռևս անտարբեր չի թողնում.

«Ինձ համար ձանձրալի չէ ժայռով քայլելը, և չեմ էլ ասի, թե սովոր եմ: Ամեն անգամ որոշակի հետաքրքրություն կա, քանի որ տարբեր հույզերով տարբեր մարդիկ են գալիս: Ձգտում ենք ամեն ինչում ընդհանուր լեզու գտնել և աշխատել նրանց հետ: Տարբեր մարդիկ են եղել: Նույնիսկ այնպիսիք, որոնք արտասվել են և փոքր քայլերով հաղթահարել խոչընդոտը: Մենք նրանց համոզում ենք, օգնում: Չենք ունեցել այցելուներ, որոնք մինչև վերջ չեն հասել»:

Հովսեփի կյանքի պատմությունը թերևս դասական է Yell Extreme park-ի համար: Նա Իջևանից է՝ հարևան քաղաքից: Դպրոցն ավարտելուց հետո չի կարողացել աշխատանքի տեղավորվել և սկսել է երկրից հեռանալու մասին մտածել: Սակայն հնարավորություն է հայտնվել այգում աշխատելու, և Հովսեփը համաձայնել է.

«Հիմա դժվար է աշխատանք գտնել, և շատ երիտասարդներ հեռանում են: Իսկ ես գտել եմ ինձ համար հետաքրքիր զբաղմունք և մնացել այստեղ: Այս աշխատանքն ինձ շատ է դուր գալիս: Նույնիսկ հանգստյան օրերին եմ գալիս, որովհետև կարոտում եմ այս ամենը»:

Ընդհանուր առմամբ այգում մոտ 30 մարդ է աշխատում: Մեծ մասը մոտակա գյուղերի և Իջևան քաղաքի բնակիչներն են: Գլխավորապես երիտասարդներ են, որոնք կարողանում են շփվել ռուսերեն և անգլերեն: Այգու տերերը պլանավորում են մոտ ապագայում աշխատակիցների թիվը հիսունի հասցնել:

Դավիթը նույնպես Իջևանում է ծնվել: Որոշ ժամանակ Մոսկվայում է ապրել, աշխատել է որպես վարսավիր.

«Ես Հայաստան եմ վերադարձել հենց այս աշխատանքի համար: Այն ինձ շատ է դուր գալիս, և նույնիսկ եթե Մոսկվա վերադառնամ, գիտեմ, որ հենց այս ոլորտում եմ աշխատելու: Ինձ դուր է գալիս էքստրիմը, և եթե ես այստեղ նույնիսկ չաշխատեի, տարին մի քանի անգամ հաստատ կգայի»:

Սակայն Դավիթն, ըստ ամենայնի, ստիպված չի լինի մեկնել: Նախագիծը նոր է թափ հավաքում: 2015թ-ին, երբ այգին նոր էր բացվել, այն այցելել էր 1200 մարդ: Մեկ տարուց այդ ցուցանիշը հասավ 6 հազարի, իսկ 2017թ-ին՝ 14 հազարի: Այս տարի 21 հազար այցելու է սպասվում:

Տերերը հույս ունեն, որ 2022թ-ին իրենց այգու ծառայություններից օգտվելու է 100 հազար մարդ: Դրա համար 2017թ-ին նախագծում 2.5մլն դոլար են ներդրել: Երկարաժամկետ հեռանկարում այստեղ պլանավորում են ճոպանուղի կառուցել և զարգացնել փոքր ավիացիան:

«Նախորդ տարիների համեմատ գյուղում զգալիորեն աճել է կենսամակարդակը. բնակիչները մշտական զբաղվածություն ունեն: Իր հերթին, Եննոքավանի զարգացման հիմնադրամը պարբերաբար օտար լեզուների դասընթացներ, սպասարկման ոլորտի վերաբերյալ թրեյնինգներ է կազմակերպում գյուղի բնակիչների համար: Զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ գյուղերի միջև, զբոսաշրջային կենտրոններ տանող ճանապարհներն են վերանորոգվում», — ասում է այգու համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

Ենոքավանն արդեն դարձել է արկածային զբոսաշրջության կենտրոններից մեկը ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Այգուց բացի այստեղ հայտնվել են նաև հյուրանոցներ և հյուրատներ: Զբոսաշրջիկների հոսքը զարգացնող ազդեցություն է թողնում. բացվում են խանութներ, լուծվում ենթակառուցվածքային հարցեր:

Լիդիա Գեորգիի Մոբիլևսկայան Մոսկվայից է: Նա վաստակավոր ուսուցիչ է, ինչպես և իր որդին, որի հետ միասին այստեղ է եկել:

«Մեզ համար կարևոր է բարձրությունը: Բարձրությունն ու շրջապատող լեռները: Մեզ համար դա անսովոր է: Մեզ մոտ նման բան չկա: Այստեղ շատ են սարերը, և դրանք մարդու մեջ քաջություն և վեհություն են արթնացնում: Զարթնում է ներքին վեհությունը: Այնպիսի զգացողություն է, որ դու մարդ ես, և դա հպարտ է հնչում»:

Արտասովոր համայնապատկերները գրավում են զբոսաշրջիկների տարբեր երկրներից: Ռուսաստանից բացի Ենոքավան են գալիս նաև Ֆիլիպիններից, Մալայզիայից, Չինաստանից և Արևմտյան Եվրոպայից: Իսկ դա նշանակում է, որ տեղացիները հնարավորություն ունեն ապրելու և աշխատելու իրենց տանը:

Նյութը պատրաստվել է «Մեդիացանցի» աջակցությանբ
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում