Թե ինչպես է ապրում Աբխազիայի թվով երկրորդ ազգային համայնքը, պատմում են դրա ներկայացուցիչները՝ ուսուցչուհին, գործարարը, քաղաքական գործիչն ու տնային տնտեսուհին" />

Հայերն Աբխազիայում

Թե ինչպես է ապրում Աբխազիայի թվով երկրորդ ազգային համայնքը, պատմում են դրա ներկայացուցիչները՝ ուսուցչուհին, գործարարը, քաղաքական գործիչն ու տնային տնտեսուհին

 

Հայերն Աբխազիայի թվով երկրորդ ազգային համայնքն են: 2011թ-ին անցկացված վերջին մարդահամարի տվյալներով՝ Աբխազիայում մոտ 45 հազար հայ է բնակվում, և նրանք կազմում են հանրապետության ընդհանուր բնակչության 20%-ը: Ադպիսի մեծ և բավականին միահամուռ համայնքն, իհարկե, առաջնորդ ունի: Եվ հունվարին Աբխազիայի հայերի միության առաջնորդ դարձավ Գալուստ Տրապիզոնյանը:

Trapizonyan

Գալուստ Տրապիզոնյանը Գագրայի «Գագրիպշ» հանգստյան տան տնօրենն է և համարվում է հայկական համայնքի ամենաազդեցիկ անձանցից, որը նաև լավ կապեր ունի Հայաստանի կառավարական շրջանակների հետ: Նա «Աբխազիայի հերոս» կոչում ունի, իսկ 1992-1993թթ-ի վրաց-աբխազական պատերազմի ժամանակ մարշալ Բաղրամյանի անվան հայկական գումարտակի հրամանատարն է եղել, կորցրել է ոտքը:

Աբխազիայի կառավարությունում տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել, երկու անգամ խորհրդարանի պատգամավոր է ընտրվել, Գագրա քաղաքում հայկական դպրոցի տնօրենն է եղել, բիզնեսով է զբաղվել, Աբխազիայի հայ համայնքում բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել:

Համագումարի գլխավոր նպատակներից մեկը նոր ղեկավարի ընտրությունն էր, և դա բավականին նկատելի երևույթ էր Աբխազիայում:

«Ինտե-Սուխում» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում, որտեղ անցկացվում էր համագումարը, գրանցվել ցանկացողների հերթ էր: 217 պատվիրակ էր ժամանել հանրապետության տարբեր շրջաններից, Գալի շրջանից բացի, որտեղ գրեթե հայեր չկան:

Հյուրերը ոչ միայն հայ համայնքի անդամներն էին, ներկա էին նաև պատգամավորներ, նախարարներ, տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ. նմանատիպ միջոցառումների հանդեպ Աբխազիայում միշտ լուրջ հետաքրքրություն կա էլիտայի կողմից:

Աբխազիայի հայերի նոր առաջնորդի պաշտոնին երկու թեկնածու էր հավակնում՝ Գալուստ Տրապիզոնյանն ու Խաչիկ Մինասյանը:

Մինասյանը Գագրայի հանգստյան տներից մեկի նախկին տնօրենն էր և Աբխազայի Հանրային պալատի գործող անդամ, համայնքը գլխավորել է գրեթե 6 տարի: 2016թ-ի մայիսին նա անսպասելիորեն աշխատանքից ազատվելու դիմում գրեց: Սակայն համագումարի հենց նախօրեին որոշեց կրկին իր թեկնածությունն առաջադրել:

Թեկնածուներից յուրաքանչյուրին սատարում էին հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ: Քվեարկության ընթացքին հետևում էր մի քանի դիտորդ: Արդյունքում, Խաչիկ Մինասյանի օգտին էր քվեարկել 82 պատվիրակ, Գալուստ Տրապիզոնյանի օգտին՝ 124:

«Ինչո՞ւ է հայ համայնքի համար կարևոր սեփական միություն ունենալ» հարցը տվեցինք մի քանի հոգու, որոնք իրենց համայնքի մաս են համարում: 

Ուսուցչուհի

Աբխազիայում 26 հայկական դպրոց է գործում, որտեղ հայոց լեզուն և գրականություն ու հայոց պատմությունը դասավանդվում է հայերենով, մնացած առարկաները՝ ռուսերենով:

Մանկավարժները հիմնականում թոշակի տարիքի են, երիտասարդներն ավելի քիչ են:

Պատմում է Սուխումի 9-րդ միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անաիդ Օքսուզյանը.

«Ես ավարտել եմ Երևանի մանկավարժական ինստիտուտը, 1988թ-ին սկսել եմ դասավանդել Վերին Էշեր գյուղի դպրոցում՝ տարրական դասարաններում: Պատերազմից հետո տեղափոխվել եմ աշխատելու Սուխումի 9-րդ միջնակարգ դպրոց, և արդեն 23 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում:

Մեր երեխաները որոշակի դժվարություններ են զգում գրական հայերենի հետ կապված, քանի որ դպրոցից դուրս նրանք հիմնականում խոսում են համշենահայերեն բարբառով կամ ռուսերենով:

Դասագրքերը մենք ստանում ենք Հայաստանից, ունենք բոլոր դասարանների 2005-2007թ-ի հրատարակության դասագրքերը: Լսել եմ, որ դասագրքերի խնդիր կա շրջաններում: Եթե մենք մեթոդական նյութեր ստանայինք Հայաստանից, լավ կլիներ:

Երիտասարդությունը մեկնում է Հայաստան սովորելու, սակայն ոմանք հետո վերադառնում են:

Մեր ինչին է համա՞յնքը: Մենք միավորվում ենք մեր պատմական հայրենիքից դուրս, որպեսզի սատարենք միմյանց, օգնության հասնենք: Կյանքս առանց համայնքի չեմ պատկերացնում: Մեզ մոտ Հայաստանից մասնագետներ են եկել, հայկական դպրոցների ուսուցիչների համար որակավորման բարձրացման դասընթացներ են անցկացրել: «Արի տուն» ծրագրով երեխաները Հայաստան են մեկնել: Այդ ամենը համայնքն է կազմակերպել: Դանիել Ասատուրյանը՝ հարևանս, Հունաստան է մեկնել Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակցելու, և համայնքն օգնել է, ֆինանսավորել է նրա մեկնումը»:

Գործարար

 Էդուարդը (ազգանունը խնդրել է չնշել) 34 տարեկան է, Սուխումի մթերային խանութներից մեկի տնօրենն է:

«Ամեն ինչ պատահական ստացվեց, պարզապես այս ոլորտում սկսեցի աշխատել, իսկ հետո ինձ լավ դրսևորեցի և քիչ-քիչ կարիերա կառուցեցի: Այսօր Աբխազիայի տնտեսական իրավիճակն այնքան էլ լավը չէ, գնորդներն ավելի քիչ են, քան 2-3 տարի առաջ: Սակայն դա բիզնեսի համար օգտակար էլ կարող է լինել: Երբ ամեն ինչ լավ է, թուլանում ես: Իսկ երբ դժվարություններ են լինում, նախաձեռնող ես դառնում:

Աբխազիայի հայերի համար կարևոր է միություն ունենալը, որովհետև դա ազգային ինքնություն պահպանելու հնարավորություն է: Եվ դա միայն կօգնի հանրապետության, հասարակության, միջէթնիկական հարաբերությունների զարգացմանը:

Իսկ Հայաստանի բիզնես-շրջանակների կամ հասարակության հետ կապեր չունեմ: Ապրանքը Հայաստանից ուղղակիորեն չի կարող Աբխազիա հասնել, այն գնում է Ռուսաստան, հետո նոր՝ այստեղ: Դա հիմնականում պահածոյացված բանջարեղեն և մրգեր են: Սակայն դրանք այնքան էլ տարածված չեն Աբխազիայում. այստեղ յուրաքանչյուր ընտանիք տանն իր համար է պահածո պատրաստում: Այնպես որ, հայկական ապրանքը հիմնականում ավելի շատ տեսականի ապահովելու համար ենք բերում:

 Քաղաքական գործիչ

Սուրեն Կերսելյանն այն մարդկանցից է, որոնք պատերազմից հետո փաստացի զրոյից ստեղծել և կազմակերպել են Աբխազիայի Պետստանդարտի աշխատանքը:

«Ինձ համար միշտ հետաքրքիր է եղել մասնակցել հասարակական և քաղաքական կյանքին: 2004թ-ից գլխավորում եմ Սուխումի հայ համայնքը, տարբեր ժամանակահատվածում Աբխազիայի հասարակական պալատի անդամ, պատգամավոր և կառավարության փոխվարչապետն եմ եղել: Այժմ թոշակի եմ անցել:

Հայ համայնքները որպես կազմակերպություն գոյություն ունեն ողջ աշխարհում: Այնտեղ, որտեղ հայեր են ապրում, համայնքներ կան: Համայնքը փորձում է միավորել հայկական հանրությանը, դրա զարգացման համար պայմաններ է ստեղծում: Սակայն մեր կազմակերպության կանոնակարգում գրանցված առաջին կետն աբխազական պետականության ամրապնդմանն աջակցելն է:

Ախբազիայի Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել ոչ թե Աբխազիայի Հանրապետության ցանկացած քաղաքացի, այլ էթնիկ աբխազ: Սակայն այդ օրենքը մեզ՝ հայերիս, ոչ մի կերպ չի նեղացնում, չէ՞ որ բոլորի համար պարզ է, թե ինչի համար է այդ հոդվածը: Ժամանակ կար, երբ աբխազներն իրենց տարածքում ընդամենը 17% էին կազմում, վրացիներին բռնի ձևով բնակեցնում էին այստեղ: Եվ աբխազները ստիպված էին միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար:

Ոչ մի այլ օրենք, որը սահմանափակում է հայերին կամ այլ էթնիկ խմբերին, Աբխազիայում չկա: Իմ օրինակով կարելի է տեղնել, որ ազգությունն Աբխազիայում չի խանգարում կարիերային»:

Տնային տնտեսուհի

Տնային տնտեսուհի Ազնիվ Սարեցյանը ծնվել է Սուխումում, այժմ նա 54 տարեկան է:

«Ես սովորել եմ ռուսական դպրոցում, այնուհետև ավարտել եմ տեխնիկական ուսումնարանը էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օպերատոր մասնագիտությամբ: Ընդհանրապես երազում էի երգչուհի դառնալ, սակայն վատ արտասանության պատճառով այդպես էլ ոչինչ չստացվեց: Հետո հեռակա սովորել եմ Պետերբուրգում՝ ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ, սակայն մասնագիտությամբ այդպես էլ չեմ աշխատել:

Ընտանիք ունեմ, մեծ երեխաներ, սեփական տուն, տնտեսություն՝ կովեր, մեղուներ, բանջարանոց:

Պատերազմից առաջ՝ խորհրդային տարիներին, վաղվա օրվա հանդեպ վստահություն կար: Անգամ եթե աշխատանք չկար կամ եթե հիվանդանայիր, վստահ էիր, որ չես կորչի: Այժմ նման բան չկա: Հավանաբար այդպես է ողջ հետխորհրդային տարածքում:

Նախկինում ավելի շատ էինք շփվում, իսկ հիմա յուրաքանչյուրը զբաղված է իր բարեկեցությամբ, փորձում են միմյանց գերազանցել:

Եվ այդ պատճառով էլ մեր համայնքը մեզ համար շատ կարևոր է: Թե չէ ընդհանրապես մեր մշակույթը կմոռանանք: Լավ կլիներ, եթե մասնավոր դպրոց բացեին հայ երեխաների համար, որոնք սովորում են ռուսական դպրոցներում, որ գոնե գրել և կարդալ իմանան հայրենի լեզվով: Օրինակ, ես հայերեն ոչ գրել գիտեմ, ոչ կարդալ: Միայն կարողանում եմ խոսել, այն էլ՝ համշենահայերենով, սովորել եմ, երբ մորաքրոջս տուն իրենց գյուղ էի գնում»:

Համագումարի գլխավոր ձեռքբերումը, ենթադրվում է, այն էր, որ վերջապես լուծվեց ներհամայնքային «մշտական կոնֆլիկտի» հին խնդիրը, ինչպես նշեց համայնքի անդամ, խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Յայլյանը:

Համագումարի գլխավոր որոշումների թվում է վերադարձը դեպի «Աբխազիայի հայ համայնք» սկզբնական անվանմանը և համայնքի ղեկավարի լիազորությունների կրճատումը մինչև 3 տարի:

Կազմակերպության պաշտոնական առաքելությունը հայտարարագրեց Աբխազիայում Սուխումի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը.

«Մենք Աբխազիայի քաղաքացիներ ենք, և մեր առաջնահերթ խնդիրն աբխազական պետության ամրապնդումն է… Ահռելի հնարավորություններ կան, որոնք մեզ տալիս է մեր ազգը: Դա մեր պատմական Հայրենիքի՝ Հայաստանի, Ղարաբաղի, ինչպես նաև Ռուսաստանի և սփյուռքի հետ կապերն են: Համայնքի մեծ ներուժը պահանջարկ չունի: Մենք մեր երկրին մեծ օգնություն կարող ենք ցուցաբերել»:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

 


Կարդալ ավելին JAMnews-ում