Ջրավազանի ջերմային ռեժիմը փոխվել է մակարդակի իջեցման հետևանքով" />

Հայաստան. Սևանա լիճը սկսել է սառցակալել՝ վտանգված է կենդանական աշխարհը

Ջրավազանի ջերմային ռեժիմը փոխվել է մակարդակի իջեցման հետևանքով

Այս տարվա ցրտաշունչ ձմեռը անդրադարձել է նաև Հայաստանի Սևանա լճի վրա, որը սկսել է սառցակալել: Նախ երևույթը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը գեղեկցության տեսանկյունից, սակայն տևական սառցակալումը և վերջինիս ընդլայնումը առաջացրեց նաև հետևանքները և վտանգները գնահատելու անհրաժեշտությունը:

«Սևան Ազգային պարկի»­ պահպանության բաժնի տեսուչ Արտակ Սարգսյանն ասում է, որ Սևանա լճի սառցակալումը լճի թռչնաշխարհի համար աղետալի իրավիճակ է ստեղծել: Տեղում մնացող տեսակները այնումենայնիվ հեռացել են ավելի ապահով վայրեր, իսկ այն տեսակները, որոնք չեն կարողացել հեռանալ՝ ոչնչացել են մեծաքանակ խմբերով:

Լճի սառցակալումը դժվարեցնում է թռչունների սնունդ հայթայթելը, ինչի հետևանքով կամ հեռանում են տարածքից, կամ սովի մատնվում: Դա կարող է տեսակային կազմի լուրջ խնդիրների հանգեցնել, քանի որ թռչուններն ընդմիշտ Հայաստանի տարածքից կհեռանան:

«Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ, բնապահպան Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին խնդիրը կարելի է լուծել երկու եղանակով՝  կամ սառցակալած լճում տեխնիկայով բացել որոշակի տարածքներ, որպեսզի թռչունները կարողանան կերակրվել, կամ բնապահպանները և կենդանաբանները պետք է ուղղակի անձամբ կերակրեն թռչուններին:

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով էապես փոխվել է լճի ջերմային ռեժիմը՝ ջերմության պաշարները նվազել են, որը զգալիորեն ազդել է լճի սառցային ռեժիմի վրա, և 1948թ. հետո լիճը ծածկվել է սառույցով 1-7 տարին մեկ անգամ: 2017 թ.-ին համատարած սառցածածկ Մեծ Սևանում ձևավորվել է փետրվարի 3-ից, իսկ Փոքր Սևանը սառցապատել է մասամբ (80-90%), սառցի հաստությունը հասնում է 10-15 սմ:

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ լճի համատարած սառցակալումը ջրավազանի համար ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը փետրվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 1,1 մլն խոր.մ ջուր: Իսկ բացասական կողմերից նշվում է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցի պատճառով պակասում է թթվածնի քանակությունը:

Լուսանկարները՝ Panarmenian-ի

Կարդալ ավելին JAMnews-ում