Այն 10 տարի է չի վերանայվել և կրում է տեսական բնույթ, չի արտացոլում կենսամակարդակում առկա իրական տեղաշարժերը" />

Հայաստան. սպառողական նվազագույն շեմը անհրաժեշտ է բարձրացնել

Այն 10 տարի է չի վերանայվել և կրում է տեսական բնույթ, չի արտացոլում կենսամակարդակում առկա իրական տեղաշարժերը

Հայաստանի բնակիչները սննդի ծախսերում մսամթերքին հատկացնում են ավելի շատ, քան հացին։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալները։ Ըստ դրանց`նվազագույն սպառողական զամբյուղի 23,8 տոկոսը հատկացվում է մսին, իսկ 22 տոկոսը հացին։

Փորձագետների խոսքով` սա ամենևին չի նշանակում, որ մարդիկ ավելի շատ միս են ուտում, քան` հաց, իրական պատկերը հակառակն է։ Տնտեսագետ Հայկ Բալանյանը բացատրում է, որ սպառողական նվազագույն զամբյուղում մսի տեսակարար կշիռն ավելի մեծ է այն պատճառով, որ այն ավելի թանկ է, քան հացը.

«Հայաստանում սպառողական նվազագույն զամբյուղը 55.000 դրամ է, մարդը չի կարող միս ուտելու համար այս գումարից ամեն ամիս 13.000 դրամ հատկացնել, դրա համար ավելի շատ հաց են օգտագործում, բանջարեղենի որոշակի տեսակներ»:

Նա հիշեցրել է, որ այս գումարից յուրաքանչյուրը պետք է մարի նաև կոմունալ վարձավճարները, ճանապարհածախսը, որոնք ամենևին էլ էժան չեն։

Հայաստանի տնտեսագետները գտնում են, որ անհրաժեշտ է բարձրացնել նվազագույն սպառողական զամբյուղի շեմը։ 10 տարվա վաղեմության սպառողական զամբյուղը պետք է վերանայվի:

«Նվազագույն սպառողական զամբյուղը մեր երկրում կրում է բացառապես տեսական բնույթ։ Այն պետք է արտացոլի կենսամակարդակում առկա իրական տեղաշարժերը։ Դրա կառուցվածքը պետք է մոտ լինի միջին փաստացի ցուցանիշներին»,- կարծում է փորձագետ Սմբատ Գրիգորյանը:

Հայկ Բալանյանի խոսքով էլ` սպառողական նվազագույն զամբյուղը պետք է հաշվարկվի կրկնակի գումարով` 100.000 դրամով։ Սակայն տնտեսագետը համոզված է, որ իշխանություններն այդ քայլին չեն գնա, որպեսզի ստիպված չլինեն բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։


Կարդալ ավելին JAMnews-ում