Ֆոտոպատմություն Արմավիր քաղաքից՝ արդեն 26 օր վրանների տակ ապրող մարդկանց մասին " />

Ֆոտոպատմություն այրված շենքի բնակիչների մասին, որոնք 26 օր ապրում են վրաններում

Ֆոտոպատմություն Արմավիր քաղաքից՝ արդեն 26 օր վրանների տակ ապրող մարդկանց մասին

Արմավիր քաղաքի Սիլիկյան թաղամասի հրդեհված շենքի 11 ընտանիքներ արդեն 26 օր է, ինչ փողոցում են հայտնվել:

23 հոգի դեռևս ապրում են վրաններում՝  զրկված կենցաղային ամենատարրական պայմաններից:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել  Սիլիկյան 9 հասցեում: Ոչ ոք չի վնասվել, բայց շենքն ամբողջությամբ այրվել է:

Երկհարկանի շենքի ընդհանքուր տարածքը կազմում է շուրջ 400 քմ: Հրդեհի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն և շենքը փլուզվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել բնակարաններում տեղադրված գազի բալոններից:

Հրդեհված շենքի բնակիչներից շատերն առաջին երկու օրը փողոցում են գիշերել՝ առանց ծածկի:

Հրդեհի հաջորդ օրը Արմավիրի քաղաքապետարանը, ավագանու որոշմամբ, 11 ընտանիքների յուրաքանչյուր անդամին 60 հազարական դրամ օգնություն տրամադրեց, Կարմիր խաչն օգնեց հագուստով ու սնունդով:

Կառավարությունը որոշել է հրդեհից տուժած ընտանիքների համար ժամանակավոր բնակարաններ վարձել:

Բնակիչները մերժում են կառավարության առաջարկը և պահանջում սեփական բնակարանի հարց լուծել:

Խնդրով զբաղվում է Արմավիրի մարզպետարանը: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանի խոսքով, նախնական պայմանավորվածության համաձայն, 10 ընտանիք առայժմ 4 ամիս ժամկետով կտեղափոխվի վարձով բնակարաններ: Մեկ ընտանիքի համար քաղաքապետարանը ժամանակավոր տարածք է հատկացրել տնակ տեղադրելու համար:

Նախատեսվում է վարձակալվող 10 բնակարանների սեփականատերերի հետ կնքել եռակողմ պայմանագիր, որտեղ Արմավիրի քաղաքապետարանը հանդես կգա որպես վարձավճարների վճարման երաշխավոր:

Հրդեհված շենքի բնակարանները 11 ընտանիքների սեփականությունը չէր հանդիսանում: 25 տարի այդտեղ էին բնակվում և այդ հասցեում էին գրանցված, սակայն շենքը մասնավոր սեփականատեր ուներ:

Ինչպես կլուծվի տուժած ընտանիքների սեփականության իրավունքով  բնակարանների ձեռք բերման հարցը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը դժվարանում է պատասխանել, ասում է կառավարությունը կորոշի, քաղհամայնքի բյուջեն այդքան հնարավորություն չունի:

Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն:   


Կարդալ ավելին JAMnews-ում