Մհեր Ենոքյանն ասել է, որ իրավաբան դառնալն իր մանկության երազանքն է եղել" />

Հայաստանում և հետխորհրդային տարածքում առաջին անգամ ցմահ դատապարտյալը բուհական կրթություն ստացավ և դարձավ իրավաբան

Մհեր Ենոքյանն ասել է, որ իրավաբան դառնալն իր մանկության երազանքն է եղել

Լուսանկարը՝ hetq.am-ի 

22 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դարձել է իրավաբան՝ ավարտելով Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: Սա առաջին նման դեպքն է Հայաստանում և հետխորհրդային երկրներում, որ դատապարտյալը իրավաբան է դառնում:

«42 տարեկանում իրականություն դարձավ իմ մանկության երազանքը, ես դառնում եմ իրավաբան: Կարծես, ճակատագրի հեգնանք է, որ դատապարտյալի կարգավիճակում եմ դառնում իրավաբան», – ասել է Մհեր Ենոքյանը:

Մհեր Ենոքյանը մահապատժի է դատապարտվել 20 տարեկանում: Նա մեղադրվում է համակուրսեցու սպանության մեջ: Մինչ օրս նրա ընտանիքը պայքարում է որդու նկատմամբ հարուցված մեղադրանքը բեկանելու համար: Ինքը Մհեր Ենոքյանը ևս պնդում է, որ անմեղ է: 2003թ.-ից մահապատիժը Հայաստանում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Սա Հայաստանի պարտավորություններից էր Եվրոպայի խորհրդի առջև: 

Մհեր Ենոքյանի դիպլոմային աշխատանքը վերաբերում է հենց իր խնդրին՝ այն վերնագրված է «Ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրները»։

1996 թվականից նա աշխատում է հասնել սեփական գործի վերաբացմանը: Վերջին անգամ իր բողոքարկումը մերժվել է այս տարի՝ 3 ամիս առաջ:

«Հայաստանում չկա որևէ նախադեպ, երբ մահապատժի դատապարտվածի գործ վերաբացվի և նա արդարացվի կամ գոնե պատժաչափ վերանայվի: Արդյո՞ք սա վկայում է, որ Հայաստանում մահվան դատապարտելիս դատարանները երբեք չեն սխալվել: Իսկ ԱՄՆ-ում, Եվրոպայում անգամ 20-30 տարի անց ցմահ դատապարտյալներ են արդարացվում»,- ասել է Մհեր Ենոքյանը լրագրողներին դիպլոմայինի պաշտպանության օրը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում