Նոր քրեական օրենսգքրի նախագիծը դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում, և դրան արդեն դեմ է արտահայտվել քվեարկողների 90 տոկոսը" />

Հայաստանում քննարկում են ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրականությունը քրեականացնելու հարցը

Նոր քրեական օրենսգքրի նախագիծը դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում, և դրան արդեն դեմ է արտահայտվել քվեարկողների 90 տոկոսը

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյան, JAMnews

Հայաստանում նախատեսում են քրեորեն պատժելի արարք համարել մարդու սեռական կողմնորոշման պատճառով նրա նկատմամբ ցուցաբերած խտրականությունը:

Նոր քրեական օրենսգքրի նախագիծը դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում: Եվ դրան արդեն դեմ է արտահայտվել քվեարկողների 90 տոկոսը: Այն զայրացրել է մասնավորապես ազգայանականներին, նրանք այն բնութագրում են ոչ միայն «անբարոյական», այլև՝ «հակապետական» նախագիծ: Այնինչ, իրավաբանները և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ  այս համայնքը Հայաստանում խոցելի է ու հարկավոր է օրենքով պաշտպանել նրանց իրավունքները:

Ներկայացված նախագծի 197 հոդվածում կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը: Սահմանվում է պատիժ՝ խրականության, մարդու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի ուղղակի կամ անուղղակի խախտման համար՝ մասնավորապես, պայմանավորված սեռական կողմնորոշմամբ:

Պատիժ կարող է սահմանվել տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկ մինիմալ աշխատավարձի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը 80 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ`առավելագույնը 2 տարի ժամկետով:

«Սա պետական մակարդակով շանտաժի և ռեպրեսիվ գործիքների ներդրման փորձ է: Եվ եթե հանրային այս կարծիքին դեմ լինելով փորձում են քրեականացնել այս երևույթը, ուրեմն դա շանտաժի կամ տեռորի գործիքների ներմուծում է»,- ասել է Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը:

Նա հիշեցրել է, որ ժամանակին օրենսդրական նման նախաձեռնություն եղել է, բայց դրա շուրջ մեծ աղմուկ է բարձրացրել՝ և այն մերժվել է: Ավելին, ըստ Արման Բոշյանի, հասկանալի չէ, թե ով է գնահատելու՝ եղել է արդյոք խտրականություն, թե ոչ:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների խոսքով, Հայաստանում իրենց իրավունքները ոչ միայն պաշտպանված չեն, այլև՝ ճնշված են:

«Ո՞վ չգիտի, որ տրանսգենդեր մարդիկ Հայաստանում ամենախոցելի խումբն են։ Երբ փորձում ես քեզ շրջապատող իրականությունում ինչ-որ բան փոխել, բայց չի ստացվում, երբ նորից ես փորձում, ու էլի չի ստացվում, այլ բան չի մնում, քան ֆիզիկապես տեղափոխվել ուրիշ միջավայր։

Հատկապես երբ տեսնում ես, որ մի կողմում դու ես ու էլի մի քանի հոգի, իսկ մյուս կողմում՝ ճնշող մեծամասնությունը։ Խտրականության, սպառնալիքների, ատելության, տարբեր իրավունքների ու ազատությունների ոտնահարումների աստիճանը Հայաստանում այնքան բարձր էր ու ամենուր, որ շնչելու օդ չկար, բայց շնչահեղձ լինելու ցանկություն էլ չկար»,- ասել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, տրանսգենդեր Մել Դալուզյանը, ով մեկ տարի է, ինչ բնակվում է Նիդերլանդներում։


Կարդալ ավելին JAMnews-ում